Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՕԳՈՍՏՈՍ 2015

 ԸՆԴՕՐԻՆԱԿԵՔ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՏԸ | ԴԵԲՈՐԱ

«Ես՝ իբրև մայր, վեր կացա Իսրայելում»

«Ես՝ իբրև մայր, վեր կացա Իսրայելում»

ՎԱՂ առավոտ էր։ Դեբորան նայում էր իր շուրջը՝ Թաբոր լեռան վրա հավաքված զինվորներին։ Նա մտածում էր այն մասին, թե ինչ մեծ հավատ ունեն ու որքան քաջ են այդ զինվորներն ու նրանց առաջնորդը՝ Բարակը։ Նրանց թիվը հասնում էր 10000-ի։ Շուտով այդ զինվորների հավատն ու քաջությունը մեծ փորձության էին ենթարկվելու։ Նրանք լավ զինված չէին ու պետք է կռվեին դաժան թշնամու դեմ, որը թվով գերազանցում էր նրանց։ Չնայած այդ ամենին՝ նրանք անվախորեն դուրս էին եկել պատերազմի գլխավորաբար այն բանի շնորհիվ, որ այդ կինը քաջալերել ու սիրտ էր տվել նրանց։

Դեբորան Բարակի հետ նայում էր լեռան գագաթից բացվող տեսարանին։ Թաբոր լեռը հարթ գագաթ ուներ և մոտ 400 մետր բարձր էր իր ստորոտում փռված Հեզրայելի հարթավայրից, որը տարածվում էր դեպի հարավ-արևմուտք։ Այդ կանաչ հարթավայրով ոլորապտույտ հոսում էր Կիսոն գետը, որը, անցնելով Կարմեղոս լեռան մոտով, թափվում էր Մեծ ծով։ Այդ ընդարձակ հարթավայրում ինչ-որ բան էր փայլփլում, բայց դա գետի ջուրը չէր, քանի որ տարվա այդ ժամանակ գետը սովորաբար ցամաքում էր։ Սիսարայի մոտեցող զորքի մահաբեր զենքերն էին, որ փայլում էին հեռվից։ Զորքի գլխավոր ուժը մոտ 900 մարտակառքերն էին։ Ըստ ամենայնի, դրանց անիվներից դուրս էին ցցված գերանդու շեղբեր։ Սիսարան ցանկանում էր դրանց միջոցով իսրայելացիներին խոտի պես հնձել։

Դեբորան գիտեր, որ Բարակն ու զինվորները սպասում էին իր մի խոսքին կամ նշանին, որ գործի անցնեն։ Նա միակ կինն էր, որ զինվորների հետ ներկա էր այդտեղ։ Ի՞նչ էր նա զգում այդ պահին, երբ իր ուսերին այդպիսի լուրջ պատասխանատվություն էր ընկած։ Արդյո՞ք նա տարակուսանքի մեջ էր՝ չիմանալով, թե ինչ պետք է անի։ Վստահաբար, ո՛չ։ Եհովա Աստված էր պատվիրել նրան՝ ասելու իսրայելացիներին, որ գնան պատերազմի։ Եհովան նրան նաև հայտնել էր, որ կնոջ ձեռքով էր ջախջախիչ հարված հասցվելու թշնամուն (Դատավորներ 4։9)։ Ի՞նչ կարող ենք սովորել Դեբորայի և այս քաջ ռազմիկների օրինակից։

«ԳՆԱ՛ ԵՎ ԴԻՐՔԱՎՈՐՎԻ՛Ր ԹԱԲՈՐ ԼԵՌԱՆ ՎՐԱ»

Աստվածաշնչում Դեբորայի մասին խոսվում է որպես մարգարեուհու։ Աստծու Խոսքում շատ քիչ կանանց մասին է խոսվում որպես մարգարեուհիների։ * Դեբորան ուներ նաև այլ պատասխանատվություն։ Նա ակներևաբար օգնում էր իսրայելացիներին լուծելու տարբեր վիճելի հարցեր՝ հայտնելով Եհովայի պատասխանը դրանց վերաբերյալ (Դատավորներ 4։4, 5

Դեբորան ապրում էր լեռնային մի շրջանում՝ Եփրեմում, որը գտնվում էր Բեթել և Ռամա քաղաքների միջև։ Նա նստում էր մի արմավենու տակ և ծառայում էր ժողովրդին՝ հաղորդելով նրանց Եհովայի խոսքերը։ Անշուշտ, դա դժվար ու պատասխանատու գործ էր, բայց Դեբորան չէր վհատվում։ Նա գիտեր, որ մարդիկ իր օգնության կարիքը շատ ունեին։ Նա հետագայում նաև մասնակցեց Աստծու կողմից ներշնչված մի երգի ստեղծմանը, որում Իսրայել ժողովրդի անհավատարմության մասին այսպիսի խոսքեր էին նշվում. «Նրանք նոր աստվածներ ընտրեցին, և այդ ժամանակ պատերազմ եղավ դարպասների մոտ» (Դատավորներ 5։8)։ Քանի որ իսրայելացիները թողել էին Եհովային ու սկսել էին ծառայել ուրիշ աստվածների, Եհովան նրանց հանձնել էր թշնամիների ձեռքը։ Նրանց վրա իշխում էր Քանանի Հաբին թագավորը, որի զորագլուխը Սիսարան էր։

Միայն Սիսարայի անունը լսելով՝ իսրայելացիները ահ ու սարսափի մեջ էին ընկնում։ Քանանացիների կրոնն ու մշակույթը աչքի էին ընկնում դաժանությամբ։ Նրանք իրենց աստվածների համար զոհաբերում էին իրենց երեխաներին և զբաղվում էին տաճարային պոռնկությամբ։ Ինչպիսի՞ն էր Իսրայելի վիճակը, երբ երկիրը  գտնվում էր այդ քանանացի զորավարի հսկողության տակ։ Դեբորայի երգի խոսքերից երևում է, որ այդ ժամանակ երկրով ճամփորդելը գրեթե անհնար էր, իսկ գյուղերում կյանքն ասես կանգ էր առել (Դատավորներ 5։6, 7)։ Գյուղերը պարիսպ չունեին, ուստի մարդիկ վախենում էին ապրել այնտեղ ու հողագործությամբ զբաղվել։ Նրանք թաքնվում էին անտառներում ու ժայռոտ տեղերում և խուսափում էին գլխավոր ճանապարհներով անցնելուց՝ վախենալով, որ գուցե իրենց վրա հարձակվեն, երեխաներին առևանգեն և բռնաբարեն կանանց։ *

Այդ բռնի ու դաժան իշխանությունը շարունակվեց 20 տարի, մինչև Եհովան տեսավ, որ իր համառ ժողովուրդը պատրաստ է փոխվելու կամ, ինչպես նշվում է Դեբորայի ու Բարակի՝ Եհովայի կողմից ներշնչված երգում, մինչև որ Դեբորան՝ «իբրև մայր, վեր կացավ Իսրայելում»։ Հայտնի չէ՝ Դեբորան՝ Լաբիդոթի կինը, իրականում մայր էր, թե ոչ։ Վերոհիշյալ խոսքերը խորհրդանշական իմաստ ունեն։ Եհովան նշանակել էր Դեբորային, որ նա մայրական հոգատարություն դրսևորեր իր ժողովրդի հանդեպ։ Աստված հանձնարարել էր նրան, որ Բարակ դատավորին՝ ամուր հավատի տեր այդ ուժեղ մարդուն, ուղարկեր Սիսարայի դեմ կռվելու (Դատավորներ 4։3, 6, 7; 5։7

