Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՄԱՅԻՍ 2015

 ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ

Ես իմացա, որ Եհովան ողորմած է ու ներող

Ես իմացա, որ Եհովան ողորմած է ու ներող
  • ԾՆՎԵԼ Է՝ 1954

  • ԵՐԿԻՐԸ՝ ԿԱՆԱԴԱ

  • ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԽԱԲԵԲԱ ԵՎ ԽԱՂԱՄՈԼ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։

Ես մեծացել եմ Մոնրեալ քաղաքի աղքատ թաղամասերից մեկում։ Երբ վեց ամսական էի, հայրս մահացավ՝ մորս ուսերին թողնելով ընտանիքի ողջ պարտականությունները։ Ես ութ երեխաներից ամենափոքրն էի։

Թեև փոքր էի, բայց կյանքս արդեն պտտվում էր թմրադեղերի, մոլեխաղերի, բռնության և հանցագործների շուրջ։ Տասը տարեկանում սկսեցի որոշ գործեր անել անբարոյականների և տոկոսով փող տվողների համար։ Հաճախ էի սուտ խոսում։ Հաճույք էի ստանում մարդկանց ցանկացած ձևով խաբելուց։ Դա ինձ համար ասես թմրադեղ լիներ։

Արդեն 14 տարեկանում մարդկանց խաբելու հնարամիտ ձևեր գիտեի։ Օրինակ՝ գնում էի մեծ քանակությամբ ոսկեզօծ ժամացույցներ, ապարանջաններ և մատանիներ, դրանց վրա 14 կարատանոց պլոմբ էի դնում, հետո վաճառում փողոցներում և առևտրի կենտրոնների կայանատեղիներում։ Փող աշխատելուց հեշտ բան չկար ինձ համար։ Մի անգամ ընդամենը մեկ օրում վաստակեցի 10000 դոլար։

Երբ ինձ 15 տարեկանում հեռացրեցին ուղղիչ դպրոցից, ապրելու տեղ չունեի։ Քնում էի փողոցներում, այգիներում կամ ծանոթների տներում։

Խարդախություններ անելու պատճառով հաճախ էի հայտնըվում ոստիկանությունում։ Բայց քանի որ գողացված իրեր չէի վաճառում, բանտ չէի ընկնում։ Այդուհանդերձ, մեծ տուգանքներ էի վճարում խարդախության, խաբեության և առանց արտոնագրի ապրանքներ վաճառելու համար։ Բացի այդ, մարդկանցից պահանջում էի այն գումարը, որ վերցրել էին տոկոսով փող տվողներից։ Թեև վտանգավոր էր, բայց չէի վախենում, երբեմն նույնիսկ ատրճանակ էի կրում։ Երբեմն էլ կազմակերպված հանցագործության էի մասնակցում։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։

Աստվածաշնչի մասին առաջին անգամ լսել եմ 17 տարեկանում։ Ընկերուհիս սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ։ Սակայն ես դեմ էի Աստվածաշնչի բարոյական չափանիշներին, որոնք սահմանափակող էին ինձ համար, ուստի թողեցի ընկերուհուս ու սկսեցի ընկերություն անել մեկ ուրիշ աղջկա հետ։

 Իմ կյանքում մեծ շրջադարձ եղավ, երբ երկրորդ ընկերուհիս նույնպես սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ։ Նա փոփոխություններ արեց, դարձավ ավելի մեղմ ու համբերատար, ինչը տպավորեց ինձ։ Մի օր ինձ հրավիրեցին Եհովայի վկաների Թագավորության սրահ, ու ես որոշեցի գնալ։ Ինձ դիմավորեցին բարի ու քաղաքավարի մարդիկ։ Ինչպիսի՜ հակադրություն այս աշխարհի հետ։ Իմ ընտանիքում ես երբեք ուշադրության չեմ արժանացել, ողջ մանկության ընթացքում զրկված եմ եղել հոգատար ու սիրալիր վերաբերմունքից։ Տեսնելով Եհովայի վկաների միջև գոյություն ունեցող ջերմությունը՝ հասկացա, որ դա հենց այն է, ինչի կարիքը ես ունեմ։ Երբ ինձ առաջարկեցին ուսումնասիրել Աստվածաշունչը, ուրախությամբ համաձայնվեցի։

