Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  Հոկտեմբեր 2015

 ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ

Այժմ ինձ պիտանի եմ զգում

Այժմ ինձ պիտանի եմ զգում
  • ԾՆՎԵԼ Է՝ 1981

  • ԵՐԿԻՐԸ՝ ԳՎԱՏԵՄԱԼԱ

  • ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԱՆԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։

Ես ծնվել եմ Ակուլ քաղաքում, որը գտնվում է Գվատեմալայի արևմտյան լեռնային շրջանում։ Իմ ընտանիքը իկսիլ ցեղից է, որը պատկանում է մայա ցեղախմբին, և ես, բացի իսպաներենից, փոքրուց խոսել եմ նաև մեր ցեղի լեզվով։ Երբ ծնվեցի, Գվատեմալայում դեռևս ընթանում էր դաժան քաղաքացիական պատերազմ, որը ընդհանուր առմամբ տևեց 36 տարի։ Այդ ժամանակահատվածում իկսիլ ցեղից բազմաթիվ մարդիկ մահացան։

Երբ չորս տարեկան էի մեր ընտանիքում դժբախտություն պատահեց. յոթնամյա եղբորս ձեռքում պայթեց նռնակը, որով նա խաղում էր։ Ցավոք, այդ պատահարի հետևանքով եղբայրս մահացավ, իսկ ես կորցրի տեսողությունս։ Դրանից հետո մանկությունս անցավ կույր երեխաների դպրոցում, որը գտնվում էր Գվատեմալա քաղաքում։ Այնտեղ ես սովորեցի Բրայլի այբուբենը։ Ինձ համար անհասկանալի պատճառներով դպրոցի անձնակազմը թույլ չէր տալիս, որ ես խոսեմ մյուս երեխաների հետ, ուստի դասընկերներս խուսափում էին ինձնից։ Ես միշտ միայնակ էի լինում ու կարոտով սպասում էի, թե երբ եմ գնալու տուն՝ մորս մոտ, որը միշտ բարի ու հոգատար էր իմ նկատմամբ։ Ամեն տարի ես երկու ամիս նրա հետ էի անցկացնում։ Ցավոք, նա մահացավ, երբ ես տասը տարեկան էի։ Ես կորցրի այն միակ անձնավորությանը, ով սիրում էր ինձ։ Վհատված ու հուսալքված էի։

Տասնմեկ տարեկանում վերադարձա իմ հայրենի քաղաք։ Ես ապրում էի իմ եղբոր ու նրա ընտանիքի հետ։ Թեև նրանք հոգում էին իմ ֆիզիկական կարիքները, բայց զգացական օգնություն ես չէի ստանում։ Երբեմն հուսահատ ասում էի Աստծուն. «Ինչո՞ւ մայրս մահացավ։ Ինչո՞ւ կուրացա»։ Մարդիկ ասում էին, թե այդ ամենը Աստծու կամքն է։ Ուստի եկա այն եզրահանգման, որ Աստված անտարբեր է ու անարդար։ Միակ պատճառը, որ ինքնասպանություն չգործեցի, այն էր, որ ես դա անելու ոչ մի միջոց չունեի։

Կուրության պատճառով ես անպաշտպան էի թե՛ ֆիզիկապես, թե՛ զգացապես։ Փոքր տարիքում մի քանի անգամ սեռական բռնության ենթարկվեցի։ Այդ ամենի մասին չհայտնեցի որևէ մեկին, քանի որ մտածում էի, որ դա ոչ ոքի հոգը չէ։ Մարդիկ հազվադեպ էին խոսում ինձ հետ, և ես ինքս էլ չէի շփվում որևէ մեկի հետ։ Ընկճված ու ինքնամփոփ էի և ոչ ոքի չէի վստահում։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։

Մի օր դասամիջոցին ինձ մոտեցան երկու Եհովայի վկաներ (ամուսիններ)։ Այդ ժամանակ տասներեք տարեկան էի։ Դպրոցի ուսուցիչներից մեկը, որը կարեկցում էր ինձ ու մտահոգվում իմ մասին, խնդրել էր նրանց, որ այցելեն ինձ։ Նրանք ինձ պատմեցին Աստվածաշնչի այն խոստման մասին, որ մահացածները հարություն են առնելու և կույրերը նորից տեսնելու են (Եսայիա 35։5; Հովհաննես 5։28, 29)։ Ինձ դուր էր գալիս այն ամենը, ինչ  նրանք սովորեցնում էին ինձ, բայց ես դժվարությամբ էի հաղորդակցվում, քանի որ սովոր չէի խոսել որևէ մեկի հետ։ Սակայն չնայած իմ ինքնամփոփ բնավորությանը՝ նրանք շարունակում էին այցելել ինձ և սիրով ու համբերատարությամբ սովորեցնում էին աստվածաշնչյան ճշմարտությունները։ Այդ զույգը մեր քաղաք հասնելու համար ոտքով անցնում էր մոտ 10 կիլոմետր ճանապարհ՝ հաղթահարելով դժվարանցանելի մի լեռնաշղթա։

Եղբայրս ինձ ասում էր, որ նրանք կոկիկ հագնված, բայց նյութական համեստ միջոցների տեր մարդիկ են։ Սակայն այդ զույգը միշտ անձնական հետաքրքրություն էր ցույց տալիս իմ հանդեպ և փոքրիկ նվերներ էր բերում ինձ համար։ Ես մտածում էի, որ միայն ճշմարիտ քրիստոնյաները կարող են այդպիսի անձնազոհություն ցուցաբերել։

