Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 10: Աշխարհակործան ջրհեղեղը

Պատմություն 10: Աշխարհակործան ջրհեղեղը

Տապանից դուրս գտնվող մարդիկ սովորականի պես շարունակում էին ապրել։ Նրանք առաջվա նման չէին հավատում, որ Ջրհեղեղ է լինելու։ Հավանաբար, նրանք շարունակում էին ծաղրել Նոյին, նույնիսկ ավելի, քան երբևէ։ Բայց շուտով այդ մարդիկ դադարեցին ծաղրելուց։

Վախեցած մարդկանց ու կենդանիների շուրջբոլորը ջուր է

Հանկարծակի սկսեց ջուր թափվել։ Այն թափվում էր երկնքից այնպես, կարծես դույլից էր թափվում։ Նոյի ասածը կատարվեց։ Բայց արդեն չափազանց ուշ էր տապանը մտնելու համար. Եհովան ամուր փակել էր դուռը։

Շուտով ողջ երկրի երեսը ջրով ծածկվեց։ Ջուրը, գետեր կազմելով, սկսեց հորդել։ Այն տապալում էր ծառերը, խոշոր քարեր գլորում ու մեծ աղմուկ բարձրացնում։ Մարդկանց սրտերը վախով լցվեցին։ Նրանք բարձր տեղեր էին մագլցում։ Օ՜, որքա՜ն էին նրանք ափսոսում, որ ականջ չդրեցին Նոյի խոսքերին և չմտան տապանի մեջ, քանի դեռ դուռը բաց էր նրանց առջև։ Բայց արդեն շատ ուշ էր։

Ջուրը գնալով ավելի ու ավելի էր բարձրանում։ 40 օր ու 40 գիշեր երկնքից ջուր էր թափվում։ Այն ծածկեց լեռները, նույնիսկ ամենաբարձր լեռնագագաթները։ Ուստի, ինչպես Աստված զգուշացրել էր, տապանից դուրս գտնվող բոլոր մարդիկ և կենդանիները մահացան։ Իսկ տապանի ներսում գտնվողները ողջ մնացին։

Նոյն ու իր որդիները տապանը հիանալի էին կառուցել։ Ջրերի բարձրանալու հետ մեկտեղ նա էլ բարձրացավ ու սկսեց լողալ ջրի երեսին։ Հետո, երբ անձրևը դադարեց, շողաց արևը։ Ի՞նչ տեսարան բացվեց. շուրջբոլորը միայն անծայրածիր օվկիանոս էր։ Իսկ միակ բանը, որը երևում էր, դա ջրի մակերևույթի վրա լողացող տապանն էր։

Ջրի վրա լողացող տապան

Հսկաներն արդեն չկային։ Նրանք այլևս չէին կարող վնաս հասցնել. բոլորը մահացել էին իրենց մայրերի ու մնացած չար մարդկանց հետ։ Իսկ ի՞նչ եղան նրանց հայրերը։

Հսկաների հայրերը իրականում մեզ նման սովորական մարդիկ չէին։ Նրանք հրեշտակներ էին, որոնք իջել էին երկիր՝ մարդկանց նման ապրելու համար։ Հետևաբար, երբ Ջրհեղեղը սկսվեց, նրանք չմահացան մնացած մարդկանց հետ։ Այս հրեշտակները թողեցին իրենց մարդկային մարմինները ու որպես հրեշտակներ վերադարձան երկինք։ Սակայն նրանց այլևս չթույլատրվեց միանալ Աստծու հրեշտակներից բաղկացած ընտանիքին։ Արդյունքում նրանք դարձան Սատանայի հրեշտակները։ Աստվածաշունչը նրանց կոչում է դևեր։

Հետո Աստված ուժեղ քամի ուղարկեց, ու ջրհեղեղի ջրերը սկսեցին քչանալ։ Հինգ ամիս անց տապանը հայտնվեց մի սարի գագաթին։ Շատ օրեր անցան, մինչև որ տապանի ներսում գտնվողները կարողացան տեսնել սարերի գագաթները։ Ջրերը շարունակում էին քչանալ։

