Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ծննդոց 43։1-34

43  Սովը սաստիկ էր երկրում+։  Երբ Եգիպտոսից բերած հացահատիկը կերան վերջացրին+, նրանց հայրն ասաց. «Հետ դարձեք ու մի քիչ ուտելիք գնեք մեզ համար»+։  Հուդան ասաց նրան+. «Այն մարդը մեզ խստորեն ասաց. «Եթե ձեր եղբայրը ձեզ հետ չլինի, իմ երեսը չտեսնեք»+։  Եթե մեր եղբորը մեզ հետ ուղարկես+, կգնանք և քեզ համար ուտելիք կգնենք։  Բայց եթե չուղարկես, չենք գնա, որովհետև այդ մարդը մեզ ասաց. «Եթե ձեր եղբայրը ձեզ հետ չլինի, իմ երեսը չտեսնեք»»+։  Իսրայելը բացականչեց+. «Ինչո՞ւ ինձ վրա չարիք բերեցիք՝ այդ մարդուն ասելով, թե ուրիշ եղբայր էլ ունեք»։  Նրանք էլ ասացին. «Այդ մարդը ուղղակիորեն հարցրեց մեր և մեր ազգականների մասին. «Ձեր հայրը դեռ ո՞ղջ է+։ Ուրիշ եղբայր ունե՞ք»։ Մենք էլ այդ խոսքերի համաձայն պատասխանեցինք նրան+։ Ի՞նչ իմանայինք, որ նա կասեր՝ «այստեղ բերեք ձեր եղբորը»»+։  Ի վերջո, Հուդան իր հորն ասաց. «Տղային ինձ հետ ուղարկիր+, որ վեր կենանք գնանք և ողջ մնանք ու չմեռնենք+, ինչպես մենք, այնպես էլ դու, նաև մեր երեխաները+։  Ես նրա համար երաշխավոր կլինեմ+։ Նրա համար տույժը իմ ձեռքից պահանջիր+։ Եթե չկարողանամ բերել նրան ու քո առջև կանգնեցնել, ապա ընդմիշտ քո առաջ մեղավոր կլինեմ։ 10  Եթե չհապաղեինք, արդեն երկու անգամ այնտեղ գնացած-եկած կլինեինք»+։ 11  Ուստի նրանց հայր Իսրայելը ասաց. «Եթե այդպես է+, ուրեմն սա արեք. ձեր պարկերով վերցրեք երկրի լավագույն արդյունքները և այն մարդուն նվեր+ տարեք՝ մի քիչ բալասան+, մի քիչ մեղր+, բուրումնավետ խեժ ու խեժավոր կեղև+, պիստակ և նուշ+։ 12  Բացի դրանից, կրկնակի փող վերցրեք ձեզ հետ։ Վերցրեք ձեզ հետ նաև այն փողը, որ հետ էր դրվել ձեր պարկերի բերանին+։ Գուցե սխալմունք է եղել+։ 13  Վերցրեք ձեր եղբորը և վեր կացեք ու գնացեք այդ մարդու մոտ, 14  և թող Ամենակարող Աստվածն այնպես անի, որ նա խղճա+ ձեզ և արձակի ձեր մյուս եղբորն ու Բենիամինին։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, եթե անզավակ պիտի մնամ, ուրեմն կմնամ»+։ 15  Այդպես նրանք վերցրին նվերը, կրկնակի փող, ինչպես նաև Բենիամինին։ Նրանք վեր կացան ու գնացին Եգիպտոս և կանգնեցին Հովսեփի առաջ+։ 16  Երբ Հովսեփը Բենիամինին նրանց հետ տեսավ, իր տան վրա նշանակված մարդուն իսկույն ասաց. «Այս մարդկանց տուն տար, կենդանիներ մորթիր ու պատրաստություն+ տես, որովհետև այս մարդիկ կեսօրին ինձ հետ են ճաշելու»։ 17  Նա անմիջապես արեց այնպես, ինչպես Հովսեփն ասաց+, և այդ մարդկանց Հովսեփի տուն տարավ։ 18  Բայց նրանք վախեցան, երբ իրենց Հովսեփի տուն տարան+, և ասացին. «Մեզ այստեղ բերեցին այն փողի