Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 38: 12 հետախույզները

Պատմություն 38: 12 հետախույզները
Իսրայելացի հետախույզները մրգեր են բերել

Հապա նայի՛ր այս մարդկանց բերած մրգերին։ Տեսնո՞ւմ ես՝ որքան մեծ է խաղողի այս ողկույզը։ Երկու մարդ հազիվ է կարողացել բերել այն՝ ամրացնելով մի ամուր ձողի։ Ձողին ամրացված են նաև մի քանի թուզ ու նուռ։ Որտեղի՞ց է բերվել այդ ամենը. Քանանի երկրից։ Հիշո՞ւմ ես, Քանանն այն երկիրն է, ուր մի ժամանակ ապրում էին Աբրահամը, Իսահակն ու Հակոբը։ Բայց այնտեղ սկսված սովի պատճառով Հակոբն իր ընտանիքի հետ միասին տեղափոխվեց Եգիպտոս։ Հիմա, երբ արդեն անցել է 216 տարի, Մովսեսն իսրայելացիներին առաջնորդում է դեպի Քանան։ Նրանք արդեն հասել են անապատում գտնվող այն վայրին, որը կոչվում է Կադես։

Քանանի երկրի բնակիչները չար են։ Դրա համար էլ Մովսեսն ուղարկում է 12 հետախույզների՝ պատվիրելով. «Իմացեք, թե քանի մարդ է այնտեղ ապրում, որքա՞ն ուժեղ են նրանք, հողը պարա՞րտ է արդյոք։ Եվ անպայման այդ երկրի պտուղներից մի քիչ բերեք»։

Վերադառնալով Կադես՝ հետախույզները պատմում են Մովսեսին. «Իսկապե՛ս որ հրաշալի երկիր է»։ Որպես ապացույց՝ նրանք ցույց են տալիս իրենց հետ բերած մրգերը։ Սակայն նրանցից տասը բողոքում են. «Այնտեղ ապրող ժողովուրդը զորավոր է։ Եթե փորձենք գրավել նրանց երկիրը, նրանք մեզ բոլորիս կսպանեն»։

Լսելով այս խոսքերը՝ իսրայելացիները վախի մեջ են ընկնում։ «Երանի՜ թե մեռած լինեինք Եգիպտոսում կամ էլ հենց այստեղ՝ անապատում,— ասում են նրանք,— բայց հիմա մենք սրով կընկնենք, իսկ մեր կանանց ու երեխաներին գերի կտանեն։ Եկեք մի նոր առաջնորդ ընտրենք Մովսեսի փոխարեն ու վերադառնանք Եգիպտոս»։

Բայց երկու հետախույզներ ապավինում են Եհովային ու փորձում հանգստացնել ժողովրդին։ Նրանց անուններն են՝ Հեսու և Քաղեբ։ Նրանք ասում են. «Մի՛ վախեցեք։ Եհովան մեզ հետ է։ Մեզ համար հեշտ կլինի Քանանի երկիրը գրավելը»։ Բայց ժողովուրդը չի լսում։ Նրանք նույնիսկ ուզում են սպանել Հեսուին ու Քաղեբին։

Այս բանը խիստ զայրացնում է Եհովային, ու նա Մովսեսին այսպես է ասում. «Քսան և ավելի բարձր տարիք ունեցողներից և ոչ մեկը չի մտնի Քանանի երկիր։ Նրանք տեսան բոլոր այն հրաշքները, որ ես արեցի Եգիպտոսում ու անապատի մեջ, բայց մինչև հիմա ինձ չեն վստահում։ Ուստի, 40 տարի կթափառեն անապատում, մինչև որ նրանցից վերջինը մահանա։ Միայն Հեսուն ու Քաղեբը ոտք կդնեն Քանանի երկիր»։

Թուոց 13։3-34; 14։1-38։



Հարցեր

  • Ի՞նչ ես նկատում՝ նայելով նկարում պատկերված խաղողի ողկույզին, և որտեղի՞ց է բերվել այդ ամենը։
  • Մովսեսը ինչո՞ւ 12 հետախույզներ ուղարկեց Քանանի երկիր։
  • Տասը հետախույզները ի՞նչ են պատմում, երբ վերադառնում են Մովսեսի մոտ։
  • Երկու հետախույզներ ինչպե՞ս են ցույց տալիս, որ ապավինում են Եհովային, և ի՞նչ են նրանց անունները։
  • Ինչո՞ւ է Եհովան բարկանում և ի՞նչ է ասում Մովսեսին։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Թուոց 13։3-34 համարները։

    Ովքե՞ր ընտրվեցին որպես հետախույզներ, ու ի՞նչ հրաշալի հնարավորություն ունեին նրանք (Թուոց 13։3, 4, 19-21)։

    Ինչո՞ւ էր Հեսուի և Քաղեբի մտածելակերպը տարբերվում մյուս հետախույզների մտածելակերպից, և սա մեզ ի՞նչ է սովորեցնում (Թուոց 13։29-31; Մատթ. 17։19; Բ Կորնթ. 5։7)։

  • Կարդա՛ Թուոց 14։1-38 համարները։

    Մենք ի՞նչ նախազգուշացման պետք է ականջ դնենք երկրի վրա Եհովայի կողմից նշանակված ներկայացուցիչների դեմ տրտնջալու հետ կապված (Թուոց 14։2, 3, 27; Մատթ. 25։40, 45; Ա Կորնթ. 10։10)։

    Թուոց 14։24 համարն ինչպե՞ս է ցույց տալիս, որ Եհովան հետաքրքրություն է ցույց տալիս իր ամեն մի ծառայի հանդեպ անհատապես (Գ Թագ. 19։18; Առակ. 15։3)։

Իմացիր ավելին

Աստվածաշնչյան քարտ. Հեսու

Ի՞նչ արեցին Հեսուն և իր ռազմիկները, որից հետո Երիքովի պարիսպները փլվեցին։ Տպիր այս աստվածաշնչյան քարտը և ավելին իմացիր Հեսուի մասին։