Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  № 1 2017

Ինչու է կարևոր ճիշտ հասկանալ Աստվածաշունչը

Ինչու է կարևոր ճիշտ հասկանալ Աստվածաշունչը

Փոքրիկ աղջիկը տեսավ գործարանի ծխնելույզից դուրս եկող ծուխը, որը վեր էր բարձրանում ամպի քուլաների պես, և կարծեց, թե գործարանը ամպեր է արտադրում։ Երեխայի այս սխալ պատկերացումը կարող է ծիծաղաշարժ թվալ։ Բայց կան կարևոր բաներ, որոնք եթե սխալ հասկանանք, դա վատ կանդրադառնա մեր կյանքի վրա։ Օրինակ՝ դեղամիջոցի օգտագործման հրահանգները սխալ հասկանալու դեպքում գուցե ծանր հետևանքներ կրենք։

Իսկ հոգևոր հարցերի վերաբերյալ սխալ պատկերացումներ ունենալը կարող է շատ ավելի լուրջ հետևանքների հանգեցնել։ Օրինակ՝ առաջին դարում ոմանք սխալ հասկացան Հիսուսի սովորեցրած որոշ բաներ (Հովհաննես 6։48–68)։ Իրենց հասկացածը ճշտելու փոխարեն՝ այդ մարդիկ մերժեցին այն ամենը, ինչ սովորեցնում էր Հիսուսը։ Որքա՜ն բան կորցրին նրանք։

Եթե ընթերցում եք Աստվածաշունչը և առաջնորդվում դրանով, դա շատ գովելի է։ Բայց հնարավո՞ր է, որ կարդալիս ինչ-որ բան սխալ հասկանաք։ Շատերն են նման իրավիճակում հայտնվում։ Նկատի առնենք աստվածաշնչյան երեք հատված, որոնք հաճախ սխալ են հասկացվում։

  • Որոշ մարդիկ սխալ են հասկանում աստվածաշնչյան հետևյալ պատվերը. «Վախեցիր ճշմարիտ Աստծուց»։ Նրանք կարծում են, թե խոսքը հիվանդագին վախի մասին է (Ժողովող 12։13)։ Բայց Աստված չի ցանկանում, որ իրեն երկրպագողները այդպիսի վախ ունենան իր հանդեպ։ Նա ասում է. «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ։ Խուճապի մի՛ մատնվիր, որովհետև ես քո Աստվածն եմ, ես կամրացնեմ ու կօգնեմ քեզ» (Եսայիա 41։10)։ Աստծուց վախենալ նշանակում է ակնածանք՝ խոր հարգանք, տածել նրա հանդեպ։

  • Արդյո՞ք Երկիրը այրվելու է

    Ոմանք էլ սխալ են հասկանում հետևյալ խոսքերը. «Ամեն ինչ իր ժամանակն ունի.... [կա] ծնվելու ժամանակ և մահանալու ժամանակ»։ Այս խոսքերից նրանք եզրակացնում են, որ Աստված կանխորոշել է, թե յուրաքանչյուր մարդ երբ պիտի մահանա (Ժողովող 3։1, 2)։ Սակայն այս համարը պարզապես խոսում է կյանքի ընթացքի մասին և ընդգծում այն միտքը, որ բոլոր մարդիկ էլ ի վերջո մահանում են։ Աստվածաշունչը նաև ցույց է տալիս, որ մեր որոշումները կարող են անդրադառնալ այն բանի վրա, թե որքան երկար կապրենք։ Այնտեղ կարդում ենք. «Եհովայի հանդեպ վախը օրեր կավելացնի» (Առակներ 10։27; Սաղմոս 90։10; Եսայիա 55։3)։ Ինչպե՞ս։ Օրինակ՝ Աստծու Խոսքի հանդեպ հարգանքը մարդուն մղում է հեռու մնալու առողջությանը վնաս հասցնող այնպիսի բաներից, ինչպիսիք են հարբեցողությունն ու անբարոյությունը (1 Կորնթացիներ 6։9, 10