պատճառով, որը նախորդ անգամ մեր պարկերում էր մնացել և որը հետ էինք տարել։ Նրանք ուզում են հարձակվել մեզ վրա, բռնել ու ստրկացնել մեզ, նաև տիրանալ մեր էշերին»+։ 19  Ուստի մոտեցան Հովսեփի տան վրա նշանակված մարդուն և տան մուտքի մոտ խոսեցին նրա հետ՝ 20  ասելով. «Ների՛ր, տե՛ր իմ։ Նախորդ անգամ մենք իսկապես ուտելիք գնելու համար էինք եկել+։ 21  Բայց երբ մի իջևանատեղ+ հասանք և բացեցինք մեր պարկերը, տեսանք, որ յուրաքանչյուրիս փողը իր ողջ կշռով ամեն մեկիս պարկի բերանին էր։ Ուստի ուզում ենք մեր ձեռքով վերադարձնել այն+։ 22  Մեզ հետ ավելի շատ փող ենք բերել ուտելիք գնելու համար։ Մենք չգիտենք, թե ով է մեր փողը դրել մեր պարկերի մեջ»+։ 23  Նա էլ ասաց. «Ամեն ինչ լավ է։ Մի՛ վախեցեք+։ Ձեր Աստվածը և ձեր հոր Աստվածը գանձեր է դրել ձեր պարկերում+։ Իսկ ձեր փողը ես ստացել եմ»։ Դրանից հետո նա Շմավոնին դուրս բերեց նրանց մոտ+։ 24  Ապա այդ մարդը նրանց տարավ Հովսեփի տուն և ջուր տվեց նրանց ոտքերը լվանալու+ համար, նաև կեր տվեց նրանց էշերի+ համար։ 25  Իսկ նրանք նվերը+ պատրաստեցին Հովսեփի կեսօրվա գալուն, քանի որ լսել էին, որ այնտեղ էին հաց ուտելու+։ 26  Երբ Հովսեփը տուն մտավ, իրենց նվերը նրա մոտ բերեցին և մինչև գետին խոնարհվեցին նրա առաջ+։ 27  Նա էլ հարցրեց, թե արդյոք ամեն ինչ լավ է, ապա ասաց+. «Ձեր տարեց հայրը, որի մասին խոսում էիք, լա՞վ է։ Դեռ ո՞ղջ է»+։ 28  Նրանք պատասխանեցին. «Քո ծառան՝ մեր հայրը, լավ է։ Նա դեռ ողջ է»։ Ապա ծնկի եկան ու մինչև գետին խոնարհվեցին+։ 29  Երբ նա բարձրացրեց աչքերը և տեսավ իր եղբայր Բենիամինին՝ իր մոր որդուն+, ասաց. «Սա՞ է ձեր կրտսեր եղբայրը, որի մասին ինձ ասել էիք»+։ Ապա ավելացրեց. «Թող Աստված իր հաճությունը+ ցույց տա քեզ, որդի՛ս»։ 30  Հովսեփն ուզում էր շտապ դուրս գալ, քանի որ եղբորը տեսնելուն պես սիրտը ճմլվեց+, և նա լացելու տեղ էր փնտրում։ Ուստի մտավ ներքին սենյակը և այնտեղ լաց եղավ+։ 31  Այնուհետև երեսը լվաց, իրեն հավաքեց, դուրս եկավ ու ասաց+. «Ճաշը բերե՛ք»+։ 32  Ճաշը սկսեցին մատուցել՝ նրա համար առանձին, նրանց համար առանձին և նրա հետ ուտող եգիպտացիների համար առանձին, քանի որ եգիպտացիները չէին կարող հաց ուտել եբրայեցիների հետ, որովհետև դա գարշելի է եգիպտացիների համար+։ 33  Նրանց նստեցրին Հովսեփի դիմաց. առաջնեկին՝ ըստ իր առաջնեկության+ իրավունքի, իսկ կրտսերին՝ ըստ իր կրտսերության իրավունքի։ Եվ նրանք ապշած իրար էին նայում։ 34  Նա իր առաջ դրված բաժինները ուղարկում էր նրանց, բայց Բենիամինի բաժինը բոլորի բաժիններից հինգ անգամ ավել էր+։ Այդպես նրանք խնջույք արեցին և կուշտ խմեցին նրա հետ+։

Ծանոթագրություններ