Դեբորան հորդորում է Բարակին դուրս գալ թշնամու դեմ և ազատել ժողովրդին

Եհովան Դեբորայի միջոցով պատվիրեց Բարակին. «Գնա՛ և դիրքավորվի՛ր Թաբոր լեռան վրա»։ Բարակը պետք է հավաքեր 10000 տղամարդկանց Իսրայելի երկու ցեղերից։ Դեբորայի միջոցով Աստված խոստացավ, որ իսրայելացիները պարտության կմատնեն զորեղ հրամանատար Սիսարային ու նրա զորքերին։ Հավանաբար, Բարակը շատ զարմացավ՝ լսելով դա, քանի որ իսրայելացիները ո՛չ զորք ունեին, ո՛չ էլ բավականաչափ զենք։ Չնայած դրան՝ Բարակը համաձայնվեց գնալ պատերազմի, բայց միայն այն պայմանով, որ Դեբորան էլ գնար իր հետ (Դատավորներ 4։6–8; 5։6–8

Որոշ մարդիկ կարծում են, որ Բարակի թույլ հավատն էր պատճառը, որ նա խնդրեց Դեբորային գնալ իր հետ։ Բայց դա այդպես չէ։ Բարակը չխնդրեց Աստծուն, որ իրենց շատ զենքեր տա։ Լինելով ամուր հավատի տեր մարդ՝ նա հասկանում էր, որ շատ ավելի կարևոր է այն, որ իրենց հետ լինի Եհովայի ներկայացուցիչը և քաջալերի իրեն ու իր ռազմիկներին (Եբրայեցիներ 11։32, 33)։ Եհովան հավանություն տվեց Բարակի խնդրանքին և թույլ տվեց, որ Դեբորան գնա նրա հետ։ Եհովան նաև ներշնչեց Դեբորային մարգարեանալու, որ պատերազմի վերջնական հաղթանակը տղամարդու ձեռքով չէր լինելու (Դատավորներ 4։9)։ Աստված որոշել էր, որ մի կին էր սպանելու թշնամու զորագլխին՝ Սիսարային։

Այսօր աշխարհում կանայք ենթարկվում են անարդար վերաբերմունքի և բռնության։ Սակայն Աստված ցանկանում է, որ նրանց վերաբերվեն հարգանքով ու արժանապատվությամբ, ինչը մեր շրջապատում, ցավոք, հազվադեպ երևույթ է։ Աստծու աչքին տղամարդն ու կինը հավասար են և երկուսն էլ թանկ են նրա համար (Հռոմեացիներ 2։11; Գաղատացիներ 3։28)։ Դեբորայի  օրինակը ցույց է տալիս, որ Աստված կանանց տալիս է առանձնաշնորհումներ, վստահում է նրանց ու հավանության արժանացնում։ Անչափ կարևոր է, որ չորդեգրենք կանանց վերաբերյալ այն սխալ տեսակետները, որ տարածված են աշխարհում։

«ԵՐԿԻՐԸ ՑՆՑՎԵՑ, ԵՐԿՆՔԻՑ ՏԵՂԱՑ»

Շուտով Բարակը գնաց զորք հավաքելու։ Նա հավաքեց 10000 քաջ տղամարդկանց, որոնք պատրաստ էին դուրս գալու Սիսարայի մեծաքանակ զորքերի դեմ։ Բարակը իր զինվորներին առաջնորդեց դեպի Թաբոր լեռ։ Աստվածաշնչում կարդում ենք. «Դեբորան նույնպես գնաց նրա հետ» (Դատավորներ 4։10)։ Բարակը ուրախ էր, որ իրենց կողքին կար մեկը, ով ոգևորում էր թե՛ իրեն, թե՛ զինվորներին։ Կարելի է պատկերացնել, թե որքան էին քաջալերվում զինվորները՝ տեսնելով, որ այդ խիզախ կինը իրենց հետ բարձրանում է Թաբոր լեռը և պատրաստ է վտանգելու իր կյանքը, քանի որ ամբողջ սրտով ապավինում է Եհովա Աստծուն։

Սիսարան, իմանալով, որ Իսրայելը հանդգնել էր զորք հավաքել իր դեմ, անմիջապես գործի անցավ։ Քանանի մի քանի թագավորներ իրենց զորքերով միացան Հաբին թագավորին, որը թերևս նրանցից ամենահզորն էր։ Եվ ահա հարթավայրով անցնում էին Սիսարայի զորախմբերն ու մարտակառքերը, և երկիրը դղրդում էր երկաթյա անիվների ձայնից։ Քանանացիները վստահ էին, որ արագորեն հաշվեհարդար կտեսնեն Իսրայելի խղճուկ զորքի հետ (Դատավորներ 4։12, 13; 5։19