Ես ուսումնասիրում էի Աստվածաշունչը Բրայլի գրատիպով թողարկված հրատարակությունների միջոցով։ Թեև հասկանում էի այն, ինչ սովորում էի, բայց դժվարանում էի ընդունել որոշ բաներ։ Օրինակ՝ ինձ համար դժվար էր ընդունել այն միտքը, որ Աստված սիրում է ինձ անհատապես, կամ որ ուրիշներն էլ, նրա նման, սիրում են ինձ ու հոգ տանում իմ մասին։ Բացի այդ, թեև հասկանում էի՝ ինչու է Աստված թույլ տալիս տառապանքը, բայց չէի կարողանում պատկերացնել, որ նա իսկապես սիրող Հայր է։ *

Ավելի շատ աստվածաշնչյան գիտելիքներ ստանալու շնորհիվ ժամանակի ընթացքում իմ տեսակետը փոխվեց։ Ես իմացա, որ Աստված խորապես կարեկցում է նրանց, ովքեր տառապանքներ են կրում։ Օրինակ՝ երբ Աստծու ժողովուրդը անարդար վերաբերմունքի էր ենթարկվում, Աստված ասաց. «Արդարև, տեսա իմ ժողովրդի հարստահարումը.... Ես լավ գիտեմ նրանց կրած չարչարանքները» (Ելք 3։7)։ Երբ խորությամբ հասկացա, թե ինչ հիանալի հատկություններ ունի Եհովա Աստված, ցանկացա կյանքս նվիրել նրան։ Եվ 1998թ.-ին մկրտվեցի՝ դառնալով Եհովայի վկա։

Այն եղբոր հետ, որի ընտանիքը հյուրընկալեց ինձ

Իմ մկրտությունից մոտ մեկ տարի անց սկսեցի մասնակցել կույրերի համար նախատեսված հատուկ դասընթացի, որն անցկացվում էր Էսկուինտլա քաղաքի մոտակայքում։ Այդ ընթացքում շարունակում էի ապրել իմ հայրենի քաղաքում։ Էսկուինտլա քաղաքի ժողովից մի երեց իմացավ, որ ես շատ դժվարություններ եմ հաղթահարում, որ ներկա լինեմ ժողովի հանդիպումներին։ Բանն այն է, որ իմ քաղաքին ամենամոտ ժողովը գտնվում էր նույն լեռնաշղթայից այնկողմ, որով անցնում էր Վկա զույգը՝ ինձ հետ Աստվածաշունչ ուսումնասիրելու համար։ Ինձ համար շատ դժվար էր անցնել այդ ճանապարհը։ Ուստի այդ երեցը խնդրեց Էսկուինտլա քաղաքում ապրող Վկաների մի ընտանիքի, որ ինձ հյուրընկալեն իրենց տանը և օգնեն ներկա լինելու ժողովի հանդիպումներին։ Այդ ընտանիքը սիրով համաձայնվեց։ Մինչ օրս նրանք հոգ են տանում իմ մասին իրենց ընտանիքի անդամի նման։

Կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ, թե ինչպես են ժողովի անդամները անկեղծ սեր դրսևորել իմ նկատմամբ։ Այդ ամենը տեսնելով՝ համոզվել եմ, որ Եհովայի վկաները ճշմարիտ քրիստոնյաներ են, և ուրախ եմ, որ այդ ժողովրդի մեջ եմ (Հովհաննես 13։34, 35

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։

Ես այլևս ինձ անարժեք չեմ զգում, ունեմ իրական հույս և կյանքս իմաստով է լցված։ Այժմ ես լիաժամ մասնակցում եմ Եհովայի վկաների կրթական գործին և օգնում եմ մարդկանց սովորելու Աստվածաշնչի թանկարժեք ճշմարտությունները։ Այդ գործով զբաղված լինելը օգնում է, որ չկենտրոնանամ իմ տկարության վրա։ Նաև ունեմ առանձնաշնորհում ժողովում ծառայելու որպես երեց։ Բացի այդ, Աստվածաշնչի վրա հիմնված ելույթներ եմ ներկայացնում տեղի ժողովներում։ Նույնիսկ առանձնաշնորհում եմ ունեցել Աստվածաշնչի վրա հիմնված ելույթներ ներկայացնելու տարածաշրջանային համաժողովներում, որոնց ժամանակ ներկա են լինում հազարավոր մարդիկ։

Ելույթ եմ ներկայացնում Բրայլի գրատիպով թողարկված Աստվածաշնչով

2010-ին ավարտեցի Ծառայության կատարելագործման դպրոցը (այժմ՝ Թագավորության քարոզիչների դպրոց), որն անցկացվում էր Սալվադորում։ Այս դպրոցն օգնեց ինձ ավելի լավ կատարելու իմ պատասխանատվությունները ժողովում։ Ստանալով այդ կրթությունը՝ ես զգացի, որ Եհովան խորապես գնահատում ու սիրում է ինձ, և հասկացա, որ նա կարող է ցանկացած մարդու պիտանի դարձնել իր գործի համար։

Հիսուսն ասել է. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործեր 20։35)։ Այսօր կարող եմ ասել, որ իսկապես երջանիկ եմ, չնայած նախկինում երբեք չեմ պատկերացրել, որ դա հնարավոր է։ Այժմ ինձ պիտանի եմ զգում և կարողանում եմ օգնել մարդկանց։

^ պարբ. 13 Իմանալու համար, թե Աստված ինչու է թույլատրում տառապանքը, կարող եք կարդալ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 11-րդ գլուխը։ Գիրքը հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

Իմացիր ավելին

ԱՐԹՆԱՑԵ՛Ք

Ինչպե՞ս երջանիկ լինել

Արդյո՞ք աստվածաշնչյան իմաստությունը կարող է օգնել ձեզ երջանիկ լինելու։ Այս հոդվածում քննարկվում են աստվածաշնչյան չորս սկզբունքներ, որոնք կարող են օգնել ձեզ այդ հարցում։