Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՆՈՅԵՄԲԵՐ 2015

 ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ

Կարծում էի, թե լիարժեքորեն վայելում եմ կյանքը

Կարծում էի, թե լիարժեքորեն վայելում եմ կյանքը
  • ԾՆՎԵԼ Է՝ 1982

  • ԵՐԿԻՐԸ՝ ԼԵՀԱՍՏԱՆ

  • ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՍԻՐՈՂ, ԹՄՐԱՄՈԼ ԵՎ ՓԱՌԱՏԵՆՉ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։

Ես ծնվել եմ Լեհաստանի մի փոքր քաղաքում, որը գտնվում է Գերմանիայի սահմանից ոչ հեռու։ Ապրում էի խաղաղ ու հանգիստ կյանքով՝ շրջապատված անտառներով և ագարակներով։ Իմ ծնողները ջերմ էին ու գորովալից։ Նրանք խրախուսում էին, որ լինեմ լավ մարդ, լավ սովորեմ դպրոցում և ձգտեմ լավ կարիերայի։

Իմ խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ մեկնեցի Վրոցլավ քաղաք, որ այնտեղ գտնվող համալսարանում իրավաբանական կրթություն ստանամ։ Ապրելով իմ ծնողներից հեռու՝ վատ ընկերներ ձեռք բերեցի։ Ես միշտ էլ սիրել եմ ֆուտբոլը, բայց իմ նոր ընկերների ազդեցության տակ ընկնելով՝ դարձա ֆուտբոլի մոլեռանդ երկրպագու։ Իմ սիրած թիմը Վարշավայից էր, և շաբաթ-կիրակի օրերին որտեղ էլ այդ թիմը խաղալիս լիներ, ես գնում էի այնտեղ։ Այդ ճանապարհորդությունների ընթացքում զբաղվում էինք հարբեցողությամբ, թմրանյութեր էինք օգտագործում և երբեմն կռվի էինք բռնվում հակառակորդ թիմի երկրպագուների հետ ու վայրագ ծեծկռտուքների մեջ ընկնում։ Ինձ համար այս ամենը առօրյա կյանքի լարվածությունից փախչելու միջոց էր, թեև հասկանում էի, որ եթե ձերբակալվեմ, կկործանեմ իմ իրավաբանական կարիերան։

Ես ու ընկերս սիրում էինք գնալ ակումբներ, դիսկոտեկներ և հաճախ ներքաշվում էինք փողոցային կռիվների մեջ։ Մի քանի անգամ ձերբակալվեցի, բայց ինձ միշտ հաջողվում էր խուսափել օրինապահ մարմինների հետ լուրջ խնդիրներ ունենալուց, երբեմն՝ կաշառքի միջոցով։ Ես կարծում էի, թե լիարժեքորեն վայելում եմ կյանքը։ Այդուհանդերձ, հոգուս խորքում գիտեի, որ այն, ինչ անում եմ, իրականում սխալ է։ Ամեն կիրակի եկեղեցի էի գնում՝ փորձելով այդպես խղճի հանգստություն ձեռք բերել։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ:

2004-ին երկու Եհովայի վկաներ թակեցին իմ դուռը և ինձ Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկեցին։ Ես համաձայնվեցի։ Ժամանակի ընթացքում շատ բան սովորեցի այն մասին, թե ինչ է նշանակում լինել ճշմարիտ քրիստոնյա, և խիղճս սկսեց ավելի շատ տանջել ինձ։ Ես գիտակցում էի, որ պետք է այլևս չհարբեմ, թմրանյութեր չօգտագործեմ և չընկերակցեմ այն մարդկանց հետ, ովքեր չէին ապրում Աստվածաշնչի չափանիշներով։ Նաև հասկանում էի, որ պետք է փոխեմ իմ ագրեսիվ, վայրագ բնավորությունը։ Այդուհանդերձ, շարունակում էի ապրել սխալ կյանքով։

Սակայն շուտով իմ կյանքում տեղի ունեցավ մի դեպք, որը շրջադարձային եղավ ինձ համար։ Մի գիշեր թեժ կռվի բռնվեցի ութ հոգու հետ։ Ես ընկել էի գետնին, իսկ նրանք բռունցքներով ու ոտքերով հարվածում էին գլխիս։ Զգալով, որ վերջս մոտ է՝ աղոթեցի Աստծուն. «Ներիր ինձ, Եհո՛վա, որ լուրջ չեմ վերաբերվել քո Խոսքին։ Եթե ողջ մնամ, խոստանում եմ, որ Վկաների օգնությամբ լրջորեն կուսումնասիրեմ Աստվածաշունչը և  կփոխեմ իմ ապրելակերպը»։ Ի զարմանս ինձ՝ ողջ մնացի։ Ես պահեցի խոստումս ու սկսեցի խորությամբ ուսումնասիրել Աստվածաշունչը։

