Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 31: Մովսեսն ու Ահարոնը հանդիպում են փարավոնին

Պատմություն 31: Մովսեսն ու Ահարոնը հանդիպում են փարավոնին

Երբ Մովսեսը վերադարձավ Եգիպտոս, իր եղբայր Ահարոնին պատմեց բոլոր հրաշքների մասին։ Իսկ երբ Մովսեսն ու Ահարոնը իսրայելացիներին ցույց տվեցին այդ հրաշքները, ժողովուրդը հավատաց, որ Եհովան իրենց հետ է։

Այնուհետև Մովսեսն ու Ահարոնը գնացին փարավոնի մոտ և դիմեցին նրան հետևյալ խոսքերով. «Իսրայելի Եհովա Աստվածն այսպես է ասում. «Թույլ տուր իմ ժողովրդին, որ երեք օրվա ճանապարհ գնա և ինձ երկրպագի անապատում»»։ Բայց փարավոնը պատասխանեց. «Ես Եհովային չեմ հավատում և միտք էլ չունեմ թույլ տալու, որ Իսրայելը գնա»։

Փարավոնին զայրացրեց այն, որ ժողովուրդը Եհովային երկրպագելու համար պետք է թողներ աշխատանքը։ Ուստի նա իսրայելացիների աշխատանքն է՛լ ավելի ծանրացրեց։ Մովսեսին համարելով իրենց հանդեպ այդ վատ վերաբերմունքի պատճառը՝ իսրայելացիները սկսեցին մեղադրել նրան, և Մովսեսը շատ տխրեց դրանից։ Բայց Եհովան նրան հանգստացրեց. «Ես կստիպեմ փարավոնին, որ թույլ տա իմ ժողովրդին գնալ»,— վստահեցրեց նա։

Մովսեսն ու Ահարոնը փարավոնի առաջ

Մովսեսն ու Ահարոնը դարձյալ գնացին փարավոնի մոտ։ Այս անգամ նրանք հրաշք գործեցին։ Ահարոնը նետեց իր գավազանը, և այն մի մեծ օձ դարձավ։ Փարավոնի իմաստունները նույնպես նետեցին իրենց գավազանները ու նույնպես օձեր հայտնվեցին։ Բայց նայի՛ր։ Ահարոնի օձը կուլ է տալիս մյուս օձերին։ Եվ ի՞նչ. փարավոնը դարձյա՛լ թույլ չի տալիս իսրայելացիներին գնալ։

Բայց ահա եկավ ժամանակը, երբ Եհովան մի լավ դաս պիտի տար փարավոնին։ Գիտե՞ս, թե նա ինչպես արեց դա։ Եհովան Եգիպտոսի վրա 10 մեծ փորձանքներ՝ պատուհասներ, բերեց։

Պատուհասներից շատերից հետո փարավոնը կանչում էր Մովսեսին ու ասում. «Դադարեցրո՛ւ պատուհասը, ու ես Իսրայելին ազատ կարձակեմ»։ Սակայն, հենց որ պատուհասը դադարում էր, փարավոնը դարձյալ մտափոխվում էր։ Նա ժողովրդին թույլ չէր տալիս գնալ։ Բայց 10-րդ պատուհասից հետո փարավոնը վերջապես ազատ արձակեց իսրայելացիներին։

Գիտե՞ս, թե իրենցից ինչ էին ներկայացնում այդ 10 պատուհասները։ Եկ ծանոթանանք դրանց։

Ելից 4։27-31; 5։1-23; 6։1-13, 26-30; 7։1-13։



Հարցեր

  • Մովսեսի և Ահարոնի կատարած հրաշքները ի՞նչ ազդեցություն թողեցին իսրայելացիների վրա։
  • Մովսեսն ու Ահարոնը ի՞նչ հայտնեցին փարավոնին, իսկ նա ի՞նչ պատասխան տվեց։
  • Ի՞նչ եղավ, երբ Ահարոնը գետնին գցեց իր գավազանը, ինչպես որ պատկերված է նկարում։
  • Եհովան ի՞նչ դաս տվեց փարավոնին, իսկ նա ինչպե՞ս արձագանքեց։
  • Ի՞նչ տեղի ունեցավ տասներորդ պատուհասից հետո։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Ելից 4։27-31; 5։1-23 համարները։

    Ի՞նչ ի նկատի ուներ փարավոնը, երբ ասաց՝ ‘Եհովային չեմ ճանաչում’ (Ելից 5։2; Ա Թագ. 2։12; Հռովմ. 1։21)։

  • Կարդա՛ Ելից 6։1-13, 26-30 համարները։

    Եհովան ի՞նչ իմաստով իրեն չէր հայտնել Աբրահամին, Իսահակին ու Հակոբին (Ելից 3։13, 14; 6։3; Ծննդ. 12։8)։

    Ի՞նչ զգացումներ են մեզ պատում, երբ իմանում ենք, որ Եհովան շարունակեց գործել Մովսեսի միջոցով, չնայած որ Մովսեսը իրեն որակյալ չէր զգում՝ այդ հանձնարարությունը կատարելու (Ելից 6։12, 30; Ղուկ. 21։13-15)։

  • Կարդա՛ Ելից 7։1-13 համարները։

    Եհովայի դատաստանների մասին խիզախորեն հայտնելով փարավոնին՝ Մովսեսն ու Ահարոնը ի՞նչ օրինակ են թողել Աստծու ժամանակակից ծառաների համար (Ելից 7։2, 3, 6; Գործք 4։29-31)։

    Եհովան ինչպե՞ս ցույց տվեց իր գերակայությունը Եգիպտոսի աստվածների նկատմամբ (Ելից 7։12; Ա Մնաց. 29։12)։

Իմացիր ավելին

Աստված Մովսեսին ուղարկում է Եգիպտոս

Ինչո՞ւ փարավոնը ականջ չի դնում Մովսեսի ու Ահարոնի խոսքերին։ Ի՞նչ աղետալի հետևանքներ եղան։