Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  Հոկտեմբեր 2015

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՈ՞Ւ ԱՐԺԵ ԱՂՈԹԵԼ

Ինչո՞ւ է Աստված ցանկանում, որ աղոթենք իրեն

Ինչո՞ւ է Աստված ցանկանում, որ աղոթենք իրեն

Աստված ցանկանում է, որ ընկերանանք իր հետ

Ընկերները կանոնավորաբար հաղորդակցվում են իրար հետ, ինչի շնորհիվ ավելի են մտերմանում։ Նմանապես, Աստված հորդորում է մեզ, որ ազատորեն խոսենք իր հետ։ Այդպիսով նա իր հետ ջերմ փոխհարաբերություններ հաստատելու դուռ է բացում մեր առջև։ Նա ասում է. «Դուք կկանչեք ինձ, կգաք ու կաղոթեք ինձ, ու ես կլսեմ ձեզ» (Երեմիա 29։12)։ Աստծու հետ խոսելով՝ «կմոտենանք [նրան], և նա կմոտենա» մեզ (Հակոբոս 4։8)։ Աստվածաշունչը մեզ այսպիսի հավաստիացում է տալիս. «Եհովան մոտ է բոլոր իրեն կանչողներին» (Սաղմոս 145։18)։ Որքան շատ աղոթենք Աստծուն, այնքան ավելի մտերիմ փոխհարաբերություններ կունենանք նրա հետ։

«Եհովան մոտ է բոլոր իրեն կանչողներին» (Սաղմոս 145։18)

Աստված ցանկանում է օգնել մեզ

Հիսուսն ասել է. «Ձեզանից ո՞վ իր որդուն քար կտա, եթե նա հաց խնդրի։ Կամ մի՞թե օձ կտա նրան, եթե ձուկ խնդրի։ Ուստի եթե դուք.... գիտեք բարիքներ տալ ձեր երեխաներին, ուրեմն որքան ավելի ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա իրենից խնդրողներին» (Մատթեոս 7։9–11)։ Այո՛, Աստված հորդորում է մեզ, որ աղոթենք իրեն, քանի որ «նա հոգ է տանում [մեր] մասին» և ցանկանում է օգնել մեզ (1 Պետրոս 5։7)։ Նա նաև ցանկանում է, որ իրեն պատմենք մեր բոլոր խնդիրների մասին։ Աստվածաշունչը ասում է. «Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն» (Փիլիպպեցիներ 4։6

Մենք հոգևոր կարիքներ ունենք

Հոգեբանները ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ հարյուր միլիոնավոր մարդիկ աղոթելու կարիք ունեն։ Նույնիսկ որոշ աթեիստներ ու ագնոստիկներ են զգում, որ այդպիսի կարիք ունեն։ * Սա հաստատում է այն իրողությունը, որ մարդ արարածը ստեղծված է հոգևոր կարիքներով։ Հիսուսն ասել է. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթեոս 5։3)։ Այդ կարիքները բավարարելու կերպերից մեկը Աստծու հետ կանոնավորաբար հաղորդակցվելն է։

Իսկ ի՞նչ օգուտներ կքաղենք, եթե աղոթենք Աստծուն։

^ պարբ. 8 2012թ.-ին «Փյու» հետազոտական կենտրոնի կողմից անցկացված հարցման արդյունքում պարզ դարձավ, որ Միացյալ Նահանգներում աթեիստների և ագնոստիկների 11 տոկոսը ամսվա մեջ առնվազն մեկ անգամ աղոթում է։