Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ծննդոց 31։1-55

31  Որոշ ժամանակ անց Հակոբը լսեց Լաբանի որդիների խոսքերը, թե՝ «Հակոբը վերցրել է այն ամենը, ինչ մեր հորն է պատկանում, և իր ողջ հարստությունը կուտակել է մեր հոր ունեցվածքի շնորհիվ»+։  Եվ երբ Հակոբը նայում էր Լաբանի դեմքին, տեսնում էր, որ նրա վերաբերմունքը փոխվել էր իր հանդեպ+։  Ի վերջո, Եհովան ասաց Հակոբին. «Վերադարձիր քո հայրերի երկիրը ու քո ազգականների մոտ+, և ես քեզ հետ կլինեմ»+։  Այդ ժամանակ Հակոբը մարդ ուղարկեց Ռաքելի ու Լիայի հետևից ու կանչեց նրանց դաշտ՝ իր հոտի մոտ,  և ասաց. «Երբ նայում եմ ձեր հոր դեմքին, տեսնում եմ, որ նրա վերաբերմունքը առաջվա պես չէ իմ հանդեպ+, սակայն իմ հոր Աստվածը ինձ հետ է եղել+։  Դուք ինքներդ գիտեք, որ ես ձեր հորը իմ ամբողջ ուժով եմ ծառայել+։  Իսկ ձեր հայրը հիմարացրել է ինձ ու իմ վարձը տասը անգամ փոխել է, բայց Աստված թույլ չի տվել, որ նա ինձ վնաս հասցնի+։  Եթե նա ասում էր՝ «քո վարձը խայտավորները լինեն», ամբողջ հոտը խայտավորներ էր ծնում, իսկ եթե ասում էր՝ «քո վարձը գծավորները լինեն», ամբողջ հոտը գծավորներ էր ծնում+։  Այդպես Աստված ձեր հոր հոտը վերցնում ու ինձ էր տալիս+։ 10  Պատահեց այնպես, որ հոտի զուգավորվելու ժամանակ ես բարձրացրի աչքերս ու երազումս+ տեսա, որ հոտի հետ զուգավորվող նոխազները գծավոր էին, խայտավոր ու պուտավոր+։ 11  Այդ ժամանակ ճշմարիտ Աստծու հրեշտակը երազում ասաց ինձ՝ Հակո՛բ։ Իսկ ես ասացի՝ ահա՛ ես+։ 12  Ապա նա ասաց. «Բարձրացրու, խնդրեմ, աչքերդ և տես, որ հոտի հետ զուգավորվող բոլոր նոխազները գծավոր, խայտավոր ու պուտավոր են, որովհետև ես տեսնում եմ այն ամենը, ինչ Լաբանն անում է քեզ+։ 13  Ես եմ ճշմարիտ Աստվածը, որ հայտնվեց քեզ Բեթելում+՝ այն վայրում, որտեղ դու օծեցիր սյունը+ և որտեղ երդում տվեցիր ինձ+։ Հիմա վեր կաց, դուրս եկ այս երկրից ու վերադարձիր քո ծննդավայրը»»+։ 14  Ռաքելն ու Լիան պատասխանեցին նրան. «Մի՞թե մեր հոր տանը մենք դեռևս ժառանգության բաժին ունենք+։ 15  Մի՞թե իրականում օտարներ չենք նրա համար։ Չէ՞ որ նա վաճառեց մեզ և նույնիսկ մեզ համար տրված փողն է ուտում+։ 16  Այն ամբողջ հարստությունը, որ Աստված վերցրել է մեր հորից, մերն է ու մեր երեխաներինը+։ Ուստի հիմա արա այն, ինչ Աստված ասել է քեզ»+։ 17  Հակոբը վեր կացավ, իր երեխաներին ու կանանց նստեցրեց ուղտերի+ վրա, 18  հավաքեց իր ամբողջ հոտը և իր կուտակած ողջ ունեցվածքը+։ Նա վերցրեց Փադան-Արամում ձեռք բերած իր հոտը, որպեսզի գնա Քանանի երկիր՝ իր հայր Իսահակի մոտ+։ 19  Լաբանը գնացել էր իր ոչխարները խուզելու։ Այդ ընթացքում Ռաքելը գողացավ իր հորը պատկանող թերափիմները*+։ 20  Հակոբը խաբեց ասորի Լաբանին, քանի որ առանց որևէ բան ասելու՝ փախուստի դիմեց։ 21  Նա իր ողջ ունեցվածքով փախավ ու հասնելով Գետի*+ մոտ՝ անցավ այն։ Այնուհետև ուղղվեց դեպի Գաղաադի+ լեռնային շրջանը։ 22  Երրորդ օրը Լաբանին ասվեց, որ Հակոբը փախել է։ 23  Դա լսելով՝ նա վերցրեց իր եղբայրներին և հետապնդեց+ Հակոբին՝ անցնելով յոթ օրվա ճանապարհ, ու հասավ նրան Գաղաադի լեռնային շրջանում։ 24  Գիշերը Աստված երազում+ եկավ ասորի+ Լաբանի մոտ ու ասաց նրան. «Զգուշացիր, որ Հակոբի հետ ո՛չ լավը խոսես, ո՛չ էլ վատը»+։ 25  Լաբանը հասավ Հակոբին, երբ Հակոբը իր վրանը կանգնեցրել էր Գաղաադի լեռնային շրջանում. Լաբանն իր եղբայրների հետ նույնպես բանակ դրեց այդ շրջանում։ 26  Լաբանն ասաց Հակոբին. «Այս ի՞նչ արեցիր։ Ինձ խաբեցիր և աղջիկներիս տարար սրով վերցված գերիների նման+։ 27  Ինչո՞ւ գաղտնաբար փախար, խաբեցիր ինձ և չասացիր, որ ես ուրախությամբ ու երգերով+, դափով ու քնարով ուղարկեի քեզ+։ 28  Ինձ հնարավորություն չտվեցիր, որ երեխաներիս* ու աղջիկներիս համբուրեմ+։ Դու անմտությամբ վարվեցիր։ 29  Ես իշխանություն ունեմ ձեզ վնաս հասցնելու+, բայց անցած գիշեր ձեր հոր Աստվածը խոսեց ինձ հետ՝ ասելով. «Զգուշացիր, որ Հակոբի հետ ո՛չ լավը խոսես, ո՛չ էլ վատը»+։ 30  Լավ, ասենք գնացիր, քանի որ շատ էիր կարոտել քո հոր տունը, բայց ինչո՞ւ գողացար իմ աստվածներին»+։ 31  Հակոբը պատասխանեց Լաբանին ու ասաց. «Ես վախենում էի+ և ինքս ինձ ասացի. «Միգուցե նա խլի իր աղջիկներին ինձանից»։ 32  Ում մոտ որ քո աստվածները գտնես, թող նա չապրի+։ Մեր եղբայրների առաջ ստուգիր ինչ որ ունեմ և դրանք քեզ վերցրու»+։ Սակայն Հակոբը չգիտեր, որ Ռաքելը գողացել էր դրանք+։ 33  Ուստի Լաբանը մտավ Հակոբի, Լիայի և երկու աղախինների վրանները+, բայց չգտավ։ Ի վերջո, դուրս գալով Լիայի վրանից՝ նա մտավ Ռաքելի վրանը։ 34  Ռաքելը վերցրել էր թերափիմները, դրել էր ուղտի թամբի զամբյուղի մեջ ու նստել էր դրանց վրա։ Լաբանը փնտրեց ամբողջ վրանում, բայց ոչինչ չգտավ։ 35  Այդ ժամանակ Ռաքելն ասաց իր հորը. «Թող իմ տիրոջ բարկությունը չբորբոքվի+, որ ես չեմ կարող վեր կենալ քո առաջ, քանի որ այնպիսի վիճակում եմ, ինչը սովորաբար լինում է կանանց մոտ»+։ Լաբանը մանրազնին փնտրեց, բայց թերափիմները+ չգտավ։ 36  Հակոբը բարկացավ+ ու սկսեց վիճել Լաբանի հետ։ Նա ասաց Լաբանին. «Ի՞նչ հանցանք+ և ի՞նչ մեղք եմ գործել, որ դու համառորեն հետապնդում ես+ ինձ։ 37  Քո տան ամբողջ ունեցվածքից ի՞նչ գտար իմ ողջ ունեցվածքը խուզարկելուց հետո+։ Դիր այն իմ եղբայրների ու քո եղբայրների+ առաջ, և թող նրանք դատեն երկուսիս միջև+։ 38  Այս քսան տարիները ես քեզ հետ եմ եղել։ Քո ոչխարներն ու այծերը չեն վիժել+, և քո հոտի խոյերից ես երբեք չեմ կերել։ 39  Հոշոտված կենդանի քեզ չեմ բերել+, ես եմ հատուցել