Ինչպե՞ս կվարվեին Բարակն ու Դեբորան՝ տեսնելով մոտեցող թշնամուն։ Եթե իսրայելացիները մնային Թաբոր լեռան լանջին, գուցե նրանց համար ավելի հեշտ լիներ պայքարել քանանացիների զորքերի դեմ, քանի որ մարտակառքերը միայն հարթ տեղանքում կարող էին արագ շարժվել և ծառայել իրենց նպատակին։ Բայց Բարակը ցանկանում էր վարվել այնպես, ինչպես կպատվիրեր Եհովան, ուստի սպասում էր Դեբորայի խոսքին։ Վերջապես Եհովան Դեբորայի միջոցով առաջնորդություն տվեց։ Դեբորան ասաց Բարակին. «Վե՛ր կաց, որովհետև այսօր Եհովան Սիսարային քո ձեռքն է տալու։ Չէ՞ որ Եհովան է քո առջևից գնում»։ Այնուհետև կարդում ենք. «Բարակն իջավ Թաբոր լեռից, իսկ նրա հետևից՝ տասը հազար մարդ» (Դատավորներ 4։14 *

Իսրայելացիները մեծ թափով իջան լեռան լանջից ու դուրս եկան բաց դաշտ՝ ընդառաջ գնալով ահարկու մարտակառքերին։ Արդյո՞ք Եհովան «գնում էր նրանց առջևից», ինչպես մարգարեացել էր Դեբորան։ Աստվածաշնչում կարդում ենք. «Երկիրը ցնցվեց, երկնքից տեղաց»։ Անսպասելիորեն տեղատարափ անձրև սկսվեց։ Սիսարայի զորքերը խուճապի մատնվեցին։ Անձրևն այնքան հորդառատ էր, որ գետինը արագ ջրով ծածկվեց։ Շուտով երկաթյա անիվներով ծանր մարտակառքերը Սիսարայի զորքերի համար բեռ դարձան. դրանք խրվեցին ցեխերի մեջ և այլևս չէին կարող առաջ գնալ (Դատավորներ 4։14, 15; 5։4

Մինչդեռ Բարակն ու իր զինվորները խուճապի չմատնվեցին հորդառատ անձրևի պատճառով։ Նրանք գիտեին, թե ում կողմից է այն։ Իսրայելացիները անվախորեն հարձակվեցին քանանացիների վրա։ Նրանք, գործելով որպես Աստծու դատավճիռներն իրականացնողներ, ջախջախեցին Սիսարայի զորքերը՝ կենդանի չթողնելով ոչ ոքի։ Շուտով հորդառատ անձրևից Կիսոն գետը վարարեց, դուրս եկավ ափերից և զինվորների դիակները քշեց-տարավ դեպի Մեծ ծով (Դատավորներ 4։16; 5։21

Ինչպես մարգարեացել էր Դեբորան, Եհովան պատերազմեց իր ժողովրդի համար և պարտության մատնեց Սիսարայի զորքերին

Մեր օրերում Եհովան իր ժողովրդին չի ուղարկում պատերազմելու։ Սակայն նա պատվիրում է իր ծառաներին հոգևոր պատերազմ մղել այս չար աշխարհում (Մատթեոս 26։52; 2 Կորնթացիներ 10։4)։ Եթե ամեն կերպ ջանանք հնազանդվել Աստծուն, ցույց կտանք, որ այդ պատերազմում նրա կողմն ենք դիրք բռնում։ Անշուշտ, այդպես վարվելու համար քաջություն է պետք, քանի որ Աստծու կողմը դիրք բռնող մարդիկ ուժգին հակառակության են բախվում։ Բայց պետք է հիշենք, որ Եհովան չի փոխվել։ Նա այսօր էլ օգնության է հասնում նրանց, ովքեր, Դեբորայի, Բարակի և իսրայելացի քաջ զինվորների նման, հավատում ու ապավինում են իրեն։

«ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԱՄԵՆԻՑ ՕՐՀՆՎԱԾԸ»

Թշնամու բանակի մեջ ամենադաժան անձնավորությանը՝ Աստծու ժողովրդին կեղեքող զորագլուխ Սիսարային, հաջողվեց փախչել։ Նա ոտքով փախավ մարտադաշտից՝ թողնելով իր զինվորներին մահամերձ ընկած ցեխերի մեջ։ Սիսարան կարողացավ աննկատ անցնել իսրայելացի զինվորների միջով։ Նա ցանկանում էր ապաստան գտնել իր դաշնակիցներից մեկի մոտ։ Վախենալով, որ գուցե իսրայելացի զինվորները գտնեն իրեն՝ նա խուճապահար անցավ լայնարձակ հարթավայրը և գնաց դեպի կենեցի Քաբերի վրանները, որոնք գտնվում էին մոտակայքում։ Քաբերը առանձնացել էր հարավում ապրող իր քոչվոր ազգակիցներից և դաշինք էր կնքել Հաբին թագավորի հետ (Դատավորներ 4։11, 17

Սիսարան ուժասպառ հասավ Քաբերի վրանների մոտ։ Քաբերը տանը չէր, սակայն նրա կինը՝ Հայելը, տանն էր։ Սիսարան հավանաբար մտածում էր, որ Հայելը  խոր հարգանքով կվերաբերվի իր ամուսնու և Հաբին թագավորի միջև կնքված դաշինքին։ Նրա մտքով անգամ չէր անցնում, որ կինն առհասարակ կարող է իր ամուսնու մտածելակերպից տարբեր մտածելակերպ ունենալ և այլ կերպ վարվել։ Բայց Սիսարան չէր ճանաչում Հայելին։ Ակներևաբար, Հայելը տեսել էր քանանացիների չարագործությունները և այն, թե ինչ ահ ու սարսափի մեջ էին նրանք պահում երկիրը։ Նա նաև հստակ հասկանում էր, որ այժմ ինքը կանգնած է ընտրության առաջ. նա կարող էր կա՛մ օգնել այդ չար մարդուն, կա՛մ էլ դիրք բռնել Եհովայի կողմը և վերջնական հարված հասցնել Աստծու ժողովրդի թշնամուն։ Բայց ինչպե՞ս կարող էր կինը այդ հզոր ու փորձառու ռազմիկի դեմ դուրս գալ։

Հայելը պետք է արագ գործեր։ Նա առաջարկեց Սիսարային հանգիստ առնել վրանում։ Սիսարան պատվիրեց Հայելին, որ ոչ ոքի չհայտնի իր տեղը։ Երբ Սիսարան պառկեց քնելու, Հայելը ծածկեց նրան։ Հետո Սիսարան ջուր խնդրեց, և Հայելը նրան սերուցք տվեց։ Շուտով Սիսարան խոր քուն մտավ։ Այդ ժամանակ Հայելը վերցրեց վրանի ցիցն ու մուրճը՝ գործիքներ, որոնք վրանաբնակ կանայք կարողանում էին վարպետորեն օգտագործել։ Նա զգուշորեն մոտեցավ Սիսարային. այժմ նա պետք է գործեր որպես Եհովայի դատավճիռը իրականացնող։ Եթե նա նույնիսկ մի փոքր հապաղեր, հետևանքն աղետալի կլիներ։ Այդ պահին Հայելը գուցե մտածում էր Աստծու ժողովրդի մասին և այն մասին, թե ինչ բարբարոսություններ էր արել այդ դաժան մարդը տարիներ շարունակ։ Կամ գուցե մտածում էր, որ դա լավ առիթ էր ցույց տալու, որ ինքը Եհովայի կողմն է դիրք բռնում։ Արձանագրության մեջ այդ մասին ոչինչ չի նշվում։ Սակայն մի բան հստակ է. նա վճռականորեն գործեց և սպանեց Սիսարային (Դատավորներ 4։18–21; 5։24–27

