Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 12: Մարդիկ բարձր աշտարակ են կառուցում

Պատմություն 12: Մարդիկ բարձր աշտարակ են կառուցում

Շատ տարիներ անցան։ Նոյի որդիները բազում երեխաներ ունեցան, որոնք էլ մեծանալով իրենց հերթին զավակներ ծնեցին։ Շուտով երկրի վրա մարդիկ շատացան։

Այս մարդկանցից մեկն էր Նոյի թոռնորդին՝ Նեբրովթ անունով։ Նա չար մարդ էր. որսում և սպանում էր թե՛ կենդանիներին, թե՛ մարդկանց։ Նեբրովթն իրեն թագավոր հռչակեց, որպեսզի իշխի մնացած մարդկանց վրա։ Աստված չէր սիրում նրան։

Այդ օրերում մարդիկ մեկ լեզվով էին խոսում։ Որպեսզի հեշտ լիներ իշխել նրանց վրա, Նեբրովթն ուզում էր պահել մարդկանց, որ մեկտեղ ապրեն։ Գիտե՞ս, թե նա ինչ արեց. հրամայեց մարդկանց մի քաղաք կառուցել և նրա մեջ՝ բարձր աշտարակ։ Տե՛ս, թե նրանք ինչպես են աղյուսներ շինում։

Եհովա Աստծուն դուր չեկավ այս շինարարությունը։ Աստված ցանկանում էր, որ բոլոր մարդիկ աշխարհով մեկ տարածվեին ու լցնեին երկիրը։ Բայց մարդիկ ասացին. «Եկեք քաղաք կառուցենք ու մի բարձր աշտարակ, որի գագաթը հասնի երկնքին։ Այդպես անելով՝ մենք համբավ ձեռք կբերենք»։ Ժողովուրդը ցանկանում էր իրե՛ն մեծարել, և ոչ թե՝ Աստծուն։

Ուստի, Աստված այնպես արեց, որ աշտարակի շինարարությունը կանգ առնի։ Գիտե՞ս, թե ինչպես։ Մեկ լեզվով խոսելու փոխարեն՝ մարդիկ հանկարծ սկսեցին խոսել տարբեր լեզուներով։ Շինարարներն այլևս իրար չէին կարողանում հասկանալ։ Ահա թե ինչու այդ քաղաքը կոչվեց Բաբել կամ Բաբելոն, որը նշանակում է «խառնակություն»։

Այդ ժամանակ ժողովուրդը Բաբելոնից սկսեց հեռանալ։ Նույն լեզվով խոսող մարդիկ խմբեր կազմեցին և գնացին՝ երկրի ուրիշ մասերում մեկտեղ ապրելու։

Ծննդոց 10։1, 8-10; 11։1-9։

Մարդիկ, որոնք մեծ աշտարակ են կառուցում


Հարցեր

  • Ո՞վ էր Նեբրովթը, և Աստված ինչպե՞ս էր վերաբերվում նրան։
  • Մարդիկ ինչո՞ւ էին աղյուսներ պատրաստում, ինչպես ցույց է տված նկարում։
  • Ինչո՞ւ Եհովա Աստծուն դուր չեկավ այս շինարարությունը։
  • Աստված ինչպե՞ս դադարեցրեց աշտարակի շինարարությունը։
  • Քաղաքը ինչպե՞ս կոչվեց, և ի՞նչ էր նշանակում այդ անունը։
  • Ի՞նչ տեղի ունեցավ մարդկանց հետ այն բանից հետո, երբ Աստված խառնեց նրանց լեզուները։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Ծննդոց 10։1, 8-10 համարները։

    Ի՞նչ հատկություններ դրսևորեց Նեբրովթը, և դա ինչի՞ մասին է մեզ նախազգուշացում (Առակ. 3։31)։

  • Կարդա՛ Ծննդոց 11։1-9 համարները։

    Ի՞նչ մղումներից դրդված էին մարդիկ աշտարակը կառուցում, և ինչո՞ւ էր այդ ծրագիրը դատապարտված ձախողման (Ծննդ. 11։4; Առակ. 16։18; Յովհ. 5։44)։