Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղուկաս 9։1-62

9  Այնուհետև տասներկու առաքյալներին մեկտեղ կանչեց և նրանց զորություն ու իշխանություն տվեց բոլոր դևերին հանելու և հիվանդություններ բուժելու+։  Ապա ուղարկեց նրանց Աստծու թագավորությունը քարոզելու և բուժումներ անելու  և ասաց. «Ճանապարհի համար ոչինչ չվերցնեք, ո՛չ ցուպ, ո՛չ ուտելիքի պարկ, ո՛չ հաց, ո՛չ արծաթադրամ և ո՛չ էլ երկու հանդերձ ունեցեք+։  Բայց որտեղ էլ որ մի տուն մտնեք, մնացեք այնտեղ, մինչև որ գնաք այդտեղից+։  Իսկ որտեղ որ մարդիկ ձեզ չընդունեն, այդ քաղաքից դուրս գալիս+ թափ տվեք փոշին ձեր ոտքերից*՝ նրանց վկայություն լինելու համար»+։  Եվ նրանք ճանապարհ ընկան ու սկսեցին շրջել գյուղից գյուղ՝ ամեն տեղ բարի լուրը քարոզելով և բուժումներ անելով+։  Մարզի կառավարիչ Հերովդեսը լսելով այս բոլոր բաների մասին՝ շփոթվեց, որովհետև ոմանք ասում էին, թե Հովհաննեսը հարություն է առել+,  ուրիշներն էլ ասում էին, թե Եղիան է հայտնվել, իսկ ուրիշներն էլ, թե՝ վաղեմի մարգարեներից մեկն է հարություն առել։  Հերովդեսն ասաց. «Հովհաննեսին գլխատել եմ+։ Իսկ սա ո՞վ է, որի մասին այսպիսի բաներ եմ լսում»։ Ուստի նրան տեսնելու առիթ էր փնտրում+։ 10  Երբ առաքյալները վերադարձան, նրան պատմեցին այն ամենը, ինչ որ արել էին+։ Նա էլ նրանց վերցրեց իր հետ ու գնաց Բեթսայիդա կոչվող քաղաքը՝ մի մեկուսի վայր+։ 11  Ժողովուրդը, իմանալով այդ մասին, նրա հետևից գնաց։ Հիսուսը սիրով ընդունեց նրանց ու սկսեց նրանց հետ Աստծու թագավորության մասին խոսել+ և բուժել նրանց, ովքեր դրա կարիքն ունեին+։ 12  Օրվա վերջում տասներկու առաքյալները նրա մոտ եկան ու ասացին. «Արձակիր ժողովրդին, որ գնան շրջակա գյուղերն ու ագարակները, իջևանելու տեղ և ուտելիք գտնեն, որովհետև այս տեղը ամայի է»+։ 13  Բայց նա ասաց. «Դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»+։ Նրանք էլ ասացին. «Մենք հինգ հացից ու երկու ձկից ավել ոչինչ չունենք+, եթե չգնանք ու այս ամբողջ ժողովրդի համար ուտելիք չգնենք»+։ 14  Իսկ այնտեղ շուրջ հինգ հազար տղամարդ կար+։ Եվ նա ասաց իր աշակերտներին. «Թող նրանք խումբ-խումբ նստեն՝ ամեն խմբում մոտ հիսուն հոգի»+։ 15  Նրանք էլ այդպես արեցին, և բոլորը նստեցին։ 16  Ապա վերցնելով հինգ հացը և երկու ձուկը՝ նա դեպի երկինք նայեց, օրհնեց դրանք, կտրեց ու տվեց աշակերտներին, որ դնեն ժողովրդի առաջ+։ 17  Բոլորը կերան ու կշտացան և ավելացած կտորտանքները հավաքեցին՝ տասներկու զամբյուղ+։ 18  Մի օր, երբ նա մենակ աղոթում էր, աշակերտները նրա մոտ եկան։ Նա հարցրեց. «Ժողովուրդն ի՞նչ է ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես»+։ 19  Նրանք էլ պատասխանեցին. «Ոմանք ասում են՝ Հովհաննես Մկրտիչը, իսկ մյուսները, թե՝ Եղիան, ուրիշներն էլ ասում