Այնուհետև Նոյը տապանից մի ագռավ բաց թողեց։ Այն թռավ-գնաց ու շուտ վերադարձավ, քանի որ թառելու տեղ չէր գտնում։ Նոյը մի քանի անգամ էլ փորձեց, և ամեն անգամ ագռավը ետ էր վերադառնում ու կանգ առնում՝ տապանի վրա հանգստանալու։

Աղավնի

Նոյն ուզում էր իմանալ՝ արդյոք ջրերը ցամաքե՞լ են երկրի վրայից, թե՝ ոչ, ուստի այս անգամ տապանից մի աղավնի բաց թողեց։ Բայց աղավնին էլ վերադարձավ, քանի որ նստելու տեղ չէր գտնում։ Բայց երբ Նոյը երկրորդ անգամ նրան բաց թողեց, այս անգամ նա ետ դարձավ՝ բերանում ձիթենու տերև պահած։ Եվ այդժամ Նոյը հասկացավ, որ ջրերն արդեն ցամաքել են։ Աղավնին երրորդ անգամ արձակվելուց հետո վերջապես չոր տեղ գտավ։

Դիմելով Նոյին՝ Աստված պատվիրեց նրան. «Դո՛ւրս եկ տապանից։ Քեզ հետ վերցրու ընտանիքիդ ու կենդանիներին»։ Արդեն մի տարուց ավելի էր, ինչ նրանք տապանի մեջ էին։ Ուստի, կարող ենք պատկերացնել նրանց երջանկությունը, երբ կրկին ողջ և առողջ ոտք դրեցին ցամաքի վրա։

Ծննդոց 7։10-24; 8։1-17; Ա Պետրոս 3։19, 20։



Հարցեր

  • Անձրևը սկսվելուց հետո ինչո՞ւ ոչ ոք չէր կարող մտնել տապանը։
  • Քանի՞ օր ու գիշեր Եհովան անձրև բերեց, և ջրերը որքա՞ն բարձրացան։
  • Ի՞նչ պատահեց տապանին, երբ ջրերը սկսեցին ծածկել երկիրը։
  • Հսկաները վերապրեցի՞ն Ջրհեղեղից, և ի՞նչ տեղի ունեցավ նրանց հայրերի հետ։
  • Ի՞նչ պատահեց տապանին հինգ ամիս անց։
  • Ինչո՞ւ Նոյը տապանից մի ագռավ բաց թողեց։
  • Նոյն ինչպե՞ս իմացավ, որ երկրի ջրերը նվազել են։
  • Աստված ի՞նչ ասաց Նոյին այն բանից հետո, երբ նա ու իր ընտանիքի անդամները ավելի քան մեկ տարի մնացին տապանում։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Ծննդոց 7։10-24 համարները։

    Երկրի վրայից կյանքը ի՞նչ չափով վերացավ (Ծննդ. 7։23)։

    Որքա՞ն ժամանակ պահանջվեց, որ Ջրհեղեղի ջրերը նվազեին (Ծննդ. 7։24)։

  • Կարդա՛ Ծննդոց 8։1-17 համարները։

    Ծննդոց 8։17 համարն ինչպե՞ս է ցույց տալիս, որ երկրի առնչությամբ Աստծու սկզբնական նպատակը չի փոխվել (Ծննդ. 1։22)։

  • Կարդա՛ Ա Պետրոս 3։19, 20 համարները։

    Ըմբոստ հրեշտակները ի՞նչ դատաստանի արժանացան, երբ վերադարձան երկինք (Յուդա 6)։

    ոյի ու նրա ընտանիքի պատմությունը ինչպե՞ս է ամրապնդում մեր վստահությունն այն բանում, որ Եհովան զորություն ունի իր ժողովրդին ազատելու (Բ Պետ. 2։9)։

Իմացիր ավելին

Ի՞նչ կարող ենք սովորել Նոյից

Տպիր կամ բեռնիր այս առաջադրանքը և իմացիր, թե ինչ կարող ես սովորել Նոյի հնազանդության օրինակից։

Նոյը «ճշմարիտ Աստծու հետ քայլեց»

Ի՞նչ դժվարությունների բախվեցին Նոյն ու իր կինը երեխաներին դաստիարակելիս։ Ինչպե՞ս նրանք հավատ դրսևորեցին տապան կառուցելիս։