Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 3: Առաջին տղամարդն ու կինը

Պատմություն 3: Առաջին տղամարդն ու կինը

Ի՞նչն է փոխված այս նկարում։ Այո՛, այստեղ մարդկանց ենք տեսնում՝ առաջին տղամարդուն ու կնոջը։ Ո՞վ ստեղծեց նրանց. Աստված։ Գիտե՞ս, թե ի՛նչ է նրա անունը. Եհովա։ Իսկ տղամարդն ու կինը կոչվեցին Ադամ ու Եվա։

Ադամն ու Եվան Եդեմի պարտեզում

Իսկ այժմ տեսնենք, թե Եհովա Աստված ինչպես ստեղծեց Ադամին։ Նա վերցրեց հողի փոշին ու դրանից մի կատարյալ, մարդկային մարմին շինեց։ Ապա մարդու քթի մեջ օդ փչեց, ու Ադամը կենդանացավ։

Եհովա Աստված հանձնարարություն տվեց Ադամին. նա պետք է անուններ դներ կենդանիներին։ Ադամը, հավանաբար, երկար ժամանակ հետևում էր այդ կենդանիներին, որպեսզի համապատասխան անուններ ընտրեր նրանց համար։ Սակայն, մինչ նա այդ գործով էր զբաղված, հանկարծ ինչ-որ բան նկատեց։ Գիտե՞ս, թե ինչ։

Բոլոր կենդանիներն ունեին իրենց զույգերը։ Կային հայրիկ-փղեր ու մայրիկ-փղեր, հայրիկ-առյուծներ ու մայրիկ-առյուծներ։ Միայն Ադամը զույգ չուներ։ Ուստի, Եհովան խորը քուն բերեց Ադամի վրա ու վերցրեց նրա կողոսկրերից մեկը։ Այդ կողոսկրից նա մի կին շինեց Ադամի համար, ու նա դարձավ առաջին մարդու կողակիցը։

Ի՜նչ երջանիկ էր Ադամը։ Պատկերացրու, թե ինչ ուրախ էր նաև Եվան, որ այսպիսի գեղեցիկ պարտեզում պիտի ապրեր։ Հիմա նրանք կարող էին զավակներ ունենալ ու միասին երջանիկ ապրել։

Աստված ցանկանում էր, որ Ադամն ու Եվան հավիտյա՛ն ապրեին։ Նա նաև կամենում էր, որ նրանք ամբողջ երկիրը Եդեմի պարտեզի նման գեղեցիկ մի վայրի վերածեին։ Խորհելով այս մասին՝ հավանաբար, ինչ երջանիկ էին իրենց զգում Ադամն ու Եվան՝ պատկերացնելով իրենց այդ աշխատանքը կատարողի դերում։ Իսկ դու չէի՞ր ցանկանա մասնակցել երկիրը հիասքանչ պարտեզի վերածելու այս գործին։ Բայց Ադամի ու Եվայի ուրախությունը երկար չտևեց։ Եկ տեսնենք, թե ինչո՞ւ։

Սաղմոս 83։18; Ծննդոց 1։26-31; 2։7-25։



Հարցեր

  • Երրորդ պատմության նկարը ինչո՞վ է տարբերվում երկրորդ պատմության նկարից։
  • Ո՞վ ստեղծեց առաջին մարդուն, և ի՞նչ էր նրա անունը։
  • Աստված ի՞նչ գործ տվեց Ադամին։
  • Ինչո՞ւ Աստված խորը քուն բերեց Ադամի վրա։
  • Ադամն ու Եվան որքա՞ն կարող էին ապրել, ու Եհովան ուզում էր, որ նրանք ի՞նչ անեին։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Սաղմոս 83։18 համարը։

    Ի՞նչ է Աստծու անունը, և Աստված ի՞նչ անզուգական դիրք ունի երկրի նկատմամբ (Երեմ. 16։21; Դան. 4։17)։

  • Կարդա՛ Ծննդոց 1։26-31 համարները։

    Ո՞րն էր Աստծու՝ արարչագործության վեցերորդ օրվա գլուխգործոցը, և այդ արարածը ինչո՞վ էր տարբերվում կենդանիներից (Ծննդ. 1։26)։

    Եհովան ի՞նչ ստեղծեց թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների համար (Ծննդ. 1։30)։

  • Կարդա՛ Ծննդոց 2։7-25 համարները։

    Ի՞նչ էր բովանդակում կենդանիներին անուններ տալու հանձնարարությունը, որ ստացավ Ադամը (Ծննդ. 2։19)։

    Ծննդոց 2։24 համարն ինչպե՞ս է օգնում մեզ հասկանալու Եհովայի տեսակետը ամուսնության, անջատ ապրելու և ամուսնալուծության վերաբերյալ (Մատթ. 19։4-6, 9)։