  • Ոմանք բառացի են հասկանում Աստվածաշնչի այն խոսքերը, որ երկինքն ու երկիրը «պահվում են կրակի համար»՝ մտածելով, թե Աստված կործանելու է մեր մոլորակը (2 Պետրոս 3։7)։ Սակայն մեր Արարիչը խոստանում է, որ երբեք թույլ չի տա՝ երկրագունդը ոչնչանա։ Նա «երկիրը հաստատել է ամուր հիմքերի վրա. այն հավիտյանս հավիտենից չի սասանվի» (Սաղմոս 104։5; Եսայիա 45։18)։ Ուստի ոչ թե մեր մոլորակն է վերանալու, այլ այս աշխարհի չար համակարգը։ Այն կործանվելու է ընդմիշտ, ասես կրակով։ Վերը նշված համարում «երկինք» բառը չի վերաբերում երկնակամարին, տիեզերքին կամ Աստծու բնակավայրին, որոնք երբեք չեն կործանվելու։

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՄԱՐԴԻԿ ՍԽԱԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Ինչպես երևում է բերված օրինակներից, մարդիկ հաճախ սխալ են հասկանում Աստվածաշնչի որոշ հատվածներ։ Բայց ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որ այդպես լինի։ Ոմանք գուցե մտածեն. «Եթե Աստված ամենագետ է և իմաստուն, ինչո՞ւ նա մարդկանց այնպիսի գիրք չի տվել, որ բոլորը այն հեշտությամբ հասկանան»։ Նկատի առնենք երեք պատճառ, թե ինչու Աստվածաշունչը հաճախ սխալ են հասկանում։

  1. Աստվածաշունչը այնպես է գրված, որ այն հասկանան միայն խոնարհ մարդիկ, որոնք պատրաստ են սովորելու։ Մի անգամ Հիսուսն ասաց իր Հորը. «Բոլորի առաջ գովաբանում եմ քեզ, Հա՛յր, երկնքի և երկրի  Տե՛ր, որովհետև այս բաները իմաստուններից ու գիտուններից թաքցրիր և մանուկներին հայտնեցիր» (Ղուկաս 10։21)։ Աստվածաշունչը այնպես է գրված, որ այն հասկանան միայն ճիշտ տրամադրվածություն ունեցող մարդիկ։ Հպարտությունը, որը բնորոշ է հիմնականում «իմաստուններին ու գիտուններին», խանգարում է հասկանալ Աստծու Խոսքը։ Սակայն նրանք, ովքեր «մանուկների» տրամադրվածությամբ են կարդում Սուրբ Գիրքը, ովքեր խոնարհ են և փափագում են սովորել, այն ավելի լավ են հասկանում։ Ի՜նչ իմաստուն կերպով է Աստված գրել տվել իր Խոսքը։

  2. Աստվածաշունչը ուղղված է այն մարդկանց, ովքեր սրտանց ցանկանում են, որ Աստված օգնի իրենց հասկանալու այն։ Հիսուսն ընդգծեց այն միտքը, որ մարդիկ օգնության կարիք էին ունենալու իր սովորեցրած բաները լիովին հասկանալու համար։ Ի՞նչ օգնության մասին էր նա խոսում։ Հիսուսն ասաց. «Օգնականը՝ սուրբ ոգին, որ Հայրը կուղարկի իմ անունով, նա ամեն բան կսովորեցնի ձեզ» (Հովհաննես 14։26)։ Փաստորեն, Աստված իր սուրբ ոգու՝ իր հզոր գործուն ուժի միջոցով մարդկանց օգնում է հասկանալու Աստվածաշունչը։ Սակայն նա իր ոգին չի տալիս այն անհատներին, ովքեր իրենից օգնություն չեն խնդրում։ Այդ պատճառով Աստվածաշունչը նրանց հաճախ անհասկանալի է թվում։ Սուրբ ոգին նաև մղում է աստվածաշնչյան ավելի շատ գիտելիքներ ունեցող քրիստոնյաներին օգնելու նրանց, ովքեր ցանկանում են ավելի լավ հասկանալ Աստծու Խոսքը (Գործեր 8։26–35