են, թե վաղեմի մարգարեներից մեկն է հարություն առել»+։ 20  Նա էլ հարցրեց նրանց. «Իսկ դո՞ւք ինչ եք ասում՝ ո՞վ եմ ես»։ Պետրոսը պատասխանեց+. «Աստծու Քրիստոսը»+։ 21  Իսկ նա խստորեն պատվիրեց, որ այս բանը ոչ ոքի չասեն+, 22  ապա ասաց. «Մարդու Որդին շատ չարչարանքներ պետք է կրի և մերժվի երեցների, ավագ քահանաների ու դպիրների կողմից, պետք է սպանվի+ ու երրորդ օրը հարություն առնի»+։ 23  Այնուհետև նա բոլորին ասաց. «Եթե որևէ մեկն ուզում է իմ հետևից գալ, թող իր անձը ուրանա+, ամեն օր վերցնի իր տանջանքի ցիցը ու շարունակ ինձ հետևի+։ 24  Ով ուզում է փրկել իր հոգին*, կկորցնի այն, բայց ով կորցնի իր հոգին ինձ համար, կփրկի այն+։ 25  Եվ իրոք, ի՞նչ օգուտ է մարդուն, եթե նա շահի ողջ աշխարհը, բայց կորցնի իր անձը կամ վնաս կրի+։ 26  Ով ամաչի ասել, որ իմ աշակերտն է, և ամաչի իմ խոսքերը դավանել, մարդու Որդին էլ կամաչի ասել, որ նա իր աշակերտն է, երբ գա իր փառքով և իր Հոր ու սուրբ հրեշտակների փառքով+։ 27  Բայց ես ճշմարիտ ասում եմ ձեզ. այստեղ կանգնածների մեջ կան ոմանք, ովքեր մահ չեն ճաշակի, մինչև չտեսնեն Աստծու թագավորությունը»+։ 28  Այս խոսքերն ասելուց հետո մոտ ութ օր անց նա իր հետ վերցրեց Պետրոսին, Հովհաննեսին ու Հակոբոսին և բարձրացավ սարը՝ աղոթելու+։ 29  Մինչ նա աղոթում էր, նրա դեմքի կերպարանքը+ փոխվեց, և նրա հագուստը սպիտակափայլ դարձավ+։ 30  Եվ ահա երկու մարդ խոսում էին նրա հետ։ Նրանք Մովսեսն ու Եղիան էին+, 31  որոնք երևացին փառքով ու սկսեցին խոսել նրա հեռանալու մասին, որը պիտի տեղի ունենար Երուսաղեմում+։ 32  Իսկ Պետրոսն ու նրա հետ եղողները քնով էին անցել, բայց երբ քնից սթափվեցին, տեսան նրա փառքը+ և այն մարդկանց, ովքեր կանգնած էին նրա հետ։ 33  Երբ նրանք հեռանում էին Հիսուսից, Պետրոսն ասաց նրան. «Վարդապե՛տ, լավ է, որ մենք այստեղ մնանք։ Թույլ տուր երեք վրան կանգնեցնենք. մեկը քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մյուսն էլ Եղիայի»։ Նա չէր հասկանում, թե ինչ էր ասում+։ 34  Եվ մինչ ասում էր այս բաները, մի ամպ հայտնվեց ու ծածկեց նրանց, և նրանք վախով լցվեցին+։ 35  Եվ ամպի միջից մի ձայն+ լսվեց. «Սա՛ է իմ Որդին, որին ես ընտրել եմ+։ Նրա՛ն լսեք»+։ 36  Երբ ձայնը լսվեց, Հիսուսն արդեն մենակ էր+։ Իսկ նրանք լուռ մնացին և այն օրերին ոչ մեկի ոչինչ չպատմեցին իրենց տեսածների մասին+։ 37  Հաջորդ օրը, երբ նրանք իջան սարից, մի մեծ բազմություն ընդառաջ եկավ նրան+։ 38  Մի մարդ բազմության միջից բղավեց. «Ուսուցի՛չ, աղաչում եմ քեզ, նայի՛ր որդուս, նա իմ մինուճարն է+։ 39  Ոգին+ բռնում է նրան, և տղան հանկարծակի ճչում է, և ոգին ցնցելով փրփրեցնում է նրան ու վնասելուց հետո չուզելով հազիվ թողնում է նրան։ 40  Ես աղաչեցի քո աշակերտներին, որ հանեն նրան, բայց չկարողացան»+։ 