Այն, ինչ սովորեցի Աստվածաշնչից, փրկեց կյանքս։ Խաղամոլության պարտքս փակելու համար, որը կազմում էր ավելի քան 50000 դոլար, պատրաստվում էի երկու ընկերներիս հետ գողություն անել։ Անչափ ուրախ եմ, որ հետ կանգնեցի այդ քայլից։ Սակայն ընկերներս արեցին այդ գողությունը. նրանցից մեկը ձերբակալվեց, իսկ մյուսը սպանվեց։

Աստվածաշնչի ուսումնասիրության ընթացքում հասկացա, որ շատ փոփոխություններ պետք է անեմ։ Օրինակ՝ երբ կարդացի 1 Կորնթացիներ 6։10 համարը, աչքերիցս արցունքներ հոսեցին. «Ո՛չ գողերը, ո՛չ ագահները, ո՛չ հարբեցողները, ո՛չ չարախոսները, ո՛չ էլ շորթողները Աստծու թագավորությունը չեն ժառանգելու»։ Հասկացա, որ պետք է ամբողջությամբ փոխեմ կյանքս (Հռոմեացիներ 12։2)։ Ես ագրեսիվ էի ու բռնի, իսկ կյանքս կառուցվել էր ստերի վրա։

Սակայն Աստվածաշնչից իմացա, որ Եհովան ողորմած է ու ներող (Եսայիա 1։18)։ Ջերմեռանդորեն աղոթում էի և աղերսում նրան, որ օգնի ինձ ձերբազատվելու իմ սխալ ապրելակերպից։ Եհովայի օգնությամբ աստիճանաբար փոխվեցի։ Շատ կարևոր քայլ էր նաև այն, որ ես ու ընկերուհիս օրինականացրեցինք մեր միությունը։

Այսօր ես ողջ եմ, քանի որ կիրառել եմ աստվածաշնչյան սկզբունքները ու կառուցել քրիստոնեավայել կյանք

Ես 24 տարեկան էի, ամուսնացած և ունեի երեք երեխա։ Այժմ պետք է աշխատանք գտնեի, բայց չունեի բավարար կրթություն ու աշխատանքային փորձ։ Նորից ջերմեռանդորեն աղոթեցի Եհովային ու սկսեցի աշխատանք փնտրել։ Գործատերերին ասում էի, որ կյանքս փոխել եմ և բարեխիղճ աշխատող կլինեմ։ Երբեմն բացատրում էի, որ Աստվածաշնչի ուսումնասիրությունը ինձ օգնել է դառնալու օրինապահ քաղաքացի։ Շատերը հրաժարվում էին ինձ աշխատանքի ընդունելուց։ Մի անգամ, երբ հարցազրույցներից մեկի ժամանակ անցկացնողին պատմեցի իմ վատ անցյալի մասին, նա ասաց. «Չգիտեմ՝ ինչու, բայց ներքին ձայնս հուշում է ինձ, որ քեզ աշխատանքի ընդունեմ»։ Ես գիտեի, որ դա իմ աղոթքների պատասխանն է։ Ժամանակի ընթացքում ես ու կինս մկրտվեցինք ու դարձանք Եհովայի վկաներ։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։

Այսօր ես ողջ եմ, քանի որ կիրառել եմ աստվածաշնչյան սկզբունքները ու կառուցել քրիստոնեավայել կյանք։ Ունեմ հիանալի ընտանիք։ Ունեմ նաև մաքուր խիղճ, քանի որ համոզվել եմ, որ Եհովան ներել է ինձ։

14 տարի է, ինչ ծառայում եմ որպես լիաժամ քարոզիչ և օգնում եմ մարդկանց սովորելու աստվածաշնչյան ճշմարտությունները։ Վերջերս կինս նույնպես սկսեց ծառայել լիաժամ։ Ավելի քան 30 տարիների ընթացքում մեծ ուրախություն եմ ստացել, քանի որ գործընկերներիցս 22-ին օգնել եմ երկրպագելու Եհովային։ Ես կրկին գնում եմ առևտրի կենտրոններ, բայց ոչ մարդկանց խաբելու նպատակով, ինչպես որ անում էի անցյալում։ Հիմա այնտեղ հաճախ հավատիս մասին եմ խոսում։ Ուզում եմ մարդկանց մի թանկ բան տալ՝ նոր աշխարհում ապրելու հույս, որտեղ խաբեբաներ չեն լինի (Սաղմոս 37։10, 11

Իմացիր ավելին

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը մոլեխաղերի մասին

Արդյոք դա անվնա՞ս զբաղմունք է։