Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  Սեպտեմբեր 2015

 ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Պերճաշուք կյանքից ավելի լավ բան գտա

Պերճաշուք կյանքից ավելի լավ բան գտա

1984-ին ընդամենը մեկ օրում կյանքս լիովին փոխվեց. հասարակ աղջիկ էի ու հանկարծ դարձա հայտնի անձնավորություն։ Ես հաղթեցի գեղեցկության մրցույթում և դարձա «Միսս Հոնկոնգ»։ Իմ նկարը հայտնվեց ամսագրերի ու թերթերի առաջին էջերում։ Ես երգում էի, պարում, հանդես էի գալիս ելույթներով, վարում էի հեռուստաշոուներ, հագնում էի ճոխ հագուստներ և լինում էի հանրահայտ ու բարձրաստիճան մարդկանց շրջապատում, օրինակ, Հոնկոնգի քաղաքապետի։

Հաջորդ տարի ես սկսեցի նկարահանվել ֆիլմերում և մի քանի անգամ խաղացի գլխավոր դերերում։ Ինձնով սկսեցին հետաքրքրվել լրագրողները, լուսանկարիչները. նրանք ցանկանում էին իմանալ իմ կյանքի պատմությունը և լուսանկարել ինձ։ Ինձ հրավիրում էին մասնակցելու պրեմիերաների, պաշտոնական ճաշկերույթների, նաև ներկա լինելու հանդիսավոր բացման արարողությունների, որոնց ժամանակ ինձ տրվում էր ժապավենը կտրելու պատիվը։ Ես միշտ ուշադրության կենտրոնում էի։

Նկարահանվում եմ մարտաֆիլմում

Սակայն ժամանակի ընթացքում հասկացա, որ այս ամենը ինձ այնքան էլ մեծ բավականություն չի պատճառում։ Ես հիմնականում նկարահանվում էի մարտաֆիլմերում, իսկ դա վտանգների հետ էր կապված։ Ի տարբերություն Հոլիվուդի՝ Հոնկոնգում ֆիլմերի նկարահանումների ժամանակ դերասանները հաճախ չէին ունենում իրենց փոխարինող կրկնորդ դերասաններ։ Ուստի ես ինքս էի կատարում տարբեր հնարքներ, ինչպես, օրինակ, մոտոցիկլետով մեքենայի վրայով անցնելը։ Ֆիլմերից շատերը, որոնցում ես նկարահանվում էի, պարունակում էին անբարոյություն, բռնություն և երբեմն էլ՝ դիվապաշտություն։

1995-ին ամուսնացա մի պրոդյուսերի հետ։ Թվում էր՝ ես ունեի ամեն ինչ երջանիկ լինելու համար՝ շքեղ կյանք, հարստություն, սիրող ամուսին, բայցևայնպես ընկճված էի և ուրախություն չունեի։ Ի վերջո որոշեցի թողնել իմ դերասանական կարիերան։

ՎԵՐՀԻՇՈՒՄ ԵՄ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՈՒՆԵՑԱԾ ՀԱՎԱՏՍ

Ես սկսեցի հաճախ մտաբերել իմ մանկության տարիները։ Սիրտս ջերմությամբ էր լցվում, երբ մտածում էի այդ ժամանակ ունեցած իմ հավատի մասին։ Երբ փոքր աղջիկ էի, ամեն շաբաթ օր քրոջս հետ այցելում էի Եհովայի վկաների մի ընտանիքի։ Ընտանիքի հայրը՝ Ջո Մակգրաթը, Աստվածաշունչ էր ուսումնասիրում իր երեք աղջիկների և մեզ հետ։ Նրանց ընտանիքում սեր ու միասնություն էր տիրում։ Քեռի Ջոն իր կնոջն ու երեխաներին ջերմությամբ ու հարգանքով էր վերաբերվում։ Ես այդ ընտանիքի հետ հաճույքով ներկա էի լինում քրիստոնեական հանդիպումներին։ Երբեմն էլ նրանց հետ մասնակցում էի ավելի մեծ հանդիպումների՝ համաժողովների։ Դրանք իսկապես հաճելի և ուրախ ժամանակներ  էին ինձ համար։ Վկաների հետ ես ինձ ապահով էի զգում։

