Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  № 3 2017

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՉՈՐՍ ՁԻԱՎՈՐՆԵՐԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ ԵՎ ԴՈՒՔ

Չորս ձիավորների ինքնությունը

Չորս ձիավորների ինքնությունը

Չորս ձիավորները գուցե առեղծվածային և սարսափազդու թվան, բայց իրականում կարիք չկա վախենալու նրանցից։ Ինչո՞ւ։ Աստվածաշունչը և վերջին հարյուրամյակում տեղի ունեցած իրադարձությունները օգնում են մեզ հստակ բնորոշելու, թե ձիավորներից յուրաքանչյուրն ինչ է խորհրդանշում։ Թեև նրանց արշավանքը նշան էր այն բանի, որ երկրի վրա աղետներ ու դժբախտություններ էին տեղի ունենալու, բայց այն նաև կարող է լավ ապագայի հույս բերել ձեզ ու ձեր ընտանիքին։ Ինչպե՞ս։ Նախ տեսնենք, թե ում կամ ինչ է ներկայացնում յուրաքանչյուր հեծյալը։

ՍՊԻՏԱԿ ՁԻՈՒ ՀԵԾՅԱԼԸ

Տեսիլքը սկսվում է այսպես. «Տեսա մի սպիտակ ձի։ Նրա վրա նստողը մի աղեղ ուներ, և նրան մի պսակ տրվեց։ Նա դուրս գնաց հաղթելով և մինչև վերջ հաղթելու համար» (Հայտնություն 6։2

Ո՞վ է սպիտակ ձիու հեծյալը։ Նույն՝ «Հայտնություն» գիրքն օգնում է մեզ գտնելու այս հարցի պատասխանը։ Հետագա համարներում այս երկնային հեծյալը կոչվում է «Աստծու Խոսք» (Հայտնություն 19։11–13)։ «Խոսք» տիտղոսը պատկանում է Հիսուս Քրիստոսին, քանի որ նա հանդես է գալիս որպես Աստծու խոսնակ (Հովհաննես 1։1, 14)։ Բացի այդ՝ Հիսուսը կոչվում է «թագավորների Թագավոր և տերերի Տեր», ինչպես նաև «Հավատարիմ ու Ճշմարիտ» (Հայտնություն 19։11, 16)։ Հստակ է, որ նա իշխանություն ունի գործելու որպես մարտնչող Թագավոր և իր այդ իշխանությունը չի գործադրում անարդար կամ դաժան ձևով։ Այդուհանդերձ, որոշ հարցեր են առաջանում։

Ո՞վ է Հիսուսին հաղթելու իշխանություն տվել (Հայտնություն 6։2)։ Դանիել մարգարեն մի տեսիլք տեսավ, որում Մեսիային, ով նմանեցվում է «մարդու որդու», տրվեց «իշխանություն, պատիվ ու թագավորություն»։ Եվ այդ իշխանությունը նրան տվեց «Հինավուրցը»՝ հենց ինքը Եհովա Աստված (Դանիել 7։13, 14 * Այսպիսով՝ իշխելու և դատաստան իրագործելու իրավունքն ու զորությունը Ամենակարող Աստված է տվել Հիսուսին։ Սպիտակ ձին համապատասխան խորհրդանիշ է Աստծու Որդու մղած արդար պատերազմի համար, քանի որ Աստվածաշնչում սպիտակ գույնը հաճախ խորհրդանշում է արդարություն (Հայտնություն 3։4; 7։9, 13, 14

