Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐ 2015

Կարո՞ղ ենք ճանաչել Աստծուն

Կարո՞ղ ենք ճանաչել Աստծուն

«Աստված անիմանալի է» (Փիլոն Ալեքսանդրացի՝ առաջին դարի փիլիսոփա)։

«[Աստված] մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ» (Տարսոնացի Սողոսի խոսքերը՝ ուղղված առաջին դարի աթենացի փիլիսոփաներին)։

ԱՅՍ երկու տեսակետներից ո՞ր մեկին եք համամիտ։ Շատերը համարում են, որ տարսոնացի Սողոսի, այսինքն՝ Պողոս առաքյալի խոսքերը մխիթարական են ու հուսադրող (Գործեր 17։26, 27)։ Աստվածաշնչում կան սիրտ ջերմացնող նման այլ մտքեր։ Օրինակ՝ Հիսուսը իր աղոթքում նշեց, որ իր հետևորդները կարող են ճանաչել Աստծուն և վայելել նրա տված օրհնությունները (Հովհաննես 17։3

Մինչդեռ շատ փիլիսոփաներ, Փիլոն Ալեքսանդրացու նման, այլ տեսակետ էին հայտնում։ Նրանք ասում էին, թե անհնար է, որ մարդիկ ճանաչեն Աստծուն, քանի որ նա լիովին անիմանալի ու անըմբռնելի է։ Եվ այսպես, ո՞ր տեսակետն է ճիշտ։

Աստվածաշունչը հայտնում է, որ իսկապես կան Աստծու հետ կապված որոշ բաներ, որ մարդկանց համար այդքան էլ հասկանալի չեն։ Օրինակ՝ հնարավոր չէ պատկերացնել կամ հաշվարկել, թե որքան երկար ժամանակ գոյություն ունի Արարիչը, որքան մեծ են նրա մտային կարողությունները, և որքան խորն է նրա իմաստությունը։ Այդ ամենը պարզապես վեր է մարդկային հասկացողությունից։ Սակայն դա չի խանգարում, որ ճանաչենք Աստծուն։ Իրականում այդպիսի բաների շուրջ խորհրդածելը նույնիսկ կարող է օգնել, որ «մոտենանք Աստծուն» (Հակոբոս 4։8)։ Եկեք նկատի առնենք Աստծու հետ կապված մի քանի դժվարըմբռնելի մտքեր։ Այնուհետև ուշադրություն կդարձնենք նրա հետ կապված որոշ մտքերի, որոնք կարող ենք լիարժեքորեն հասկանալ։

 Բաներ, որ դժվար է ըմբռնել

ԱՍՏԾՈՒ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված գոյություն ունի «հավիտենից մինչև հավիտյան» (Սաղմոս 90։2)։ Այլ կերպ ասած՝ Աստված չունի սկիզբ ու վերջ։ Մարդկանց համար «նրա տարիների թիվը անըմբռնելի» է (Հոբ 36։26

Ինչո՞վ է դա օգտակար մեզ համար։ Աստված խոստանում է, որ մեզ հավիտենական կյանք կպարգևի, եթե ճանաչենք իրեն (Հովհաննես 17։3)։ Մի՞թե կարող էինք վստահել այդ խոստմանը, եթե Աստված հավիտյան չապրեր։ Միայն «հավիտենության Թագավորը» կարող է իրականացնել այդ խոստումը (1 Տիմոթեոս 1։17

ԱՍՏԾՈՒ ՄԻՏՔԸ։ Աստվածաշնչում գրված է, որ Աստծու «հասկացողությունն անքննելի է», քանի որ նրա մտքերը անհամեմատ բարձր են մեր մտքերից (Եսայիա 40։28, ծնթ.; 55։9)։ Այնտեղ նաև ասվում է. «Ո՞վ կարողացավ իմանալ [Աստծու] միտքը, որ սովորեցնի նրան» (1 Կորնթացիներ 2։16

Ինչո՞վ է դա օգտակար մեզ համար։ Աստված կարող է լսել միլիոնավոր մարդկանց աղոթքները միաժամանակ (Սաղմոս 65։2)։ Հնարավո՞ր է, որ գա մի ժամանակ, որ Աստծու միտքը այնքան ծանրաբեռնված լինի, որ նա չկարողանա ուշադրություն դարձնել մեզ ու լսել մեր աղոթքները։ Ո՛չ, դա անհնար է, քանի որ նրա մտային կարողություններն անսահմանափակ են։ Նա նույնիսկ նկատում է ամեն մի ճնճղուկի, որ գետին է ընկնում։ Իսկ մենք նրա համար «բոլոր ճնճղուկներից թանկ» ենք (Մատթեոս 10։29, 31