Մինչդեռ իմ ընտանիքում բազում անախորժություններ կային։ Հորս ապրելակերպը խոր ցավ էր պատճառում մորս, ինչի հետևանքով մայրս խոր դեպրեսիայի մեջ ընկավ։ Երբ ես մոտ տասը տարեկան էի, մայրս դադարեց Եհովայի վկաների հետ շփվելուց։ Բայց ես շարունակեցի գնալ հանդիպումներին՝ թեև առանց խանդավառության, և 17 տարեկանում մկրտվեցի։ Սակայն դրանից կարճ ժամանակ անց ոչ քրիստոնեավայել վարք դրսևորեցի և դադարեցի ժողովի անդամ լինելուց։

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ

Իմ ամուսնությունից կարճ ժամանակ անց Եհովայի վկաների տեղի ժողովից երկու երեցներ այցելեցին ինձ։ Նրանք ինձ բացատրեցին, թե ինչ քայլեր պետք է անեմ, որ վերադառնամ Եհովայի մոտ, և հոգ տարան, որ Սինդի անունով մի միսիոներ քույր օգնի ինձ։ Տարիների ընթացքում հավատս թուլացել էր, ուստի խնդրեցի Սինդիին, որ ինձ համոզիչ փաստերով ցույց տա, որ Աստվածաշունչն իսկապես Աստծու Խոսքն է։ Նա ինձ ցույց տվեց, թե ինչպես են կատարվել Աստվածաշնչի մարգարեությունները։ Մենք հետզհետե մտերմացանք, և նա ինձ առաջարկեց միասին ուսումնասիրել Աստվածաշնչի հիմնական ուսմունքները։ Ես համաձայնվեցի։ Այդ ուսումնասիրության շնորհիվ կյանքումս առաջին անգամ հասկացա, որ Եհովան սիրող Աստված է ու ցանկանում է, որ ես երջանիկ լինեմ։

Ես նորից սկսեցի հաճախել քրիստոնեական հանդիպումներին և զգացի, որ Եհովայի վկաների հետ շփվելը ինձ համար ավելի հաճելի է, քան կինեմատոգրաֆիայում աշխատող մարդկանց ընկերակցությունը։ Բայց մանկության տարիներին ունեցած իմ ծանր ապրումների պատճառով ես թերարժեքության զգացում ունեի և չէի կարողանում որևէ մեկին վստահել։ Մեր ժողովի անդամներից մեկը շատ օգնեց ինձ. նա ցույց տվեց, թե ինչպես կարող եմ Աստվածաշնչի օգնությամբ հաղթահարել զգացական խնդիրներս։ Նաև իմացա, թե ինչպես կարող եմ իսկական ընկերներ ձեռք բերել։

ԱՎԵԼԻ ԼԱՎ ԲԱՆ, ՔԱՆ ՊԵՐՃԱՇՈՒՔ ԿՅԱՆՔԸ

1997-ին ես ու ամուսինս տեղափոխվեցինք Հոլիվուդ (Կալիֆորնիա, ԱՄՆ)։ Այնտեղ ես սկսեցի ավելի շատ ժամանակ տրամադրել, որ օգնեմ մարդկանց սովորելու Աստծու Խոսքի խոր ճշմարտությունները։ Աստվածաշնչի ճշմարտությունները մարդկանց սովորեցնելը ինձ ավելի մեծ ուրախություն ու բավականություն էր պատճառում, քան դերասանական կարիերայում իմ ունեցած փառքը։ 2002-ին հանդիպեցի իմ հին ծանոթին՝ Շերիին, որի հետ ծանոթացել էի Հոնկոնգում։ Իմ և նրա կյանքի պատմությունները շատ առումներով նման էին։ Շերին նույնպես եղել էր «Միսս Հոնկոնգ»։ Նա այդ տիտղոսին արժանացել էր ինձնից մեկ տարի առաջ, ու երբ ես դարձա «Միսս Հոնկոնգ», հենց նա էր, որ իմ գլխին թագ դրեց։ Նա էլ էր դարձել կինոդերասան, իսկ հետագայում՝ պրոդյուսեր, և աշխատել էր հայտնի ռեժիսորների հետ։ Շերին նույնպես տեղափոխվել էր Հոլիվուդ։