Ե՞րբ են չորս ձիավորները սկսել իրենց արշավանքը։ Առաջին հեծյալը՝ Հիսուսը, իր արշավանքը սկսում է «պսակ» ստանալուց հետո (Հայտնություն 6։2)։ Իսկ ե՞րբ Հիսուսը երկնքում ստացավ իր պսակը՝ արքայական թագը։ Դա տեղի չունեցավ այն ժամանակ, երբ նա հարություն առավ և երկինք վերադարձավ։ Աստվածաշնչից իմանում ենք, որ դրանից հետո Հիսուսը մի որոշ ժամանակ սպասեց (Եբրայեցիներ 10։12, 13)։ Նա իր հետևորդներին նշան տվեց, որի միջոցով նրանք իմանալու էին, թե երբ էր ավարտվելու սպասելու ժամանակը, և թե երբ էր ինքը սկսելու իշխել երկնքում։ Հիսուսն ասաց, որ երբ սկսեր իշխել, աշխարհի վիճակը կտրուկ վատանալու էր. լինելու էին պատերազմներ, սովեր և համաճարակներ (Մատթեոս 24։3, 7; Ղուկաս 21։10, 11)։ Երբ 1914 թ.-ին սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, պարզ դարձավ, որ մարդկությունը թևակոխել է դժվարություններով ու խնդիրներով լի այդ ժամանակաշրջանը, որը Աստվածաշունչը կոչում է «վերջին օրեր» (2 Տիմոթեոս 3։1–5

Փաստորեն, Հիսուսը գահակալվեց 1914 թ.-ին։ Բայց ինչո՞ւ է դրանից հետո աշխարհի վիճակը ոչ թե լավանում, այլ վատանում։ Քանի որ այդ ժամանակ Հիսուսը սկսեց իշխել երկնքում, ոչ թե երկրի վրա։ Երկնքում պատերազմ եղավ, և նոր գահակալված Թագավորը՝ Հիսուսը, ով Աստվածաշնչում կոչվում է նաև Միքայել, Սատանային ու նրա դևերին ցած նետեց երկրի վրա (Հայտնություն 12։7–9, 12)։ Այդուհետ Սատանայի գործունեությունը սահմանափակված է միայն երկրի շրջանակներով, և նա մեծ բարկությամբ է լցված, քանի որ գիտի, որ իր օրերը հաշված են։ Այո՛, քիչ է մնացել այն ժամանակին, երբ Աստված վերջ կդնի Սատանայի իշխանությանը և այդպիսով կիրագործի իր կամքը երկրի վրա (Մատթեոս 6։10)։ Այժմ տեսնենք, թե ինչպես է մյուս երեք հեծյալների ինքնությունն իմանալը օգնում մեզ համոզվելու, որ իրոք ապրում ենք «վերջին օրերում»։ Ի տարբերություն առաջին հեծյալի,  որը կոնկրետ անձնավորության էր ներկայացնում՝ մյուս երեք հեծյալները խորհրդանշում են համաշխարհային մասշտաբի իրադարձություններ և իրավիճակներ, որոնք ազդեցություն են թողնում մարդկային ողջ հասարակության վրա։

ՀՐԱԳՈՒՅՆ ՁԻՈՒ ՀԵԾՅԱԼԸ

«Եվ մեկ ուրիշը դուրս եկավ՝ մի հրագույն ձի, ու նրա վրա նստողին թույլ տրվեց խաղաղությունը վերցնել երկրից, որպեսզի մարդիկ իրար մորթեն, և մի մեծ սուր տրվեց նրան» (Հայտնություն 6։4

Այս ձիավորը խորհրդանշում է պատերազմ։ Նկատենք, որ նա խաղաղությունը վերցնում է ոչ թե մեկ կամ մի քանի ազգերից, այլ ամբողջ երկրից։ 1914 թ.-ին պատմության մեջ առաջին անգամ համաշխարհային պատերազմ բռնկվեց։ Դրան հաջորդեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, որը շատ ավելի կործանարար էր, քան առաջինը։ Որոշ հաշվարկների համաձայն՝ 1914 թ.-ից սկսած՝ պատերազմների և զինված ընդհարումների հետևանքով ընդհանուր առմամբ մահացել է ավելի քան 100 միլիոն մարդ։ Մեծ թվով մարդիկ էլ ծանր վիրավորվել են, ինչը լուրջ հետևանքներ է թողել նրանց ողջ կյանքի վրա։

Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր օրերի պատերազմների ու պատերազմական միջոցների մասին։ Պատմության մեջ առաջին անգամ մարդկանց կյանքը հայտնվել է շատ լուրջ սպառնալիքի տակ, քանի որ այսօր մարդկությունը, ըստ ամենայնի, ունակ է երկրի երեսից բնաջնջելու ողջ մարդկային ցեղը։ Նույնիսկ, այսպես կոչված, խաղաղարար կազմակերպությունները, ինչպիսին, օրինակ, Միավորված ազգերի կազմակերպությունն է, չեն կարողանում կանգնեցնել հրագույն ձիու հեծյալին։

ՍԵՎ ՁԻՈՒ ՀԵԾՅԱԼԸ

«Եվ տեսա մի սև ձի։ Նրա վրա նստողը կշեռք ուներ իր ձեռքում։ Եվ մի ձայն լսեցի, որ կարծես չորս կենդանի արարածների միջից լիներ, որն ասում էր. «Մի կապիճ ցորենը՝ մեկ դինար, երեք կապիճ գարին՝ մեկ դինար, իսկ ձիթապտղի յուղին և գինուն մի՛ վնասիր»» (Հայտնություն 6։5, 6

Սև ձիու հեծյալը խորհրդանշում է սով։ Տեսիլքում նկարագրվում է սննդի խիստ պակաս. սնունդն այնքան սուղ էր լինելու, որ մեկ կապիճ (0,7 կիլոգրամ) ցորենը արժենալու էր մեկ դինար, ինչը առաջին դարում մեկ օրվա աշխատավարձն էր (Մատթեոս 20։2)։ Նույնքան գումարով հնարավոր էր լինելու ձեռք բերել երեք կապիճ (2,1 կիլոգրամ) գարի, որը ցորենի համեմատությամբ ցածրակարգ հացահատիկային կուլտուրա էր համարվում։ Այդքան սնունդը հազիվ թե բավականացներ մեծ ընտանիքի։ Մարդկանց նաև զգուշացվում է, որ խնայողությամբ օգտագործեն նույնիսկ ամենօրյա սննդի մաս կազմող մթերքները, որոնք տեսիլքում ներկայացված են այն ժամանակվա հիմնական պարենամթերքներով՝ ձիթապտղի յուղով և գինով։

Արդյոք 1914 թ.-ից ի վեր տեղի ունեցած դեպքերը ցույց տալի՞ս են, որ սև ձիու հեծյալը արդեն սկսել է իր արշավանքը։ Այո՛։ 20-րդ դարում մոտ 70 միլիոն մարդ է մահացել սովի պատճառով։ Ըստ մի հեղինակավոր աղբյուրի՝ «2012–2014 թթ. ընթացքում 805 միլիոն մարդ՝ աշխարհի բնակչության գրեթե ինը հոգուց մեկը, տառապել է քրոնիկական թերսնումից»։ Մեկ այլ աղբյուրում նշվում է, որ «ամեն տարի սովը ավելի շատ կյանքեր է խլում, քան ՁԻԱՀ-ը, մալարիան և տուբերկուլյոզը միասին վերցրած»։ Եվ չնայած սոված մարդկանց սննդով ապահովելու բազում ջանքերին՝ սև ձիու հեծյալը շարունակում է իր կործանարար արշավանքը։

ԴԺԳՈՒՅՆ ՁԻՈՒ ՀԵԾՅԱԼԸ

«Ես տեսա մի դժգույն ձի, ու նրա վրա նստողի անունը Մահ էր։ Գերեզմանը գնում էր նրա հետևից։ Նրանց իշխանություն տրվեց երկրի չորրորդ մասի վրա, որպեսզի սպանեն երկար սրով, սովով, մահացու հիվանդություններով ու երկրի գազաններով» (Հայտնություն 6։8

