Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՆՈՅԵՄԲԵՐ 2015

 ԸՆԴՕՐԻՆԱԿԵՔ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՏԸ | ՏԻՄՈԹԵՈՍ

«Իմ սիրելի և հավատարիմ զավակը»

«Իմ սիրելի և հավատարիմ զավակը»

ՏԻՄՈԹԵՈՍԸ հաստատուն քայլերով առաջ էր գնում՝ հետևում թողած հայրենի տունը և աչքերը հառած իրեն սպասող նոր կյանքին ու ծառայությանը։ Նա իր ուղեկիցների հետ անցնում էր կանաչ ու ընդարձակ դաշտերով, որոնք այնքա՜ն հարազատ էին իրեն։ Նրանց հետևում էր մնացել Լյուստրա քաղաքը, որը կառուցված էր ցածրադիր հովտում գտնվող մի բլրի գագաթին։ Տիմոթեոսի դեմքին ժպիտ էր հայտնվում, երբ նա հիշում էր իր մորն ու տատիկին, որոնք ուրախությամբ և հպարտությամբ ճանապարհում էին իրեն՝ փորձելով թաքցնել իրենց արցունքները։

Պողոս առաքյալը մերթընդմերթ նայում էր Տիմոթեոսին և ջերմ ժպտում։ Նա գիտեր, որ Տիմոթեոսը դեռևս իրեն փոքր-ինչ անվստահ էր զգում և ամաչկոտ էր։ Այդուհանդերձ, Պողոսը շատ էր ուրախանում՝ տեսնելով նրա խանդավառությունը։ Տիմոթեոսը շատ երիտասարդ էր, հավանաբար մոտ քսան տարեկան։ Նա շատ էր սիրում Պողոսին ու խոր հարգանք էր տածում նրա հանդեպ։ Եվ այժմ նա այդ եռանդուն ու հավատարիմ մարդու հետ գնում էր հեռավոր մի ճանապարհորդության։ Նրանք ոտքով ու նավով անցնելու էին հարյուրավոր կիլոմետրեր և ճանապարհին բազում դժվարությունների էին դիմագրավելու։ Տիմոթեոսը հստակ չգիտեր՝ երբևէ տուն կվերադառնա, թե ոչ։

Ի՞նչն էր մղել այդ երիտասարդին կյանքի այդպիսի ուղի ընտրելու։ Արժե՞ր արդյոք այդպիսի զոհողությունների գնալ։ Ի՞նչ վարձատրություն էր նա ստանալու դրա դիմաց։ Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Տիմոթեոսի դրսևորած հավատը։

«ՎԱՂ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ»

Եկեք երկու կամ երեք տարի հետ գնանք և պատկերացնենք, որ Տիմոթեոսը դեռ ապրում է իր հայրենի քաղաքում։ Նրա ծննդավայրը, ըստ երևույթին, Լյուստրան էր՝ գողտրիկ, ջրարբի հովտում գտնվող փոքրիկ մի գյուղաքաղաք։ Այնտեղ ապրող մարդիկ հավանաբար գիտեին հունարեն, բայց խոսում էին իրենց մայրենի լեզվով՝ լիկաոներեն։ Մի օր այդ քաղաքում մեծ իրարանցում սկսվեց։ Հարևան Իկոնիոն քաղաքից այստեղ էին եկել երկու քրիստոնյա միսիոներներ՝ Պողոս առաքյալը և նրա ուղեկիցը՝ Բառնաբասը։ Նրանք հրապարակորեն քարոզում էին մարդկանց։ Այդ ժամանակ Պողոսը նկատեց մի կաղ մարդու, որը, ինչպես երևում էր, մեծ հավատ ուներ։ Պողոսը որոշեց օգնել այդ մարդուն և հրաշքով բուժեց նրան (Գործեր 14:5–10

Տեղի ժողովրդի մեջ տարածված լեգենդներ կային այն մասին, թե իբր հին ժամանակներում աստվածները մարդկային կերպարանք էին առնում և շրջում այդ տարածքում։ Լյուստրայում ապրող շատ մարդիկ ակներևաբար հավատում էին այդ լեգենդներին։ Ուստի տեսնելով այդ հրաշքը՝ նրանք մտածեցին, թե Պողոսը Հերմեսն է, իսկ Բառնաբասը՝ Զևսը։ Այդ երկու խոնարհ քրիստոնյաները հազիվ կարողացան ժողովրդին համոզել, որ իրենց համար զոհ չմատուցեն (Գործեր 14:11–18