Ես շատ վշտացա ու ցավ ապրեցի, երբ Շերին ասաց, որ իր նշանածը հանկարծակի մահացել էր ինֆարկտից։ Շերիի կրոնը՝ բուդդայականությունը, նրան ոչ մի մխիթարություն չէր տվել։ Թեև նա էլ ինձ նման հասել էր փառքի, որին շատերն են ձգտում, բայց երջանիկ չէր ու չէր կարողանում վստահել որևէ մեկին։ Ես նրան պատմեցի, թե ինչ եմ սովորել Աստվածաշնչից, բայց իր կրոնական հայացքների պատճառով նրա համար դժվար էր հասկանալ ու ընդունել այդ ամենը։

Իմ ընկերուհին՝ Շերին, նկարահանման հրապարակու

2003թ.-ին մի օր Շերին ինձ զանգահարեց Վանկուվերից (Կանադա), որտեղ ֆիլմ էր նկարահանում։ Նա ոգևորությամբ ինձ պատմեց, որ երբ մեքենայով անցել էր գեղեցիկ մի վայրով, շրջակա բնությամբ հիացած՝ սկսել էր բարձրաձայն աղոթել. «Ո՜վ ճշմարիտ Աստված, խնդրում եմ, հայտնիր ինձ քո անունը»։ Աղոթելուց հետո նա անցել էր մի Թագավորության սրահի կողքով և տեսել էր Եհովա անունը։ Շերին համոզված էր, որ դա իր աղոթքի պատասխանն է և ցանկանում էր որքան հնարավոր է շուտ հանդիպել Եհովայի վկաներին։ Ես հոգ տարա, որ նա  հանդիպի Վկաներին, և մի քանի օրից նա ներկա եղավ Վանկուվերի չինախոս ժողովի հանդիպմանը։

Ավելի ուշ Շերին ինձ ասաց. «Այդ մարդիկ անկեղծորեն հետաքրքրված են ինձնով։ Ես կարողանում եմ անկաշկանդ խոսել նրանց հետ այն մասին, թե ինչ եմ զգում ու մտածում»։ Դա լսելով՝ անչափ ուրախացա, քանի որ կինեմատոգրաֆիայի բնագավառում աշխատելիս Շերին երբեք ընկերներ չի ունեցել։ Նա շարունակեց հաճախել ժողովի հանդիպումներին։ Սակայն 2005-ին նա պայմանագիր կնքեց, որ երկու էպիկական ֆիլմ նկարահանի Չինաստանում, և ստիպված եղավ վերադառնալ Հոնկոնգ։ Այդուհանդերձ, 2006-ին Շերին նվիրեց իր կյանքը Եհովային ու Հոնկոնգում տեղի ունեցած համաժողովի ժամանակ մկրտվեց։ Նա շատ էր ուզում ծառայել Եհովային լիարժեքորեն, սակայն նրա աշխատանքը շատ ուժ ու ժամանակ էր խլում նրանից, ինչի պատճառով նա կորցնում էր իր ուրախությունը։

ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ՕԳՆԵԼՈՎ՝ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՍՏԱՆՈՒՄ

2009-ին Շերիի կյանքը լիովին փոխվեց։ Նա որոշեց հեռանալ կինոարդյունաբերությունից և լիարժեքորեն ծառայել Եհովային։ Նա քրիստոնեական ժողովում շատ նոր ընկերներ ձեռք բերեց։ Շերին դարձավ Թագավորության բարի լուրի լիաժամ քարոզիչ։ Նա մեծ բավականություն էր ստանում՝ օգնելով մարդկանց գտնելու կյանքի լավագույն ուղին (Մատթեոս 24։14

