Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 36: Ոսկե հորթը

Պատմություն 36: Ոսկե հորթը

Ա՛յ քեզ բա՜ն… Տես, թե ինչ են անում իսրայելացիները։ Նրանք աղոթքով դիմում են այս հորթին։ Արդյոք ի՞նչն է նման քայլի պատճառը։

Բավական ժամանակ է անցել, ինչ Մովսեսը սար է բարձրացել, իսկ այդ ընթացքում ժողովուրդը ահա թե ինչ է որոշում. «Չգիտենք, թե ինչ է պատահել Մովսեսին։ Եկեք մեզ համար մի աստված շինենք, որ մեզ այս երկրից դուրս բերի»։

Մովսեսը ցած է նետում քարե տախտակները

— Շատ բարի,— ասում է Մովսեսի եղբայր Ահարոնը։— Հանե՛ք ձեր ոսկե ականջօղերն ու բերե՛ք ինձ մոտ։— Ժողովուրդն այդպես էլ անում է, իսկ Ահարոնը դրանք միաձուլում է ու պատրաստում այս ոսկե հորթը։ «Ահա և մեր Աստվածը, որ հանեց մեզ Եգիպտոսից»,— ասում են նրանք։ Այնուհետև իսրայելացիները մեծ խնջույք են կազմակերպում ու երկրպագություն մատուցում ոսկե հորթին։

Այս ամենը տեսնելով՝ Եհովան խիստ բարկանում է։ Նա Մովսեսին պատվիրում է. «Շտա՛պ իջիր ներքև։ Ժողովուրդը մեծ մեղք է գործում։ Նրանք մոռացել են իմ օրենքներն ու պաշտում են ոսկե հորթին»։

Մարդիկ պաշտում են ոսկե հորթին

Մովսեսն իսկույն իջնում է սարից։ Եվ երբ մոտենում է, նրա առջև բացվում է հետևյալ տեսարանը. ժողովուրդը երգում ու պարում է ոսկե հորթի շուրջը։ Բարկությունից Մովսեսը վայր է նետում երկու տափակ քարերը, որոնց վրա օրենքներն են գրված, ու դրանք կտոր-կտոր են լինում։ Ապա նա այդ ոսկե հորթը հալեցնում է, հետո մանրում ու փոշու վերածում։

Ժողովուրդը մեծ չարություն է գործել։ Ուստի Մովսեսի հրամանով մի քանիսը սրեր են վերցնում։ «Ոսկե հորթին պաշտող բոլոր չար մարդիկ պիտի մեռնեն»,— հայտարարում է Մովսեսը։ Այդ օրը 3 000 հոգի սպանվում է։ Այս դեպքը չի՞ խոսում արդյոք այն մասին, որ մենք միայն Եհովային պիտի պաշտենք և հեռու մնանք կեղծ աստվածներից։

Ելից 32։1-35։



Հարցեր

  • Նկարում պատկերված մարդիկ ի՞նչ են անում և ինչո՞ւ։
  • Եհովան ինչո՞ւ է բարկանում, և Մովսեսն ի՞նչ է անում՝ տեսնելով մարդկանց գործած չարությունը։
  • Մովսեսը որոշ մարդկանց ի՞նչ է պատվիրում։
  • Ի՞նչ դաս ենք քաղում այս պատմությունից։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Ելից 32։1-35 համարները։

    Ինչպե՞ս է այս պատմությունը ցույց տալիս Եհովայի վերաբերմունքը կեղծ կրոնը ճշմարիտ երկրպագությանը միախառնելու նկատմամբ (Ելից 32։4-6, 10; Ա Կորնթ. 10։7, 11)։

    Քրիստոնյաներն ինչպե՞ս պետք է զգուշություն ցուցաբերեն ժամանցի այնպիսի ձևեր ընտրելիս, ինչպիսիք են, օրինակ, երգն ու պարը (Ելից 32։18, 19; Եփես. 5։15, 16; Ա Յովհ. 2։15-17)։

    Ղևիի ցեղը ի՞նչ հրաշալի օրինակ է թողել արդարությանը թիկունք կանգնելու հարցում (Ելից 32։25-28; Սաղ. 18։25, ՆԱ)։

Իմացիր ավելին

Իսրայելացիները ոսկե հորթ են պատրաստում

Իսրայելացիները ոսկե հորթ շինեցին ու ասացին, թե այն Աստծուն է ներկայացնում։ Արդյո՞ք Աստծուն դուր եկավ դա։