Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 22: Հովսեփին բանտ են նետում

Պատմություն 22: Հովսեփին բանտ են նետում

Հովսեփն ընդամենը 17 տարեկան է, երբ նրան տանում են Եգիպտոս։ Այնտեղ նրան վաճառում են Պետափրես անունով մի մարդու, որը ծառայում է Եգիպտոսի թագավորին՝ փարավոնին։

Հովսեփը բանտում

Հովսեփը տքնաջան աշխատում է իր տիրոջ՝ Պետափրեսի տանը։ Երբ նա հասակ է առնում, Պետափրեսը նրան վստահում է իր ամբողջ ունեցվածքի տնօրինությունը։ Բայց ինչո՞ւ է Հովսեփը գտնվում այս բանտում։ Պատճառը Պետափրեսի կինն է։

Հովսեփը դառնում է մի գեղեցկադեմ երիտասարդ, և Պետափրեսի կինն առաջարկում է նրան պառկել իր հետ։ Հովսեփը մերժում է այդ առաջարկը՝ հասկանալով, որ այդպես վարվելը սխալ է։ Պետափրեսի կնոջը խիստ զայրացնում է այդ մերժումը։ Եվ ահա, երբ իր ամուսինը տուն է վերադառնում, նա պատմում է նրան հետևյալ սուտը. «Այդ չար Հովսեփն ուզում էր պառկել ինձ հետ»։ Հավատալով իր կնոջ խոսքերին՝ Պետափրեսը խիստ զայրանում է Հովսեփի վրա և նրան բանտ նետում։

Շատ շուտով բանտապետը հասկանում է, որ Հովսեփը լավ մարդ է։ Նա նույնիսկ մյուս բանտարկյալների հսկողությունը Հովսեփին է հանձնում։ Դրանից որոշ ժամանակ անց փարավոնը զայրանում է իր մատռվակի (գինի մատուցողի) և հացագործի վրա ու նրանց բանտարկում։ Մի գիշեր նրանք երկուսն էլ առանձնահատուկ երազներ են տեսնում, որոնց նշանակությունը ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ։ Հաջորդ օրը Հովսեփն ասում է նրանց. «Պատմեցե՛ք ինձ ձեր երազները»։ Երբ նրանք պատմում են, Հովսեփն Աստծու օգնությամբ տալիս է երազներից յուրաքանչյուրի ճիշտ բացատրությունը։

Մատռվակին նա ասում է. «Երեք օրից դու ազատ կարձակվես բանտից ու կրկին կդառնաս փարավոնի մատռվակը»։ Նաև ավելացնում է. «Երբ ազատվես բանտից, պատմի՛ր փարավոնին իմ մասին և օգնի՛ր ինձ դուրս գալու այստեղից»։ Իսկ հացագործին Հովսեփն ասում է. «Երեք օրից հետո փարավոնը քո գլուխը կտրելու է»։

Երեք օր անց Հովսեփի ասածները ճշգրտորեն կատարվում են։ Փարավոնը գլխատում է հացագործին, իսկ մատռվակին ազատում, որպեսզի նա շարունակի իրեն ծառայել։ Բայց մատռվակը բոլորովին մոռանում է Հովսեփին։ Նա փարավոնին ոչինչ չի պատմում Հովսեփի մասին, ու վերջինս մնում է բանտում։

Ծննդոց 39։1-23; 40։1-23։



Հարցեր

  • Քանի՞ տարեկան է Հովսեփը, երբ նրան տանում են Եգիպտոս, և այնտեղ ի՞նչ է պատահում նրան։
  • Ինչպե՞ս է Հովսեփը բանտում հայտնվում։
  • Բանտում Հովսեփը ի՞նչ պատասխանատվություններ է ստանում։
  • Հովսեփը այնտեղ ի՞նչ է անում փարավոնի մատռվակի և հացագործի համար։
  • Ի՞նչ է տեղի ունենում, երբ մատռվակը ազատվում է բանտից։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Ծննդոց 39։1-23 համարները։

    Թեև Հովսեփի օրերում չկար Աստծու կողմից պոռնկությունը դատապարտող գրավոր օրենք, ի՞նչը մղեց Հովսեփին փախչելու Պետափրեսի կնոջից (Ծննդ. 2։24; 20։3; 39։9)։

  • Կարդա՛ Ծննդոց 40։1-23 համարները։

    Համառոտ նկարագիր մատռվակի երազը և այն, թե Եհովան ի՞նչ մեկնություն տվեց Հովսեփին (Ծննդ. 40։9-13)։

    Հացագործը ի՞նչ երազ տեսավ, ու ի՞նչ էր այն նշանակում (Ծննդ. 40։16-19)։

    Այսօր հավատարիմ և իմաստուն ծառան ինչպե՞ս է դրսևորում նույն վերաբերմունքը, որ դրսևորեց Հովսեփը (Ծննդ. 40։8; Սաղ. 36։9; Յովհ. 17։17; Գործք 17։2, 3)։

    Ծննդոց 40։20 համարն ինչպե՞ս է լուսաբանում այն, թե քրիստոնյաները ինչ տեսակետ պետք է ունենան ծննդյան տարեդարձները տոնելու հարցում (Ժող. 7։1; Մարկ. 6։21-28)։

Իմացիր ավելին

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՔԱՐՏԵՐ

Պետափրես. աստվածաշնչյան քարտ

Բեռնիր աստվածաշնչյան այս քարտը և ավելին իմացիր Պետափրեսի՝ Եգիպտոսում Հովսեփի տիրոջ մասին։