Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՀՈՒԼԻՍ 2015

 ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ

Կյանքս ավելի ու ավելի էր ընկղմվում չարության մեջ

Կյանքս ավելի ու ավելի էր ընկղմվում չարության մեջ
  • ԾՆՎԵԼ Է՝ 1952

  • ԵՐԿԻՐԸ՝ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

  • ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԲՌՆԻ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։

Ես մեծացել եմ Լոս Անջելես քաղաքի (Կալիֆորնիա, ԱՄՆ) վատ համբավ ունեցող թաղամասերում, որտեղ տարածված էր թմրանյութեր օգտագործելը, և կային շատ հանցագործ խմբեր։ Ես մեր ընտանիքի վեց երեխաներից երկրորդն եմ։

Մայրս մեծացրել է մեզ որպես ավետարանչական եկեղեցու անդամներ։ Սակայն պատանեկան տարիներին ես սկսեցի երկակի կյանքով ապրել։ Կիրակի օրերին երգում էի եկեղեցու երգչախմբում, իսկ շաբաթվա մյուս օրերին մասնակցում էի երեկույթների, որոնց ժամանակ թմրանյութեր էինք օգտագործում և անբարոյություն անում։

Բնավորությամբ տաքարյուն էի ու բռնի։ Ամեն ինչ կարող էի օգտագործել որպես զենք՝ հաղթելու համար։ Այն, ինչ սովորում էի եկեղեցում, չէր օգնում ինձ։ Հաճախ էի ասում. «Վրեժխնդրությունը Տիրոջն է, իսկ ես՝ նրա գործիքը»։ 1960-ականների վերջում, երբ ավագ դպրոցում էի սովորում, ինձ վրա մեծ ազդեցություն թողեց «Սև հովազներ» քաղաքական կազմակերպությունը, որի նպատակն էր պայքարի միջոցով առաջ տանել սևամորթների քաղաքացիական իրավունքները։ Ես միացա քաղաքացիական իրավունքների ուսանողական միությանը։ Մի քանի անգամ մենք բողոքի ցույցեր կազմակերպեցինք, և ամեն անգամ դպրոցը ժամանակավորապես փակվում էր։

Սակայն բողոքի ցույցերը չէին մեղմացնում զայրույթս։ Ուստի սկսեցի մասնակցել ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների։ Մի անգամ ընկերներիս հետ կինոթատրոնում դիտեցինք ֆիլմեր, որոնցում ներկայացվում էր, թե անցյալում ինչ տանջանքներ են կրել աֆրիկացի ստրուկները Միացյալ Նահանգներում։ Այդ անարդարություններից բորբոքված՝ մենք հենց կինոթատրոնում հարձակվեցինք սպիտակամորթ երիտասարդների վրա։ Հետո գնացինք սպիտակամորթների թաղամասեր, որ ավելի շատ մարդկանց ծեծենք։

Մի անգամ եղբայրներիս հետ դաժան հանցագործություններ արեցինք և իշխանությունների թիրախը դարձանք։ Կրտսեր եղբայրներիցս մեկը հայտնի հանցագործ խմբի անդամ էր, ու ես նրանց հետ էի ընկերակցում։ Կյանքս ավելի ու ավելի էր ընկղմվում չարության մեջ։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։

Ընկերներիցս մեկի ծնողները Եհովայի վկաներ էին։ Մի օր նրանք հրավիրեցին ինձ մասնակցելու իրենց ժողովի հանդիպմանը, ու ես գնացի։ Հենց սկզբից նկատեցի, թե որքան են տարբերվում Վկաները։ Բոլորը Աստվածաշունչ ունեին և հանդիպման ընթացքում օգտվում էին  դրանից։ Նույնիսկ երեխաներն էին ելույթ ունենում։ Ես այնքան տպավորվեցի, երբ իմացա, որ Աստված անուն ունի՝ Եհովա, և լսեցի, որ այն օգտագործում են (Սաղմոս 83։18)։ Նրանց ժողովում կային տարբեր ազգերի մարդիկ, բայց ռասայական խտրականություն չկար։

Սկզբում չէի ուզում Աստվածաշունչ ուսումնասիրել, բայց սիրով հաճախում էի հանդիպումներին։ Մի օր ես ժողով էի գնացել, իսկ ընկերներս՝ համերգ։ Այնտեղ նրանք այնքան էին ծեծել մի պատանու, որը իր կաշվե բաճկոնը չէր «նվիրել» նրանց, որ ի վերջո նա մահացել էր։ Հաջորդ օրը նրանք հպարտությամբ խոսում էին այդ մասին։ Նույնիսկ դատարանում հարցաքննության ժամանակ ծիծաղում էին։ Նրանց մեծ մասին ցմահ բանտարկեցին։ Որքա՜ն ուրախ էի, որ այդ օրը նրանց հետ չէի եղել։ Որոշեցի փոխել կյանքս ու սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել։