  3. Աստվածաշնչի որոշ հատվածներ հնարավոր է հասկանալ միայն Աստծու որոշած ժամանակին։ Օրինակ՝ Դանիել մարգարեին ասվեց, որ ապագայի վերաբերյալ մարգարեություն գրի առնի։ Հրեշտակը նրան ասաց. «Ո՛վ Դանիել, այս խոսքերը գաղտնի պահիր և կնքիր գիրքը մինչև վերջի ժամանակը»։ Դարեր շարունակ մարդիկ կարդացել են «Դանիել» գիրքը, բայց չեն հասկացել այն։ Նույնիսկ Դանիելը իր գրած որոշ բաներ չէր հասկանում։ Նա խոնարհաբար խոստովանեց. «Ես լսեցի, բայց չհասկացա»։ Ի վերջո մարդիկ հասկանալու էին Դանիելին տրված մարգարեությունը, բայց միայն Աստծու որոշած ժամանակին։ Հրեշտակն ասաց. «Գնա՛, Դանիե՛լ, քանի որ այդ խոսքերը գաղտնի են պահված ու կնքված են մինչև վերջի ժամանակը»։ Իսկ ովքե՞ր էին հասկանալու Աստծու խոսքերը։ Աստվածաշնչում ասվում է. «Ոչ մի ամբարիշտ չի հասկանա, բայց հասկացողություն ունեցողները կհասկանան» (Դանիել 12։4, 8–10)։ Այսպիսով՝ Սուրբ Գրքի որոշ հատվածների իմաստը Աստված հայտնում է միայն իր որոշած ժամանակին։

Իսկ եղե՞լ է այնպես, որ Եհովայի վկաները Աստվածաշունչը սխալ են հասկացել այն պատճառով, որ դեռ չէր եկել Աստծու որոշած ժամանակը։ Այո՛։ Բայց երբ եկել է այդ ժամանակը, և Աստված ամեն բան հստակեցրել է, Վկաները պատրաստակամորեն շտկել են իրենց հասկացողությունը։ Այդպես վարվելով՝ նրանք ձգտում են ընդօրինակել Քրիստոսի առաքյալներին, ովքեր խոնարհաբար փոխում էին իրենց մտածելակերպը, երբ Հիսուսը ուղղում էր նրանց (Գործեր 1։6, 7

Վերադառնանք հոդվածի սկզբում նշված աղջկա օրինակին։ Նա սխալ էր հասկացել, թե ինչպես են առաջանում ամպերը, բայց դա էական հարց չէր։ Մինչդեռ Աստվածաշնչի հայտնած լուրը կենսական նշանակություն ունի, ուստի անչափ կարևոր է, որ այն ճիշտ հասկանանք։ Սակայն դա դժվար է անել՝ ինքնուրույն կարդալով այդ գիրքը։ Մենք աջակցության կարիք ունենք։ Հետևաբար մի՛ վարանեք օգնություն խնդրել։ Գտեք նրանց, ովքեր Աստվածաշունչն ուսումնասիրում են խոնարհ սրտով, այն հասկանալու համար Աստծու սուրբ ոգուն են ապավինում և համոզված են, որ այժմ ապրում ենք պատմության այն ժամանակաշրջանում, երբ Աստված շատ է ուզում, որ հասկանանք իր Խոսքը։ Մի՛ հապաղեք զրուցել Եհովայի վկաների հետ կամ jw.org/hy կայքում կարդալ այն նյութերը, որոնք լույս են տեսնում Սուրբ Գրքի վերաբերյալ նրանց կատարած մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում։ Աստվածաշունչը խոստանում է. «Եթե կանչես հասկացողությանը.... Աստծու մասին գիտելիքներ կգտնես» (Առակներ 2։3–5

Իմացիր ավելին

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

Աստվածաշնչում հակասություններ չկա՞ն

Քննեք աստվածաշնչյան որոշ թվացյալ հակասություններ և իմացեք, թե որ մեթոդները կօգնեն ձեզ պարզաբանելու դրանք։