Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եզեկիել 40։1-49

40  Մեր աքսորի+ քսանհինգերորդ տարում՝ տարվա սկզբում, ամսվա տասներորդ օրը՝ քաղաքի կործանման+ տասնչորսերորդ տարում՝ հենց նույն օրը, Եհովայի ձեռքն ինձ վրա եղավ+, և նա բերեց ինձ այնտեղ+.  Աստծուց տրված տեսիլքներում նա բերեց ինձ Իսրայելի երկիր ու մի շատ բարձր լեռան վրա կանգնեցրեց+, որի վրա՝ դեպի հարավ, քաղաքի նման մի բան կար+։  Նա բերեց ինձ այնտեղ, և ահա այնտեղ մի մարդ կար։ Նրա կերպարանքը պղնձի կերպարանքի պես էր+, նրա ձեռքում վուշե պարան ու չափման եղեգ կար+, և նա կանգնած էր դարպասի մեջ*։  Այդ մարդն ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի+, աչքերովդ տես, ականջներովդ լսիր և ուշադրություն դարձրու այն ամենին, ինչ ցույց կտամ քեզ, որովհետև դու բերվել ես այստեղ, որ քեզ ցույց տամ դրանք։ Այն ամենն, ինչ տեսնես, պատմիր Իսրայելի տանը»+։  Եվ ահա տան շուրջբոլորը պարիսպ կար։ Այդ մարդու ձեռքում մի չափման եղեգ կար վեց կանգուն երկարությամբ. յուրաքանչյուր կանգունը մեկ կանգուն ու ափի լայնություն էր։ Նա չափեց պարսպի լայնությունը, և այն մեկ եղեգ էր, և բարձրությունը՝ մեկ եղեգ։  Հետո նա եկավ դարպասի մոտ, որի առջևի մասն ուղղված էր դեպի արևելք+, և աստիճաններով բարձրացավ։ Նա չափեց դարպասի շեմքը+, որի լայնությունը մեկ եղեգ էր, և մյուս շեմքը, որի լայնությունը մեկ եղեգ էր։  Պահապանների սենյակի երկարությունը մեկ եղեգ էր և լայնությունը՝ մեկ եղեգ։ Պահապանների սենյակների+ միջև եղած տարածությունը հինգ կանգուն էր։ Դարպասի՝ դեպի ներս ուղղված նախասրահի շեմքը մեկ եղեգ էր։  Նա չափեց դարպասի՝ դեպի ներս ուղղված նախասրահը՝ մեկ եղեգ+։  Չափեց դարպասի նախասրահը, այն ութ կանգուն էր, և կողային հենարանները, դրանք երկու կանգուն էին։ Դարպասի նախասրահն ուղղված էր դեպի ներս։ 10  Դեպի արևելք ուղղված դարպասի մեջ գտնվում էին պահապանների սենյակները՝ երեքը այս կողմում և երեքը այն կողմում։ Երեքն էլ նույն չափերն ունեին։ Այս և այն կողմերում նույն չափերն ունեին նաև կողային հենարանները։ 11  Հետո նա չափեց դարպասի մուտքի լայնությունը, այն տասը կանգուն էր։ Դրսի կողմից դարպասի մուտքի լայնությունը տասներեք կանգուն էր։ 12  Պահապանների սենյակների առջև գտնվող ցանկապատված տարածքը մեկ կանգուն էր, և ամեն կողմում մեկ կանգունի չափ ցանկապատված տարածք կար։ Պահապանների սենյակները թե՛ այս կողմում, թե՛ այն կողմում վեց կանգուն էին։ 13  Նա չափեց դարպասը պահապանների մի սենյակի տանիքից մինչև պահապանների մյուս սենյակի տանիքը։ Լայնությունը քսանհինգ կանգուն էր+։ Մուտքը մուտքի դիմաց էր։ 14  Հետո չափեց կողային հենարանները, դրանք վաթսուն կանգուն էին, ինչպես նաև գավիթի շուրջբոլորը գտնվող դարպասների կողային հենարանները։ 15  Մուտքի դարպասի առջևի մասից մինչև դեպի ներս ուղղված նախասրահի առջևի մասը հիսուն կանգուն էր։ 16  Պահապանների սենյակներում և դրանց կողային հենարաններում դարպասի ներսի կողմից նեղացող խորշերով պատուհաններ կային+։ Դրանք դարպասի բոլոր կողմերում էին։ Այդպես էր յուրաքանչյուր նախասրահում։ Պատուհանները բոլոր