Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ № 1 2017

 ԸՆԴՕՐԻՆԱԿԵՔ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՏԸԵՆՈՔ | ԵՆՈՔ

Նա «հաճեցրեց Աստծուն»

Նա «հաճեցրեց Աստծուն»

ԵՆՈՔԸ մոտ 365 տարեկան էր։ Եթե համեմատենք մեր օրերում ապրող մարդու կյանքի առավելագույն տևողության հետ, Ենոքը չորս կյանքից էլ շատ էր ապրել։ Մեզ գուցե դժվար է դա պատկերացնել, բայց իր ժամանակների չափանիշներով նա ծեր չէր։ Հնում՝ ավելի քան 50 դար առաջ, մարդիկ մեզնից անհամեմատ երկար էին ապրում։ Առաջին մարդը՝ Ադամը, ավելի քան վեց հարյուր տարեկան էր, երբ ծնվեց Ենոքը, և դեռ երեք դար էլ ապրեց։ Ադամի հետնորդներից ոմանք նույնիսկ նրանից երկար ապրեցին։ Ուստի 365 տարեկանում Ենոքը թերևս առույգ մարդ էր։ Թվում էր, թե նրա կյանքի մեծ մասը դեռ առջևում էր, բայց իրականությունն այլ էր։

Ենոքին, հավանաբար, մեծ վտանգ էր սպառնում։ Պատկերացրու, թե նա ինչպես էր փախչում իրեն հետապնդողներից։ Նրա մտքից դուրս չէր գալիս, թե այդ մարդիկ ինչպես էին արձագանքել, երբ նրանց հայտնել էր Աստծու խոսքերը։ Նա հիշում էր, թե ինչպես էին նրանց դեմքերը կատաղությունից այլայլվել։ Այդ մարդիկ ատելությամբ էին լցված Ենոքի նկատմամբ։ Նրանք քամահրանքով էին վերաբերվում նրա խոսքերին և ատելով ատում էին այն Աստծուն, ով ուղարկել էր նրան։ Ճիշտ է, Ենոքի թշնամիները ոչինչ չէին կարող անել նրա Աստծու՝ Եհովայի դեմ, բայց Ենոքին կարող էին վնաս հասցնել։ Հնարավոր է՝ այդ պահին նա մտածում էր, թե արդյոք նորից կտեսնի իր ընտանիքին։ Գուցե մտածում էր իր կնոջ, դստեր, որդու՝ Մաթուսաղայի կամ թոռան՝ Ղամեքի մասին (Ծննդոց 5։21–23, 25)։ Մի՞թե դա իր կյանքի վախճանն էր։

Աստվածաշունչը Ենոքի մասին շատ քիչ տեղեկություններ է հայտնում։ Միայն երեք կարճ հատվածներից ենք նրա մասին ինչ-որ բան իմանում (Ծննդոց 5։21–24; Եբրայեցիներ 11։5; Հուդա 14, 15)։ Սակայն այդ հատվածները խճանկարի կտորների պես մի ամբողջական պատկեր են ստեղծում՝ բացահայտելով այդ մարդու մեծ հավատը։ Եթե ընտանիքին հոգ տանելու պարտականությունը քո ուսերին է դրված կամ ստիպված ես պայքարել ճիշտն անելու համար, ապա Ենոքի հավատի մասին կարդալով՝ կարող ես շատ բան սովորել։

«ԵՆՈՔԸ ՇԱՐՈՒՆԱԿ ՔԱՅԼՈՒՄ ԷՐ ՃՇՄԱՐԻՏ ԱՍՏԾՈՒ ՀԵՏ»

