Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն

Պատմություն 4: Ինչո՞ւ նրանք կորցրեցին իրենց բնակարանը

Պատմություն 4: Ինչո՞ւ նրանք կորցրեցին իրենց բնակարանը

Նայիր, թե ինչ է տեղի ունենում։ Ադամին ու Եվային դուրս են հանում Եդեմի գեղեցիկ պարտեզից։ Գիտե՞ս, թե ինչու։

Ադամն ու Եվան դուրս են հանվում Եդեմի պարտեզից

Նրանք մի շատ վատ արարք կատարեցին, որի համար Եհովան պատժեց նրանց։ Իսկ գիտե՞ս արդյոք, թե որն էր Ադամի ու Եվայի կատարած վատ արարքը։

Նրանք արեցին մի բան, որն Աստված արգելել էր անել։ Նա թույլ էր տվել նրանց ուտել պարտեզի բոլոր ծառերի պտուղներից, բացի մի ծառից։ Աստված ասել էր, որ նրա պտուղներից չուտեն, այլապես կմեռնեն։ Այլ կերպ ասած՝ այդ ծառն Աստծուն էր պատկանում։ Մենք գիտենք, որ չի կարելի ուրիշին պատկանող որևէ իր վերցնել, այնպես չէ՞։ Լավ, եկ տեսնենք, թե ինչպես դա պատահեց։

Օրերից մի օր, երբ Եվան պարտեզում մենակ էր, նրան մոտեցավ մի օձ և սկսեց խոսել նրա հետ։ Հապա մտածի՜ր։ Նա խորհուրդ տվեց Եվային ուտել այն ծառի պտղից, որն Աստված արգելել էր։ Բայց չէ՞ որ, երբ Եհովան ստեղծեց օձերին, նա նրանց խոսելու ընդունակություն չտվեց։ Ուրեմն, ինչ-որ մեկը խոսում էր օձի փոխարեն։ Ո՞վ կարող էր դա լինել։

Դա Ադամը չէր։ Ուստի, կարող էր լինել այն արարածներից մեկը, որոնց Եհովան ստեղծել էր նախքան երկիրը կազմելը։ Այդ արարածները կոչվում են հրեշտակներ, որոնց մենք չենք կարող տեսնել։ Այս հրեշտակներից մեկը շատ հպարտացավ։ Նա մտածեց, որ ինքն էլ կարող է Աստծու պես իշխել։ Այդ անհագ ցանկությամբ լցված՝ նա ուզեց, որ մարդիկ, Եհովային հնազանդվելու փոխարեն, իրեն լսեն։ Հենց այս հրեշտակն էր, որ խոսում էր օձի միջոցով։

Նրան հաջողվեց խաբել Եվային։ Կինը հավատաց նրա խոսքերին, թե՝ եթե պտուղն ուտի, ապա կնմանվի Աստծուն։ Եվան կերավ, իսկ Ադամն էլ նրան միացավ։ Նրանք անհնազանդ գտնվեցին Աստծուն. ահա թե ինչու կորցրին իրենց դրախտային բնակարանը։

Բայց կգա այն օրը, երբ Աստված երկիրը Եդեմի պարտեզի նման գեղեցիկ վայրի կվերածի։ Հետագայում կիմանանք, թե ինչպես կարող ենք մենք էլ մասնակցել այդ գործին։ Իսկ հիմա, եկ տեսնենք, թե ինչ պատահեց Ադամին ու Եվային։

Ծննդոց 2։16, 17; 3։1-13, 24; Յայտնութիւն 12։9։



Հարցեր

  • Ինչպես պատկերված է նկարում, ի՞նչ է պատահում Ադամին ու Եվային։
  • Ինչո՞ւ Եհովան պատժեց նրանց։
  • Մի օձ ի՞նչ ասաց Եվային։
  • Ո՞վ էր օձի միջոցով խոսում Եվայի հետ։
  • Ադամն ու Եվան ինչո՞ւ կորցրեցին իրենց դրախտային բնակարանը։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Ծննդոց 2։16, 17; 3։1-13, 24 համարները։

    Եվային ուղղած իր հարցով Սատանան ինչպե՞ս Եհովային սխալ լույսի տակ ներկայացրեց (Ծննդ. 3։1-5; Ա Յովհ. 5։3)։

    Ի՞նչ առումով է Եվան մեզ համար նախազգուշական օրինակ (Փիլիպ. 4։8; Յակ. 1։14, 15; Ա Յովհ. 2։16)։

    Ինչպե՞ս Ադամն ու Եվան չընդունեցին, որ պատասխանատու են իրենց արարքների համար (Ծննդ. 3։12, 13)։

    Եդեմի պարտեզի արևելյան մասում դրված քերովբեներն ինչպե՞ս թիկունք կանգնեցին Եհովայի գերիշխանությանը (Ծննդ. 3։24)։

  • Կարդա՛ Յայտնութիւն 12։9 համարը։

    Որքանո՞վ է հաջողվել Սատանային մարդկությանը դրդել հակառակվելու Աստծու կառավարմանը (Ա Յովհ. 5։19)։