Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 43: Հեսուն դառնում է առաջնորդ

Պատմություն 43: Հեսուն դառնում է առաջնորդ

Մովսեսը ցանկանում է իսրայելացիների հետ միասին մտնել Քանան։ Ուստի նա խնդրում է. «Եհովա, թույլ տուր ինձ անցնել Հորդանան գետը ու տեսնել այդ հրաշալի երկիրը»։ Բայց Եհովան պատասխանում է. «Բավական է, այլևս ինձ այդ բանը չասես»։ Գիտե՞ս, թե Եհովան ինչու է այսպես պատասխանում։

Պատճառն այն դեպքի հետ է կապված, երբ Մովսեսը հարվածեց ապառաժին։ Հիշո՞ւմ ես, որ ինքն ու Ահարոնը չփառաբանեցին Եհովային։ Նրանք ժողովրդին չասացին, որ Աստված ի՛նքն էր ապառաժից ջուր հանել։ Եվ այդ պատճառով Եհովան ասաց, որ թույլ չի տալու նրանց մտնել Քանանի երկիրը։

Ահարոնի մահից մի քանի ամիս անց Եհովան պատվեր է տալիս Մովսեսին. «Վերցրո՛ւ Հեսուին, կանգնեցրո՛ւ նրան Եղիազար քահանայի ու ժողովրդի առջև։ Ապա բոլորի ներկայությամբ հայտարարիր, որ այսուհետև Հեսուն է առաջնորդ լինելու»։ Նայիր նկարին և կտեսնես, որ Մովսեսն անում է ճիշտ Եհովայի ասածի պես։

Մովսեսը հայտարարում է, որ Հեսուն է լինելու առաջնորդ

Հետո Եհովան դիմում է Հեսուին. «Զորացի՛ր և մի՛ վախենա։ Դու ես իսրայելացիներին առաջնորդելու Քանանի երկիրը, որը ես խոստացել եմ նրանց, և ես քեզ հետ կլինեմ»։

Դրանից հետո Եհովան պատվիրում է Մովսեսին բարձրանալ Մովաբի երկրում գտնվող Նաբավ լեռը։ Նրա գագաթից Մովսեսը կարող է տեսնել Հորդանան գետից այն կողմ գտնվող Քանանի գեղեցիկ երկիրը։ Եհովան ասում է. «Ահա՛ այն երկիրը, որը ես խոստացել եմ տալ Աբրահամի, Իսահակի ու Հակոբի սերունդներին։ Թույլ տվեցի, որ տեսնես այն, սակայն չես մտնի այնտեղ»։

Նաբավ լեռան գագաթին, 120 տարեկան հասակում, Մովսեսը մահանում է։ Նա դեռ ֆիզիկապես ուժեղ էր ու տեսողությունը՝ լավ։ Վշտացած ժողովուրդը ողբում է Մովսեսի մահը։ Բայց և միաժամանակ նրանք ուրախ են, որ Հեսուն դարձել է նրանց նոր առաջնորդը։

Թուոց 27։12-23; Բ Օրինաց 3։23-29; 31։1-8, 14-23; 32։45-52; 34։1-12։



Հարցեր

  • Ովքե՞ր են նկարում պատկերված երկու մարդիկ, որ կանգնած են Մովսեսի կողքին։
  • Եհովան ի՞նչ է ասում Հեսուին։
  • Մովսեսն ինչո՞ւ է բարձրանում Նաբավ լեռան գագաթը, ու Եհովան նրան ի՞նչ է ասում։
  • Մովսեսը քանի՞ տարեկան էր, երբ մահացավ։
  • Ժողովուրդն ինչո՞ւ է վշտանում, բայց նրանք ուրախանալու ի՞նչ պատճառ ունեն։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Թուոց 27։12-23 համարները։

    Հեսուն ի՞նչ կարևոր հանձնարարություն է ստանում Եհովայից, և ինչպե՞ս է Եհովան հոգատարություն դրսևորում իր ժողովրդի հանդեպ այսօր (Թուոց 27։15-19; Գործք 20։28; Եբր. 13։7)։

  • Կարդա՛ Բ Օրինաց 3։23-29 համարները։

    Եհովան ինչո՞ւ թույլ չտվեց Մովսեսին ու Ահարոնին մտնել Ավետյաց երկիր, և ի՞նչ դաս կարող ենք սովորել դրանից (Բ Օրին. 3։25-27; Թուոց 20։12, 13)։

  • Կարդա՛ Բ Օրինաց 31։1-8, 14-23 համարները։

    Իսրայելին ուղղված Մովսեսի հրաժեշտի խոսքերն ինչպե՞ս են ցույց տալիս, որ նա խոնարհաբար ընդունել էր Եհովայի տված խրատը (Բ Օրին. 31։6-8, 23)։

  • Կարդա՛ Բ Օրինաց 32։45-52 համարները։

    Աստծու Խոսքը ի՞նչ ազդեցություն պետք է թողնի մեր կյանքի վրա (Բ Օրին. 32։47; Ղեւտ. 18։5; Եբր. 4։12)։

  • Կարդա՛ Բ Օրինաց 34։1-12 համարները։

    Թեպետ Մովսեսը իրականում երբեք չէր տեսել Եհովային, Բ Օրինաց 34։10 համարն ի՞նչ է հայտնում Եհովայի հետ նրա ունեցած փոխհարաբերությունների մասին (Ելից 33։11, 20; Թուոց 12։8)։

Իմացիր ավելին

Աստվածաշնչյան քարտ. Հեսու

Ի՞նչ արեցին Հեսուն և իր ռազմիկները, որից հետո Երիքովի պարիսպները փլվեցին։ Տպիր այս աստվածաշնչյան քարտը և ավելին իմացիր Հեսուի մասին։