Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 30: Բոցավառվող թուփը

Պատմություն 30: Բոցավառվող թուփը

Մովսեսը բարձրացել էր Քորեբ սարը՝ ոչխարների հոտի համար արոտավայր փնտրելու։ Այստեղ նա մի թուփ տեսավ, որը թեև բռնկված էր կրակով, սակայն չէր այրվում։

Մովսեսը բոցավառվող թփի մոտ

— Տարօրինակ է,— մտածեց Մովսեսը։— Մոտենամ ու ավելի լավ տեսնեմ։— Երբ մոտեցավ, մի ձայն լսվեց թփերի միջից, որն ասում էր. «Մի՛ մոտենա։ Հանի՛ր կոշիկներդ, որովհետև այն տեղը, որի վրա դու կանգնած ես, սուրբ է»։ Դա Աստված էր խոսում հրեշտակի միջոցով, ուստի Մովսեսը երեսը ծածկեց։

Այնուհետև Աստված ասաց. «Տեսա իմ ժողովրդի չարչարանքը Եգիպտոսում։ Ուզում եմ նրանց ազատել գերությունից։ Եվ ես քեզ կուղարկեմ, որ իմ ժողովրդին հանես Եգիպտոսից»։ Եհովան մտադրվել էր իր ժողովրդին առաջնորդել դեպի Քանանի գեղեցիկ երկիրը։

Մովսեսն առարկեց. «Ես ո՞վ եմ, որ այդ բանն անեմ։ Եթե գնամ իսրայելացիների մոտ, ու նրանք հարցնեն, թե ով է ինձ ուղարկել, ի՞նչ պատասխան տամ նրանց»։

— Այսպե՛ս ասա Իսրայելի ժողովրդին,— պատասխանեց Աստված.— ԵՀՈՎԱՆ՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը եւ Հակոբի Աստվածն է ինձ ուղարկել ձեզ մոտ։ Սա է իմ անունը հավիտյան։

— Իսկ եթե նրանք չհավատան, որ դու ես ինձ ուղարկել,— դիմեց Մովսեսը։

— Այդ ի՞նչ է ձեռքիդ,— հարցրեց Աստված։

— Գավազան։

— Գցի՛ր այն գետնին,— ասաց Աստված։ Եվ երբ նա գետնին գցեց իր գավազանը, այն վերածվեց օձի։ Այնուհետև Եհովան մեկ ուրիշ հրաշք էլ Մովսեսին ցույց տվեց։ Նա ասաց. «Ձեռքդ տա՛ր ծոցդ»։ Մովսեսը ձեռքը ծոցը տարավ, իսկ երբ հանեց՝ ի՜նչ տեսնի, որ լավ լինի. այն ճերմակ էր, ինչպես ձյունը։ Այդպես լինում է մի վատ հիվանդությամբ՝ բորոտությամբ հիվանդանալու դեպքում։ Հետո Եհովան Մովսեսին օժտեց երրորդ հրաշքը գործելու զորությամբ։ Իսկ վերջում ասաց. «Երբ կատարես այս հրաշքները, իսրայելացիները կհավատան, որ ե՛ս քեզ ուղարկեցի»։

Այս դեպքից հետո Մովսեսը տուն վերադարձավ և ասաց Հոթորին. «Խնդրում եմ, թույլ տուր ինձ գնալ ազգականներիս մոտ՝ Եգիպտոս՝ իմանալու համար, թե ինչպես են նրանք ապրում»։ Ապա, հրաժեշտ տալով նրանց՝ Մովսեսը ճանապարհ ընկավ դեպի Եգիպտոս։

Ելից 3։1-22; 4։1-20։



Հարցեր

  • Նկարում պատկերված լեռան անունն ի՞նչ է։
  • Նկարագրիր, թե ինչ տարօրինակ բան տեսավ Մովսեսը, երբ ոչխարների հետ սարն էր բարձրացել։
  • Բոցավառվող թփի միջից լսվող ձայնն ի՞նչ ասաց, և ո՞ւմ ձայնն էր դա։
  • Մովսեսն ինչպե՞ս պատասխանեց, երբ Աստված հայտնեց, որ նա պետք է առաջնորդի իր ժողովրդին դուրս գալու Եգիպտոսից։
  • Երբ ժողովուրդը հարցներ, թե ով էր ուղարկել Մովսեսին, Աստված ասաց, որ նա ի՞նչ պատասխանի։
  • Մովսեսն ինչպե՞ս կկարողանար ապացուցել, որ Աստված էր իրեն ուղարկել։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Ելից 3։1-22 համարները։

    Մովսեսի օրինակը ինչպե՞ս է մեզ վստահեցնում այն բանում, որ նույնիսկ եթե մեզ անկարող ենք զգում աստվածապետական որևէ նշանակում կատարելու, Եհովան թիկունք կկանգնի մեզ (Ելից 3։11, 13; Բ Կորնթ. 3։5, 6)։

  • Կարդա՛ Ելից 4։1-20 համարները։

    Մադիամի երկրում անցկացրած 40 տարիների ընթացքում Մովսեսի մտածելակերպի մեջ ի՞նչ փոփոխություն տեղի ունեցավ, և նրանք, ովքեր ժողովում առանձնաշնորհումների են ձգտում, ի՞նչ դաս կարող են քաղել սրանից (Ելից 2։11, 12; 4։10, 13; Միք. 6։8; Ա Տիմոթ. 3։1, 6, 10)։

    Մովսեսի օրինակը ինչո՞ւմ է մեզ վստահեցնում, նույնիսկ երբ Եհովան իր կազմակերպության միջոցով խրատում է մեզ (Ելից 4։12-14; Սաղ. 103։14; Եբր. 12։4-11)