կողմերից ուղղված էին դեպի ներս, և կողային հենարանների վրա արմավենու պատկերներ կային+։ 17  Հետո նա բերեց ինձ դրսի գավիթը, և ահա այնտեղ ճաշասենյակներ+ կային, և գավիթի շուրջբոլորը քարահատակ էր։ Քարահատակի վրա երեսուն ճաշասենյակ կար+։ 18  Դարպասների կողքի քարահատակը՝ ստորին քարահատակը, ճիշտ այն չափի էր, ինչ դարպասների երկարությունը։ 19  Նա չափեց ստորին դարպասի առջևի մասից մինչև ներսի գավիթի առջևի մասը։ Դրսի կողմից այն հարյուր կանգուն էր՝ թե՛ դեպի արևելք, թե՛ դեպի հյուսիս։ 20  Դրսի գավիթն ուներ մի դարպաս, որի առջևի մասն ուղղված էր դեպի հյուսիս։ Նա չափեց դրա երկարությունն ու լայնությունը։ 21  Այն ուներ պահապանների սենյակներ՝ երեքը այս կողմում և երեքը այն կողմում։ Դրա կողային հենարաններն ու նախասրահը համապատասխանում էին առաջին դարպասի չափերին։ Դարպասի երկարությունը հիսուն կանգուն էր, իսկ լայնությունը՝ քսանհինգ։ 22  Դրա պատուհանները, նախասրահն ու արմավենու պատկերները+ համապատասխանում էին այն դարպասի չափերին, որի առջևի մասն ուղղված էր դեպի արևելք։ Յոթ աստիճաններով էին բարձրանում ու ներս մտնում, և դրանց առաջ նախասրահն էր։ 23  Ներսի գավիթի դարպասը դեպի հյուսիս գտնվող դարպասի դիմացն էր։ Նաև արևելյան դարպասի դիմաց դարպաս կար։ Նա չափեց դարպասից դարպաս ընկած տարածությունը. այն հարյուր կանգուն էր։ 24  Նա բերեց ինձ հարավ, և ահա դեպի հարավ ուղղված մի դարպաս կար+։ Նա չափեց դրա կողային հենարաններն ու նախասրահը, և դրանց չափերը համապատասխանում էին մյուս դարպասների չափերին։ 25  Դարպասի ու դրա նախասրահի բոլոր կողմերում այն պատուհանների պես պատուհաններ կային։ Դարպասի երկարությունը հիսուն կանգուն էր, իսկ լայնությունը՝ քսանհինգ։ 26  Յոթ աստիճաններով էին բարձրանում ու ներս մտնում+, և դրանց առաջ նախասրահն էր։ Դրա կողային հենարանների այս և այն կողմերի վրա արմավենու պատկերներ կային։ 27  Ներսի գավիթը մի դարպաս ուներ, որն ուղղված էր դեպի հարավ։ Նա չափեց դարպասից դարպաս դեպի հարավ ընկած տարածությունը. այն հարյուր կանգուն էր։ 28  Հարավի դարպասով բերեց ինձ ներսի գավիթը։ Նա չափեց հարավի դարպասը, և դրա չափերը համապատասխանում էին մյուսների չափերին։ 29  Դրա պահապանների սենյակների, կողային հենարանների ու նախասրահի չափերը համապատասխանում էին մյուսների չափերին։ Այդ դարպասի և դրա նախասրահի բոլոր կողմերում պատուհաններ կային։ Դարպասի երկարությունը հիսուն կանգուն էր, իսկ լայնությունը՝ քսանհինգ+։ 30  Շուրջբոլորը նախասրահներ կային, որոնց երկարությունը քսանհինգ կանգուն էր, իսկ լայնությունը՝ հինգ։ 31  Դրա նախասրահը ուղղված էր դեպի դրսի գավիթը, և դրա կողային հենարանների վրա արմավենու պատկերներ կային+։ Ութ աստիճաններ էին տանում դեպի այդ դարպասը+։ 32  Արևելյան կողմով նա բերեց ինձ ներսի գավիթը և չափեց դարպասը, որի չափերը համապատասխանում էին մյուսների չափերին։ 33  Դրա պահապանների սենյակների, կողային հենարանների ու նախասրահի չափերը համապատասխանում էին մյուսների չափերին։ Այդ դարպասի և դրա նախասրահի բոլոր կողմերում պատուհաններ կային։ Դարպասի երկարությունը հիսուն կանգուն