Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 17: Իրարից տարբեր երկվորյակներ

Պատմություն 17: Իրարից տարբեր երկվորյակներ
Եսավը

Այստեղ պատկերված երկու տղաները բոլորովին նման չեն իրար, այնպես չէ՞։ Գիտե՞ս նրանց անունները։ Որսորդությամբ զբաղվող տղայի անունը Եսավ է, իսկ նա, որ խնամում է գառներին՝ Հակոբն է։

Եսավն ու Հակոբը Իսահակի ու Ռեբեկայի երկվորյակ որդիներն էին։ Հայրը՝ Իսահակը, ավելի շատ սիրում էր Եսավին, քանի որ նա լավ որսորդ էր և ընտանիքի համար սնունդ էր հայթայթում։ Իսկ Ռեբեկան սիրում էր Հակոբին, քանի որ վերջինս հանգիստ, խաղաղասեր տղա էր։

Նրանց պապը՝ Աբրահամը, դեռ ողջ էր. դժվար չէր պատկերացնել, թե Հակոբն ինչ ուրախությամբ էր լսում, երբ պապը պատմում էր Եհովայի մասին։ Աբրահամը մահացավ 175 տարեկան հասակում, երբ երկվորյակները 15 տարեկան էին։

Քառասուն տարեկանում Եսավն իր համար երկու կին ընտրեց Քանանի երկրից։ Դրանով նա Իսահակին ու Ռեբեկային մեծ տխրություն պատճառեց, քանի որ այդ կանայք չէին երկրպագում Եհովային։

Օրերից մի օր այնպիսի դեպք տեղի ունեցավ, որի պատճառով Եսավը բարկությամբ լցվեց իր եղբոր՝ Հակոբի հանդեպ։ Մոտեցել էր ժամանակը, երբ Իսահակն իր հայրական օրհնությունը պիտի տար որդիներից ավագին։ Քանի որ Եսավը փոքր-ինչ ավելի շուտ էր ծնվել, քան Հակոբը, նա հույս ուներ, որ օրհնությունը իրեն բաժին կհասնի։ Բայց դրանից առաջ Եսավն արդեն իր՝ օրհնություն ստանալու իրավունքը ծախել էր Հակոբին։ Բացի այդ, երբ երկվորյակները դեռ նոր էին ծնվել, Աստված ասել էր, որ Հակոբն է ստանալու օրհնությունը։ Հենց այդպես էլ եղավ. Իսահակը օրհնեց ոչ թե Եսավին, այլ՝ Հակոբին։

Հակոբը

Ավելի ուշ, երբ Եսավն իմացավ այդ մասին, խիստ բարկացավ Հակոբի վրա։ Այնքան մեծ էր նրա բարկությունը, որ որոշեց նույնիսկ սպանել եղբորը։ Լսելով այդ՝ Ռեբեկան շատ անհանգստացավ։ Ուստի նա այսպես ասաց իր ամուսնուն՝ Իսահակին. «Սարսափելի կլինի, եթե Հակոբն էլ ամուսնանա քանանացի կանանցից մեկի հետ»։

Դա պատճառ հանդիսացավ, որպեսզի Իսահակը կանչի Հակոբին ու պատվիրի նրան. «Քեզ համար կին չընտրես այս երկրից, գնա Խառան, քո պապի՝ Բաթուելի մոտ։ Ամուսնացի՛ր Լաբանի աղջիկներից մեկի հետ»։

Հակոբը լսեց հորը և անմիջապես ճանապարհ ընկավ դեպի Խառան, որտեղ ապրում էին իր ազգականները։

Ծննդոց 25։5-11, 20-34; 26։34, 35; 27։1-46; 28։1-5; Եբրայեցիս 12։16, 17։



Հարցեր

  • Ովքե՞ր էին Եսավն ու Հակոբը և ինչո՞վ էին իրարից տարբերվում։
  • Քանի՞ տարեկան էին Եսավն ու Հակոբը, երբ մահացավ նրանց պապը՝ Աբրահամը։
  • Եսավի ո՞ր արարքը մեծ տխրություն պատճառեց իր ծնողներին։
  • Ինչո՞ւ Եսավը խիստ բարկացավ իր եղբոր՝ Հակոբի վրա։
  • Իսահակն ի՞նչ պատվիրեց իր որդի Հակոբին։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Ծննդոց 25։5-11, 20-34 համարները։

    Եհովան ի՞նչ մարգարեություն տվեց Ռեբեկայի երկու որդիների մասին (Ծննդ. 25։23)։

    Ինչպե՞ս էին տարբերվում Հակոբի ու Եսավի տեսակետները անդրանիկության իրավունքի վերաբերյալ։

  • Կարդա՛ Ծննդոց 26։34, 35; 27։1-46; 28։1-5 համարները։

    Ինչի՞ց էր երևում, որ Եսավը գնահատանք չուներ հոգևոր բաների հանդեպ (Ծննդ. 26։34, 35; 27։46)։

    Որպեսզի Հակոբը ստանար Աստծու օրհնությունները, Իսահակը ի՞նչ պատվիրեց նրան (Ծննդ. 28։1-4)։

  • Կարդա՛ Եբրայեցիս 12։16, 17 համարները։

    Եսավի արարքը ինչպե՞ս է ցույց տալիս, թե ինչ կպատահի այն մարդկանց, ովքեր անարգում են սուրբ բաները։

Իմացիր ավելին

Հակոբը, Եսավը և ապուրը

Սովորիր Հակոբի ու Եսավի մասին։ Բեռնիր այս առաջադրանք-նկարը, տպիր այն ու ներկիր։