Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 26: Աստծու հավատարիմ ծառա Հոբը

Պատմություն 26: Աստծու հավատարիմ ծառա Հոբը

Ինչպիսի՜ խղճալի վիճակում է գտնվում այս հիվանդ մարդը… Նրա անունը Հոբ է, իսկ կողքին կանգնածը նրա կինն է։ Գիտե՞ս, թե նա ինչ է ասում Հոբին. «Հայհոյի՛ր Աստծուն և մեռի՛ր»։ Եկ տեսնենք, թե ինչու է նա այդպիսի խոսքեր ասում իր ամուսնուն, և թե ինչու է Հոբն այսպիսի տառապանքների մեջ։

Հոբը վերքերով պատված

Հոբը հավատարիմ մարդ էր և հնազանդվում էր Եհովային։ Նա ապրում էր Քանանից ոչ հեռու գտնվող Հուս երկրում։ Եհովան շատ էր սիրում Հոբին, բայց կար մեկը, որն ատում էր նրան։ Գիտե՞ս, թե ով է նա։

Բանսարկու Սատանան։ Հիշո՞ւմ ես, որ Սատանան այն չար հրեշտակն է, որն ատում է Եհովային։ Նա կարողացավ դրդել Ադամին ու Եվային, որպեսզի չհնազանդվեն Աստծուն։ Նա կարծում էր, թե կարող էր նաև ցանկացած մարդու մղել այդ քայլին։ Իսկ հաջողվե՞ց դա նրան. ո՛չ։ Փորձիր վերհիշել հավատարիմ տղամարդկանց ու կանանց, որոնց մասին մենք սովորեցինք։ Նրանցից քանիսի՞ անունը կարող ես տալ։

Եգիպտոսում Հակոբի ու Հովսեփի մահից հետո երկրի վրա Եհովային ամենահավատարիմ մարդը Հոբն էր։ Եհովան ուզում էր ցույց տալ Սատանային, որ վերջինս չէր կարող բոլոր մարդկանց չարացնել։ Ուստի Աստված ասաց. «Տե՛ս Հոբին։ Նա հավատարիմ է ինձ»։ «Նա հավատարիմ է քեզ,— համաձայնվեց Սատանան,— քանի որ դու օրհնում ես նրան և մեծ ունեցվածքի տեր ես դարձրել։ Վերցրո՛ւ այդ ամենը նրա ձեռքից և կտեսնես, թե ինչպե՛ս քեզ կհայհոյի»։

Եհովան հետևյալ պատասխանը տվեց. «Գնա՛, նրա բոլոր ունեցվածքը քո ձեռքը վերցրու։ Պատճառիր նրան չարություն, որքան ուզում ես։ Տեսնենք, թե նա արդյոք կհայհոյի՞ ինձ։ Միայն թե նրա կյանքին չդիպչես»։

Նախ՝ Սատանան դրդեց որոշ մարդկանց գողանալ Հոբի խոշոր եղջերավոր անասուններն ու նրա ուղտերը, իսկ ոչխարներին՝ սպանել։ Հետո նա փոթորիկ բարձրացրեց, որից զոհվեցին Հոբի տասը տղաներն ու աղջիկները։ Ապա Սատանան Հոբին հարվածեց սարսափելի մի հիվանդությամբ։ Անսահման էր Հոբի տառապանքը։ Այդ էր պատճառը, որ Հոբի կինն ասաց նրան. «Հայհոյի՛ր Աստծուն և մեռի՛ր»։ Բայց Հոբը չհայհոյեց Աստծուն։ Եկան նաև նրա երեք կեղծ բարեկամները ու մեղադրեցին նրան վատ կյանքով ապրելու մեջ։ Չնայած այս ամենին՝ Հոբը հավատարիմ մնաց։

Հոբի հավատարմությունը շատ ուրախացրեց Եհովային, և դրանից հետո նա օրհնեց Հոբին, ինչպես որ տեսնում ես այս նկարում։ Եհովան բուժեց նրան հիվանդությունից։ Հոբը տասը նոր, շատ գեղեցիկ երեխաների հայր դարձավ, նաև ստացավ երկու անգամ ավելի խոշոր եղջերավոր անասուններ, ոչխարներ և ուղտեր, քան նախկինում ուներ։

Դու էլ Հոբի պես միշտ հավատարիմ կմնա՞ս Եհովային։ Եթե այո՛, ապա Աստված քեզ նույնպես կօրհնի։ Դու էլ կկարողանաս հավիտյան ապրել, երբ ամբողջ երկիրը Եդեմի պարտեզի պես գեղեցիկ մի վայրի վերածվի։

Յոբ 1։1-22; 2։1-13; 42։10-17։

Հոբն ու իր ընտանիքը


Հարցեր

  • Ո՞վ էր Հոբը։
  • Սատանան փորձեց ի՞նչ անել, բայց արդյոք դա հաջողվե՞ց նրան։
  • Եհովան Սատանային թույլ տվեց ի՞նչ անել և ինչո՞ւ։
  • Ինչո՞ւ Հոբի կինն ասաց նրան. «Հայհոյի՛ր Աստծուն և մեռի՛ր» (տե՛ս նկարը)։
  • Ինչպես երկրորդ նկարում ես տեսնում, Եհովան ինչպե՞ս օրհնեց Հոբին և ինչո՞ւ։
  • Եթե մենք էլ Հոբի պես հավատարիմ մնանք Եհովային, ի՞նչ օրհնություններ կստանանք։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Յոբ 1։1-22 համարները։

    Այսօր քրիստոնյաները ինչպե՞ս կարող են ընդօրինակել Հոբին (Յոբ 1։1; Փիլիպ. 2։15; Բ Պետ. 3։14)։

  • Կարդա՛ Յոբ 2։1-13 համարները։

    Հոբն ու իր կինը ի՞նչ տարբեր ձևերով արձագանքեցին Սատանայի հալածանքներին (Յոբ 2։9, 10; Առակ. 19։3; Միք. 7։7; Մաղ. 3։14)։

  • Կարդա՛ Յոբ 42։10-17 համարները

    Ի՞նչ նմանություններ կան Հոբի ստացած վարձատրության և այն վարձատրության միջև, որ ստացավ Հիսուսը կյանքում հավատարիմ ընթացք պահելու համար (Յոբ 42։12; Փիլիպ. 2։9-11)։

    Այն, որ Հոբը օրհնություններ ստացավ իր անարատությունը պահելու համար, ինչպե՞ս է քաջալերում մեզ (Յոբ 42։10, 12; Եբր. 6։10; Յակ. 1։2-4, 12; 5։11)։

Իմացիր ավելին

Աստվածաշնչյան քարտ. Հոբ

Հոբի օրինակը մեզ քաջալերում է հավատարմորեն դիմանալ ցանկացած փորձության։ Բեռնիր այս քարտը և իմացիր ավելին։