Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐ 2015

Արդյո՞ք Պետրոս առաքյալը առաջին պապն է եղել

Արդյո՞ք Պետրոս առաքյալը առաջին պապն է եղել

«Հիսուսի միաբանության անդամ կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն ընտրվել է գերագույն հովվապետ՝ Պետրոսի 265-րդ հետնորդ» (ՎԱՏԻԿԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ՎԱՏԻԿԱՆ ՔԱՂԱՔ, 2013Թ., ՄԱՐՏԻ 13)։

«Հռոմի եպիսկոպոսը գերիշխանություն ունի տիեզերական եկեղեցու վրա, քանի որ նա հետնորդն է սուրբ Պետրոսի, որին այդպիսի առանձնաշնորհյալ դիրք է տվել Հիսուս Քրիստոսը» (THE PRIMACY OF THE BISHOP OF ROME DURING THE FIRST THREE CENTURIES, 1903Թ., ՎԵՆՍԱՆ ԷՐՄՈՆԻ)։

«Եթե որևէ մեկը ասի.... թե Հռոմի հովվապետը սուրբ Պետրոսի հետնորդը չէ այս առանձնաշնորհյալ դիրքում, թող բանադրանքի արժանանա» (ՎԱՏԻԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎ, 1870Թ., ՀՈՒԼԻՍԻ 18)։

ՈՂՋ աշխարհի միլիոնավոր կաթոլիկների համար 1870-ին Վատիկանի առաջին տիեզերական ժողովում ընդունված այս որոշումը եկեղեցական դոգմա է՝ անառարկելի դրույթ, կամ՝ ուսմունք։ Սակայն արդյո՞ք դա սուրբգրային ուսմունք է։ Բացի այդ, Խորխե Մարիո Բերգոլիոն՝ Ֆրանցիսկոս I պապը, իսկապե՞ս Պետրոս առաքյալի հետնորդն է։ Կամ արդյո՞ք Պետրոս առաքյալը առաջին պապն է եղել։

«ԱՅՍ ԺԱՅՌԻ ՎՐԱ ԿԿԱՌՈՒՑԵՄ ԻՄ ԵԿԵՂԵՑԻՆ»

1870թ.-ին Վատիկանի ժողովի ընդունած որոշումը գլխավորաբար հիմնված էր Մատթեոս 16։16–19 և Հովհաննես 21։15–17 համարների վերաբերյալ իր իսկ տված մեկնաբանության վրա։ Այս համարներում արձանագրված զրույցները, որոնք տեղի են ունեցել Հիսուսի և Պետրոսի միջև, ինչպես նաև աստվածաշնչյան այլ արձանագրություններ ցույց են տալիս, որ Պետրոս առաքյալը կարևոր դեր է ունեցել առաջին դարի քրիստոնեության պատմության մեջ։ Նաև հատկանշական է այն, որ երբ Հիսուսն առաջին անգամ հանդիպեց Պետրոսին, մարգարեացավ, որ Պետրոսը իր կյանքի ընթացքում դրսևորելու էր ժայռի նման ամուր հատկություններ (Հովհաննես 1։42)։ Բայց արդյո՞ք նա Պետրոսին գերակայություն կամ գերակա դիրք շնորհեց։

Մատթեոս 16։17, 18-ում կարդում ենք Հիսուսի խոսքերը՝ ուղղված Պետրոսին. «Ասում եմ քեզ. դու Պետրոս ես [այս անունը նշանակում է «ժայռի կտոր»], և ես այս ժայռի վրա կկառուցեմ իմ եկեղեցին»։ * Արդյո՞ք Հիսուսն ասում էր, որ իր «եկեղեցին», կամ՝ ժողովը կառուցվելու էր հասարակ մարդու՝ Պետրոսի վրա։ Արդյո՞ք Պետրոսը Հիսուսի բոլոր հետևորդների գլուխն էր դառնալու։ Այդ զրույցին ներկա մյուս առաքյալները ինչպե՞ս հասկացան Հիսուսի խոսքերը։ Ավետարանները հայտնում են, որ դրանից հետո նրանք տարբեր առիթներով վիճում էին, թե ով է իրենց մեջ ավելի մեծ (Մատթեոս 20։20–27; Մարկոս 9։33–35; Ղուկաս 22։24–26)։ Եթե Հիսուսը Պետրոսին էր տվել գերակայությունը՝ կամ գերակա դիրքը, ապա մի՞թե հարց կառաջանար, թե ով է առաքյալների մեջ ավելի մեծ։

