Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  № 3 2017

Այս սեպագիր արձանագրության մեջ նշված է «Թաթանու» անունը

Եվս մեկ ապացույց

Եվս մեկ ապացույց

Արդյոք հնագիտական փաստերը թիկունք կանգնո՞ւմ են Աստվածաշնչում գրված տեղեկություններին։ 2014 թ.- ին հնագիտական մի հանդեսում այսպիսի հարց էր տրվում. «Եբրայերեն Գրություններում հիշատակված քանի՞ մարդու իրական անձ լինելն է հաստատվել հնագիտական փաստերով»։ Պատասխանն էր՝ «առնվազն 50» (Biblical Archaeology Review)։ Սակայն այդ ցուցակում չի ընդգրկվել մի մարդ, որի անունն է Թաթանա։ Ո՞վ էր նա։ Քննենք նրա մասին Աստվածաշնչում գրված կարճ տեղեկությունը։

Մի ժամանակ Երուսաղեմը հսկայական Պարսկական կայսրության մի մասն էր։ Այն տարածքը, որտեղ գտնվում էր քաղաքը, պարսիկները կոչում էին Գետի այն կողմ (Անդրգետք), այսինքն՝ Եփրատից դեպի արևմուտք։ Բաբելոնը գրավելուց հետո Պարսկական իշխանությունը ազատ արձակեց հրեա գերիներին և նրանց իրավունք տվեց վերակառուցելու Եհովայի տաճարը, որը գտնվում էր Երուսաղեմում (Եզրաս 1։1–4)։ Սակայն հրեաների թշնամիները ցանկանում էին խանգարել այդ նախագծի իրականացմանը, ուստի հրեաներին մեղադրեցին Պարսկաստանի դեմ ապստամբելու մեջ (Եզրաս 4։4–16)։ Դարեհ I-ի կառավարման տարիներին (մ. թ. ա. 522–486 թթ.) այդ հարցի վերաբերյալ քննություն կատարեց Թաթանա անունով մի պարսիկ պաշտոնյա։ Աստվածաշունչը նրան անվանում է «Գետի այն կողմի կառավարիչ» (Եզրաս 5։3–7

Հայտնաբերվել են մի քանի սեպագիր արձանագրություններ, որոնցում նշված է Թաթանայի անունը։ Դրանք, հավանաբար, ընտանեկան արխիվի մաս են կազմել։ Այդ ընտանիքի անդամներից մեկի հետ կապված սեպագիր արձանագրությունը, որտեղ նշված է աստվածաշնչյան կերպարի անունը, մի պարտամուրհակ է՝ թվագրված Դարեհ I-ի կառավարման 20-րդ տարով (մ. թ. ա. 502 թ.)։ Այնտեղ նշվում է, որ գործարքի վկաներից մեկը «Թաթանուի՝ Անդրգետքի կառավարչի» ծառան է։ Թաթանուն նույն ինքը Թաթանան է, որի մասին նշվում է Աստվածաշնչի «Եզրաս» գրքում։

Ի՞նչ դիրք ուներ այս մարդը։ Մ. թ. ա. 535 թ.-ին Կյուրոս Մեծը իր տիրապետության տակ գտնվող տարածքները բաժանեց սատրապությունների։ Դրանցից մեկը կոչվում էր Բաբելոն և Անդրգետք։ Այդ սատրապությունը հետագայում բաժանվեց երկու մասի, որոնցից մեկը կոչվեց պարզապես Անդրգետք։ Այն ներառում էր Սամարիան, Հուդան, Փյունիկիան ու Կելեսիրիան և հավանաբար կառավարվում էր Դամասկոսից։ Մ. թ. ա. մոտ 520–502 թթ.- ին այս տարածքը ղեկավարել է Թաթանան։

Թաթանան գնաց Երուսաղեմ, որ քննի հրեաների դեմ ուղղված մեղադրանքը։ Նա Դարեհին տեղեկացրեց, որ հրեաները ասում են, թե Կյուրոսից թույլտվություն են ստացել Եհովայի տաճարը վերակառուցելու համար։ Դրա հետ կապված փնտրտուքներ արեցին արքունական արձանագրությունների մեջ և գտան մի հուշագիր, որը հաստատում էր հրեաների ասածը (Եզրաս 5։6, 7, 11–13; 6։1–3)։ Ուստի թագավորը Թաթանային կարգադրեց չխանգարել շինարարական աշխատանքներին, և վերջինս հնազանդվեց հրամանին (Եզրաս 6։6, 7, 13

Ինչ խոսք, «Գետի այն կողմի կառավարիչ Թաթանան» պատմության մեջ որևէ նշանակալից դեր չի խաղացել։ Սակայն ուշագրավ է, որ Աստվածաշնչում հիշատակվում է նրա մասին և նույնիսկ նշվում է հենց այն տիտղոսը, որը նա կրել է։ Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ հնագիտական փաստերը միշտ թիկունք են կանգնում Աստվածաշնչին և հաստատում այդ գրքի պատմական ճշգրտությունը։

Իմացիր ավելին

ԲԱՐԻ ԼՈՒՐ ԱՍՏԾՈՒՑ

Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Աստվածաշունչը ճշգրիտ է

Եթե Աստվածաշնչի հեղինակն Աստված է, ուրեմն այն պետք է որ ոչ մի ուրիշ գրքի նման չլինի։

ԴԻՏԱՐԱՆ

Պատմություն, որն արժե իմանալ

Ոչ մի ուրիշ գիրք դարեր շարունակ այդքան մեծ դեր չի ունեցել բազմաթիվ մարդկանց համոզմունքների ձևավորման հարցում, որքան Աստվածաշունչը։ Բայց արժե՞ վստահել այս գրքին։