Սակայն Լյուստրայում ապրող մի քանի մարդիկ Պողոսին ու Բառնաբասին ամենևին էլ չէին համարում առասպելական հեթանոս աստվածներ։ Նրանց համար Պողոսն ու Բառնաբասը սովորական մարդիկ էին, որոնց այցելությունը կարևոր և ուրախալի իրադարձություն էր։ Օրինակ՝ Եվնիկեն՝ հրեա մի կին, որն ամուսնացած էր այլ հավատալիքներ ունեցող մի հույն մարդու հետ, * և Լոիդան՝ Եվնիկեի մայրը, անկասկած մեծ հետաքրքրությամբ և ուրախությամբ էին լսում Պողոսին ու Բառնաբասին։ Այդ երկու քրիստոնյաները հայտնում էին շատ կարևոր մի լուր, որ յուրաքանչյուր հավատարիմ հրեա փափագում էր լսել. Մեսիան եկել էր և իրականացրել էր այն բազմաթիվ մարգարեությունները, որ գրված էին նրա մասին Սուրբ Գրքերում։

Պատկերացրու, թե Տիմոթեոսի վրա ինչ մեծ ազդեցություն թողեց Պողոսի այցելությունը։ Տիմոթեոսին «վաղ մանկությունից» սովորեցրել էին Եբրայերեն Գրությունների սուրբ գրքերը (2 Տիմոթեոս 3:15)։ Ինչպես Տիմոթեոսի տատիկն ու մայրը, այնպես էլ Տիմոթեոսը  հստակ հասկանում էր, որ Պողոսն ու Բառնաբասը Մեսիայի մասին ճշմարտությունն են քարոզում։ Բացի այդ, Պողոսը բուժել էր կաղ մարդուն։ Հավանաբար, դեռ մանուկ տարիներին Տիմոթեոսը բազմիցս տեսել էր այդ կաղ մարդուն Լյուստրայի փողոցներում։ Իսկ այժմ այդ մարդը կյանքում առաջին անգամ կարողանում էր քայլել։ Զարմանալի չէ, որ Եվնիկեն ու Լոիդան, ինչպես նաև Տիմոթեոսը դարձան քրիստոնյաներ։ Այսօր ծնողները, նաև տատիկներն ու պապիկները կարող են շատ բան սովորել Եվնիկեի ու Լոիդայի օրինակից և կարող են լավ ազդեցություն թողնել երիտասարդների վրա։

«ԲԱԶՈՒՄ ՆԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՎ»

Լյուստրայում ապրող այն մարդիկ, ովքեր դարձան քրիստոնյաներ, հավանաբար տպավորվեցին՝ իմանալով, թե ինչ հիանալի հույս ունեն Քրիստոսի հետևորդները։ Բայց նրանք նաև իմացան, որ Քրիստոսի աշակերտները պետք է շատ դժվարությունների միջով անցնեն։ Շուտով Իկոնիոնից և Անտիոքից Լյուստրա եկան հրեա մոլեռանդ հակառակորդներ և այդ քաղաքում ապրող հեղհեղուկ, անհաստատ մարդկանց մեջ թշնամանք բորբոքեցին Պողոսի ու Բառնաբասի հանդեպ։ Եվ շատ չանցած՝ վայրագ ամբոխը բռնեց Պողոսին ու սկսեց քարկոծել նրան։ Քարերի հարվածներից նա ընկավ գետին։ Ամբոխը, կարծելով, թե նա մահացած է, նրան քարշ տալով քաղաքից դուրս տարավ ու թողնելով գետնին ընկած՝ հեռացավ (Գործեր 14:19

