Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐ 2015

Կորցրե՞լ ես հավատդ Աստծու նկատմամբ

Կորցրե՞լ ես հավատդ Աստծու նկատմամբ

«ԻՆՉՈ՞Ւ հենց ես։ Ինչո՞ւ դա հենց ինձ պատահեց»։ Այս հարցերը մտատանջում էին Բրազիլիայում ապրող 24-ամյա մի երիտասարդի՝ Սիդնեյին։ Ջրային ատրակցիոնի վրա տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո նա անդամալույծ էր դարձել։

Դժբախտ պատահարների, հիվանդությունների, հարազատի կորստի, բնական աղետների, պատերազմների և այլ դժվարությունների պատճառով մարդիկ գուցե հիասթափվեն և նույնիսկ կորցնեն հավատն Աստծու նկատմամբ։ Այդպես եղել է նաև անցյալում։ Հնում ապրած հավատարիմ մի մարդու՝ Հոբի կյանքում մեկը մյուսի հետևից մի քանի դժբախտություններ պատահեցին։ Նա մտածում էր, թե այդ ամենը Աստծու կամքով էր եղել, ուստի ասաց. «Քեզ օգնության եմ կանչում, բայց դու չես պատասխանում, ես կանգնել եմ, որ ուշադրություն դարձնես ինձ։ Դու փոխվել ես ու դաժան դարձել իմ հանդեպ, ձեռքիդ ողջ զորությամբ թշնամություն ես տածում իմ հանդեպ» (Հոբ 30։20, 21

Հոբը չգիտեր, թե իրականում ով է իր կրած դժբախտությունների պատճառը, ինչու է ինքը կրում այդ ցավերը, կամ ինչու է Աստված թույլ տալիս, որ այդ ամենը պատահի իրեն։ Սակայն Աստվածաշունչը բացատրում է, թե ինչու են նման բաներ լինում, և թե ինչպիսին պետք է լինի մեր արձագանքը։

ԱՐԴՅՈՔ ԱՍՏՎԱԾ ԾՐԱԳՐԵ՞Լ ԷՐ, ՈՐ ՄԱՐԴԻԿ ՏԱՌԱՊԵՆ

Աստվածաշունչը Աստծու վերաբերյալ ասում է. «Նրա գործերը կատարյալ են։ Նրա բոլոր ճանապարհները արդար են։ Հավատարմության Աստված է նա, նրա մեջ անարդարություն չկա, արդար և ազնիվ է նա» (2 Օրենք 32։4)։ Այդ դեպքում մի՞թե խելամիտ է մտածել, թե Աստված, որն «արդար և ազնիվ» է, ծրագրել էր, որ մարդիկ տառապեն, կամ թե նա աղետներ է բերում, որ մարդկանց պատժի կամ մաքրի մեղքերից։

Աստվածաշունչն ասում է. «Փորձության մեջ լինելիս թող ոչ ոք չասի՝ «Աստծուց եմ փորձվում», որովհետև Աստված չար բաներով չի կարող փորձվել, և ինքն էլ ոչ մեկին չի փորձում» (Հակոբոս 1։13)։ Աստվածաշնչից մենք նաև իմանում ենք, որ երբ Աստված ստեղծեց մարդկանց, բնակեցրեց նրանց կատարյալ պայմաններում։ Նա առաջին մարդկային զույգին՝ Ադամին ու Եվային, տվեց գեղեցիկ տուն՝ Եդեմի պարտեզը, կյանքի համար անհրաժեշտ ամեն բան և հետաքրքիր աշխատանք։ Աստված ասաց նրանց. «Բազմացեք, շատացեք, լցրեք երկիրը և տիրեք նրան»։ Ադամն ու Եվան, անկասկած, դժգոհելու ոչ մի պատճառ չունեին (Ծննդոց 1։28

