Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 35: Եհովան տալիս է իր օրենքները

Պատմություն 35: Եհովան տալիս է իր օրենքները

Եգիպտոսը թողնելուց մոտավորապես երկու ամիս անց իսրայելացիները գալիս են Սինա լեռան մոտ, որը նաև Քորեբ է կոչվում։ Սա հենց այն վայրն է, որտեղ Եհովան բոցավառվող թփի միջից խոսեց Մովսեսի հետ։ Ժողովուրդը իջևանում է այստեղ և մի որոշ ժամանակ մնում է։

Մինչ ժողովուրդը ներքևում սպասում էր, Մովսեսը բարձրանում է սարը։ Այնտեղ՝ սարի գագաթին, Եհովան հայտնում է նրան իր ցանկությունը, այն է՝ հնազանդվել իրեն և դառնալ իր ընտրյալ ժողովուրդը։ Սարից իջնելով՝ Մովսեսն իսրայելացիներին փոխանցում է Եհովայի խոսքերը։ Ժողովուրդը համաձայնվում է հնազանդվել Աստծուն, քանի որ ուզում է դառնալ նրա ժողովուրդը։

Ապա Եհովան արտասովոր մի բան է անում։ Նա լեռան գագաթը սկսում է ծխացնել և ուժեղ որոտ է առաջ բերում ու խոսում է ժողովրդի հետ՝ ասելով. «Ես եմ Եհովան, ձեր Աստվածը, որ ձեզ հանեցի Եգիպտոսից»։ Այնուհետև հետևյալ պատվերն է տալիս. «Ինձանից բացի ուրիշ աստվածների չպաշտե՛ք»։

Երկու քարե տախտակները

Աստված իսրայելացիներին տալիս է նաև ինը ուրիշ պատվիրաններ, այսինքն՝ օրենքներ։ Մարդիկ շատ են վախենում և ասում են Մովսեսին. «Դո՛ւ խոսիր մեզ հետ, քանզի եթե Աստված խոսի, վախենում ենք, որ մեռնենք»։

Ավելի ուշ Եհովան պատվիրում է Մովսեսին. «Ելի՛ր սարը, ինձ մոտ։ Ես քեզ երկու տափակ քարեր կտամ, որոնց վրա գրված են այն օրենքները, որոնք ցանկանում եմ, որ ժողովուրդը պահի»։ Ուստի Մովսեսը կրկին սարն է բարձրանում։ 40 օր ու 40 գիշեր նա մնում է այնտեղ։

Աստված շա՜տ օրենքներ է տալիս իր ժողովրդին։ Մովսեսը գրի է առնում դրանք։ Եհովան Մովսեսին տալիս է նաև երկու տափակ քարեր։ Դրանց վրա նա անձամբ գրել է այն 10 օրենքները, որոնք մինչ այդ հաղորդել էր ժողովրդին։ Դրանք կոչվում են Տասը պատվիրաններ։

Մովսեսը Սինա սարի վրա

Տասը պատվիրանները կարևոր օրենքներ են։ Բայց քիչ կարևոր չեն նաև Աստծու՝ իսրայելացիներին տված մյուս բազմաթիվ օրենքները։ Ահա թե ինչպես է հնչում այդ օրենքներից մեկը. «Քո Եհովա Աստծուն պիտի սիրես քո ամբողջ սրտով, ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով ու ամբողջ ուժով»։ Իսկ մյուսը՝ «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը»։ Աստծու Որդին՝ Հիսուս Քրիստոսը, ասաց, որ սրանք այն մեծագույն օրենքներն են, որոնք Եհովան տվել էր իր ժողովրդին՝ Իսրայելին։ Հետագայում մենք դեռ շատ բաներ կիմանանք Աստծու Որդու և նրա ուսուցումների մասին։

Ելից 19։1-25; 20։1-21; 24։12-18; 31։18; Բ Օրինաց 6։4-6; Ղեւտացոց 19։18; Մատթէոս 22։36-40։



Հարցեր

  • Եգիպտոսից հեռանալուց մոտ երկու ամիս հետո իսրայելացիները որտե՞ղ են իջևանում։
  • Եհովան իր ո՞ր ցանկության մասին է հայտնում իսրայելացիներին, իսկ նրանք ի՞նչ են պատասխանում։
  • Եհովան ինչո՞ւ է երկու տափակ քարեր տալիս Մովսեսին։
  • Բացի Տասը պատվիրաններից, Եհովան ուրիշ ի՞նչ օրենքներ տվեց իսրայելացիներին։
  • Ըստ Հիսուսի խոսքերի՝ որո՞նք են երկու մեծագույն օրենքները։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Ելից 19։1-25; 20։1-21; 24։12-18; 31։38 համարները։

    Ելից 19։8-ում արձանագրված խոսքերն ինչպե՞ս են օգնում մեզ հասկանալ, թե ինչ է քրիստոնեական նվիրումը (Մատթ. 16։24; Ա Պետ. 4։1-3)։

  • Կարդա՛ Բ Օրինաց 6։4-6; Ղեւտացոց 19։18; Մատթէոս 22։36-40 համարները։

    Քրիստոնյաներն ինչպե՞ս են ցույց տալիս իրենց սերն Աստծու և մերձավորի հանդեպ (Մարկ. 6։34; Գործք 4։20; Հռովմ. 15։2)։