2006-ին տեղափոխվեցի Անգլիա։ Մտադիր էի այնտեղ ավելի շատ գումար վաստակել, ապա վերադառնալ Լեհաստան ու շարունակել իրավաբանական կրթությունս։ Այդ ընթացքում շարունակում էի ուսումնասիրել Աստվածաշունչը։ Ինձ հատկապես տպավորեց սուրբգրային մի համար, որտեղ գրված էին Պողոս առաքյալի խոսքերը։ Նա գրել էր. «Ամեն բան կորուստ եմ համարում հանուն իմ Տիրոջ՝ Քրիստոս Հիսուսի մասին գիտելիքների գերազանց արժեքի։ Հանուն նրա ես կորցրի ամեն ինչ և դրանք աղբ եմ համարում, որ կարողանամ շահել Քրիստոսին» (Փիլիպպեցիներ 3:8)։ Ինձ նման՝ Պողոս առաքյալն էլ էր բարձրագույն կրթություն ստացած օրենսգետ, և նա էլ էր եղել դաժան ու վայրագ անձնավորություն (Գործեր 8:3)։ Սակայն նա հասկացել էր, որ կա կյանքի ավելի լավ ճանապարհ. ծառայել Աստծուն և ջանալ ամեն ինչում ընդօրինակել Հիսուսին։ Մտածելով Պողոսի օրինակի շուրջ՝ հասկացա, որ եկամտաբեր կարիերան կամ հաճոյասեր ապրելակերպը երջանկություն չեն բերում։ Ես եկա այն համոզման, որ եթե Պողոս առաքյալին հաջողվել էր փոխել իր կյանքը, ուրեմն ինձ էլ կհաջողվի։ Ուստի որոշեցի մնալ Անգլիայում և հրաժարվեցի իրավաբանական կրթությունս շարունակելու իմ ծրագրերից։

Որքան շատ էի սովորում Եհովայի մասին, այնքան ավելի էի ցանկանում մտերմանալ նրա հետ։ Ինձ անչափ հուզեց այն, որ նա խոստանում է ներել բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն ցանկանում են փոխել իրենց կյանքը (Գործեր 2:38)։ Ես նաև խորությամբ մտածեցի 1 Հովհաննես 4:16 համարի շուրջ, որտեղ ասվում է, որ «Աստված սեր է»։ Այդ միտքն օգնեց ինձ հասկանալու, թե ինչու է Աստված ատում բռնությունը։

Ես ցանկանում էի լինել Վկաների համաշխարհային ջերմ եղբայրության մի մասը

Ինձ նաև տպավորում էր Վկաների վարքը։ Ես տեսնում էի, որ նրանք իսկապես ջանում են ապրել Աստվածաշնչի բարձր բարոյական չափանիշներով։ Ես ցանկանում էի լինել այդ համաշխարհային ջերմ եղբայրության մի մասը։ Ուստի ջանքեր թափեցի, փոփոխություններ արեցի իմ կյանքում և 2008-ին մկրտվեցի՝ դառնալով Եհովայի վկա։

Ես ու Էսթերը մեծ ուրախություն ենք ստանում՝ լեհախոս մարդկանց սովորեցնելով Աստվածաշնչի ճշմարտությունները

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։

Աստվածաշունչն օգնեց, որ արմատապես փոխեմ կյանքս. փառատենչ, վայրագ, թմրամոլ ու հարբեցող մարդ էի, ֆուտբոլի մոլեռանդ երկրպագու, բայց դարձա Աստծու ծառա, որը մեծ ուրախությամբ մարդկանց սովորեցնում է Աստվածաշնչի ճշմարտությունները։ Ես հիմա էլ եմ սիրում ֆուտբոլ նայել, բայց վճռել եմ հավասարակշռված լինել ժամանցի հարցում և այն իմ կյանքում առաջնային չդարձնել։

Այժմ ես ամուսնացած եմ Էսթեր անունով մի գեղեցիկ կնոջ հետ, որը նույնպես Եհովայի վկա է։ Մենք շատ երջանիկ ենք ու մեծ ուրախություն ենք վայելում՝ Աստվածաշնչի ճշմարտությունները պատմելով այստեղ՝ Անգլիայի հյուսիս-արևմտյան մասում ապրող լեհախոս մարդկանց։ Հիմա ինձ իսկապես բավարարված ու երջանիկ եմ զգում։ Ունեմ մաքուր խիղճ և ապրում եմ հետաքրքիր ու իմաստալից կյանքով։

Իմացիր ավելին

Ինչո՞վ են օգտակար Աստվածաշնչի սկզբունքները

Հիսուսն ասաց, թե ինչու մենք առաջնորդության կարիք ունենք և որ երկու սկզբունքները առաջնային կարևորություն ունեն։