Բարակը, որը հետապնդում էր Սիսարային, շուտով հասավ Քաբերի վրանների մոտ։ Երբ Հայելը Բարակին ցույց տվեց Սիսարայի անկենդան մարմինը՝ ցիցը քունքերի մեջ խրված, նա անմիջապես հասկացավ, որ Դեբորայի մարգարեությունը կատարվել է. Սիսարան սպանվել է կնոջ ձեռքով։ Այսօր շատ քննադատներ ու սկեպտիկներ Հայելին բացասական լույսի ներքո են ներկայացնում։ Մինչդեռ Դեբորան ու Բարակը իրենց ներշնչյալ երգում գովաբանեցին Հայելին նրա խիզախ արարքի համար՝ անվանելով նրան «կանանց մեջ ամենից օրհնվածը» (Դատավորներ 4։22; 5։24)։ Նաև ուշադրության է արժանի այն, թե ինչ ոգի դրսևորեց Դեբորան։ Թեև վերջնական հաղթանակը մեկ այլ կնոջ՝ Հայելի միջոցով եղավ, Դեբորան չնախանձեց նրան, այլ գովեստի սրտաբուխ խոսքեր ասաց նրա մասին։ Դեբորայի համար կարևորն այն էր, որ կատարվել էր Եհովայի խոսքը։

Սիսարայի մահից հետո իսրայելացիները վերջապես ազատվեցին Հաբին թագավորի ու քանանացիների դաժան տիրապետությունից։ Երկրում 40 տարի խաղաղություն տիրեց (Դատավորներ 4։24; 5։31)։ Դեբորան, Բարակը ու Հայելը մեծապես օրհնվեցին Եհովայի հանդեպ անսասան հավատ դրսևորելու համար։ Եթե ընդօրինակենք Դեբորայի հավատը, անվախորեն դիրք բռնենք Եհովայի կողմը և հորդորենք ուրիշներին նույն կերպ վարվել, Եհովան մեզ էլ մեծ «հաղթանակներ» կշնորհի և հարատև խաղաղություն կպարգևի։

^ պարբ. 7 Մարգարեուհիներ էին նաև Մարիամը, Օլդան և Եսայիայի կինը (Ելք 15։20; 2 Թագավորներ 22։14; Եսայիա 8։3

^ պարբ. 9 Դեբորայի երգի խոսքերից երևում է, որ երբ Սիսարան վերադառնում էր ռազմական արշավանքներից, հաճախ իր հետ բերում էր մեծ ավար, այդ թվում կանանց, որոնց թիվը երբեմն այնքան շատ էր լինում, որ յուրաքանչյուր զինվորի բաժին էր ընկնում մեկից ավելի կին (Դատավորներ 5։30)։ Այդ երգում օգտագործված «կին» բառը բառացի նշանակում է «արգանդ», ինչը ցույց է տալիս, որ կանանց հիմնականում վերարտադրողական օրգանների համար էին արժևորում։ Ամենայն հավանականությամբ, տարածված էր նաև բռնաբարությունը։

^ պարբ. 17 Այդ ժամանակ տեղի ունեցած ճակատամարտը երկու անգամ է նկարագրվում Աստվածաշնչում՝ «Դատավորներ» գրքի պատմական արձանագրության 4-րդ գլխում և Դեբորայի ու Բարակի երգի խոսքերում, որոնք արձանագրված են նույն գրքի 5-րդ գլխում։ Այս երկու արձանագրությունները լրացնում են մեկը մյուսին, և դրանցից յուրաքանչյուրում նշվում են մանրամասներ, որոնք չկան մյուսի մեջ։

Իմացիր ավելին

Նա «վարձատրում է նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն»

Ինչպիսի՞ հավատն է Եհովային հաճելի։ Ինչպե՞ս է նա վարձատրում իր հավատարիմ ծառաներին։

Ինչպե՞ս է իրականում Աստված վերաբերվում կանանց

Արդյո՞ք Աստվածաշունչը նսեմացնում է կանանց։ Իմացեք, թե իրականում ինչպես է Աստված վերաբերվում կանանց։