Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 19: Հակոբի բազմանդամ ընտանիքը

Պատմություն 19: Հակոբի բազմանդամ ընտանիքը
Հակոբն ու իր որդիները

Հապա նայի՛ր այս բազմանդամ ընտանիքին։ Սրանք Հակոբի 12 որդիներն են։ Նա ունի նաև աղջիկ-զավակներ։ Գիտե՞ս այս երեխաներից որևէ մեկի անունը։ Եկ ծանոթանանք նրանցից մի քանիսի հետ։

Լիան ծնեց Ռուբենին, Շմավոնին, Ղևիին և Հուդային։ Ռաքելը, տեսնելով, որ չի կարող երեխաներ ունենալ, շատ տխրեց։ Բայց հետո իր աղախին Բաղղային տվեց Հակոբին, ու Բաղղան երկու որդի ունեցավ նրանից՝ Դանին ու Նեփթաղիմին։ Իսկ Լիան Հակոբին տվեց իր աղախին Զեղփային, որից ծնվեցին Գադն ու Ասերը։ Լիան հետագայում ևս երկու որդի ունեցավ՝ Իսաքար ու Զաբուղոն անուններով։

Բայց շուտով Ռաքելին էլ հաջողվեց երեխա ունենալ։ Նա իրենից ծնած որդուն անվանեց Հովսեփ։ Քիչ հետո մենք Հովսեփի մասին կիմանանք շատ ավելին, քանի որ նա շատ կարևոր դեմք դարձավ։ Ահա Հակոբի 11 որդիները, որոնք ծնվեցին այն ժամանակաընթացքում, երբ նա ապրում էր Ռաքելի հոր՝ Լաբանի մոտ։

Հակոբը նաև աղջիկներ ունեցավ, բայց Աստվածաշնչում հանդիպում ենք միայն նրանցից մեկի անվանը։ Դա Դինան է։ Եկավ ժամանակը, երբ Հակոբը վճռեց դուրս գալ Լաբանի տնից ու վերադառնալ իր երկիրը։ Այսպիսով՝ նա հավաքեց իր բազմանդամ ընտանիքին, ոչխարների հոտերն ու խոշոր եղջերավոր կենդանիների նախիրները և ճանապարհ ընկավ դեպի հեռավոր Քանան։

Երբ Հակոբի ընտանիքը դեռևս վերադարձի ճանապարհին էր գտնվում, ծնվեց Ռաքելի մյուս որդին։ Ռաքելի վիճակը ծանր էր, ու ծննդաբերության ժամանակ նա մահացավ։ Բայց նորածին որդին ողջ մնաց։ Հակոբը նրան անվանեց Բենիամին։

Հակոբի 12 որդիների անունները լավ կլինի հիշել, քանի որ ողջ իսրայել ազգը նրանցից առաջացավ։ Փաստորեն, Իսրայելի 12 ցեղերը կոչվեցին Հակոբի 10 և Հովսեփի 2 որդիների անուններով։ Այդ ընթացքում ու նաև երկար ժամանակ դրանից հետո Իսահակը դեռ ողջ էր, և նրան, հավանաբար, մեծ ուրախություն էր պատճառում այդքան շատ թոռնիկներ ունենալը։ Իսկ հիմա տեսնենք, թե ինչ պատահեց նրա թոռնուհուն՝ Դինային։

Ծննդոց 29։32-35; 30։1-26; 35։16-19; 37։35։



Հարցեր

  • Ի՞նչ էին Հակոբի առաջին կնոջից՝ Լիայից ծնված վեց որդիների անունները։
  • Ովքե՞ր էին այն երկու որդիները, որոնց Լիայի աղախին Զեղփան ծնեց Հակոբի համար։
  • Ի՞նչ էին այն երկու որդիների անունները, որոնց Ռաքելի աղախին Բաղղան ծնեց Հակոբի համար։
  • Ովքե՞ր էին Ռաքելի երկու որդիները, և ի՞նչ պատահեց, երբ ծնվեց երկրորդ որդին։
  • Ինչպես տեսնում ենք նկարում, Հակոբը քանի՞ որդի ունեցավ, ու նրանցից ի՞նչը առաջ եկավ։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Ծննդոց 29։32-35; 30։1-26 համարները։

    Ինչպես երևում է Հակոբի 12 որդիների օրինակից, հին ժամանակներում եբրայեցի տղա երեխաներին հաճախ ինչպե՞ս էին անուններ տալիս։

  • Կարդա՛ Ծննդոց 35։16-19; 37։35 համարները։

    Թեև միայն Դինայի անունն է գրված Աստվածաշնչում, որտեղի՞ց գիտենք, որ Հակոբը ուրիշ աղջիկներ էլ ուներ (Ծննդ. 37։34, 35)։

Իմացիր ավելին

Հակոբի որդիների պատմությունը

Ի՞նչ կանես, եթե եղբայրդ, քույրդ կամ ընկերդ ունենա մի բան, ինչ դու կուզեիր ունենալ։