Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 41: Պղնձե օձը

Պատմություն 41: Պղնձե օձը
Մովսեսը և պղնձե օձը

Այս սյան վրա փաթաթված օձն արդյոք իրակա՞ն է։ Ո՛չ։ Այն պղնձից է շինված։ Եհովան պատվիրեց Մովսեսին ամրացնել այն մի սյան վրա, որպեսզի ժողովուրդը, նրան նայելով, չմեռներ։ Բայց գետնի վրա սողացող մնացած օձերն իրական են։ Դրանց խայթոցից մարդիկ թունավորվում են։ Եկ տեսնենք, թե ինչո՛ւ։

Պատճառն այն է, որ իսրայելացիները վրդովվում են Աստծու և Մովսեսի դեմ ու տրտնջում. «Ինչո՞ւ մեզ Եգիպտոսից հանեցիր և բերեցիր այս անապատում մեռնելու։ Այստեղ ո՛չ ուտելիք կա, ո՛չ էլ ջուր։ Իսկ այս մանանայից մենք արդեն զզվել ենք»։

Բայց մանանան իրականում համեղ կերակուր է։ Ինչպես մանանան, այնպես էլ ջուրը Եհովան հրաշքով է տվել նրանց։ Բայց ժողովուրդը չի գնահատում Աստծու արածները։ Ուստի, որպես պատիժ, Եհովան թունավոր օձեր է ուղարկում։ Օձերը խայթում են իսրայելացիներին, և, արդյունքում, շատերը մահանում են։

Օձերը խայթում են իսրայելացիներին

Վերջապես ժողովուրդը գալիս է Մովսեսի մոտ ու աղաչանքով խնդրում. «Մենք մեղք ենք գործել, որովհետև տրտնջացել ենք Եհովայի ու քո դեմ։ Հիմա աղոթի՛ր Եհովային, որ այս օձերին հեռացնի»։

Մովսեսն աղոթում է ժողովրդի համար։ Որպես աղոթքի պատասխան, Եհովան պատվիրում է Մովսեսին շինել այս պղնձե օձը և ամրացնել այն սյան վրա, որպեսզի օձերից խայթվածները նայեն նրան։ Մովսեսն անում է ճիշտ այնպես, ինչպես որ Աստված է պատվիրում։ Եվ խայթվածները, նայելով օձին, բուժվում են։

Այս պատմությունից մենք կարող ենք դաս քաղել։ Մեզանից ամեն մեկն ինչ-​որ ձևով նման է օձերից խայթված այս իսրայելացիներին։ Վաղ թե ուշ բոլորն էլ մահանում են։ Նայի՛ր շուրջդ և կտեսնես, որ մարդիկ ծերանում են, հիվանդանում ու մեռնում։ Պատճառն այն է, որ Ադամն ու Եվան չհնազանդվեցին Եհովային, իսկ մենք նրանց սերունդներն ենք։ Մինչդեռ Եհովան մեզ հավիտյան ապրելու հնարավորություն է տվել։

Նա երկիր ուղարկեց իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։ Նրան կախեցին մի ցցից, քանի որ շատերին թվում էր, թե նա վատ մարդ էր։ Բայց Եհովան Հիսուսին տվեց մեզ փրկելու համար։ Եթե նայենք, այսինքն՝ հետևենք նրան, ապա կարող ենք հավիտենական կյանք ունենալ։ Ավելի ուշ մենք այս մասին շատ ավելին կսովորենք։

Թուոց 21։4-9; Յովհաննէս 3։14, 15։



Հարցեր

  • Ինչպես պատկերված է նկարում, ի՞նչ է փաթաթված սյանը, և Եհովան ինչո՞ւ Մովսեսին այդպիսի բան պատվիրեց։
  • Ժողովուրդը ինչպե՞ս երախտամոռ գտնվեց Աստծու արած բոլոր բաների համար։
  • Այն բանից հետո, երբ Եհովան թունավոր օձեր է ուղարկում ժողովրդի վրա, իսրայելացիները Մովսեսին ի՞նչ են խնդրում։
  • Ինչո՞ւ է Եհովան պատվիրում Մովսեսին պղնձե օձ պատրաստել։
  • Ի՞նչ դասեր կարող ենք քաղել այս պատմությունից։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Թուոց 21։4-9 համարները։

    Ի՞նչ նախազգուշացում է մեզ համար այն, որ իսրայելացիները տրտնջում էին այն ամենի համար, որ Եհովան տվել էր իրենց (Թուոց 21։5, 6; Հռովմ. 2։4)։

    Հետագայում Իսրայել ազգն ինչպե՞ս օգտագործեց պղնձե օձը, և Եզեկիա թագավորն ի՞նչ քայլ ձեռնարկեց (Թուոց 21։9; Դ Թագ. 18։1-4)։

  • Կարդա՛ Յովհաննէս 3։14, 15 համարները։

    Պղնձե օձը սյանը փաթաթելը ինչպե՞ս է ներկայացնում Հիսուս Քրիստոսի ցից հանվելը (Գաղ. 3։13; Ա Պետ. 2։24)։