ԱՍՏԾՈՒ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ։ Աստվածաշունչն ասում է, որ մարդիկ «երբեք չեն կարողանա սկզբից մինչև վերջ ըմբռնել այն գործը, որ ճշմարիտ Աստված անում է» (Ժողովող 3։11)։ Հետևաբար, մենք երբեք չենք կարող Աստծու մասին իմանալ ամեն ինչ։ Աստծու ճանապարհներն «անզննելի» են (Հռոմեացիներ 11։33)։ Սակայն Աստված իր հավանությունը փնտրող մարդկանց հայտնում է, թե ինչու և ինչպես է գործում (Ամոս 3։7

Հնարավոր չէ պատկերացնել կամ հաշվարկել, թե որքան երկար ժամանակ գոյություն ունի Արարիչը, որքան մեծ են նրա մտային կարողությունները, և որքան խորն է նրա իմաստությունը

Ինչո՞վ է դա օգտակար մեզ համար։ Կարդալով և ուսումնասիրելով Աստվածաշունչը՝ միշտ նորանոր բաներ կսովորենք Աստծու և նրա գործելակերպի մասին։ Սա նշանակում է, որ մենք կարող ենք ավելի ու ավելի մտերմանալ մեր երկնային Հոր հետ ողջ հավիտենության ընթացքում։

Բաներ, որ կարող ենք հասկանալ

Այն, որ մենք չենք կարող լիովին ըմբռնել Աստծու հետ կապված որոշ բաներ, չի նշանակում, որ ընդհանրապես չենք կարող ճանաչել նրան։ Աստվածաշունչը Աստծու մասին բազմաթիվ տեղեկություններ է հայտնում, որոնք օգնում են, որ ավելի լավ ճանաչենք նրան։ Նկատի առնենք մի քանի այդպիսի օրինակ։

ԱՍՏԾՈՒ ԱՆՈՒՆԸ։ Աստվածաշունչը մեզ հայտնում է, որ Աստված ինքն իր համար անուն է ընտրել։ Նա ասում է. «Ես Եհովան եմ։ Սա է իմ անունը»։ Աստծու անունը Աստվածաշնչում հանդիպում է մոտ 7000 անգամ, ավելի շատ, քան ցանկացած այլ անուն (Եսայիա 42։8

Ինչո՞վ է դա օգտակար մեզ համար։ Հիսուսը իր սովորեցրած տիպար աղոթքում ասում է. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը» (Մատթեոս 6։9)։ Արդյոք անհրաժե՞շտ է, որ մենք էլ մեր աղոթքներում օգտագործենք Աստծու անունը։ Եհովան իր Խոսքում հայտնում է, որ կփրկի բոլոր նրանց, ովքեր պատշաճ հարգանք են ցուցաբերում իր անվան հանդեպ (Հռոմեացիներ 10։13

ԱՍՏԾՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ կա երկու «աշխարհ»՝ ոգեղեն աշխարհ, որտեղ ապրում են ոգեղեն մարմին ունեցող ոգեղեն արարածները, և նյութական աշխարհ, որը ներառում է երկրագունդն ու ողջ տիեզերքը (Հովհաննես 8։23; 1 Կորնթացիներ 15։44)։ Ոգեղեն ոլորտի մասին խոսելիս Աստվածաշնչում հաճախ օգտագործվում է «երկինք» բառը։ Հենց այդ «երկինքն» է Արարչի «բնակության տեղը» (1 Թագավորներ 8։43

Ինչո՞վ է դա օգտակար մեզ համար։ Այս միտքն օգնում է ճիշտ պատկերացում ունենալու Աստծու մասին։ Իմանալով, որ Աստված ունի իրական բնակության վայր՝ հասկանում ենք, որ նա ինչ-որ խորհրդավոր անդեմ ուժ չէ, որը ամենուր է և ամեն ինչի մեջ։ Եհովան  իրական անձնավորություն է։ Ու թեև նա ապրում է ոգեղեն ոլորտում, «չկա մի ստեղծագործություն, որ ծածկված լինի նրանից» (Եբրայեցիներ 4։13