Իսկ ինքը՝ Պետրոսը, ինչպե՞ս հասկացավ Հիսուսի  խոսքերը։ Պետրոսը իսրայելացի էր, ուստի նա անկասկած ծանոթ էր Եբրայերեն Գրությունների տարբեր մարգարեություններին, որտեղ խոսվում է «քարի» կամ «անկյունաքարի» մասին (Եսայիա 8։13, 14; 28։16; Զաքարիա 3։9)։ Իր հավատակիցներին ուղղած նամակում Պետրոսը, մեջբերելով այդ մարգարեություններից մեկը, բացատրում է, որ մարգարեացված «անկյունաքարը» Տեր Հիսուս Քրիստոսն է՝ Մեսիան։ Այդտեղ Պետրոսն օգտագործում է հունարեն «պետրա» բառը (նույն բառը, որ Հիսուսն է օգտագործում Մատթեոս 16։18-ում արձանագրված խոսքերում)։ Ուշագրավ է, որ Պետրոսը այդ բառն օգտագործում է միայն Հիսուսի առնչությամբ (1 Պետրոս 2։4–8

Պողոս առաքյալը Հիսուսի մեկ այլ հավատարիմ հետևորդ էր։ Արդյո՞ք Պողոսը այն կարծիքին էր, թե Հիսուսը Պետրոսին գերակայություն է տվել։ Խոսելով առաջին դարի քրիստոնեական ժողովում Պետրոսի ունեցած դերի մասին՝ Պողոսը նշել է, որ Պետրոսը նրանց թվում էր, ովքեր «սյուներ էին համարվում»։ Ակնհայտ է, որ Պողոսի կարծիքով՝ ոչ թե մեկ «սյուն» գոյություն ուներ, այլ մի քանի (Գաղատացիներ 2։9)։ Ավելին, եթե Պետրոսը Հիսուսի կողմից նշանակված լիներ ժողովի գլուխ, ինչո՞ւ պետք է նրա հավատակիցները նրան պարզապես ժողովի «սյուներից» մեկը համարեին։

Բացի այդ, խոսելով մարդկանց հետ վարվելիս Պետրոսի դրսևորած անհետևողականության մասին՝ Պողոսը հարգալից, բայց հստակ ասաց. «Ես երես առ երես հակառակվեցի նրան, որովհետև նա ակնհայտորեն սխալ էր» (Գաղատացիներ 2։11–14)։ Պողոսը չէր մտածում, թե Քրիստոսն իր եկեղեցին, կամ՝ ժողովը հիմնել էր Պետրոսի կամ մեկ այլ անկատար մարդու վրա։ Նա համոզված էր, որ Հիսուս Քրիստոսն է այն հիմքը, որի վրա կառուցված է ժողովը։ Այո՛, Պողոսը հստակ գիտեր, որ «վեմը Քրիստոսն էր» (1 Կորնթացիներ 3։9–11; 10։4

«ԴՈՒ ՊԵՏՐՈՍ ԵՍ....»

Այդ դեպքում ինչպե՞ս պետք է հասկանանք Հիսուսի հետևյալ խոսքերը. «Դու Պետրոս ես, և ես այս ժայռի վրա կկառուցեմ իմ եկեղեցին»։ Այս խոսքերը ճիշտ հասկանալու համար պետք է կարդանք դրանց համատեքստը։ Ինչի՞ մասին էին խոսում Հիսուսն ու Պետրոսը։ Հիսուսը քիչ առաջ հարցրել էր իր աշակերտներին. «Դո՞ւք ինչ եք ասում՝ ո՞վ եմ ես»։ Պետրոսը, առանց  երկմտելու, պատասխանել էր. «Դու Մեսիան ես՝ կենդանի Աստծու Որդին»։ Այդ պատասխանը լսելով՝ Հիսուսը գովել էր Պետրոսին, իսկ հետո ասել էր, որ ինքը կկառուցի իր «եկեղեցին», կամ՝ ժողովը շատ ամուր «ժայռի» վրա՝ այն մեկի, ում հանդեպ Պետրոսը քիչ առաջ հավատ էր դրսևորել, այսինքն՝ հենց իր (Հիսուսի) վրա (Մատթեոս 16։15–18

