Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՀՈՒԼԻՍ 2015

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մտահոգություն ընտանիքի մասին

Մտահոգություն ընտանիքի մասին

Ջանեթ անունով մի կին պատմում է. «Հորս մահից շատ չանցած՝ ամուսինս ասաց, որ ուրիշ կնոջ է սիրում։ Նա հավաքեց իրերը և լքեց ինձ ու երկու երեխաներիս»։ Ջանեթը աշխատանք գտավ, սակայն նրա աշխատավարձը բավարար չէր երեխաներին հոգ տանելու համար։ Բացի ֆինանսական խնդիրներից, նա ուրիշ մտահոգություններ էլ ուներ։ Ջանեթն ասում է. «Ես շատ էի մտահոգվում, թե ինչպես պետք է մենակ գլուխ հանեմ այդ բոլոր նոր պարտականություններից։ Ինձ մեղավոր էի զգում, որ ուրիշ ծնողների նման չեմ կարողանում երեխաներիս համար ավելին անել։ Նույնիսկ հիմա անհանգստանում եմ, թե ինչ են մտածում մյուսները իմ և երեխաներիս մասին։ Գուցե մտածում են, որ եթե ամուսնությունս փրկելու համար ամեն ինչ անեի, ընտանիքս չէր քանդվի»։

Ջանեթ

Աղոթքները օգնեցին Ջանեթին վերահսկելու իր զգացմունքները և պահպանելու իր մտերիմ փոխհարաբերությունները Աստծու հետ։ Նա պատմում է. «Երբ գալիս էր գիշերը, սարսափում էի. լռության մեջ մտահոգություններս գլուխ էին բարձրացնում։ Սակայն երբ աղոթում էի և Աստվածաշունչ ընթերցում, կարողանում էի հանգիստ քնել։ Իմ սիրած համարներն են Փիլիպպեցիներ 4։6, 7-ը։ Այնտեղ ասվում է. «Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն, և Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը»։ Գիշերները բազում անգամներ աղոթքներ էի անում։ Ես զգացել եմ, թե ինչպես է Եհովայի տված խաղաղությունը մխիթարել ինձ»։

Թեև աղոթքի մասին Հիսուսի խոսքերը կիրառելի են ամեն տեսակ մտահոգությունների պարագայում, բայց նա նաև ասաց. «Ձեր Հայրը նախքան ձեր խնդրելը արդեն գիտի, թե ձեզ ինչ է պետք» (Մատթեոս 6։8)։ Այդուհանդերձ, մենք պետք է աղոթենք, քանի որ այդպես «մոտենում ենք Աստծուն»։ Ի՞նչ է լինում արդյունքում։ «Նա էլ մոտենում է մեզ» (Հակոբոս 4։8

 Այո՛, աղոթքը միայն այն բանի համար չէ, որ արտահայտենք մեր մտահոգությունները ու լավ զգանք դրանից։ Եհովան՝ «աղոթքներ Լսողը», գործում է բոլոր նրանց օգտին, ովքեր հավատով իրեն են փնտրում (Սաղմոս 65։2)։ Դա է պատճառը, որ Հիսուսն իր հետևորդներին սովորեցրեց «միշտ աղոթք անել և չհանձնվել» (Ղուկաս 18։1)։ Մենք պետք է շարունակ խնդրենք Աստծուն, որ օգնի ու առաջնորդի մեզ՝ վստահ լինելով, որ նա կվարձատրի մեզ իր հանդեպ հավատ դրսևորելու համար։ Մենք չպետք է կասկածենք, որ նա ցանկանում է և կարող է օգնել մեզ։ «Անդադար աղոթելը» ցույց է տալիս, որ մեր հավատը անկեղծ է (1 Թեսաղոնիկեցիներ 5։17

ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՀԱՎԱՏ ՈՒՆԵՆԱԼ

Հավատալ նշանակում է «ճանաչել» Աստծուն (Հովհաննես 17։3)։ Իսկ դրա համար անհրաժեշտ է Աստվածաշնչի միջոցով հասկանալ Աստծու մտքերը։ Կարդալով Սուրբ Գիրքը՝ մենք իմանում ենք, որ նա տեսնում է մեզնից յուրաքանչյուրին և ուզում է օգնել։ Այդուհանդերձ, իսկական հավատը Աստծու մասին ինչ-որ բան իմանալուց ավելին է։ Հավատալ նշանակում է նաև ջերմ ու հարգալից փոխհարաբերություններ ունենալ Աստծու հետ։ Սակայն ինչպես ընկեր ունենալու դեպքում, այնպես էլ այս պարագայում հնարավոր չէ մեկ օրում ամուր փոխհարաբերություններ հաստատել։ Երբ ավելի շատ գիտելիքներ ենք ձեռք բերում, «նրան հաճելի բաներ ենք անում» և տեսնում ենք, թե ինչպես է նա օգնում մեզ, մեր հավատը աճում է (2 Կորնթացիներ 10։15; Հովհաննես 8։29)։ Հենց այսպիսի հավատը օգնեց Ջանեթին հաղթահարելու իր մտահոգությունները։

Ջանեթը պատմում է. «Հավատս զորանում էր, երբ ամեն մի քայլ անելիս տեսնում էի Եհովայի ձեռքը իմ կյանքում։ Բազում անգամներ անարդարությունների ենք բախվել, ու թվում էր, թե արդեն ելք չկա։ Սակայն աղոթքների շնորհիվ Եհովան միշտ այնպիսի ելք էր տալիս, որի մասին ես չէի էլ կարող մտածել։ Երբ շնորհակալություն եմ հայտնում նրան, հիշում եմ, թե ինչքան բան է նա արել ինձ համար։ Եհովան միշտ օգնել է մեզ և հաճախ ճիշտ ժամանակին է դա արել։ Բացի այդ, նա իսկական ընկերներ է տվել ինձ՝ քրիստոնյա եղբայրներ ու քույրեր։ Նրանք միշտ իմ կողքին են եղել և լավ օրինակ են եղել երեխաներիս համար»։ *

Ջանեթը շարունակում է. «Գիտեմ, թե ինչու է Եհովան ասում, որ ատում է ապահարզանը, ինչպես գրված է Մաղաքիա 2։16-ում։ Անմեղ կողակցի համար դա ամենածանր դավաճանությունն է։ Տարիներ են անցել, սակայն ժամանակ առ ժամանակ ինձ միայնակ ու անարժեք եմ զգում։ Այդ ժամանակ փորձում եմ որևէ մեկին օգնել, քանի որ այդպես ինձ էլ եմ օգնում»։ Կիրառելով աստվածաշնչյան սկզբունքը և չմեկուսանալով՝ Ջանեթը նվազեցնում է իր անհանգստություններն ու մտահոգությունները * (Առակներ 18։1

Աստված «որբերի հայր և այրիների դատավոր է» (Սաղմոս 68։5)

Ջանեթն ասում է. «Մեծապես մխիթարվում եմ՝ իմանալով, որ Աստված «որբերի հայր և այրիների դատավոր է»։ Նա երբեք չի լքի մեզ, ինչպես որ ամուսինս արեց» (Սաղմոս 68։5)։ Ջանեթը համոզված է, որ Աստված «չար բաներով» չի փորձում մարդկանց։ Ավելին, նա «ամենքին առատաձեռնորեն» տալիս է իմաստություն, «սովորականին գերազանցող ուժ», որպեսզի մենք կարողանանք պայքարել մեզ անհանգստացնող խնդիրների դեմ (Հակոբոս 1։5, 13; 2 Կորնթացիներ 4։7

Իսկ ինչպե՞ս վարվել, երբ մեր կյանքը վտանգի տակ է, ու մենք խիստ մտահոգված ենք։

^ պարբ. 10 Լրացուցիչ գործնական խորհուրդներ, թե ինչպես հաղթահարել մտահոգությունները, կարող ես գտնել «Արթնացե՛ք»-ի 2015թ. հուլիսի համարի գլխավոր թեմայում, առկա է նաև www.jw.org կայքում։

Իմացիր ավելին

Կվստահե՞ս Աստծուն

Դու բավարարվածության զգացում կունենաս, երբ ճանաչես Աստծուն, և նա կդառնա քո վստահելի Ընկերը։