Սակայն այսօր մեր կյանքի պայմանները հազիվ թե կարելի է կատարյալ համարել։ Իրականում մարդկությունը իր ողջ պատմության ընթացքում միշտ դժվարություններ ու տառապանք է կրել։ Աստվածաշունչը ճշգրտորեն նկարագրում է մարդկանց վիճակը՝ ասելով. «Մինչև հիմա բոլոր ստեղծվածները հառաչում են և ցավի մեջ են» (Հռոմեացիներ 8։22)։ Ինչո՞ւ մենք հայտնվեցինք նման կացության մեջ։

ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՏԱՌԱՊՈՒՄ

Որպեսզի հասկանանք, թե ինչու ենք տառապում, պետք է վերադառնանք մարդկության պատմության սկիզբ։ Այդ ժամանակ ըմբոստ մի հրեշտակ, որը հետագայում կոչվեց Բանսարկու Սատանա, Ադամին ու Եվային դրդեց, որ մերժեն ճշտի ու սխալի վերաբերյալ Աստծու սահմանած չափանիշները և չհնազանդվեն նրա տված պատվերին՝ չուտել «բարին ու չարը գիտենալու ծառից»։ Սատանան ասաց Եվային, որ եթե ուտեն ծառից, ամենևին էլ չեն մեռնի։ Այդպիսով նա Աստծուն ներկայացրեց որպես ստախոս։ Սատանան նաև մեղադրեց Աստծուն՝ ակնարկելով, թե նա իր հպատակներին թույլ չի տալիս ինքնուրույն որոշել՝ ինչն է լավ, ինչը՝ վատ (Ծննդոց 2։17; 3։1–6)։ Նա նաև ակնարկեց, որ առանց Աստծու իշխանության մարդկությունը ավելի լավ կապրի։ Այդպիսով բարձրացվեց կարևոր մի հարց. արդյո՞ք Աստված լավ ղեկավար է։

Սատանան նաև բարձրացրեց մեկ այլ հարց։ Նա մեղադրեց մարդկանց՝ ակնարկելով, թե նրանք ծառայում են Աստծուն եսասիրական մղումներով։ Աստծու հավատարիմ ծառայի՝ Հոբի մասին Սատանան ասաց Աստծուն. «Չէ՞ որ դու ցանկապատ ես դրել, որ պաշտպանես նրան, նրա տունն ու ողջ ունեցվածքը.... Սակայն ձեռքդ մեկնիր, խնդրեմ, ու դիպիր այն ամենին, ինչ նա ունի, և տես, թե արդյոք երես առ երես չի՞ անիծի քեզ» (Հոբ 1։10, 11)։ Թեև Սատանան խոսում էր Հոբի մասին, սակայն ուզում էր ասել, որ բոլոր մարդիկ էլ եսասիրական մղումներով են ծառայում Աստծուն։

ԱՍՏՎԱԾ ԼՈՒԾՈՒՄ Է ՏԱԼԻՍ ՎԻՃԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ

Ինչպե՞ս էր հնարավոր մեկընդմիշտ լուծել այդ վիճաբանական հարցերը։ Աստված՝ տիեզերքի ամենաիմաստուն անձնավորությունը, այդ հարցերը լուծեց լավագույն կերպով, այնպես որ հիասթափվելու ոչ մի պատճառ չունենք (Հռոմեացիներ 11։33)։ Նա որոշեց թույլ տալ, որ  մարդիկ որոշ ժամանակ ղեկավարեն իրենք իրենց և տեսնեն, թե ինչ արդյունքներ կբերի իրենց իշխանությունը, որպեսզի հստակ լինի, թե ում իշխանությունն է ավելի լավ՝ մարդկա՞նց, թե՞ Աստծու։