Չորրորդ հեծյալը խորհրդանշում է մահ, որը վրա է հասնում մահացու հիվանդությունների և այլ աղետների պատճառով։ 1914 թ.-ից շատ չանցած՝ «իսպանկա» գրիպը տասնյակ միլիոնավոր մարդկանց կյանքեր խլեց։ Ըստ երևույթին, այս հիվանդությամբ վարակվել է մոտ 500 միլիոն մարդ, այսինքն՝ այն ժամանակվա բնակչության հաշվով՝ գրեթե ամեն երեք մարդուց մեկը։

Բայց «իսպանկան» միայն սկիզբն էր։ Մասնագետների հաշվարկներով՝ 20-րդ դարում ավելի քան 300 միլիոն մարդ մահացել է ծաղիկ հիվանդությունից։ Մինչ օրս միլիոնավոր մարդիկ են մահանում ՁԻԱՀ- ից, տուբերկուլյոզից և մալարիայից՝ չնայած բժշկության բնագավառում կատարված բազմաթիվ ուսումնասիրություններին։

 Լինի պատերազմ, սով, թե հիվանդություն՝ այդ ամենի հետևանքը նույնն է՝ մահ։ Գերեզմանը ագահորեն նորանոր զոհեր է կլանում, որ նրանց պահի իր կապանքներում։

ԼԱՎ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ

Ներկայիս դժվար օրերը շուտով կավարտվեն։ Երբ Հիսուսը 1914 թ.-ին «դուրս գնաց հաղթելով» և Սատանային գցեց երկրի վրա, այդ ժամանակ նա ավարտին չհասցրեց իր հաղթանակը (Հայտնություն 6։2; 12։9, 12)։ Շուտով՝ Արմագեդոնի ժամանակ, Հիսուսը կվերացնի Սատանայի ազդեցությունը և կկործանի բոլոր այն մարդկանց, ովքեր թիկունք են կանգնում նրան (Հայտնություն 20։1–3)։ Հիսուսը ոչ միայն կդադարեցնի մյուս երեք ձիավորների կործանարար արշավանքը, այլև կվերացնի նրանց պատճառած բոլոր վնասները։ Ինչպե՞ս։ Տեսնենք, թե ինչ է ասում այդ մասին Աստվածաշունչը։

Պատերազմներ այլևս չեն լինի. ամենուր խաղաղություն կտիրի։ Եհովան «կդադարեցնի պատերազմները մինչև երկրի ծայրերը. կփշրի աղեղը և կկոտրատի նիզակը» (Սաղմոս 46։9)։ Խաղաղասեր մարդիկ «անսահման կուրախանան խաղաղության առատությամբ» (Սաղմոս 37։11

Սովը կվերանա. բոլորը առատ սնունդ կունենան։ «Ցորենի առատություն կլինի երկրի վրա, նույնիսկ սարերի գլուխների վրա» (Սաղմոս 72։16

Հիսուսը շուտով կվերացնի մյուս երեք ձիավորների պատճառած վնասները

Հիվանդություններ և մահ այլևս չեն լինի։ Բոլոր մարդիկ կունենան կատարյալ առողջություն և հավիտենական կյանք։ Աստված «կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի» (Հայտնություն 21։4

Երբ Հիսուսը երկրի վրա էր, բազում հրաշալի գործեր արեց և դրանով ցույց տվեց, թե ինչ հիանալի պայմաններ են լինելու երկրի վրա իր իշխանության ներքո։ Նա սովորեցրեց խաղաղասեր լինել, հրաշքով կերակրեց հազարավորների, բուժեց հիվանդների և նույնիսկ հարություն տվեց մահացածների (Մատթեոս 12։15; 14։19–21; 26։52; Հովհաննես 11։43, 44

Եհովայի վկաները ուրախ կլինեն ձեր Աստվածաշնչով ցույց տալու ձեզ, թե ինչպես կարող եք պատրաստվել այն ժամանակին, երբ կավարտվի չորս ձիավորների արշավանքը։ Կուզեի՞ք նրանց օգնությամբ ավելին իմանալ։