Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 29: Ինչո՞ւ է Մովսեսը փախչում

Պատմություն 29: Ինչո՞ւ է Մովսեսը փախչում

ՆԱՅԻ՛Ր… Մովսեսը փախչում է Եգիպտոսից։ Տեսնո՞ւմ ես նրա ետևից վազող մարդկանց։ Գիտե՞ս, թե ինչու են նրանք ուզում Մովսեսին սպանել։ Դե ինչ, փորձենք իմանալ։

Մովսեսը փախչում է Եգիպտոսից

Մովսեսը մեծացավ փարավոնի՝ Եգիպտոսի թագավորի պալատում։ Նա բավականին իմաստուն ու զորավոր մարդ դարձավ։ Մովսեսը գիտեր, որ ինքը եգիպտացի չէր, և որ իր հարազատ ծնողները իսրայելացի ստրուկներ էին։

Մի օր, երբ նա արդեն 40 տարեկան էր, որոշեց գնալ և տեսնել, թե ինչպես էր ապրում իր ժողովուրդը։ Տեսնելով եգիպտացիների վերաբերմունքն իր ժողովրդի նկատմամբ՝ նա խորապես ազդվեց։ Ապա, նկատելով, թե ինչպես մի եգիպտացի ուժգին հարվածեց իսրայելացի ստրուկին, որոշեց սպանել այդ եգիպտացուն։ Մովսեսը նայեց իր շուրջը և տեսնելով, որ ոչ ոք չկա, հարվածեց ու սպանեց նրան, ապա մարմինը թաքցրեց ավազների մեջ։

Հաջորդ օրը Մովսեսը նորից գնաց իսրայելացիների մոտ։ Նա կարծում էր, թե կարող է օգնել իր եղբայրներին, որպեսզի ազատվեն ստրկության լծից։ Տեսնելով, թե ինչպես են երկու իսրայելացիներ կռվում իրար հետ՝ Մովսեսը մոտեցավ նրանց և դիմեց մեղավորին. «Ինչո՞ւ ես խփում քո եղբորը»։

— Քեզ ո՞վ իշխան կամ դատավոր նշանակեց մեզ վրա,— պատասխանեց այդ մարդը։— Չլինի՞ թե ուզում ես ինձ էլ սպանել այն եգիպտացու պես։

Մովսեսը վախեցավ։ Նա հասկացավ, որ արդեն շատերին հայտնի էր իր արարքը։ Նույնիսկ փարավոնն էր իմացել այդ մասին ու մարդ էր ուղարկել, որ սպանեին իրեն։ Ահա թե ինչու էր Մովսեսը ստիպված փախչել Եգիպտոսից։

Դուրս գալով այդ երկրից՝ Մովսեսը ճամփա ընկավ դեպի հեռավոր Մադիամի երկիրը։ Այնտեղ նա հանդիպեց Հոթորի ընտանիքին և ամուսնացավ նրա դուստրերից մեկի՝ Սեպփորայի հետ։ Մովսեսը հովիվ դարձավ և արածեցնում էր Հոթորի ոչխարները։ Մադիամի երկրում նա ապրեց 40 տարի և արդեն 80 տարեկան էր։ Մի օր, երբ սովորականի պես Մովսեսն արածեցնում էր հոտը, զարմանալի բան տեղի ունեցավ, որն ամբողջովին փոխեց նրա կյանքը։ Եկ տեսնենք, թե որն էր այդ զարմանալի դեպքը։

Ելից 2։11-25; Գործք 7։22-29։



Հարցեր

  • Որտե՞ղ մեծացավ Մովսեսը, բայց նրան ի՞նչ էր հայտնի իր ծնողների մասին։
  • Ի՞նչ արեց Մովսեսը, երբ քառասուն տարեկան էր։
  • Մովսեսն ի՞նչ ասաց մի իսրայելացու, որ կռիվ էր անում, և այդ մարդը ի՞նչ պատասխանեց։
  • Ինչո՞ւ Մովսեսը փախավ Եգիպտոսից։
  • Ո՞ւր փախավ Մովսեսը և ո՞ւմ հանդիպեց այնտեղ։
  • Եգիպտոս փախչելուց հետո 40 տարի Մովսեսը ի՞նչ էր անում։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Ելից 2։11-25 համարները։

    Չնայած որ Մովսեսը տարիներ շարունակ դաստիարակվել էր եգիպտական իմաստությամբ, նա ինչպե՞ս ցույց տվեց իր նվիրվածությունը Եհովայի ու նրա ժողովրդի հանդեպ (Ելից 2։11, 12; Եբր. 11։24)։

  • Կարդա՛ Գործք 7։22-29 համարները։

    Ի՞նչ դաս կարող ենք քաղել այն բանից, որ Մովսեսը փորձեց իր ուժերով ազատել իսրայելացիներին եգիպտացիների գերությունից (Գործք 7։23-25; Ա Պետ. 5։6, 10)։