Լյուստրայում ապրող աշակերտները շուտով գտան Պողոսին ու հավաքվեցին նրա շուրջը։ Տեսնելով, որ նա ողջ է՝ նրանք անչափ ուրախացան։ Շատ չանցած՝ Պողոսը վեր կացավ և քաջություն դրսևորելով՝ նրանց հետ վերադարձավ Լյուստրա։ Հաջորդ օրը Պողոսն ու Բառնաբասը գնացին Դերբե, որ այնտեղ էլ քարոզեն։ Նրանք այնտեղ օգնեցին շատերին դառնալու Քրիստոսի աշակերտ, իսկ հետո, չնայած իրենց սպառնացող վտանգին, վերադարձան Լյուստրա։ Ո՞րն էր նրանց նպատակը։ Աստվածաշնչում կարդում ենք. «Նրանք զորացրին աշակերտների հոգիները, քաջալերեցին նրանց, որ հավատի մեջ մնան»։ Կարելի է պատկերացնել, թե ինչպես էր Տիմոթեոսը լայն բացված աչքերով լսում Պողոսին ու Բառնաբասին, որոնք սովորեցնում էին այդ աշակերտներին, որ իրենց փառահեղ ապագայի հույսի համար արժե դիմագրավել ամեն տեսակ դժվարության։ Նրանք ասում էին. «Բազում նեղությունների միջով պետք է մտնենք Աստծու թագավորությունը» (Գործեր 14:20–22

Տիմոթեոսը սրտանց ընդունում էր այն ամենը, ինչ սովորեցնում էր Պողոս առաքյալը

Տիմոթեոսը տեսել էր, որ Պողոսը իսկապես ապրում է այդ խոսքերի համաձայն և բարի լուրը մարդկանց քարոզելու համար քաջաբար դիմագրավում է տարբեր նեղությունների։ Տիմոթեոսը գիտեր, որ եթե ինքը հետևի Պողոսի օրինակին, Լյուստրայի բնակիչները իրեն էլ թշնամանքով կվերաբերվեն։ Նաև գուցե իր հայրը հակառակություն դրսևորի իր հանդեպ։ Սակայն Տիմոթեոսը վճռել էր թույլ չտալ, որ հակառակությունները ազդեն Աստծուն ծառայելու իր որոշման վրա։ Այսօր էլ շատ երիտասարդներ, Տիմոթեոսի նման, իմաստություն են դրսևորում և ընտրում են այնպիսի ընկերներ, որոնք ամուր հավատ ունեն և քաջալերում ու զորացնում են իրենց։ Այս երիտասարդները թույլ չեն տալիս,  որ հակառակությունները խանգարեն իրենց ծառայելու ճշմարիտ Աստծուն։

«ՆՐԱ ՄԱՍԻՆ ԼԱՎ ԷԻՆ ԽՈՍՈՒՄ ԼՅՈՒՍՏՐԱՅԻ ԵՎ ԻԿՈՆԻՈՆԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ»

Ինչպես արդեն նշվեց, Պողոսը կրկին Լյուստրա այցելեց հավանաբար երկու կամ երեք տարի հետո։ Անկասկած, Տիմոթեոսի ընտանիքին անչափ ուրախացրեց Պողոսի այցելությունը, որին այս անգամ ուղեկցում էր Շիղան։ Ինչ խոսք, Պողոսը նույնպես շատ ուրախ էր, որ կրկին եկել է Լյուստրա։ Նա կարող էր անձամբ տեսնել, թե ինչ արդյունքներ էին բերել ճշմարտության սերմերը, որ նա ցանել էր այդ քաղաքում։ Այստեղ էին Լոիդան ու նրա դուստրը՝ Եվնիկեն, որոնք այժմ դարձել էին հավատարիմ քրիստոնյաներ, և նրանց սրտերը լի էին «կեղծավորությունից զերծ հավատով», ինչի մասին Պողոսը մեծ հիացմունքով էր խոսում (2 Տիմոթեոս 1:5)։ Իսկ ի՞նչ կարելի էր ասել Տիմոթեոսի մասին։

Պողոսն իմացավ, որ այդ երիտասարդը իր նախորդ այցելությունից հետո հոգևորապես զգալիորեն առաջադիմել էր ու դարձել էր հասուն քրիստոնյա։ Տիմոթեոսի մասին «լավ էին խոսում» ոչ միայն Լյուստրայի, այլ նաև մոտ 32 կմ դեպի հյուսիս գտնվող Իկոնիոն քաղաքի եղբայրները (Գործեր 16:2)։ Ինչպե՞ս էր նա այդպիսի լավ համբավ ձեռք բերել։

