Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 6: Բարի որդին ու չար որդին

Պատմություն 6: Բարի որդին ու չար որդին

Իսկ այժմ նայի՛ր Կայենին ու Աբելին։ Նրանք երկուսն էլ արդեն մեծ են։ Կայենը զբաղվում է երկրագործությամբ։ Նա հացահատիկ, մրգեր ու բանջարեղեն է աճեցնում։

Կայենն ու Աբելը զոհաբերություն են անում Աստծուն

Աբելը հովիվ է դարձել։ Նրան դուր է գալիս գառնուկներին հոգ տանելը։ Դրանք արդեն մեծացել են, և Աբելն այժմ ոչխարների մի մեծ հոտ է խնամում։

Օրերից մի օր Աբելն ու Կայենը ընծա են բերում Աստծուն։ Կայենն իր ստացած բերքից է բերում, իսկ Աբելը՝ իր հոտի լավագույն ոչխարին։ Եհովային դուր է գալիս Աբելն ու նրա բերած նվերը, իսկ Կայենին ու նրա բերածին չի հավանում։ Գիտե՞ս, թե ինչու։

Սա չի նշանակում, որ Աբելի բերած ընծան ավելի լավն է, քան Կայենինը։ Պատճառն այն է, որ Աբելը բարի մարդ է։ Նա սիրում է Եհովային. սիրում է նաև իր եղբորը։ Իսկ Կայենը չար է. նա չի սիրում իր եղբորը։

Այդ իսկ պատճառով Աստված խորհուրդ է տալիս Կայենին փոխել իր բռնած ուղին։ Սակայն Կայենն ականջ չի դնում նրա խորհրդին։ Նա շատ զայրանում է, որ Աստված Աբելին ավելի շատ է սիրում, քան իրեն։ Մեկ անգամ Կայենն ասում է Աբելին. «Արի դաշտ գնանք»։ Երբ նրանք այնտեղ երկուսով են մնում, Կայենը հարվածում է իր եղբորը և այնքան ուժեղ, որ սպանում է նրան։ Կայենի արածն ի՜նչ սարսափելի արարք էր, այնպես չէ՞։

Աբելին սպանելուց հետո Կայենը փախչում է

Թեև Աբելը մեռած է, բայց Աստված հիշում է նրան։ Աբելը բարի էր, իսկ Եհովան երբեք չի մոռանում նման մարդկանց։ Ուստի, կգա մի օր, երբ Եհովան կկենդանացնի Աբելին։ Այդ ժամանակ արդեն նա այլևս չի մահանա։ Նա կկարողանա հավիտյան ապրել այստեղ՝ երկրի վրա։ Ի՞նչ ես կարծում, հրաշալի չի՞ լինի Աբելի նման մարդկանց հետ ծանոթանալ։

Բայց Աստված չի հավանում այն մարդկանց, ովքեր նման են Կայենին։ Հետևաբար, եղբորը սպանելու համար Աստված պատժեց Կայենին՝ ընտանիքի անդամներից հեռու ուղարկելով։ Կայենը հեռացավ ու բնակվեց երկրի մեկ այլ մասում՝ իր հետ վերցնելով իր քույրերից մեկին։ Վերջինս դարձավ նրա կինը։

Ժամանակի ընթացքում Կայենն ու իր կինը երեխաներ ունեցան։ Ադամի ու Եվայի մյուս տղաներն ու աղջիկները նույնպես ամուսնացան ու զավակներ ունեցան։ Շուտով երկրի վրա մարդկանց թիվն ավելացավ։ Իսկ հիմա եկ ծանոթանանք նրանցից մի քանիսի հետ։

Ծննդոց 4։2-26; Ա Յովհաննէս 3։11, 12; Յովհաննէս 11։25։



Հարցեր

  • Ինչո՞վ են զբաղվում Կայենն ու Աբելը։
  • Կայենն ու Աբելը ի՞նչ ընծաներ են բերում Եհովային։
  • Աբելի ընծան ինչո՞ւ է դուր գալիս Եհովային, իսկ Կայենինը՝ ոչ։
  • Կայենը ինչպիսի՞ մարդ է, ու Եհովան ինչպե՞ս է փորձում ուղղել նրան։
  • Ի՞նչ է անում Կայենը, երբ իր եղբոր հետ մենակ է լինում դաշտում։
  • Բացատրիր, թե ինչ պատահեց Կայենին այն բանից հետո, երբ նա սպանեց իր եղբորը։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Ծննդոց 4։2-26 համարները։

    Եհովան ինչպե՞ս նկարագրեց այն վտանգավոր վիճակը, որի մեջ գտնվում էր Կայենը (Ծննդ. 4։7)։

    Կայենն ինչպե՞ս ցույց տվեց իր սրտի վիճակը (Ծննդ. 4։9)։

    Եհովան ի՞նչ տեսակետ ունի անմեղ արյուն թափելու վերաբերյալ (Ծննդ. 4։10; Ես. 26։21)։

  • Կարդա՛ Ա Յովհաննէս 3։11, 12 համարները։

    Ինչո՞ւ Կայենը խիստ զայրացավ, և դա ի՞նչ նախազգուշացում է մեզ համար այսօր (Ծննդ. 4։4, 5; Առակ. 14։30; 28։22)։

    Ինչպե՞ս է Աստվածաշունչը ցույց տալիս, որ նույնիսկ երբ մեր ընտանիքի բոլոր անդամները հակառակվում են Եհովային, միևնույն է, կարող ենք պահել մեր անարատությունը (Սաղ. 27։10; Մատթ. 10։21, 22)։

  • Կարդա՛ Յովհաննէս 11։25 համարը։

    Եհովան ի՞նչ հավաստիացում է տալիս բոլոր նրանց մասին, ովքեր մահանում են հանուն արդարության (Յովհ. 5։24)։

Իմացիր ավելին

Ի՞նչ կարող ենք սովորել Կայենից և Աբելից

Տպիր այս առաջադրանքը, կարդա աստվածաշնչյան համարները և լրացրու բաց թողնված խոսքերը։

Աբել. «Նա դեռ խոսում է, թեպետև մահացել է»

Ի՞նչ կարող ենք իմանալ Աբելի ու նրա հավատի մասին, չնայած որ Աստվածաշնչում շատ քիչ բան է գրված նրա մասին։