դրա կորուստը։ Ցերեկը կամ գիշերը գողացվածին դու իմ ձեռքից էիր պահանջում+։ 40  Եղել է այնպես, որ ցերեկը շոգն է ինձ հյուծել, իսկ գիշերը՝ ցուրտը, և քունս փախել է իմ աչքերից+։ 41  Այդպես են քո տանը անցել իմ քսան տարիները։ Տասնչորս տարի ծառայեցի քո երկու աղջիկների համար և վեց տարի՝ քո հոտի համար, իսկ դու տասը անգամ+ փոխեցիր իմ վարձը։ 42  Եթե իմ հոր Աստվածը+՝ Աբրահամի Աստվածը և Իսահակի Երկյուղը+, ինձ հետ չլիներ, դու հիմա դատարկ ձեռքով ինձ կուղարկեիր։ Աստված տեսավ իմ թշվառությունն ու ծանր աշխատանքը և այդ պատճառով հանդիմանեց քեզ անցած գիշեր»+։ 43  Այդ ժամանակ Լաբանը պատասխանեց Հակոբին. «Աղջիկները իմ աղջիկներն են, երեխաները իմ երեխաներն են, հոտերը իմ հոտերն են, ու ամեն բան, ինչին նայում ես, իմն է ու իմ աղջիկներինը։ Ի՞նչ կարող եմ այսօր անել նրանց ու նրանց երեխաների դեմ, որոնց նրանք ծնել են։ 44  Ուստի եկ հիմա ես և դու ուխտ+ կապենք, որ այն վկա լինի իմ ու քո միջև»+։ 45  Հակոբն էլ մի քար վերցրեց և այն որպես սյուն+ կանգնեցրեց։ 46  Ապա Հակոբն ասաց իր եղբայրներին. «Քարե՛ր վերցրեք»։ Նրանք քարեր վերցրին, մի քարակույտ+ սարքեցին և դրա վրա հաց կերան։ 47  Լաբանը այն կոչեց Եկար-Սահադութա*, իսկ Հակոբը կոչեց Գաղաադ*։ 48  Հետո Լաբանն ասաց. «Այս քարակույտը վկա է այսօր իմ ու քո միջև»։ Ահա թե ինչու այն Գաղաադ+ կոչվեց, 49  ինչպես նաև Դիտարան, քանի որ նա ասաց. «Թող Եհովան դիտի իմ ու քո միջև, երբ մենք բաժանվենք իրարից+։ 50  Եթե դու վշտացնես իմ աղջիկներին+ ու նրանցից բացի ուրիշ կանայք առնես, ապա հիշիր, որ չնայած մեզ հետ ոչ ոք չկա՝ Աստված վկա է իմ ու քո միջև»+։ 51  Լաբանը շարունակեց. «Ահա այն քարակույտը և ահա այն սյունը, որ ես կանգնեցրել եմ իմ ու քո միջև։ 52  Վկա է այս քարակույտը, և վկա է այս սյունը+, որ ես չեմ անցնի այս քարակույտից՝ քո դեմ որևէ բան անելու, և դու էլ չես անցնի այս քարակույտից ու այս սյունից՝ ինձ վնասելու համար+։ 53  Թող Աբրահամի աստվածը*+ և Նաքորի+ աստվածը՝ նրանց հայրերի աստվածը, դատի մեր միջև»։ Բայց Հակոբը երդում արեց իր հայր Իսահակի Երկյուղով+։ 54  Դրանից հետո Հակոբը լեռան վրա զոհ մատուցեց ու հրավիրեց իր եղբայրներին հաց ուտելու+։ Նրանք հաց կերան ու գիշերը լեռան վրա անցկացրին։ 55  Վաղ առավոտյան Լաբանը վեր կացավ, համբուրեց+ իր երեխաներին* ու աղջիկներին և օրհնեց նրանց+։ Այնուհետև Լաբանը ճանապարհ ընկավ, որ վերադառնա իր տուն+։

Ծանոթագրություններ

Ընտանեկան աստվածներ, կամ՝ կուռքեր։
Այսինքն՝ Եփրատի։
Կամ՝ «որդիներիս»։
Արամ. (ասոր.) արտահայտ., նշ. է «վկա-քարակույտ»։
Եբր. արտահայտ., նշ. է «վկա-քարակույտ»։
Սա կարող է վերաբ. «աստվածներին», քանի որ ասորի Լաբանը հավատում էր թերափիմներին։
Կամ՝ «որդիներին»։