ԱՍՏԾՈՒ ԷՈՒԹՅՈՒՆԸ։ Աստվածաշունչը հայտնում է, որ Եհովան ունի հիասքանչ հատկություններ։ Այնտեղ ասվում է. «Աստված սեր է» (1 Հովհաննես 4։8)։ Եհովան երբեք չի ստում (Տիտոս 1։2)։ Նա անկողմնակալ է, ողորմած, կարեկից և բարկանալու մեջ դանդաղ (Ելք 34։6; Գործեր 10։34)։ Բացի այդ, մեր Արարիչը ցանկանում է «մտերմություն» հաստատել նրանց հետ, ովքեր հարգում ու սիրում են իրեն (Սաղմոս 25։14

Ինչո՞վ է դա օգտակար մեզ համար։ Մենք կարող ենք դառնալ Եհովայի ընկերը (Հակոբոս 2։23)։ Բացի այդ, լավ ճանաչելով Եհովա Աստծու էությունը՝ կարող ենք ավելի հստակ հասկանալ տարբեր աստվածաշնչյան դրվագներ։

«ՓՆՏՐԵՔ ՆՐԱՆ»

Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, թե ինչպիսի անձնավորություն է Աստված։ Արարիչը անիմանալի ու անըմբռնելի չէ։ Նա ցանկանում է, որ մենք ճանաչենք իրեն։ Նրա Խոսքում՝ Աստվածաշնչում, գրված է. «Եթե փնտրես նրան, նա թույլ կտա քեզ գտնել իրեն» (1 Տարեգրություն 28։9)։ Մենք ավելի լավ կճանաչենք Աստծուն, եթե կարդանք Աստվածաշունչը և խորհրդածենք այնտեղ գրված մտքերի շուրջ։ Այդ դեպքում, ինչպես Աստվածաշունչն է խոստանում, Աստված կմոտենա մեզ (Հակոբոս 4։8

Կարդալով և ուսումնասիրելով Աստվածաշունչը՝ միշտ նորանոր բաներ կսովորենք Աստծու և նրա գործելակերպի մասին

Սակայն գուցե հարցնեք. «Եթե չեմ կարող Արարչի մասին ամեն բան հասկանալ, այդ դեպքում ինչպե՞ս կարող եմ նրա ընկերը դառնալ»։ Բայց եկեք մտածենք հետևյալ մտքի շուրջ. մի՞թե վիրաբույժի ընկեր կարող է դառնալ միայն նա, ով բժշկական կրթություն ունի։ Կհամաձայնեք, որ այդպես չէ։ Վիրաբույժի ընկերը կարող է բոլորովին այլ մասնագիտություն ունենալ։ Այդուհանդերձ նրանց միջև կարող է լինել մտերիմ ընկերություն։ Իրականում կարևորն այն է, որ վիրաբույժի ընկերը լավ իմանա վիրաբույժի էությունը, նրա հատկությունները, նաև իմանա, թե ինչ է նա սիրում և ինչ չի սիրում։ Նմանապես, մենք կարող ենք Աստվածաշնչից իմանալ, թե ինչպիսի անձնավորություն է Եհովան։ Իսկ դա հենց այն կարևոր բանն է, որ անհրաժեշտ է նրա հետ իսկական ընկերություն հաստատելու համար։

Այո՛, Աստվածաշունչը ոչ թե լոկ աղոտ տեղեկություններ է տալիս Արարչի մասին, այլ հայտնում է ամեն բան, ինչ անհրաժեշտ է նրան լավ ճանաչելու համար։ Իսկ դուք կցանկանա՞ք ավելին իմանալ Եհովա Աստծու մասին։ Եհովայի վկաները բոլորին առաջարկում են Աստվածաշնչի անվճար ուսումնասիրության մի ծրագիր։ Կարող եք դիմել ձեր տարածքում ապրող Եհովայի վկաներին կամ այցելել www.jw.org/hy-armn վեբ կայք։

Իմացիր ավելին

Աստված ուզում է քեզ հետ փոխհարաբերություն հաստատել

Գուցե հավատում ես Աստծուն, բայց քեզ հեռո՞ւ ես զգում նրանից։

Ի՞նչն է մղում շատերին մտածելու Արարչի գոյության մասին։

Մարդկանց Աստվա՞ծ է ստեղծել, թե՞ նրանք առաջացել են կենադանիներից։