Ենոքի օրերում մարդիկ չար էին ու ապականված։ Այդ սերունդը, Ադամից սկսած, յոթերորդն էր։ Ինչ խոսք, այդ ժամանակ մարդիկ շատ երկար էին ապրում, քանի որ ավելի մոտ էին այն ֆիզիկական կատարելությանը, որ կորցրել էին Ադամն ու Եվան։ Սակայն բարոյապես և հոգևորապես նրանք ահավոր վիճակում էին։ Ամենուրեք բռնություն էր տիրում։ Այդ վիճակը սկիզբ էր առել դեռևս երկրորդ սերնդի ժամանակներում, երբ Կայենը սպանել էր իր եղբայր Աբելին։ Կայենի հետնորդներից մեկն էլ պարծենում էր, որ նրանից ավելի բռնի է և չարամիտ։ Երրորդ սերնդի ժամանակներում մի նոր չարիք ի հայտ եկավ։ Մարդիկ սկսեցին կանչել Եհովայի անունը, բայց դա չէին անում նրան ակնածալից ձևով երկրպագություն մատուցելու համար։ Նրանք, ըստ երևույթին, անհարգալից կերպով էին գործածում Աստծու սուրբ անունը և հայհոյում էին այն (Ծննդոց 4։8, 23–26

Այդ պիղծ երկրպագությունը լայնորեն տարածված էր Ենոքի ժամանակներում։ Նա կանգնած էր ընտրության առաջ. գնալ մեծամասնության հետևի՞ց, թե՞ փնտրել ճշմարիտ Աստծուն՝ Եհովային՝ երկնքի ու երկրի Արարչին։ Նրան թերևս շատ էր տպավորել Աբելի մասին պատմությունը, որը նահատակվել էր այն պատճառով, որ Եհովային երկրպագում էր նրան հաճելի ձևով։ Ենոքը որոշեց նույն ուղին ընտրել։ Ծննդոց 5։22-ում ասվում է. «Ենոքը շարունակեց  քայլել ճշմարիտ Աստծու հետ»։ Այս ուշագրավ խոսքերը ցույց են տալիս, որ անաստված աշխարհում Ենոքը աստվածավախ մարդ էր։ Նա առաջին մարդն է, որին Աստվածաշունչը այսպես է բնութագրում։

Համարում ասվում է, որ Ենոքը շարունակեց քայլել Աստծու հետ իր որդուն՝ Մաթուսաղային, ունենալուց հետո։ Այսպիսով՝ մոտ 65 տարեկան հասակում Ենոքը մեզ ներկայանում է որպես ընտանիքի տեր մարդ։ Նա ուներ կին, որի անունը Աստվածաշնչում նշված չէ, և «որդիներ ու աղջիկներ», որոնց թիվը հայտնի չէ։ Այն հայրերը, որոնք ուզում են քայլել Աստծու հետ, պետք է իրենց ընտանիքի մասին հոգ տանեն՝ առաջնորդվելով Աստծու սկզբունքներով։ Ուստի Ենոքը գիտակցում էր, որ Եհովան իրենից ակնկալում է հավատարիմ մնալ իր կնոջը (Ծննդոց 2։24)։ Նա նաև ամեն ինչ անում էր, որ իր երեխաներին սովորեցներ Եհովա Աստծու մասին։ Ի՞նչ եղավ արդյունքը։

Դրա վերաբերյալ Աստվածաշունչը մանրամասներ չի հայտնում։ Այնտեղ չի խոսվում Ենոքի որդու՝ Մաթուսաղայի հավատի մասին, որը, աստվածաշնչյան արձանագրության համաձայն, ամենաերկար ապրած մարդն է. նա մահացել է Ջրհեղեղի տարում։ Մաթուսաղան մի որդի ունեցավ, որի անունը Ղամեք դրեց։ Ղամեքը ավելի քան հարյուր տարեկան էր, երբ նրա պապ Ենոքը մահացավ։ Մեծանալով՝ Ղամեքը աչքի ընկնող հավատ դրսևորեց։ Եհովան ներշնչեց նրան, որ մարգարեանա իր որդու՝ Նոյի մասին։ Այդ մարգարեությունը կատարվեց Ջրհեղեղից հետո։ Նոյը իր նախապապ Ենոքի պես՝ քայլում էր Աստծու հետ։ Նա երբեք չէր տեսել Ենոքին։ Բայց Ենոքը հարուստ ժառանգություն էր թողել նրան։ Հնարավոր է՝ Նոյը այդ մասին իմացավ իր հորից՝ Ղամեքից, կամ պապից՝ Մաթուսաղայից, կամ էլ գուցե նույնիսկ Հարեդից՝ Ենոքի հորից, որը մահացավ, երբ Նոյը 366 տարեկան էր (Ծննդոց 5։25–29; 6։9; 9։1