էր, իսկ լայնությունը՝ քսանհինգ։ 34  Դրա նախասրահն ուղղված էր դեպի դրսի գավիթը, և դրա կողային հենարանների վրա՝ այս կողմում և այն կողմում, արմավենու պատկերներ կային։ Ութ աստիճաններ էին տանում դեպի այդ դարպասը։ 35  Նա բերեց ինձ հյուսիսային դարպասի մոտ+ և չափեց այն։ Դրա չափերը համապատասխանում էին մյուսների չափերին+։ 36  Չափեց դրա պահապանների սենյակները, կողային հենարաններն ու նախասրահը։ Դրա բոլոր կողմերում պատուհաններ կային։ Դարպասի երկարությունը հիսուն կանգուն էր, իսկ լայնությունը՝ քսանհինգ։ 37  Դրա կողային հենարաններն ուղղված էին դեպի դրսի գավիթը։ Այդ հենարանների վրա՝ այս կողմում և այն կողմում, արմավենու պատկերներ կային+։ Ութ աստիճաններ էին տանում դեպի այդ դարպասը։ 38  Դարպասների կողային հենարանների մոտ ճաշասենյակ կար իր մուտքով։ Այնտեղ էին լվանում ողջակեզը+։ 39  Դարպասի նախասրահում երկուական սեղան կար այս կողմում և այն կողմում։ Դրանց վրա մորթում էին ողջակեզի+, մեղքի ընծայի+ ու հանցանքի ընծայի+ համար նախատեսված կենդանիները։ 40  Հյուսիսային դարպասի մուտքի մոտ՝ դրսի կողմից, երկու սեղան կար։ Դարպասի նախասրահի մյուս կողմում էլ երկու սեղան կար։ 41  Դարպասի մոտ չորս սեղան կար այս կողմում, և չորս սեղան՝ այն կողմում՝ ութ սեղան, որոնց վրա մորթում էին կենդանիները։ 42  Չորս սեղանները, որոնք ողջակեզի համար նախատեսված կենդանիների համար էին, տաշած քարից էին։ Երկարությունը մեկ ու կես կանգուն էր, լայնությունը՝ մեկ ու կես, իսկ բարձրությունը՝ մեկ կանգուն։ Դրանց վրա նաև դնում էին այն գործիքները, որոնցով մորթում էին ողջակեզն ու զոհը։ 43  Ներսից բոլոր կողմերում ամրացված հարմարանքներ կային ափի լայնությամբ՝ դրանց վրա տարբեր իրեր դնելու համար։ Սեղանների վրա դնում էին նվիրաբերման զոհի միսը+։ 44  Ներսի դարպասի՝ հյուսիսային դարպասի դրսի կողմում՝ ներսի գավիթում, երգիչների+ ճաշասենյակներն էին։ Դրանց առջևի մասն ուղղված էր դեպի հարավ։ Արևելյան դարպասի կողմում էլ մի ճաշասենյակ կար։ Դրա առջևի մասն ուղղված էր դեպի հյուսիս։ 45  Նա ասաց ինձ. «Այս մեկը՝ այն ճաշասենյակը, որի առջևի մասն ուղղված է դեպի հարավ, տան հետ կապված պարտականությունները կատարող քահանաների համար է+։ 46  Իսկ այն ճաշասենյակը, որի առջևի մասն ուղղված է դեպի հյուսիս, զոհասեղանի հետ կապված պարտականությունները կատարող քահանաների համար է+։ Նրանք Սադոկի+ որդիներն են, որոնք Ղևիի որդիների միջից մոտենում են Եհովային, որ ծառայեն»+։ 47  Նա չափեց ներսի գավիթը. երկարությունը հարյուր կանգուն էր, լայնությունը՝ հարյուր կանգուն՝ քառակուսի։ Զոհասեղանը տան առաջ էր։ 48  Նա բերեց ինձ տան նախասրահը+ և չափեց նախասրահի կողային հենարանները՝ հինգ կանգուն այս կողմում էր և հինգ կանգուն՝ այն կողմում։ Դարպասի այս կողմի և այն կողմի լայնությունը երեք կանգուն էր։ 49  Նախասրահի երկարությունը քսան կանգուն էր, և լայնությունը՝ տասնմեկ։ Աստիճաններով էին բարձրանում այնտեղ։ Կողային հենարանների կողքին սյուներ կային՝ մեկը մի կողմում և մյուսը՝ մյուս կողմում+։

Ծանոթագրություններ

Կամ ըստ նկարագրության՝ «դարպասի մուտքի մոտ»։