Հետագայում Շերին սովորեց նեպալերեն, որ օգնի Հոնկոնգի նեպալախոս Վկաների խմբին։ Բանն այն է, որ Հոնկոնգում ապրող նեպալցիներից շատերը անտեսված ու արհամարհված են, քանի որ գրեթե չգիտեն անգլերեն կամ չինարեն, և նրանց սովորությունները տարբերվում են տեղի սովորություններից։ Շերին պատմում էր ինձ, թե ինչ մեծ ուրախություն է ստանում՝ օգնելով այդ մարդկանց հասկանալու Աստվածաշունչը։ Օրինակ՝ մի անգամ տնից տուն քարոզելիս նա հանդիպել էր մի նեպալցի կնոջ, որը որոշ բաներ գիտեր Հիսուսի մասին, բայց ոչինչ չգիտեր ճշմարիտ Աստծու՝ Եհովայի մասին։ Շերին Աստվածաշնչից ցույց էր տվել նրան, որ Հիսուսը աղոթել է իր երկնային Հորը։ Եվ երբ այդ կինը հասկացել էր, որ ինքն էլ կարող է աղոթել ճշմարիտ Աստծուն, որի անունը Եհովա է, սրտանց ընդունել էր բարի լուրը։ Շատ չանցած՝ նրա ամուսինն ու դուստրը նույնպես սկսել էին ուսումնասիրել Աստվածաշունչը (Սաղմոս 83։18; Ղուկաս 22։41, 42

Շերին այսօր

Երբ տեսա, թե Շերին ինչ ուրախություն ու բավականություն է ստանում՝ լիարժեքորեն մասնակցելով քարոզչական գործին, ինքս ինձ հարցրի. «Ի՞նչն է խանգարում ինձ, որ ես էլ լիարժեքորեն ծառայեմ Աստծուն»։ Այդ ժամանակ ես վերադարձել էի Հոնկոնգ։ Որոշեցի փոփոխություններ անել իմ կյանքում, որ կարողանամ լիարժեքորեն մասնակցել աստվածաշնչյան ճշմարտությունները մարդկանց հայտնելու գործին։ Ես զգացել եմ, որ երբ անկեղծորեն լսում եմ մարդկանց և օգնում եմ նրանց հասկանալու Աստծու Խոսքը, ինձ իսկապես երջանիկ եմ զգում։

Երբ օգնում եմ մարդկանց հասկանալու Աստծու Խոսքը, ինձ իսկապես երջանիկ եմ զգում

Օրինակ՝ ես Աստվածաշունչ ուսումնասիրեցի մի վիետնամցի կնոջ հետ, որը միշտ տխուր էր և հաճախ էր արտասվում։ Այժմ նա կյանքին լավատեսորեն է նայում և մեծ սիրով համագործակցում է ժողովի հետ։

Ե՛վ ես, և՛ Շերին գտանք պերճաշուք կյանքից ավելի լավ բան։ Թեև կինոարդյունաբերության բնագավառում աշխատելը հետաքրքիր էր ու փառք էր բերում մեզ, բայց մարդկանց Եհովա Աստծու մասին սովորեցնելը ավելի մեծ բավականություն է պատճառում, քանի որ դա փառք է բերում Աստծուն։ Մենք զգացել ենք, թե որքան ճշմարիտ են Հիսուսի հետևյալ խոսքերը. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործեր 20։35

Իմացիր ավելին

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչո՞ւ չարժե ընդօրինակել «իդեալներին»—Մաս 1։ Աղջիկների համար

Աղջիկներից շատերը մտածում են, թե իրենց անհատականությունն են դրսևորում, սակայն իրականում ընդօրինակում են այն «իդեալներին», որոնք ներկայացվում են մեդիայի միջոցով։