Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 5: Սկսվում է մի դժվար կյանք

Պատմություն 5: Սկսվում է մի դժվար կյանք

Եդեմի պարտեզից դուրս գտնվելով՝ Ադամն ու Եվան բազում դժվարությունների հանդիպեցին։ Նրանք տքնաջան պիտի աշխատեին իրենց ուտելիքը հայթայթելու համար։ Պարտեզի գեղեցիկ պտղատու ծառերի փոխարեն՝ նրանց շրջապատեցին փշերն ու տատասկները։ Ահա թե ինչ հետևանք ունեցավ այն, որ Ադամն ու Եվան չլսեցին Աստծուն ու դադարեցին համարվել նրա բարեկամները։

Ադամը ծանր աշխատում է իր որդու հետ

Բայց սարսափելին այն էր, որ Ադամն ու Եվան աստիճանաբար դեպի մահը պիտի գնային։ Հիշի՛ր Աստծու տված այն նախազգուշացումը, թե որոշակի ծառի պտղից ուտելու դեպքում նրանք պիտի մեռնեին։ Հենց այդպես էլ եղավ. այն օրվանից, երբ նրանք կերան այդ ծառի պտուղը, սկսեցին մահանալ։ Որքա՜ն անխոհեմ էին նրանք, որ չլսեցին Աստծուն։

Ադամի ու Եվայի բոլոր զավակները ծնվեցին այն բանից հետո, երբ Աստված նրանց ծնողներին դուրս հանեց Եդեմի պարտեզից։ Սա նշանակում էր, որ զավակները նույնպես պետք է ծերանային ու մահանային։

Միայն եթե Ադամն ու Եվան հնազանդվեին Եհովային, ապա կյանքն ի՜նչ երջանիկ կարող էր լինել նրանց ու նրանց սերունդների համար։ Բոլորը կկարողանային հավիտյան ուրախ ու երջանիկ ապրել երկրի վրա։ Ոչ մեկը չէր ծերանա, հիվանդանա ու մահանա։

Աստված ցանկանում է, որ մարդիկ ապրեն հավիտյան ու երջանիկ, ու նա խոստանում է, որ դա մի օր իրականություն է դառնալու։ Ողջ երկիրը գեղեցկանալու է, իսկ մարդիկ առողջ են լինելու։ Եվ երկրի վրա ապրողները բարեկամություն են անելու ոչ միայն իրար, այլ նաև Աստծու հետ։

Եվան իր երեխաների հետ

Եվան այլևս Աստծու բարեկամը չէր։ Ուստի, նա դժվարությամբ և ցավով երեխաներ ծնեց։ Ինչ խոսք, Եհովային անհնազանդ գտնվելն իսկապես նրա առջև բազում դժբախտությունների դուռ բաց արեց։

Ադամն ու Եվան շատ տղաներ ու աղջիկներ ունեցան։ Երբ ծնվեց նրանց անդրանիկ որդին, նրան Կայեն անվանեցին, իսկ երկրորդ որդուն՝ Աբել։ Գիտե՞ս, թե ինչ պատահեց նրանց։

Ծննդոց 3։16-23; 4։1, 2; Յայտնութիւն 21։3, 4։



Հարցեր

  • Եդեմի պարտեզից դուրս կյանքն ինչպիսի՞ն էր Ադամի ու Եվայի համար։
  • Ի՞նչ սկսեց տեղի ունենալ Ադամի ու Եվայի հետ և ինչո՞ւ։
  • Ադամի ու Եվայի երեխաները ինչո՞ւ պետք է ծերանային ու մահանային։
  • Եթե Ադամն ու Եվան հնազանդվեին Եհովային, ապա կյանքն ինչպիսի՞ն կլիներ իրենց և իրենց երեխաների համար։
  • Անհնազանդ գտնվելով՝ Եվան ինչպե՞ս ինքն իրեն ցավերի մեջ գցեց։
  • Ի՞նչ էին Ադամի ու Եվայի առաջին երկու որդիների անունները։
  • Ովքե՞ր են նկարում պատկերված մյուս երեխաները։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Ծննդոց 3։16-23; 4։1, 2 համարները։

    Այն, որ երկիրը անիծվեց, ի՞նչ ազդեցություն թողեց Ադամի կյանքի վրա (Ծննդ. 3։17-19; Հռովմ. 8։20, 22)։

    Ինչո՞վ էր Եվայի անունը, որ նշանակում է «կյանք», շատ տեղին (Ծննդ. 3։20, ԱԱ, ծնթ.)։

    Եհովան ինչպե՞ս հոգ տարավ Ադամի ու Եվայի մասին նույնիսկ նրանց մեղանչելուց հետո (Ծննդ. 3։7, 21)։

  • Կարդա՛ Յայտնութիւն 21։3, 4 համարները։

    Որո՞նք են այն «առաջիններն», որ անհամբերությամբ սպասում ես, թե երբ կվերանան։