Տիմոթեոսի մայրն ու տատիկը նրան «վաղ մանկությունից» սովորեցրել էին «սուրբ գրքերը», որոնցում կան բազում գործնական խորհուրդներ երիտասարդների համար (2 Տիմոթեոս 3:15)։ Ահա այդ խորհուրդներից մեկը. «Հիշիր քո Մեծ Արարչին երիտասարդությանդ օրերում» (Ժողովող 12:1)։ Այս խոսքերը Տիմոթեոսի համար ավելի մեծ նշանակություն ունեցան այն բանից հետո, երբ նա դարձավ քրիստոնյա։ Նա հասկացավ, որ իր Մեծ Արարչին հիշելու լավագույն կերպերից մեկը նրա Որդու՝ Քրիստոսի մասին բարի լուրը մարդկանց պատմելն է։ Տիմոթեոսը նաև աստիճանաբար հաղթահարեց իր ամաչկոտությունը և սկսեց համարձակությամբ քարոզել Հիսուս Քրիստոսի մասին բարի լուրը։

Ժողովներում առաջնորդություն վերցնող տղամարդիկ նկատել էին Տիմոթեոսի առաջադիմությունը։ Անկասկած, նրանք շատ էին տպավորվում՝ տեսնելով, թե ինչպես է այդ երիտասարդը քաջալերում ու աջակցում բոլորին։ Իսկ ամենակարևորն այն էր, որ Եհովան էր նկատում Տիմոթեոսի առաջադիմությունը։ Աստծու ներշնչմամբ նույնիսկ որոշ մարգարեություններ էին գրվել Տիմոթեոսի մասին, որոնք հավանաբար վերաբերում էին այն բանին, թե ապագայում նա ինչ ծառայություն է անելու շատ ժողովների համար։ Երբ Պողոսը եկավ Լյուստրա, նա տեսավ, որ Տիմոթեոսը կարող է իր համար լավ օգնական լինել միսիոներական շրջագայությունների ժամանակ։ Լյուստրայի եղբայրները համաձայն էին նրա հետ։ Նրանք իրենց ձեռքերը դրեցին երիտասարդի վրա, ինչը նշանակում էր, որ նա Եհովային ծառայելու գործում հատուկ նշանակում է ստանում (1 Տիմոթեոս 1:18; 4:14

Կարելի է պատկերացնել, թե որքան էր զարմացել Տիմոթեոսը, որ իր հանդեպ նման մեծ վստահություն է ցուցաբերվել, և այդպիսի լուրջ պատասխանատվություն է տրվել իրեն։ Նա իրեն անարժան էր համարում այդ առանձնաշնորհման համար, բայցևայնպես պատրաստ էր սրտանց կատարելու իր ծառայությունը։ * Սակայն Տիմոթեոսի հայրը, որը քրիստոնյա չէր, ինչպե՞ս կարձագանքեր՝ իմանալով, որ իր որդին ստացել է նոր նշանակում՝ շրջագայել տարբեր վայրերում որպես քրիստոնյա ծառայող։ Նա հավանաբար իր որդու համար բոլորովին այլ ապագա էր ծրագրել։ Իսկ Տիմոթեոսի մայրն ու տատիկը, ակներևաբար, շատ ուրախ էին ու հպարտանում էին նրանով, թեև գուցե որոշ անհանգստություններ ունեին նրան սպասող դժվարությունների հետ կապված, ինչը միանգամայն բնական էր։

Հաստատ չենք կարող ասել, թե ինչպես արձագանքեցին Տիմոթեոսի ընտանիքի անդամները, բայց մի բան հստակ է. Տիմոթեոսը գնաց Պողոսի հետ։ Ինչպես նշվեց հոդվածի սկզբում, նա ճանապարհ ընկավ՝ պատրաստ սկսելու իր նոր կյանքն ու ծառայությունը։ Լյուստրան արդեն մնացել էր հետևում։ Տիմոթեոսն իր ամեն մի քայլով ավելի ու ավելի էր հեռանում իր հայրական տնից՝ ընթանալով առաջ՝ դեպի իր համար անհայտ հորիզոններ։ Երկար ճանապարհ անցնելուց հետո երեք ճանապարհորդները օրվա վերջում հասան Իկոնիոն։ Տիմոթեոսը ուշիուշով հետևում էր, թե ինչպես են Պողոսն ու Շիղան այստեղ ապրող քրիստոնյաներին հաղորդում Երուսաղեմում գտնվող կառավարիչ մարմնի հրահանգները և այդպիսով զորացնում իրենց հավատակիցների հավատը (Գործեր 16:4, 5)։ Բայց դա միայն սկիզբն էր։