Այժմ տեսնենք, թե Ենոքը ինչով էր տարբերվում Ադամից։ Թեև Ադամը կատարյալ էր, բայց ըմբոստացավ Եհովայի դեմ, և նրա հետնորդները մեղսածին ընթացք բռնեցին։ Նա մարդկանց որպես ժառանգություն թողեց տառապանքը։ Իսկ Ենոքը, թեև անկատար էր, քայլեց Աստծու հետ և իր հետնորդներին որպես ժառանգություն թողեց իր հավատի օրինակը։ Ադամը մահացավ, երբ Ենոքը 308 տարեկան էր։ Արդյո՞ք Ադամի ընտանիքի անդամները սգացին իրենց եսասեր նախահոր մահը։ Չգիտենք։ Ինչևէ, Ենոքը «շարունակ քայլում էր ճշմարիտ Աստծու հետ» (Ծննդոց 5։24

Եթե ընտանիքին հոգ տանելու պարտականությունը քո ուսերին է դրված, ապա Ենոքի հավատի օրինակը քեզ շատ բան կարող է սովորեցնել։ Թեև շատ կարևոր է հոգալ ընտանիքի ֆիզիկական կարիքները, սակայն ամենից կարևորը հոգևոր կարիքների մասին հոգալն է (1 Տիմոթեոս 5։8)։ Դա հարկավոր է անել ոչ միայն խոսքով, այլև գործով։ Եթե Ենոքի պես քայլես Աստծու հետ՝ կյանքում առաջնորդվելով Աստծու չափանիշներով, ապա դու նույնպես քո ընտանիքի անդամներին հարուստ ժառանգություն կթողնես՝ քո լավ օրինակը։

ԵՆՈՔԸ «ՆՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՄԱՐԳԱՐԵԱՑԱՎ»

Որպես հավատի տեր մարդ՝ Ենոքը գուցե այնպիսի զգացում ուներ, թե այդ անհավատ աշխարհում մենակ է։ Բայց Եհովան տեսնում էր նրա հավատարմությունը։ Օրերից մի օր Եհովան իր հավատարիմ ծառային մի լուր հայտնեց, որը նա պետք է հաղորդեր մարդկանց։ Այդպիսով Ենոքը դարձավ մարգարե՝ առաջինը, ում մարգարեական խոսքերը գրվեցին Աստվածաշնչում։ Այդ մարգարեությունը մեզ հայտնի է շնորհիվ այն բանի, որ դարեր անց Հիսուսի  եղբայր Հուդան Աստծու ներշնչմամբ գրի առավ Ենոքի խոսքերը։ *

Ինչի՞ մասին էր մարգարեացել Ենոքը։ Նա ասել էր. «Ահա Եհովան եկավ իր բյուրավոր սուրբ հրեշտակներով, որպեսզի դատաստան տեսնի բոլորի հետ և դատապարտի բոլոր անաստվածներին իրենց աստվածամերժ գործերի և բոլոր այն սարսափելի խոսքերի համար, որ անաստված մեղավորները խոսեցին նրա դեմ» (Հուդա 14, 15)։ Հատկանշական է, որ այս համարներում Ենոքը խոսում է անցյալ ժամանակով, ասես Աստված արդեն իրագործել է այն, ինչ ասվում է մարգարեության մեջ։ Աստվածաշնչում ուրիշ մարգարեություններ էլ կան, որ գրվել են նույն ոճով։ Այս ոճը գործածելով՝ մարգարեն խոսում է մի բանի մասին, որն այնքան հաստատ է, որ այն կարելի է ներկայացնել որպես արդեն կատարված բան (Եսայիա 46։10