41  Հիսուսն ասաց. «Ո՜վ անհավատ ու ապականված սերունդ+, մինչև ե՞րբ պիտի ձեզ հետ լինեմ և ձեզ հանդուրժեմ։ Այստեղ բեր որդուդ»+։ 42  Մինչ տղան մոտենում էր, դևը նրան գետին զարկեց և ուժգին ցնցեց։ Բայց Հիսուսը սաստեց անմաքուր ոգուն և բուժեց տղային ու նրան իր հորը տվեց+։ 43  Եվ բոլորը ապշեցին Աստծու փառահեղ զորության+ վրա։ Մինչ նրանք զարմանում էին Հիսուսի արած բոլոր գործերի վրա, նա իր աշակերտներին ասաց. 44  «Լավ հիշեք այս խոսքերը. մարդու Որդին պետք է մարդկանց ձեռքը մատնվի»+։ 45  Սակայն նրանք չէին հասկանում այդ խոսքերի իմաստը. այն պահված էր նրանցից, որպեսզի չկարողանան ըմբռնել, և վախենում էին նրան հարցնել այդ խոսքերի մասին+։ 46  Դրանից հետո նրանց մեջ վեճ սկսվեց, թե իրենցից ով է մեծը+։ 47  Հիսուսն էլ, իմանալով, թե իրենց սրտում ինչ են խորհում, վերցրեց մի փոքր երեխայի, կանգնեցրեց իր կողքին+ 48  ու նրանց ասաց. «Ով որ այս երեխային ընդունի իմ անունով, ինձ էլ ընդունած կլինի, և ով որ ինձ ընդունի, ընդունած կլինի նաև ինձ ուղարկողին+։ Ով փոքրի պես է վարվում+ ձեր մեջ, նա է մեծ»+։ 49  Հովհաննեսն ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մեկին, որ քո անունով դևեր էր հանում+, և փորձեցինք արգելել+ նրան, որովհետև նա մեզ հետ չի շրջում»+։ 50  Բայց Հիսուսն ասաց. «Մի՛ արգելեք նրան, որովհետև նա, ով ձեզ հակառակ չէ, ձեր կողմն է»+։ 51  Մոտենում էին այն օրերը, երբ Հիսուսը պիտի վեր առնվեր երկինք+, և նա վճռեց գնալ Երուսաղեմ։ 52  Իրենից առաջ նա պատգամաբերներ ուղարկեց։ Նրանք էլ գնացին ու մտան Սամարիայի+ գյուղերից մեկը, որպեսզի նրա համար պատրաստություն տեսնեն։ 53  Սակայն այնտեղ չընդունեցին նրան, քանի որ նա վճռել էր Երուսաղեմ գնալ+։ 54  Երբ Հակոբոս և Հովհաննես+ աշակերտները տեսան դա, ասացին. «Տե՛ր, ուզո՞ւմ ես՝ ասենք, որ երկնքից կրակ+ իջնի ու ոչնչացնի նրանց»։ 55  Բայց նա շրջվելով՝ սաստեց նրանց։ 56  Եվ նրանք մի ուրիշ գյուղ գնացին։ 57  Երբ ճանապարհով գնում էին, մի մարդ ասաց նրան. «Ուր որ գնաս, քո հետևից կգամ»+։ 58  Հիսուսն էլ նրան ասաց. «Աղվեսները որջեր ունեն, և երկնքի թռչունները՝ բներ, բայց մարդու Որդին մի տեղ չունի, որ գլուխը դնի»+։ 59  Ապա մեկ ուրիշին ասաց. «Իմ հետևո՛րդը դարձիր»։ Նա էլ ասաց. «Թույլ տուր, որ գնամ և առաջ իմ հորը թաղեմ»+։ 60  Իսկ նա ասաց. «Թող մեռելները+ թաղեն իրենց մեռելներին, իսկ դու գնա և ամենուրեք Աստծու թագավորությունը հռչակիր»+։ 61  Մեկ ուրիշն էլ ասաց. «Ես քո հետևից կգամ, Տե՛ր, բայց նախ թույլ տուր, որ հրաժեշտ տամ+ իմ տան անդամներին»։ 62  Հիսուսն ասաց. «Ով որ ձեռքը արորի վրա է դնում+ և նայում է հետևում եղած բաներին+, հարմար չէ Աստծու թագավորության համար»։

Ծանոթագրություններ

Տե՛ս Մթ 10։14-ի ծնթ.։
Կամ՝ «կյանքը»։ Տե՛ս հավելված 10։