Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  Հոկտեմբեր 2015

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Երուսաղեմի տաճարը վերակառուցելիս ի՞նչ դժվարությունների բախվեց Հերովդեսը

Երուսաղեմի տաճարը կառուցել էր Սողոմոնը։ Տաճարը հիմնվել էր մի բլրի վրա, որի արևելյան ու արևմտյան կողմերում կանգնեցվել էին հենապատեր, որպեսզի սուրբ շինության շուրջը հնարավոր լիներ կառուցել հարթ սանդղավանդներ։ Հերովդեսը ցանկանում էր, որ Երուսաղեմի տաճարը ավելի շքեղ լիներ։ Ուստի նա ձեռնարկեց տաճարի ձևափոխման ու ընդլայնման մի հսկայական ծրագիր։

Հերովդեսի ճարտարապետները ընդարձակեցին տաճարի հյուսիսային հարթ տարածքը, որ ընդլայնեն սանդղավանդները։ Հարավային կողմում հիմնահարթակը ընդլայնվեց 32 մետրով, որի համար որպես հիմք կառուցվեցին մի քանի ստորգետնյա կամարակապ թունելներ և մի հաստ հենապատ։ Որոշ տեղերում այդ պատի բարձրությունը հասնում էր 50 մետրի։

Հերովդեսը ամեն բան անում էր, որ չվիրավորեր հրեաների նվիրական զգացմունքները և չընդհատեր տաճարում կատարվող ծառայությունն ու զոհաբերությունները։ Հրեա պատմիչ Հովսեպոսը նշում է, որ Հերովդեսը նույնիսկ հոգ տարավ, որ հրեա քահանաներին որմնադրություն և ատաղձագործություն սովորեցնեն, որ ոչ մի կողմնակի մարդ չմտներ սուրբ տարածք։

Հերովդեսը մահացավ նախքան տաճարի վերակառուցման ավարտը։ Մ.թ. 30-ին արդեն 46 տարի էր, ինչ ընթանում էր տաճարի շինարարությունը (Հովհաննես 2։20)։ Վերակառուցման աշխատանքները ավարտեց Հերովդեսի ծոռը՝ Ագրիպաս II-ը, մ.թ. առաջին դարի կեսին։

Ինչո՞ւ Մալթայի բնակիչները մտածեցին, թե Պողոս առաքյալը մարդասպան է

Արդարության աստվածուհին (ձախից) հարվածում է անարդարության աստվածուհուն

Հավանաբար Մալթայի բնակիչների վրա ազդել էին հույների կրոնական հավատալիքները։ Նկատի առնենք, թե ինչ տեղի ունեցավ Մալթայում այն բանից հետո, երբ Պողոս առաքյալը և նրա ուղեկիցները նավաբեկության ենթարկվեցին։ «Գործեր» գիրքը հայտնում է, որ Պողոսը և նավաբեկությունից փրկված մյուս մարդիկ տաքանում էին կրակի մոտ։ Եվ երբ առաքյալը ճյուղերի մի խուրձ դրեց կրակի վրա, այդ պահին մի իժ դուրս եկավ ու ամուր կպավ նրա ձեռքին։ Դա տեսնելով՝ կղզու բնակիչները ասացին. «Անկասկած, այս մարդը մարդասպան է ու թեպետ ծովից ազատվեց, սակայն արդարությունը թույլ չտվեց, որ նա ապրի» (Գործեր 28։4

Այս համարում նշված «արդարություն» բառի համար հունարեն բնագրում օգտագործված է դիկե բառը։ Այդ բառը կարող է նշանակել առհասարակ արդարություն։ Սակայն հունական դիցաբանության մեջ այսպես է կոչվել նաև արդարության աստվածուհին։ Ասում էին, թե Դիկեն աչալրջորեն հսկում է մարդկանց ու նրանց բոլոր չբացահայտված անարդար գործերի մասին հաղորդում Զևսին, որպեսզի մեղավորները ստանան իրենց պատիժը։ Մալթայի բնակիչները, ինչպես նշվում է մի աղբյուրում, հավանաբար այսպես են մտածել. «Թեև Պողոսը ծովում խեղդվելուց փրկվեց, բայց նրա վրա նշան էր դրված, և այժմ Դիկե աստվածուհին քայլեր ձեռնարկեց, որ Պողոսը պատժվի օձի միջոցով»։ Սակայն երբ նրանք տեսան, որ Պողոսին ոչ մի վնաս չեղավ, հասկացան, որ սխալ են մտածում։