Ենոքը Աստծու լուրը քաջաբար հայտնում էր թշնամաբար տրամադրված մարդկանց

Պատկերացրու՝ ինչ էր զգում Ենոքը, երբ հայտնում էր այդ լուրը։ Նկատիր, թե ինչ ազդեցիկ էր այդ նախազգուշացումը. Ենոքը գործածում էր այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «անաստվածներ», «աստվածամերժ գործեր» և «անաստված մեղավորներ»՝ դատապարտելով մարդկանց ու նրանց գործերը։ Այդ մարգարեությամբ նա բոլոր մարդկանց ցույց էր տալիս, որ Եդեմից արտաքսվելուց հետո նրանց կառուցած աշխարհը ամբողջությամբ ապականված էր։ Նա զգուշացնում էր, որ այդ աշխարհի վերջը վրա էր հասնելու այն ժամանակ, երբ Եհովան գար «իր բյուրավոր սուրբ հրեշտակներով»՝ զորավոր հրեշտակների լեգեոններով՝ կործանելու չար մարդկանց։ Ենոքը խիզախորեն հայտնում էր Աստծու նախազգուշացումը և դա անում էր մենակ։ Հնարավոր է՝ երիտասարդ Ղամեքը հիանում էր իր պապի քաջությամբ, և հասկանալի է, թե ինչու։

Ենոքը իր հավատի շնորհիվ աշխարհին նայում էր Աստծու աչքերով։ Թող նրա օրինակը մղի մեզ նույնն անելու։ Այն դատավճիռը, որ խիզախորեն հռչակում էր Ենոքը, դեռ ուժի մեջ է. այն վերաբերում է թե՛ Ենոքի օրերի, թե՛ այսօրվա աշխարհին։ Ենոքի մարգարեությունը կատարվեց այն ժամանակ, երբ Եհովան Ջրհեղեղ բերեց Նոյի օրերի անաստված աշխարհի վրա։ Սակայն այդ կործանումը նախապատկերն է այն կործանման, որը պետք է վրա հասնի ավելի մեծ մասշտաբով (Մատթեոս 24։38, 39; 2 Պետրոս 2։4–6)։ Այսօր էլ Աստված պատրաստ է գալու իր բյուրավոր սուրբ հրեշտակներով, որ արդարությամբ դատի այս անաստված աշխարհը։ Ուստի մենք պետք է ականջ դնենք Ենոքի նախազգուշացմանը և այն հայտնենք ուրիշներին։ Գուցե մեր ընտանիքի անդամներն ու ընկերները մեր կողմը չբռնեն։ Գուցե երբեմն զգանք, որ մենակ ենք։ Սակայն Եհովան, որը երբեք չլքեց Ենոքին, այսօր էլ չի լքի իր հավատարիմ ծառաներին։

«ՓՈԽԱԴՐՎԵՑ, ՈՐՊԵՍԶԻ ՄԱՀ ՉՏԵՍՆԻ»

