Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՆՈՅԵՄԲԵՐ 2015

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Ինչպե՞ս է Աստված վերաբերվում պատերազմներին

Ինչպե՞ս է Աստված վերաբերվում պատերազմներին

Ինչպե՞ս կպատասխանեք այս հարցին։ Շատերը կարծում են, որ Աստված հավանություն է տալիս պատերազմներին։ Նրանք այդպես են մտածում, քանի որ, ինչպես ցույց է տալիս Աստվածաշնչի արձանագրությունը, հնում Աստված երբեմն իր ծառաներին հրահանգ է տվել պատերազմ մղել։ Սակայն ոմանք էլ ասում են, որ Աստծու Որդին՝ Հիսուսը, իր հետևորդներին պատվիրել է սիրել իրենց թշնամիներին (Մատթեոս 5:43, 44)։ Ուստի նրանք մտածում են, որ ժամանակի ընթացքում Աստծու տեսակետը պատերազմի վերաբերյալ փոխվել է, և որ այսօր նա հավանություն չի տալիս պատերազմներին։

Իսկ ձեր կարծիքով՝ Աստված հավանություն տալի՞ս է պատերազմներին։ Եթե այո, ապա ո՞ւմ կողմն է նա դիրք բռնում ներկայումս տեղի ունեցող ընդհարումներում։ Այս հարցերի պատասխանները գտնելը կարող է անդրադառնալ պատերազմի վերաբերյալ ձեր տեսակետի վրա։ Օրինակ՝ եթե իմանաք, որ Աստված ոչ միայն հավանություն է տալիս պատերազմներին, այլև թիկունք է կանգնում հակամարտող կողմերից այն մեկին, որին դուք էլ եք թիկունք կանգնում, ապա ակներևաբար ուրախ կլինեք, որ այդպիսի դիրքորոշում ունեք, և վստահ կլինեք, որ հենց այդ կողմը հաղթանակ կտանի։ Սակայն ի՞նչ կզգաք, եթե իմանաք, որ Աստված թիկունք է կանգնում մյուս կողմին։ Հավանաբար, դուք կվերանայեք ձեր տեսակետը այդ հարցի վերաբերյալ։

Իսկ որ ավելի կարևոր է, պատերազմների վերաբերյալ Աստծու դիրքորոշումն իմանալը կարող է անդրադառնալ նրա մասին ձեր ունեցած տեսակետի վրա։ Եթե դուք էլ այն միլիոնավոր մարդկանց թվում եք, ովքեր բազում ցավեր են կրել մարդկանց մղած պատերազմների պատճառով, ապա անկասկած կցանկանաք իմանալ հետևյալ հարցերի պատասխանները։ Արդյո՞ք Աստված պատերազմներ հրահրող ռազմատենչ մի անձնավորություն է, որը ոչ միայն թույլ է տալիս, այլև խրախուսում է, որ մղվեն պատերազմներ, որոնք տառապանք են պատճառում մարդկանց։ Կամ արդյո՞ք նա անտարբեր է և ոչ մի քայլ չի ձեռնարկում կեղեքվող մարդկանց օգնելու համար։

Գուցե զարմանաք՝ իմանալով, թե այս հարցերին ինչ պատասխան է տալիս Աստվածաշունչը։ Իրականում, հին ժամանակներից մինչև մեր օրերը պատերազմների վերաբերյալ Աստծու տեսակետը անփոփոխ է մնացել։ Եկեք տեսնենք՝ ինչ է ասում Աստվածաշունչը այն մասին, թե ինչպես է Աստված վերաբերվել պատերազմներին վաղ անցյալում և առաջին դարում, երբ Հիսուսն ապրել է երկրի վրա։ Դա կօգնի, որ հասկանանք, թե Աստված ինչ տեսակետ ունի պատերազմների վերաբերյալ այսօր, և թե արդյոք ապագայում կլինեն պատերազմներ։