Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ԱՊՐԻԼ 2015

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԿՑԱՆԿԱՆԱ՞Ք ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը

Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը
  • Ո՞րն է կյանքի իմաստը։

  • Ինչո՞ւ են մարդիկ տառապում ու մահանում։

  • Ի՞նչ է լինելու ապագայում։

  • Աստված հոգ տանո՞ւմ է իմ մասին։

Երբևէ խորհրդածե՞լ եք այս կամ նմանատիպ այլ հարցերի շուրջ։ Աշխարհի տարբեր մասերում ապրող շատ մարդիկ են մտածում կյանքի կարևոր հարցերի մասին։ Բայց հնարավո՞ր է արդյոք գտնել այդ հարցերի պատասխանները։

Միլիոնավոր մարդիկ կպատասխանեն՝ այո՛, քանի որ նրանք Աստվածաշնչից գտել են իրենց հարցերի գոհացուցիչ պատասխանները։ Իսկ դուք ցանկանո՞ւմ եք իմանալ, թե ինչ է ասում Աստվածաշունչը։ Եթե այո, ապա այդ հարցում ձեզ կարող է օգնել Աստվածաշնչի ուսումնասիրության անվճար մի ծրագիր, որն առաջարկում են Եհովայի * վկաները։

Բայց ոմանք խուսափում են Աստվածաշնչի ուսումնասիրությունից. նրանք հաճախ ասում են՝ «ես շատ զբաղված եմ», «Աստվածաշունչը դժվար է հասկանալ», «ես չեմ ուզում պատասխանատվություն վերցնել»։ Ոմանք էլ մեծ ցանկություն ունեն իմանալու, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։ Նկատի առնենք մի քանի մարդկանց օրինակներ։

  • «Ես հաճախել եմ կաթոլիկ և բողոքական եկեղեցիներ, սիկհական տաճար, բուդդայական մենաստան, նաև աստվածաբանություն եմ ուսումնասիրել համալսարանում։ Սակայն երկար ժամանակ չէի կարողանում գտնել ինձ հուզող շատ հարցերի պատասխանները։ Մի օր ինձ այցելեց Եհովայի վկաներից մեկը։ Ինձ անչափ տպավորեց այն, որ նա իմ հարցերին պատասխանում էր Աստվածաշնչով, ուստի ընդունեցի Աստվածաշնչի ուսումնասիրության առաջարկը» (Գիլ, Անգլիա)։

  • «Ինձ հետաքրքրում էին կյանքի վերաբերյալ բազմաթիվ կարևոր հարցեր, բայց իմ եկեղեցու հովվի տված պատասխանները չէին գոհացնում ինձ։ Սակայն Եհովայի վկաներից մեկը Աստվածաշնչի հիման վրա գոհացուցիչ պատասխաններ տվեց իմ հարցերին։ Եվ երբ նա հարցրեց, թե արդյոք կուզեի ավելին իմանալ, և առաջարկեց Աստվածաշնչի ուսումնասիրություն, ես մեծ ուրախությամբ ընդունեցի այդ առաջարկը» (Քոֆի, Բենին)։

  • «Ինձ շատ էր հետաքրքրում, թե ինչ վիճակում են գտնվում մահացածները։ Ես մտածում էի, թե մահացածները կարող են վնասել կենդանի մարդկանց։ Բայց նաև ուզում էի իմանալ, թե ինչ է դրա մասին ասում Աստվածաշունչը, ուստի սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել ընկերներիցս մեկի հետ, որը Վկա էր» (Ժոզե, Բրազիլիա)։

  • «Ես մի քանի անգամ փորձեցի կարդալ Աստվածաշունչը, բայց չկարողացա հասկանալ այն։ Հետո ինձ այցելեցին Եհովայի վկաները և բացատրեցին մի քանի աստվածաշնչյան մարգարեություն, ու ես ցանկացա ավելի շատ բան իմանալ Աստվածաշնչից» (Դենիզ, Մեքսիկա)։

  • «Հաճախ էի մտածում. «Աստված հոգ տանո՞ւմ է իմ մասին»։ Մի անգամ որոշեցի աղոթել այն Աստծուն, որի մասին գրված է Աստվածաշնչում։ Հաջորդ օրը Եհովայի վկաները թակեցին մեր տան դուռը և Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկեցին։ Ես սիրով համաձայնվեցի» (Էնջու, Նեպալ)։

Այս մարդկանց օրինակները հիշեցնում են Հիսուսի խոսքերը. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթեոս 5։3)։ Այո՛, մարդիկ ի ծնե ունեն հոգևոր կարիքներ։ Այդ կարիքները կարող է բավարարել միայն Աստված, և նա դա անում է իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով։

Իսկ ինչպե՞ս է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը։ Ի՞նչ օգուտներ կարող է բերել այն։ Այս հարցերի մասին կխոսենք հաջորդ հոդվածում։

^ պարբ. 8 Համաձայն Աստվածաշնչի՝ Եհովան Աստծու անունն է։