Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 16: Իսահակին հաջողվում է լավ կին գտնել

Պատմություն 16: Իսահակին հաջողվում է լավ կին գտնել

Գիտե՞ս, թե ով է այս նկարում պատկերված կինը։ Նրա անունն է Ռեբեկա։ Տղամարդը, որին նա մոտենում է՝ Իսահակն է։ Ռեբեկան շուտով դառնալու է Իսահակի կինը։ Տեսնենք, թե ինչպես տեղի ունեցավ այդ ամենը։

Իսահակի հայրը՝ Աբրահամը, ցանկանում էր լավ կին գտնել իր որդու համար։ Նա չէր ուզում, որ Իսահակը ամուսնանար քանանացի կանանցից որևէ մեկի հետ, քանի որ վերջիններս կեղծ աստվածների էին պաշտում։ Ուստի Աբրահամը կանչեց իր ծառային ու պատվիրեց. «Գնա՛ Խառան՝ ազգականներիս մոտ, և հարսնացու գտիր իմ որդի Իսահակի համար»։

Աբրահամի ծառան առանց հապաղելու տասը ուղտ բարձեց ու ճամփա ընկավ դեպի այդ հեռավոր երկիրը։ Մոտենալով այն վայրին, որտեղ ապրում էին Աբրահամի հարազատները՝ նա կանգ առավ ջրհորի մոտ։ Ուշ երեկո էր, և մոտենում էր այն ժամը, երբ քաղաքի կանայք պետք է գային ջրհորից ջուր տանելու։ Աբրահամի ծառան աղոթքով դիմեց Եհովային. «Թո՛ղ որ այն կինը, որն ինձ ջուր կտա խմելու և կխմեցնի իմ ուղտերին, լինի հենց նա, որին դու ընտրել ես որպես Իսահակի կին»։

Ռեբեկան հանդիպում է Իսահակին

Եվ ահա Ռեբեկան եկավ ջուր տանելու։ Երբ ծառան ջուր խնդրեց նրանից, նա տվեց նրան. ապա գնաց ու բավարար չափով ջուր հանեց նաև ծարաված ուղտերի համար։ Դա հեշտ գործ չէր, քանի որ ուղտերը ջուր շատ են խմում։

Երբ Ռեբեկան ավարտեց իր գործը, Աբրահամի ծառան ուզեց իմանալ նրա հոր անունը։ Նա խնդրեց հնարավորության դեպքում այդ օրը գիշերել նրանց տանը։ Ռեբեկան ասաց. «Ես Բաթուելի աղջիկն եմ, և կարող ես այս գիշեր մեզ մոտ իջևանել»։ Գիտենալով, որ Բաթուելը Աբրահամի եղբոր՝ Նաքովրի որդին է՝ Աբրահամի ծառան իսկույն խոնարհվեց ու շնորհակալություն հայտնեց Եհովային, որ նա առաջնորդեց իրեն Աբրահամի հարազատների մոտ։

Հենց այդ օրը՝ երեկոյան, Աբրահամի ծառան հայտնեց Բաթուելին ու Ռեբեկայի եղբորը՝ Լաբանին իր այցի նպատակը։ Նրանք երկուսն էլ իրենց համաձայնությունը տվեցին, որպեսզի Ռեբեկան գնար Աբրահամի ծառայի հետ ու դառնար Իսահակի կինը։ Իսկ անձամբ Ռեբեկա՞ն։ Երբ հերթը հասավ նրա կարծիքը հարցնելու, նա պատասխանեց, որ համաձայն է։ Ուստի հենց հաջորդ օրը նրանք բարձեցին ուղտերն ու ճանապարհ ընկան դեպի Խառան։

Երբ նրանք տեղ հասան, արդեն երեկո էր։ Ռեբեկան տեսավ դաշտում զբոսնող մի տղամարդու։ Դա Իսահակն էր։ Տեսնելով Ռեբեկային՝ նա մեծ ուրախություն ապրեց։ Դրանից երեք տարի առաջ մահացել էր Իսահակի մայրը՝ Սառան, և նա դեռ սգի մեջ էր։ Բայց հիմա, երբ Իսահակը սիրեց Ռեբեկային, կրկին իրեն երջանիկ զգաց։

Ծննդոց 24։1-67։



Հարցեր

  • Ովքե՞ր են նկարում պատկերված տղամարդն ու կինը։
  • Աբրահամն ի՞նչ արեց, որ իր որդու համար կին գտներ, և ինչո՞ւ։
  • Ինչպիսի՞ պատասխան տրվեց Աբրահամի ծառայի աղոթքին։
  • Ռեբեկան ի՞նչ պատասխանեց, երբ իրեն հարցրին, թե արդյոք ուզում է ամուսնանալ Իսահակի հետ։
  • Ինչպե՞ս եղավ, որ Իսահակը վերագտավ իր ուրախությունը։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Ծննդոց 24։1-67 համարները։

    Ռեբեկան ի՞նչ հրաշալի հատկություններ ցուցաբերեց, երբ ջրհորի մոտ հանդիպեց Աբրահամի ծառային (Ծննդ. 24։17-20; Առակ. 31։17, 31)։

    Այն, որ Աբրահամը քայլեր ձեռնարկեց Իսահակին կին գտնելու համար, ի՞նչ հոյակապ օրինակ է քրիստոնյաների համար այսօր (Ծննդ. 24։37, 38; Ա Կորնթ. 7։39; Բ Կորնթ. 6։14)։

    Ինչո՞ւ պետք է ժամանակ հատկացնենք խորհելուն, ինչպես որ Իսահակն էր անում (Ծննդ. 24։63; Սաղ. 77։12, ԱԱ; Փիլիպ. 4։8)։

Իմացիր ավելին

Ռեբեկայի գեղեցիկ հատկությունները

Բեռնիր այս առաջադրանքը և քո Աստվածաշնչի միջոցով իմացիր, թե ինչպես կարող ես ընդօրինակել Ռեբեկային։

Ռեբեկան ուզում էր ուրախացնել Եհովային

Ի՞նչ կարող ենք անել, որ նմանվեք Ռեբեկային։