Ներկայումս երկրի վրա տիրող թշվառ պայմանները հստակորեն ցույց են տալիս, որ մարդկային ղեկավարությունը հաջողության չի հասել։ Կառավարությունները ոչ միայն չեն կարողացել խաղաղություն ու ապահովություն բերել, այլև կործանման եզրին են հասցրել երկիրը։ Այս ամենը հաստատում է Աստվածաշնչում գրված հետևյալ ճշմարտությունը. «Քայլող մարդը չի կարող ուղղություն տալ իր քայլերին» (Երեմիա 10։23)։ Միայն Աստծու իշխանությունը կարող է հարատև խաղաղություն, երջանկություն և բարեկեցություն պարգևել մարդկանց, քանի որ Աստծու նպատակը հենց դա է (Եսայիա 45։18

Իսկ ինչպե՞ս է Աստված իրականացնելու մարդկության հետ կապված իր նպատակը։ Նկատի առնենք, թե ինչի մասին Հիսուսն իր հետևորդներին սովորեցրեց աղոթել։ Նա ասաց. «Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6։10)։ Այո՛, իր նշանակած ժամանակին Աստված իր Թագավորության միջոցով կվերացնի տառապանքի բոլոր պատճառները (Դանիել 2։44)։ Աղքատությունը, հիվանդություններն ու մահը կմնան անցյալում։ Աղքատների վերաբերյալ Աստվածաշնչում գրված է, որ Աստված «կփրկի աղքատին, որն օգնության է կանչում» (Սաղմոս 72։12–14)։ Իսկ հիվանդների մասին ասվում է. «Ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»» (Եսայիա 33։24)։ Աստվածաշունչը հույս է տալիս անգամ մահացածների համար, ովքեր Աստծու հիշողության մեջ են։ Հիսուսը նրանց մասին ասել է. «Գալիս է ժամը, երբ բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են, նրա ձայնը կլսեն և դուրս կգան» (Հովհաննես 5։28, 29)։ Սրանք, իսկապես, սիրտ ջերմացնող խոստումներ են։

Աստծու խոստումների շուրջ խորհրդածելով՝ կկարողանանք հաղթահարել հիասթափության զգացումը

ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄԸ

Սիդնեյը, որի մասին նշվեց հոդվածի սկզբում, այդ դժբախտ պատահարից մոտ 17 տարի անց ասում է. «Ես երբեք չեմ մեղադրել Աստծուն այդ դժբախտության համար, բայց, անկեղծ ասած, սկզբում հիասթափվել էի։ Այժմ էլ օրեր են լինում, որ շատ եմ տխրում, և ամեն անգամ, երբ մտածում եմ իմ ֆիզիկական տկարության մասին, լաց եմ լինում։ Սակայն կարդալով Աստվածաշունչը՝ հասկացել եմ, որ այդ դժբախտ պատահարը Աստծու պատիժը չէր։ Ինչպես գրված է Աստվածաշնչում, «ժամանակ և պատահար բոլորին է լինում»։ Եհովային աղոթելը, ինչպես նաև Աստվածաշնչյան մի շարք համարների շուրջ խորհրդածելը օգնել են, որ հոգևորապես ամրանամ և դրական մտավիճակ պահպանեմ» (Ժողովող 9։11; Սաղմոս 145։18; 2 Կորնթացիներ 4։8, 9, 16

Եթե միշտ հիշենք, թե Աստված ինչու է թույլատրել տառապանքի գոյությունը, և թե ինչպես է նա շուտով մեկընդմիշտ վերացնելու տառապանքն ու դրա պատճառները, կկարողանանք հաղթահարել հիասթափության զգացումը։ Աստվածաշունչը մեզ հավաստիացնում է, որ Աստված «վարձատրում է նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն»։ Ով հավատում է Աստծուն և նրա Որդուն, երբեք չի հիասթափվի (Եբրայեցիներ 11։6; Հռոմեացիներ 10։11

Իմացիր ավելին

Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը

Աստվածաշունչ ուսումնասիրելով միլիոնավոր մարդիկ գտնում են կյանքի կարևոր հարցերի պատասխանները։ Կուզե՞ս միանալ նրանց։