Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն

Պատմություն 9: Նոյը տապան է կառուցում

Պատմություն 9: Նոյը տապան է կառուցում
Մարդիկ ծիծաղում են Նոյի վրա

Նոյն ուներ կին ու երեք տղա։ Նրա որդիների անուններն էին Սեմ, Քամ և Հաբեթ, որոնք բոլորն էլ ամուսնացած էին։ Այսպիսով՝ Նոյի ընտանիքը բաղկացած էր ութ հոգուց։

Օրերից մի օր Աստված Նոյին անսովոր բան պատվիրեց՝ մի մեծ տապան կառուցել։ Այս տապանն իր մեծությամբ նավի չափ էր, բայց արտաքին տեսքից ավելի շուտ այն նմանվում էր մի մեծ, երկար արկղի։ «Երեք հարկով այն շինիր,— պատվիրեց Աստված,— ու սենյակներ առանձնացրու այնտեղ»։ Սենյակները Նոյի ու իր ընտանիքի անդամների, կենդանիների և նրանց համար անհրաժեշտ սննդի համար էին։

Աստված նաև հանձնարարեց Նոյին տապանն այնպես կառուցել, որ ջուրը չլցվեր նրա մեջ։ «Ես մեծ ջրհեղեղ եմ բերելու երկրի վրա ու կործանելու եմ ողջ աշխարհը։ Ով որ չմտնի տապան, կմահանա»,— զգուշացրեց նա։

Նոյն ու իր որդիները հնազանդվեցին Եհովային ու սկսեցին տապանի շինարարությունը։ Բայց մնացած մարդիկ ծիծաղում էին նրանց վրա։ Նրանք շարունակում էին չարություն գործել։ Իսկ երբ Նոյը հաղորդում էր նրանց Աստծու նախազգուշական խոսքերը, ոչ մեկը նրան չէր հավատում։

Նոյն ու իր ընտանիքը պաշար են հավաքում և կենդանիներին քշում են տապանի մեջ

Տապանի շինարարությունը երկար ժամանակ տևեց, քանի որ այն բավականաչափ մեծ էր։ Վերջապես, շատ տարիներ անցան, մինչև որ շինարարությունն ավարտվեց։ Դրանից հետո Աստված պատվիրեց Նոյին կենդանիներին մտցնել տապան։ Որոշ տեսակի կենդանիներից նա պատվիրեց վերցնել երկու հատ՝ արու և էգ, իսկ մյուս տեսակներից՝ յոթ հատ։ Աստված նաև պատվիրեց Նոյին իր հետ վերցնել թռչունների բոլոր տեսակներից։ Նոյն այդպես էլ արեց։

Ամենավերջում տապան մտան Նոյն ու իր ընտանիքի անդամները։ Եվ Աստված փակեց տապանի դուռը։ Նոյն ու իր ընտանիքը ներսում սպասում էին… Մի պահ պատկերացրու, որ դու էլ ես նրանց հետ գտնվում տապանի ներսում ու սպասում ես։ Իսկապե՞ս տեղի կունենա ջրհեղեղը, ինչպես որ Աստված էր ասել։

Ծննդոց 6։9-22; 7։1-9։



Հարցեր

  • Նոյի ընտանիքը քանի՞ հոգուց էր բաղկացած, և նրա երեք որդիների անունները ի՞նչ էին։
  • Աստված ի՞նչ արտասովոր բան խնդրեց Նոյին անել և ինչո՞ւ։
  • Նոյի շրջապատում ապրող մարդիկ ինչպե՞ս արձագանքեցին, երբ նա հայտնեց նրանց տապանի մասին։
  • Աստված ի՞նչ պատվիրեց Նոյին կենդանիների հետ կապված։
  • Այն բանից հետո, երբ Աստված փակեց տապանի դուռը, Նոյն ու իր ընտանիքի անդամները ի՞նչ պետք է անեին։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Ծննդոց 6։9-22 համարները։

    Ինչի՞ շնորհիվ Նոյը դարձավ Աստծու հայտնի երկըրպագուներից մեկը (Ծննդ. 6։9, 22)։

    Եհովան ինչպե՞ս է վերաբերվում բռնությանը, ու սա ինչպե՞ս պետք է ազդի մեզ վրա ժամանցի ձևեր ընտրելու հարցում (Ծննդ. 6։11, 12; Սաղ. 11։5, ԱԱ)։

    Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Նոյին, երբ Եհովայի կազմակերպության միջոցով առաջնորդություն ենք ստանում (Ծննդ. 6։22; Ա Յովհ. 5։3)։

  • Կարդա՛ Ծննդոց 7։1-9 համարները։

    Այն փաստը, որ Եհովան արդար համարեց անկատար մարդ Նոյին, ինչպե՞ս է քաջալերում մեզ այսօր (Ծննդ. 7։1; Առակ. 10։16; Ես. 26։7)։