Ինչպե՞ս մահացավ Ենոքը։ Նրա մահվան մասին ավելի քիչ բան գիտենք, քան կյանքի մասին։ Ենոքի մահը առեղծվածային էր։ «Ծննդոց» գրքում պարզապես ասվում է. «Ենոքը շարունակ քայլում էր ճշմարիտ Աստծու հետ։ Իսկ հետո նրան այլևս ոչ ոք չտեսավ, քանի որ Աստված վերցրեց նրան» (Ծննդոց 5։24)։ Ի՞նչ իմաստով Աստված վերցրեց Ենոքին։ Պողոս առաքյալը բացատրում է. «Հավատով Ենոքը փոխադրվեց, որպեսզի մահ չտեսնի, և նրան ոչ մի տեղ չգտան, որովհետև Աստված փոխադրել էր նրան, քանի որ նախքան դա նա վկայություն էր ստացել, որ հաճեցրել է Աստծուն» (Եբրայեցիներ 11։5)։ Ի՞նչ նկատի ուներ Պողոսը՝ ասելով, որ Ենոքը «փոխադրվեց, որպեսզի մահ չտեսնի»։ Աստվածաշնչի որոշ թարգմանություններում ասվում է, թե Աստված նրան տարավ երկինք։ Սակայն դա անհնար է, քանի որ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Հիսուս Քրիստոսը առաջինն էր, ով, հարություն առնելով, գնաց երկինք (Հովհաննես 3։13

Այդ դեպքում ինչպե՞ս հասկանանք այն խոսքերը, թե Ենոքը «փոխադրվեց» և «մահ չտեսավ»։ Հավանաբար, Եհովան խաղաղ մահով քնեցրեց Ենոքին՝ չթողնելով, որ նա դաժանորեն սպանվի թշնամիների ձեռքով։  Բայց մինչ այդ Ենոքը «վկայություն ստացավ, որ հաճեցրել է Աստծուն»։ Ինչպե՞ս։ Հնարավոր է՝ մահանալուց առաջ նա տեսիլք ստացավ Աստծուց, և այդ տեսիլքում գուցե նրան ցույց տրվեց դրախտ-երկիրը։ Եհովայի հավանության վառ ապացույցն աչքերի առաջ՝ Ենոքը ննջեց մահվան քնով։ Գրելով Ենոքի և ուրիշ հավատարիմ տղամարդկանց ու կանանց մասին՝ Պողոս առաքյալը նշեց. «Նրանք բոլորը մինչև մահ հավատարիմ մնացին» (Եբրայեցիներ 11։13)։ Ենոքի մահից հետո նրա թշնամիները հավանաբար փնտրեցին նրա մարմինը, սակայն «ոչ մի տեղ չգտան»։ Հնարավոր է՝ Եհովան այնպես արեց, որ նրա մարմինն անհետանա, և այդպիսով թույլ չտվեց, որ այն պղծեն կամ օգտագործեն կեղծ երկրպագության համար։ *

Աստվածաշնչի հայտնած տեղեկություններն ի մտի ունենալով՝ փորձենք պատկերացնել Ենոքի կյանքի վերջին րոպեները։ Հնարավոր է՝ դեպքերը զարգացել են հետևյալ կերպ։ Ենոքը փախչում էր, բայց արդեն ուժասպառ էր լինում։ Նրան հետապնդողները փնտրում էին նրան. լսելով դատաստանի մասին նրա հայտնած լուրը՝ նրանք կատաղությամբ էին լցվել։ Ենոքը մի տեղ գտավ, որ թաքնվի ու մի փոքր հանգիստ առնի։ Բայց նա գիտեր, որ չէր կարող երկար ժամանակ թաքնված մնալ։ Նրան դաժան մահ էր սպառնում, և ուր որ է այն վրա էր հասնելու։ Իր պատսպարանից նա սկսեց աղոթել Աստծուն։ Եվ այդ ժամանակ նրա վրա աննկարագրելի անդորր իջավ։ Իրական թվացող տեսիլքը նրան տարավ հեռուները։

