Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 1: Աստված սկսում է արարել

Պատմություն 1: Աստված սկսում է արարել

Բոլոր բարի բաները մենք Աստծուց ենք ստանում։ Նա ստեղծեց արևը, որ ցերեկը մեզ լույս տա, և լուսինն ու աստղերը, որպեսզի գիշերն ինչ-որ չափով լույս ունենանք։ Այդ ամենից բացի, Աստված մեզ համար արարեց երկիրը, որ նրա վրա ապրենք։

Բայց արևը, լուսինը, աստղերն ու երկիրը Աստծու ստեղծած առաջին բաները չէին։ Գիտե՞ս արդյոք, թե Աստված ամենասկզբում ում ստեղծեց։ Նա սկզբում ստեղծեց իր նման արարածների։ Մենք չենք կարող տեսնել այդ արարածներին, ինչպես որ չենք կարող տեսնել Աստծուն։ Աստվածաշնչում նրանք կոչվում են հրեշտակներ։ Աստված ստեղծեց հրեշտակներին երկնքում իր հետ միասին ապրելու համար։

Աստծու ստեղծած առաջին հրեշտակը յուրահատուկ էր։ Դա Աստծու առաջին Որդին էր, որն աշխատում էր իր Հոր հետ միասին։ Այդ հրեշտակը օգնեց Աստծուն արարել արևը, լուսինը, աստղերն ու նաև մեր երկիրը։

Այն ժամանակ երկիրն ի՞նչ տեսք ուներ։ Սկզբում ոչ ոք չէր կարող ապրել երկրի վրա։ Ոչինչ գոյություն չուներ, բացի մի մեծ օվկիանոսից, որով ողողված էր ամբողջ երկրագունդը։ Բայց Աստված կամենում էր, որ երկրի վրա մարդիկ ապրեին։ Ուստի նա սկսեց պատրաստություններ տեսնել մեզ համար։ Իսկ ի՞նչ արեց։

Նախ, երկրի վրա լույս պիտի լիներ։ Հետևաբար, Աստված այնպես արեց, որ արևի լույսն ընկնի երկրի վրա։ Նա հոգ տարավ, որպեսզի լինի և՛ ցերեկը, և՛ գիշերը, որից հետո ցամաքը բարձրացրեց օվկիանոսի ջրերից։

Սկզբում ցամաքի վրա ոչինչ չկար։ Այն ճիշտ այնպիսին էր, ինչպիսին տեսնում ես այս նկարում։ Չկային ծաղիկներ, ծառեր ու կենդանիներ։ Օվկիանոսներում նույնիսկ ձկներ չկային։ Եվ որպեսզի երկիրը դառնար գեղեցիկ բնակավայր մարդկանց ու կենդանիների համար, Աստված իրոք դեռ շատ աշխատանք ուներ անելու։

Երեմիա 10։12; Կողոսացիս 1։15-17; Ծննդոց 1։1-10։

Ամայի երկիր


Հարցեր

  • Որտեղի՞ց են առաջացել բոլոր բարի բաները, և կարո՞ղ ես մի օրինակ բերել։
  • Ամենասկզբում Աստված ո՞ւմ ստեղծեց։
  • Ինչո՞ւ էր առաջին հրեշտակը յուրահատուկ։
  • Նկարագիր, թե սկզբում երկիրը ինչ տեսք ուներ (տե՛ս նկարը)։
  • Աստված ինչպե՞ս սկսեց պատրաստել երկիրը կենդանիների ու մարդկանց համար։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Երեմիա 10։12 համարը։

    Աստծու ո՞ր հատկություններն են երևում իր ստեղծագործությունների մեջ (Երեմ. 10։12; Հռովմ. 11։33)։

  • Կարդա՛ Կողոսացիս 1։15-17 համարները։

    Հիսուսը ի՞նչ դեր է ունեցել արարչագործության մեջ, և դա ինչպե՞ս պետք է ազդի նրա հանդեպ մեր տեսակետի վրա (Կող. 1։15-17)։

  • Կարդա՛ Ծննդոց 1։1-10 համարները։

    Երկիրն ինչպե՞ս առաջացավ (Ծննդ. 1։1)։

    Ի՞նչ տեղի ունեցավ արարչագործության առաջին օրը (Ծննդ. 1։3-5)։

    Նկարագրիր, թե ինչ տեղի ունեցավ արարչագործության երկրորդ օրվա ընթացքում (Ծննդ. 1։7, 8)։