Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 24: Հովսեփը փորձում է իր եղբայրներին

Պատմություն 24: Հովսեփը փորձում է իր եղբայրներին

Հովսեփն ուզում է իմանալ, թե արդյո՞ք իր 10 եղբայրները առաջվա պես նենգ են ու անգութ։ Ուստի նա դիմում է նրանց. «Դուք լրտեսներ եք ու եկել եք մեր երկրի թույլ կողմերն իմանալու»։

— Ո՛չ, մենք լրտեսներ չենք,— պատասխանում են նրանք։— Մենք ազնիվ մարդիկ ենք և բոլորս՝ միևնույն ընտանիքի զավակներ։ Մենք 12 եղբայրներ էինք։ Բայց մեկն այլևս չկա, իսկ կրտսերին թողել ենք տանը՝ մեր հոր մոտ։

Հովսեփը ձևացնում է, թե իբր չի հավատում նրանց։ Նա եղբայրներից մեկին՝ Շմավոնին, պահում է բանտում և նոր միայն թույլ տալիս մյուսներին սննդամթերք վերցնել ու իրենց հետ տուն տանել։ Այնուհետև, նրանց հրաժեշտ տալիս, պատվիրում է. «Երբ մյուս անգամ գաք, ձեզ հետ կբերեք նաև ձեր կրտսեր եղբորը»։

Վերադառնալով Քանան՝ եղբայրները այդ ամենի մասին պատմում են իրենց հորը։ Հակոբի տխրությունն անչափ մեծ է։ Նա լացակումած բացականչում է. «Բավական չէ, որ կորցրեցի Հովսեփին, հիմա էլ Շմավոնից զրկվեցի։ Ես թույլ չե՛մ տա, որ այնտեղ տանեք նաև կրտսեր որդուս՝ Բենիամինին»։ Բայց, երբ նրանց ուտելիքը վերջանալու վրա էր, Հակոբը ստիպված համաձայնվում է, որ Բենիամինն իրենց հետ գնա Եգիպտոս, որպեսզի այդ անգա՛մ էլ կարողանան սնունդ բերել։

Եվ ահա եղբայրները մոտենում են Հովսեփին։ Նա մեծ ուրախություն է ապրում՝ տեսնելով նրանց հետ իր ամենափոքր եղբայր Բենիամինին։ Ինչ խոսք, նրանցից ոչ մեկը գլխի չի ընկնում, թե իրականում ով է այդ կարևոր պաշտոն զբաղեցնող անձնավորությունը։ Հիմա տեսնենք, թե Հովսեփն ինչ է անում փորձելու համար իր եղբայրներին։

Նա պատվիրում է ծառաներին, որպեսզի նրանց պարկերն ուտելիքով լցնեն։ Իսկ ինքը նրանցից թաքուն Բենիամինի պարկի մեջ է դնում նաև իր հատուկ արծաթե բաժակը։ Երբ եղբայրները բեռները բարձած ճանապարհ են ընկնում և հազիվ մի փոքր հեռանում, Հովսեփն իր ծառաներին ուղարկում է նրանց ետևից։ Հասնելով նրանց՝ ծառաները հարցնում են. «Ինչո՞ւ եք գողացել մեր տիրոջ արծաթե բաժակը»։

Եղբայրները միաբերան պատասխանում են, որ իրենք նման բան չեն արել, ապա ավելացնում. «Եթե այդ բաժակը գտնվի որևէ մեկիս մոտ, թող որ այդ անձը սպանվի»։

Ինչպես երևում է նկարից, բոլոր պարկերը ստուգելուց հետո ծառաները բաժակը գտնում են Բենիամինի մոտ։ «Մյուսները կարող են հեռանալ, բայց Բենիամինը պիտի գա մեզ հետ»,— հայտարարում են նրանք։ Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս կվարվեն այժմ տաս եղբայրները։

Նրանք բոլորը Բենիամինի հետ վերադառնում են Հովսեփի տուն։ Դիմելով նրանց՝ Հովսեփն ասում է. «Բոլորդ կարող եք գնալ, բացի Բենիամինից. նա պիտի մնա ինձ մոտ ծառայելու»։

Այստեղ Հուդան միջամտում է և ասում. «Եթե ես տուն վերադառնամ առանց իմ եղբոր, հայրս վշտից կմեռնի, որովհետև նա Բենիամինին շատ է սիրում։ Ուստի խնդրում եմ, որ ի՛նձ պահես քեզ ծառա, իսկ տղան թող վերադառնա տուն»։

Հովսեփը տեսնում է, որ իր եղբայրները առաջվա նման նենգ ու անգութ չեն. նրանք փոխվել են։ Իսկ հիմա պարզենք, թե նա ինչպես է վարվում։

Ծննդոց 42։9-38; 43։1-34; 44։1-34։

Հովսեփի եղբայրներին մեղադրում են գողության մեջ


Հարցեր

  • Հովսեփը ինչո՞ւ է մեղադրում իր եղբայրներին լրտեսներ լինելու մեջ։
  • Ինչո՞ւ է Հակոբը իր կրտսեր որդուն՝ Բենիամինին, թույլ տալիս գնալ Եգիպտոս։
  • Հովսեփի արծաթե բաժակն ինչպե՞ս է հայտնվում Բենիամինի պարկում։
  • Հուդան ի՞նչ է առաջարկում անել, որ Բենիամինը ազատ արձակվի։
  • Հովսեփի եղբայրները ինչպե՞ս էին փոխվել։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Ծննդոց 42։9-38 համարները։

    Հովսեփի խոսքերը, որ գրված են Ծննդոց 42։18-ում, ի՞նչ հրաշալի հիշեցում են նրանց համար, ովքեր ներկայումս պատասխանատվություններ ունեն Եհովայի կազմակերպության մեջ (Նէեմ. 5։15; Բ Կորնթ. 7։1, 2)։

  • Կարդա՛ Ծննդոց 43։1-34 համարները։

    Թեև անդրանիկ որդին Ռուբենն էր, ինչի՞ց է պարզ երևում, որ Հուդան էր խոսում իր եղբայրների անունից (Ծննդ. 43։3, 8, 9; 44։14, 18; Ա Մնաց. 5։2)։

    Հովսեփն ինչպե՞ս բացահայտորեն փորձեց իր եղբայրներին և ինչո՞ւ (Ծննդ. 43։33, 34)։

  • Կարդա՛ Ծննդոց 44։1-34 համարները։

    Որպեսզի եղբայրներից թաքցներ իր ինքնությունը, Հովսեփն ինչպե՞ս ներկայացավ նրանց (Ծննդ. 44։5, 15; Ղեւտ. 19։26)։

    Հովսեփի եղբայրները ինչպե՞ս ցույց տվեցին, որ այլևս չէին նախանձում իրենց եղբորը (Ծննդ. 44։13, 33, 34)։