Ես այնքան էի ենթարկվել ռասայական խտրականության վատ ազդեցությանը, որ այն, ինչ տեսնում էի Վկաների մեջ, պարզապես ապշեցնում էր ինձ։ Օրինակ՝ լսեցի, որ մի սպիտակամորթ Վկա, որը պետք է ուրիշ երկիր գնար, իր երեխաներին թողել է մի սևամորթ ընտանիքի հոգածությանը։ Եղել էր նաև այնպես, որ սպիտակամորթ մի ընտանիք հյուրընկալել էր սևամորթ մի երիտասարդի, ով կացարանի կարիք ուներ։ Համոզվեցի, որ Եհովայի վկաները կիրառում են Հիսուսի խոսքերը, որ գրված են Հովհաննես 13։35 համարում. «Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար»։ Հասկացա, որ իսկական եղբայրության մեջ եմ։

Աստվածաշունչ ուսումնասիրելիս գիտակցում էի, որ պետք է փոխեմ մտածելակերպս։ Պետք է նորոգեի միտքս, որպեսզի ոչ միայն խաղաղարար դառնայի, այլև դա կյանքի լավագույն ուղին համարեի (Հռոմեացիներ 12։2)։ Աստիճանաբար հոգևորապես առաջադիմեցի։ 1974 թվականի հունվարին մկրտվեցի ու դարձա Եհովայի վկա։

Պետք է նորոգեի միտքս, որպեսզի ոչ միայն խաղաղարար դառնայի, այլև դա կյանքի լավագույն ուղին համարեի

Սակայն անգամ մկրտվելուց հետո պետք է շարունակեի ջանքեր թափել իմ բնավորությունը փոխելու համար։ Մի անգամ տնետուն ծառայելիս մի գողի հետևից ընկա, որը իմ մեքենայի ռադիոն էր գողացել։ Հենց հասա նրան, նա ձեռքից գցեց ռադիոն ու փախավ։ Երբ պատմեցի ուրիշներին, թե ինչպես եմ ռադիոն հետ վերցրել, երեցներից մեկը հարցրեց. «Ստիվ, իսկ ի՞նչ կանեիր, եթե բռնեիր նրան»։ Այդ հարցը մտածելու տեղիք տվեց ինձ, ու ես շարունակեցի ջանքեր թափել խաղաղարար լինելու համար։

1974 թվականի հոկտեմբերին սկսեցի լիաժամ ծառայել՝ ամեն ամիս 100 ժամ տրամադրելով աստվածաշնչյան կրթությունը ուրիշներին փոխանցելուն։ Հետագայում առանձնաշնորհում ունեցա ծառայելու Եհովայի վկաների գլխավոր վարչությունում, որը գտնվում է Բրուքլինում (Նյու Յորք)։ 1978 թ.-ին վերադարձա Լոս Անջելես՝ հիվանդ մորս խնամելու։ Երկու տարի անց ամուսնացա իմ սիրելի Արանդայի հետ։ Մենք միասին խնամեցինք մորս մինչև նրա մահանալը։ Ժամանակի ընթացքում ես ու Արանդան հրավիրվեցինք «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոց, որից հետո որպես միսիոներ նշանակվեցինք ծառայելու Պանամայում։

Մկրտությունից հետո բազում անգամներ հայտնվել եմ այնպիսի իրավիճակներում, որ կարող էի բռնկվել ու վեճի մեջ մտնել։ Բայց սովորել եմ հեռու մնալ այն մարդկանցից, ովքեր ուզում են ինձ կռվի մեջ ներքաշել։ Իսկ երբ կարողացել եմ այդպիսի իրավիճակներում հանդարտ մնալ, շատերը, այդ թվում կինս գովել են ինձ։ Ճիշտն ասած՝ ես էլ եմ զարմանում ինձ վրա։ Իմ շնորհիվ չէ, որ կարողացել եմ փոխել բնավորությունս, այլ Աստվածաշնչի, որը մարդուն փոխելու զորություն ունի (Եբրայեցիներ 4։12

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։

Աստվածաշունչը կյանքս իմաստով լցրեց և սովորեցրեց ինձ խաղաղարար լինել։ Այժմ մարդկանց հետ կռվելու, նրանց ծեծելու փոխարեն՝ օգնում եմ նրանց հոգևորապես ապաքինվելու։ Ես նույնիսկ սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել ավագ դպրոցից իմ նախկին թշնամիներից մեկի հետ։ Նրա մկրտությունից հետո մենք մի որոշ ժամանակ միասին ենք ապրել։ Մինչ օրս մենք մտերիմ ընկերներ ենք։ Ես ու կինս ավելի քան 80 հոգու օգնել ենք դառնալու Եհովայի վկա։

Անչափ երախտապարտ եմ Եհովային, որ կյանքս իմաստով ու երջանկությամբ լցրեց և ինձ իսկական եղբայրություն տվեց։

Իմացիր ավելին

Ո՞րն է կյանքի իմաստը

Երբևէ հարցրել ես. «Ո՞րն է կյանքի իմաստը»։ Իմացիր Աստվածաշնչի պատասխանը։