Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՆՈՅԵՄԲԵՐ 2015

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՍՏՎԱԾ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻՆ

Աստծու տեսակետը պատերազմների վերաբերյալ առաջին դարում

Աստծու տեսակետը պատերազմների վերաբերյալ առաջին դարում

Առաջին դարում Հռոմեական կայսրության տիրապետության տակ գտնվող հրեաները ճնշումների էին ենթարկվում։ Իրենց նախահայրերի նման՝ նրանք, անկասկած, շարունակաբար աղոթում էին Աստծուն, որ ազատվեն իրենց կեղեքիչների լծից։ Այդ ժամանակներում իր ծառայությունը սկսեց Հիսուսը։ Արդյոք նա՞ էր խոստացյալ Մեսիան։ Շատերը «հույս ունեին, թե այս մարդը նա էր, ով պետք է ազատեր Իսրայելը» հռոմեական լծից (Ղուկաս 24:21)։ Բայց նրանց հույսերը չիրականացան։ Ավելին, մ.թ. 70թ.-ին հռոմեական զորքը կործանեց Երուսաղեմը և այնտեղ գտնվող տաճարը։

Բայց ինչո՞ւ Աստված չպատերազմեց հրեաների համար, ինչպես վարվել էր անցյալում։ Կամ ինչո՞ւ նա հրեաներին չկարգադրեց պատերազմ մղել ու ազատվել իրենց կեղեքիչների լծից։ Աստծու տեսակետը պատերազմների վերաբերյալ փոխվե՞լ էր։ Ո՛չ, չէր փոխվել։ Բայց մի կարևոր փոփոխություն էր տեղի ունեցել հրեա ազգի հետ կապված։ Նրանք մերժել էին Աստծու Որդուն՝ Հիսուսին, և չէին ընդունել նրան՝ որպես Մեսիայի (Գործեր 2:36)։ Այդ պատճառով որպես ազգ՝ նրանք կորցրել էին Աստծու հավանությունը և այլևս առանձնահատուկ փոխհարաբերություններ չունեին նրա հետ (Մատթեոս 23:37, 38

Հրեա ազգը և Ավետյաց երկիրը այլևս չէին գտնվում Աստծու պաշտպանության տակ, և հրեաները այդուհետ չէին կարող իրավամբ պնդել, թե իրենց մղած պատերազմները ունեն Աստծու հավանությունը, կամ թե Աստված իրենց կողմն է։ Ինչպես կանխագուշակել էր Հիսուսը, Իսրայել ազգի փոխարեն՝ Աստծու հավանությունը և օրհնությունները վայելում էր մի նոր ժողովուրդ՝ հոգևոր մի ազգ, որին Աստվածաշունչը կոչում է «Աստծու Իսրայել» (Գաղատացիներ 6:16; Մատթեոս 21:43)։ Սուրբ ոգով օծված քրիստոնյաների ժողովն էր դարձել Աստծու հոգևոր Իսրայելը։ Առաջին դարում նրանց ասվել էր. «Դուք.... հիմա Աստծու ժողովուրդն եք» (1 Պետրոս 2:9, 10

Քանի որ առաջին դարում քրիստոնյաներն էին «Աստծու ժողովուրդը», արդյո՞ք Աստված նրանց համար պատերազմ մղեց, որ նրանց ազատի հռոմեացիների լծից։ Կամ արդյո՞ք նա կարգադրեց նրանց, որ պատերազմեն իրենց կեղեքիչների դեմ։ Ո՛չ, նա այդպես չվարվեց։ Ինչո՞ւ։ Ինչպես իմացանք նախորդ հոդվածից, Աստված ինքն է որոշում՝ երբ պետք է մղվի այն պատերազմը, որն ունի իր հավանությունը։ Աստված չպատերազմեց առաջին դարի քրիստոնյաների համար, ոչ էլ նրանց իրավասություն տվեց ներքաշվելու աշխարհում մղվող պատերազմների մեջ։ Հստակ է, ուրեմն, որ առաջին դարը չարության և ճնշումների դեմ պայքարելու Աստծու ընտրած ժամանակը չէր։

Հետևաբար, հնում ապրած Աստծու ծառաների նման՝ առաջին դարի քրիստոնյաները պետք է սպասեին, մինչև գար չարությանն ու կեղեքումներին վերջ դնելու Աստծու սահմանած ժամանակը։ Մինչ այդ նրանք չպետք է իրենց իրավունք վերապահեին պայքար մղելու իրենց թշնամիների դեմ։ Դա հստակ է դառնում նաև այն ամենից, ինչ սովորեցրեց Հիսուս Քրիստոսը։ Օրինակ՝ նա իր հետևորդներին չպատվիրեց մասնակցել պատերազմների, այլ ասաց նրանց. «Շարունակեք սիրել ձեր թշնամիներին և աղոթել ձեզ հալածողների համար» (Մատթեոս 5:44)։ Բացի այդ, մարգարեանալով այն մասին, որ առաջին դարում Երուսաղեմը հարձակման էր ենթարկվելու հռոմեական զորքի կողմից՝ Հիսուսը իր աշակերտներին պատվիրեց ոչ թե մնալ ու մարտնչել, այլ փախչել սարերը (Ղուկաս 21:20, 21)։ Քրիստոնյաները հենց այդպես էլ վարվեցին։

Իսկ Պողոս առաքյալը, Աստծուց ներշնչված, գրել էր. «Վրեժխնդիր մի՛ եղեք ձեր անձերի համար.... որովհետև գրված է. ««Վրեժխնդրությունը իմն է։ Ե՛ս կհատուցեմ»,— ասում է Եհովան»» (Հռոմեացիներ 12:19)։ Պողոսը մեջբերում էր այն խոսքերը, որ Աստված ասել էր դարեր առաջ, և որոնք արձանագրված են Ղևտական 19:18 և 2 Օրենք 32:35 համարներում։ Ինչպես իմացանք նախորդ հոդվածից, Աստված հնում վրեժխնդիր է եղել  իր ժողովրդի համար՝ օգնելով նրանց պատերազմելու իրենց թշնամիների դեմ։ Հետևաբար, Պողոսի խոսքերը ցույց են տալիս, որ պատերազմի վերաբերյալ Աստծու տեսակետը չէր փոխվել առաջին դարում։ Աստված այդ ժամանակ էլ պատերազմը համարում էր իր ծառաների համար վրեժխնդիր լինելու և չարությանն ու կեղեքումներին վերջ դնելու օրինավոր միջոց։ Սակայն ինչպես վաղ անցյալում, այդպես էլ առաջին դարում միմիայն Աստված էր որոշում՝ երբ պետք է այդպիսի պատերազմ մղվեր, և ով պետք է մասնակցեր դրան։

Հստակ է, ուրեմն, որ Աստված առաջին դարում քրիստոնյաներին իրավասություն չէր տվել պատերազմ մղելու իրենց թշնամիների դեմ։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր օրերի մասին։ Այսօր Աստված պատերազմելու իրավունք տվե՞լ է մարդկանց որևէ խմբի։ Կամ արդյոք հիմա՞ է ժամանակը, որ Աստված միջամտի ու պատերազմի իր ծառաների համար։ Ինչպե՞ս է նա վերաբերվում պատերազմներին այսօր։ Այս հարցերի պատասխանները կտրվի այս հոդվածաշարի վերջին հոդվածում։