Ենոքին, հավանաբար, դաժան մահ էր սպառնում, ուստի Եհովան վերցրեց նրան

Պատկերացրու, թե ինչ տեսարան բացվեց Ենոքի առաջ. նա տեսավ մի աշխարհ, որը լիովին տարբերվում էր իր իմացած աշխարհից։ Այն Եդեմի պարտեզի պես գեղեցիկ էր, բայց մի տարբերությամբ. քերովբեները չէին պահպանում դրա մուտքը, և մարդիկ հանգիստ կարող էին մտնել այնտեղ։ Ենոքը տեսավ բազմաթիվ տղամարդկանց ու կանանց, որոնք բոլորն էլ կատարյալ առողջություն ունեին, երիտասարդ էին ու կայտառ։ Ամենուրեք խաղաղություն էր տիրում։ Այնտեղ չկար ատելություն և կրոնական հալածանք, որոնց նա քաջածանոթ էր։ Այդ պահին Ենոքը զգաց, որ Եհովան իր կողքին է, զգաց նրա սերն ու հավանությունը։ Նա վստահությամբ լցվեց, որ այդ աշխարհում է ապրելու, որ դա է իր հարազատ տունը։ Սրտում լիակատար խաղաղություն զգալով՝ Ենոքը փակեց աչքերը և աստիճանաբար ընկղմվեց աներազ խոր քնի մեջ։

Առայսօր նա մահվան խոր քնի մեջ է, բայց Եհովա Աստված նրան պահում է ամենաապահով վայրում՝ իր անսահման հիշողության մեջ։ Ինչպես խոստացել է Հիսուսը, կգա այն օրը, երբ բոլոր նրանք, ովքեր Աստծու հիշողության մեջ են, կլսեն Քրիստոսի ձայնը և դուրս կգան գերեզմանից. նրանք իրենց աչքերը կբացեն գեղեցիկ ու խաղաղ նոր աշխարհում (Հովհաննես 5։28, 29

Կցանկանա՞ս այնտեղ լինել։ Պատկերացրու՝ Ենոքին հանդիպելը ի՜նչ հուզիչ կլինի։ Մտածիր, թե ինչ հետաքրքիր բաներ կարող ենք իմանալ նրանից։ Նա կարող է ասել, թե արդյոք իր կյանքի վերջին րոպեների մասին մեր ունեցած պատկերացումները մոտ են իրականությանը։ Բայց մինչ այդ կա մի բան, որ հենց այսօր պետք է սովորենք նրանից։ Ենոքի մասին խոսելուց հետո Պողոսն ասաց. «Առանց հավատի՝ հնարավոր չէ հաճեցնել Աստծուն» (Եբրայեցիներ 11։6)։ Ուստի որքա՜ն կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրն ընդօրինակի այս քաջ մարդու՝ Ենոքի հավատը։

^ պարբ. 14 Որոշ աստվածաշնչագետներ պնդում են, թե Հուդան մեջբերում է արել մի պարականոն աշխատությունից, որը կոչվում է «Ենոքի գիրք»։ Սակայն այդ գիրքը անհայտ ծագում ունեցող աշխատություն է՝ երևակայության արդյունք, որը սխալմամբ վերագրվում է Ենոքին։ Ճիշտ է, այնտեղ ճշգրտությամբ մեջբերվում է Ենոքի մարգարեությունը, բայց այն կարող էր վերցված լինել գրավոր կամ բանավոր մի հին աղբյուրից, որն այսօր մեզ մատչելի չէ։ Հուդան, հնարավոր է, օգտվել է նույն աղբյուրից կամ էլ Ենոքի մասին իմացել է Հիսուսից, որը երկնքից տեսել էր Ենոքին և այն ամենը, ինչ եղել էր նրա կյանքում։

^ պարբ. 20 Հենց այդ պատճառով Աստված հավանաբար նույն կերպ վարվեց Մովսեսի և Հիսուսի մարմինների հետ (2 Օրենք 34։5, 6; Ղուկաս 24։3–6; Հուդա 9

Իմացիր ավելին

Կարո՞ղ ենք հաճեցնել Աստծուն

Պատասխանը կարող ենք գտնել, եթե խորհրդածենք Հոբի, Ղովտի և Դավթի օրինակների մասին, նրանք բոլորն էլ լուրջ սխալներ են արել։