Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 34: Նոր տեսակի կերակուր

Պատմություն 34: Նոր տեսակի կերակուր

Կարո՞ղ ես ասել, թե նկարում պատկերված մարդիկ ինչ են հավաքում։ Այն ցողի նման է. սպիտակ, մանր և թեփաձև։ Բայց դա ցող չէ, այլ կերակուր։

Իսրայելացիները մանանա են հավաքում

Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ իսրայելացիները դուրս են եկել Եգիպտոսից, և այժմ նրանք անապատում են գտնվում։ Քանի որ այնտեղ ուտելու պիտանի քիչ բուսականություն է աճում, ուստի ժողովուրդը շարունակ տրտնջում է. «Երանի՜ թե Եհովան մեզ սպաներ Եգիպտոսում։ Այնտեղ մենք գոնե ուտում էինք մեր սրտի ուզածի չափ»։

Սա տեսնելով՝ Եհովան ասում է. «Ահա ես ձեզ երկնքից հաց պիտի թափեմ»։ Եվ ահա թե նա ինչ է անում։ Հաջորդ օրը՝ առավոտյան, իսրայելացիները նկատում են, որ երկնքից սպիտակ ինչ-որ բան է թափվել և սկսում են իրար հարցնել. «Սա ի՞նչ է»։

Մովսեսը պատասխանում է. «Սա է այն կերակուրը, որը Աստված ձեզ խոստացել է տալ»։ Ժողովուրդն այն կոչում է ՄԱՆԱՆԱ։ Մանանան հիշեցնում է մեղրով պատրաստած բլիթ։

— Հավաքեք այնքան, որքան որ ձեզանից ամեն մեկն ի վիճակի է ուտելու,— ասում է Մովսեսը ժողովրդին։ Հետևելով այդ խորհրդին՝ ամեն առավոտ նրանք այդպես էլ անում են։ Իսկ երբ արևը սկսում է տաքացնել, գետնի վրա մնացած մանանան հալվում է։

Մովսեսը նաև ավելացնում է. «Ոչ մեկը հաջորդ օրվա համար մանանա չպահի»։ Բայց ոմանք չեն հետևում այս խոսքերին։ Եվ արդյունքում գիտե՞ս, թե ինչ տեղի ունենում։ Հաջորդ առավոտյան նրանց պահած մանանայի մեջ որդեր են հայտնվում, ու այն սկսում է հոտել։

Այնուամենայնիվ, Եհովան կարգադրում է, որ շաբաթվա մեջ մի օր՝ վեցերորդ օրը, ժողովուրդը սովորականից երկու անգամ ավելի շատ մանանա հավաքի։ Եհովան պատվիրում է, որ հավաքած մանանայից որոշ քանակություն պահեն հաջորդ օրվա համար, որովհետև յոթերորդ օրը մանանա չի թափվելու։ Երբ նրանք յոթերորդ օրվա համար մանանա են հավաքում, այն չի որդնում, ու նրանից տհաճ հոտ չի գալիս։ Ահա մեկ հրաշք ևս։

Անապատում անցկացրած բոլոր տարիներին Եհովան իսրայելացիներին մանանայով է կերակրում։

Ելից 16։1-36; Թուոց 11։7-9; Յեսու 5։10-12։



Հարցեր

  • Նկարում պատկերված մարդիկ գետնից ի՞նչ են հավաքում, և ինչպե՞ս է այն կոչվում։
  • Մովսեսը մանանան հավաքելու հետ կապված ի՞նչ հրահանգ է տալիս ժողովրդին։
  • Եհովան ասում է, որ ժողովուրդն ի՞նչ անի վեցերորդ օրը, և ինչո՞ւ։
  • Եհովան ի՞նչ հրաշք է անում, երբ իսրայելացիները մանանա են պահում յոթերորդ օրվա համար։
  • Եհովան որքա՞ն ժամանակ է մանանայով կերակրում իր ժողովրդին։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Ելից 16։1-36; Թուոց 11։7-9 համարները։

    Ելից 16։8 համարն ինչպե՞ս է ցույց տալիս, որ պետք է հարգենք քրիստոնեական ժողովում աստվածապետական նշանակումներ ունեցողներին (Եբր. 13։17)։

    Անապատում իսրայելացիներին ամեն օր ինչպե՞ս էր հիշեցվում, որ իրենց կյանքը կախված է Եհովայից (Ելից 16։14-16, 35; Բ Օրին. 8։2, 3)։

    Հիսուսը մանանային այլաբանական ի՞նչ իմաստ վերագրեց, և մենք ինչպե՞ս ենք օգուտներ քաղում այդ ‘երկնային հացից’ (Յովհ. 6։31-35, 40)։

  • Կարդա՛ Յեսու 5։10-12 համարները։

    Քանի՞ տարի իսրայելացիները մանանայով սնվեցին, դա ի՞նչ փորձություն էր նրանց համար, և ի՞նչ կարող ենք մենք սովորել այս պատմությունից (Ելից 16։35; Թուոց 11։4-6; Ա Կորնթ. 10։10, 11)։