Գաղատիայի ժողովներին այցելելուց հետո միսիոներները, թողնելով ընդարձակ, սալարկված հռոմեական ճանապարհները, ոտքով հարյուրավոր կիլոմետրեր անցան Փռյուգիայի լայնարձակ հարթավայրերով և գնացին դեպի հյուսիս, իսկ հետո՝ դեպի արևմուտք։ Շարունակ հետևելով Աստծու սուրբ ոգու առաջնորդությանը՝ նրանք գնացին Տրովադա, ապա նավ նստեցին և ուղևորվեցին դեպի Մակեդոնիա (Գործեր 16:6–12)։ Այդ ընթացքում Պողոսն արդեն համոզվել էր, որ Տիմոթեոսն իսկապես հիանալի օգնական է։ Ուստի նա Տիմոթեոսին Շիղայի հետ թողեց Բերիայում (Գործեր 17:14)։ Նա նույնիսկ երիտասարդին միայնակ ուղարկեց Թեսաղոնիկե։ Տիմոթեոսը, հետևելով Պողոսի ու Շիղայի թողած օրինակին,  զորացրեց ու քաջալերեց այնտեղ ապրող հավատարիմ քրիստոնյաներին (1 Թեսաղոնիկեցիներ 3:1–3

Հետագայում Պողոսը Տիմոթեոսի մասին գրեց. «Նրանից բացի, նման տրամադրվածություն ունեցող ուրիշ ոչ մեկը չունեմ, որ անկեղծությամբ հոգ տանի ձեր մասին» (Փիլիպպեցիներ 2:20)։ Տիմոթեոսի մասին այդ համբավը ինքնաբերաբար չէր ստեղծվել։ Նա այդպիսի համբավ էր ձեռք բերել իր ջանասիրության, խոնարհ ծառայության և դժվարությունների ժամանակ ցուցաբերած տոկունության շնորհիվ։ Ի՜նչ հիանալի օրինակ է նա այսօր ապրող երիտասարդների համար։ Երիտասարդնե՛ր, միշտ հիշեք, որ դուք եք ստեղծում ձեր համբավը։ Դուք կարող եք լավ անուն ձեռք բերել՝ Եհովային ծառայելը ձեր կյանքում առաջին տեղում դնելով և մարդկանց հանդեպ բարություն ու հարգանք դրսևորելով։

«ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐԱ, ՈՐ ՇՈՒՏՈՎ ԻՆՁ ՄՈՏ ԳԱՍ»

Տիմոթեոսը երիտասարդ տարիքում սկսեց անձնվիրաբար ծառայել Աստծուն

Մոտ 14 տարիների ընթացքում Տիմոթեոսը բավական ժամանակ սերտորեն համագործակցեց իր սիրելի ընկերոջ՝ Պողոս առաքյալի հետ։ Նա Պողոսի հետ շատ դժվարությունների դիմագրավեց, բայցև վայելեց այն մեծ ուրախությունը, որ բերում է ծառայությունը (2 Կորնթացիներ 11:24–27)։ Մի անգամ Տիմոթեոսը նույնիսկ բանտարկվեց իր հավատի համար (Եբրայեցիներ 13:23)։ Նա, Պողոսի նման, ողջ սրտով սիրում էր իր քրիստոնյա եղբայրներին ու քույրերին և մտահոգվում էր նրանց մասին։ Պողոսը իր նամակում գրեց նրան. «Հիշում եմ քո արցունքները» (2 Տիմոթեոս 1:4)։ Ինչպես երևում է, Տիմոթեոսն էլ, Պողոսի նման, սովորել էր «լաց լինողների հետ լաց լինել», սրտանց կարեկցել նրանց ու այդպիսով քաջալերանքի ու մխիթարության աղբյուր լինել նրանց համար (Հռոմեացիներ 12:15)։ Իսկապես կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրը սովորի հենց այդպես վերաբերվել մարդկանց։