Ինչպե՞ս պետք է հասկանանք Հիսուսի հետևյալ խոսքերը. «Դու Պետրոս ես, և ես այս ժայռի վրա կկառուցեմ իմ եկեղեցին»

Սա հասկանալով՝ եկեղեցու հայրերից շատերը գրել են, որ Մատթեոս 16։18-ում նշված ժայռը Քրիստոսն է։ Օրինակ՝ Օգոստինոսը, որն ապրել է հինգերորդ դարում, գրել է. «Տերն ասաց՝ «այս ժայռի վրա կկառուցեմ իմ Եկեղեցին», քանի որ Պետրոսը նրան ասել էր՝ «դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»։ Ուրեմն Տերն ուզում էր ասել, որ հենց այդ ժայռի վրա, որին Պետրոսը ընդունեց, ինքը կկառուցի իր Եկեղեցին»։ Օգոստինոսը բազմիցս նշել է, որ «ժայռը (պետրա) Քրիստոսն է»։

Փաստորեն, ներկայիս կաթոլիկական դրույթի համաձայն՝ Օգոստինոսը և եկեղեցու մյուս հայրերը պետք է հերետիկոս համարվեին։ Ավելին, ինչպես նշում է շվեյցարացի աստվածաբան Ուլրիխ Լուցը, ներկայումս էլ շատ աստվածաշնչագետներ համաձայն չեն 1870թ.-ին Վատիկանի ժողովի ընդունած դրույթին, ուստիև այդ ժողովի կողմից կդատապարտվեին որպես հերետիկոսներ։

ՊԱՊԸ ՊԵՏՐՈՍԻ ՀԵՏՆՈ՞ՐԴՆ Է

Պետրոս առաքյալին բոլորովին ծանոթ չէր «պապ» տիտղոսը։ Իրողությունն այն է, որ մինչև իններորդ դարը այդ տիտղոսը կրել են ոչ հռոմեական շատ եպիսկոպոսներ։ Այդուհանդերձ, մինչև 11-րդ դարի վերջը այդ բառը հազվադեպ է կիրառվել որպես պաշտոնական տիտղոս։ Ավելին, վաղ շրջանի քրիստոնյաներից ոչ մեկը չի մտածել, թե Պետրոսին գերակա դիրք է տրվել, որն էլ փոխանցվել է ինչ-որ հետնորդների։ Հետևաբար գերմանացի աստվածաշնչագետ Մարտին Հենգելը եզրակացրեց, որ «ոչ մի պատմական կամ աստվածաբանական հիմք չկա հետագայում ձևավորված այն գաղափարի համար, թե պապերը ունեն «գերակայություն»»։

Եվ այսպես, արդյո՞ք Պետրոս առաքյալն առաջին պապն է եղել։ Ունեցե՞լ է նա արդյոք ինչ-որ հետնորդներ։ Արդյոք պապերի գերակայության մասին կաթոլիկական դոգման սուրբգրային հիմք ունի՞։ Այս բոլոր հարցերի հստակ պատասխանն է՝ ո՛չ։ Մյուս կողմից՝ հստակ է, որ Հիսուսը կառուցել է իր եկեղեցին՝ իր ճշմարիտ ժողովը՝ հիմնելով այն հենց իր վրա (Եփեսացիներ 2։20)։ Ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն հետևյալ կարևոր հարցը տա. «Իսկ ես գտե՞լ եմ այդ ճշմարիտ ժողովը»։

^ պարբ. 8 Այս հոդվածում բոլոր աստվածաշնչյան մեջբերումները վերցված են կաթոլիկական մի Աստվածաշնչից (New American Bible), որը Վատիկանի պաշտոնական վեբ կայքում օգտագործվող թարգմանությունն է։

Իմացիր ավելին

Պե՞տք է արդյոք քրիստոնյաները կրոնական տիտղոսներ օգտագործեն

Ընդունված է օգտագործել «պատվարժան» և «եպիսկոպոս» տիտղոսները։ Արդյոք այս և ուրիշ տիտղոսներ օգտագործելը ունի՞ աստվածաշնչային հիմնավորում։