Զարմանալի չէ, որ Տիմոթեոսը ժամանակի ընթացքում դարձավ հիանալի քրիստոնյա վերակացու։ Ուստի Պողոսը նրան նոր պատասխանատվություն վստահեց։ Տիմոթեոսը ոչ միայն պետք է այցելեր ժողովներին ու քաջալերեր նրանց, այլև սուրբգրային չափանիշներին համապատասխանող տղամարդկանց պետք է նշանակեր՝ ժողովում ծառայելու որպես երեցներ ու ծառայող օգնականներ (1 Տիմոթեոս 5:22

Պողոսը շատ էր սիրում երիտասարդ Տիմոթեոսին և բազում օգտակար խորհուրդներ ու հայրական խրատներ էր տալիս նրան։ Նա հորդորում էր Տիմոթեոսին, որ վերջինս միշտ խորապես գնահատի իր հոգևոր պարգևները և շարունակի առաջադիմել (1 Տիմոթեոս 4:15, 16)։ Նա նաև խրախուսում էր, որ Տիմոթեոսը երբեք թույլ չտա, որ իր երիտասարդ տարիքը կամ թերևս ամաչկոտ բնավորությունը խանգարեն իրեն, որ հաստատակամորեն թիկունք կանգնի այն ամենին, ինչը ճիշտ է (1 Տիմոթեոս 1:3; 4:6, 7, 11, 12)։ Պողոսը Տիմոթեոսին նույնիսկ որոշ խորհուրդներ տվեց վերջինիս հաճախ անհանգստացնող առողջական մի խնդրի, հավանաբար ստամոքսի հիվանդության հետ կապված (1 Տիմոթեոս 5:23

Ցավոք, եկավ մի ժամանակ, որ Պողոսը կանգնեց մահվան առաջ. նրան ակներևաբար պետք է մահապատժի ենթարկեին։ Իմանալով, որ իր մահը մոտ է՝ Պողոսը, Աստծու ներշնչմամբ, իր վերջին նամակը գրեց Տիմոթեոսին։ Այդ նամակում նա ասաց. «Ամեն ինչ արա, որ շուտով ինձ մոտ գաս» (2 Տիմոթեոս 4:9)։ Պողոսը ջերմորեն սիրում էր Տիմոթեոսին ու նրան կոչում էր «իմ սիրելի և հավատարիմ զավակ» (1 Կորնթացիներ 4:17)։ Զարմանալի չէ, որ նա ցանկանում էր, որ իր սիրելի ընկերը՝ Տիմոթեոսը, իր կողքին լինի իր կյանքի վերջին օրերին։ Կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Արդյոք մարդիկ դժվարին պահերին ցանկանո՞ւմ են ինձ իրենց կողքին տեսնել որպես մխիթարության աղբյուր»։

Հայտնի չէ՝ Տիմոթեոսը կարողացավ ժամանակին հասնել Պողոսի մոտ, թե ոչ։ Միայն գիտենք, որ նա միշտ իր լավագույնն է արել, որ քաջալերի ու մխիթարի և՛ Պողոսին, և՛ ուրիշ շատ մարդկանց։ Նա իսկապես ապրել է իր անվան համաձայն, քանի որ Տիմոթեոս անունը նշանակում է «Աստծուն պատվող»։ Նա հավատի հիանալի օրինակ է թողել բոլորիս համար՝ թե՛ երիտասարդների, թե՛ տարեցների։

^ պարբ. 9 Տե՛ս այս ամսագրի «Գիտեի՞ք արդյոք» խորագիրը։

^ պարբ. 20 Տիմոթեոսն անգամ պատրաստ էր կատարել Պողոսի խնդրանքը ու թլփատվել, ոչ թե այն բանի համար, որ դա պահանջվում էր քրիստոնյաներից, այլ այն բանի համար, որ հրեաները, ում իրենք քարոզելու էին, ոչ մի պատճառ չունենային չընդունելու այդ երիտասարդին, որի հայրը այլազգի էր (Գործեր 16:3