Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ԱՊՐԻԼ 2015

 ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ

Երեք հարցեր, որոնք փոխեցին իմ կյանքը

Երեք հարցեր, որոնք փոխեցին իմ կյանքը
  • ԾՆՎԵԼ Է՝ 1949

  • ԵՐԿԻՐԸ՝ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

  • ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ՓՆՏՐՈՒՄ ԷՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։

Մեծացել եմ Նյու Յորք նահանգի Անկրամ քաղաքում (ԱՄՆ)։ Այդ փոքր քաղաքում կաթնամշակման շատ ֆերմաներ կային։ Այնտեղ կովերն ավելի շատ էին, քան մարդիկ։

Մենք ընտանիքով հաճախում էինք մեր քաղաքի միակ եկեղեցին։ Ամեն կիրակի առավոտ պապիկս փայլեցնում էր իմ կոշիկները, հետո ես վերցնում էի տատիկիս նվիրած փոքրիկ սպիտակ Աստվածաշունչը և գնում կիրակնօրյա դպրոց։ Ծնողներս ինձ, քրոջս ու եղբորս սովորեցրել են, որ լինենք ջանասեր, հարգենք մեր հարևաններին, օգնենք նրանց, ինչպես նաև շնորհակալ լինենք մեր ունեցած օրհնությունների համար։

Երբ մեծացա, որոշեցի հեռանալ տնից և առանձին ապրել։ Ես աշխատում էի դպրոցում որպես ուսուցչուհի։ Բազմաթիվ հարցեր ունեի Աստծու մասին և ուզում էի իմանալ, թե որն է կյանքի իմաստը։ Իմ աշակերտներից ոմանք տաղանդավոր էին, ոմանք էլ տաղանդավոր չէին, բայց շատ ջանասեր էին։ Որոշ աշակերտներ լիովին առողջ էին, ուրիշներն էլ ֆիզիկական տկարություններ ունեին։ Մտածում էի՝ ինչու է կյանքն այդքան անարդար։ Երբեմն թույլ ունակություններ ունեցող աշակերտների ծնողները ասում էին. «Աստծու կամքն է, որ երեխաս այդպիսին է»։ Ինքս ինձ հարցնում էի. «Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որ որոշ երեխաներ արատներով ծնվեն։ Չէ՞ որ երեխաները անմեղ են»։

Նաև հաճախ էի մտածում, թե ինչ կարող եմ անել կյանքս իմաստալից դարձնելու համար, քանի որ կյանքիս տարիները անցնում էին մի ակնթարթի պես։ Չնայած մեծացել էի հրաշալի ընտանիքում, ստացել էի լավ կրթություն և զբաղվում էի իմ սիրած գործով, սակայն ապագաս անիմաստ էր թվում։ Լավագույն դեպքում կարող էի ամուսնանալ, լավ տուն ձեռք բերել, երեխաներ ունենալ, աշխատել մինչև թոշակի անցնելը և դիմավորել ծերությունս։ Ինքս ինձ ասում էի՝ գուցե կյանքն ավելի վեհ նպատակ ունի։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։

Մի տարի ամռանը ես գործընկերուհիներիս հետ շրջագայության մեկնեցի Եվրոպա։ Մենք գնացինք Վեստմինստերյան աբբայություն, Փարիզի Աստվածամոր տաճար և Վատիկան, ինչպես նաև այցելեցինք տարբեր փոքր եկեղեցիներ։ Ուր էլ որ գնում էի, հոգևորականներին տալիս էի ինձ հուզող հարցերը։ Իսկ երբ վերադարձա տուն՝ Սլոտսբուրգ, այնտեղ նույնպես մի քանի եկեղեցիներ այցելեցի։ Բայց ոչ ոք չկարողացավ իմ հարցերին գոհացուցիչ պատասխաններ տալ։

 Մի օր 12-ամյա մի աշակերտուհի մոտեցավ ինձ և երեք հարց տվեց։ Նա ինձ հարցրեց, թե գիտեմ արդյոք, որ ինքը Եհովայի վկա է։ Ես ասացի, որ գիտեմ։ Ապա նա հարցրեց, թե արդյոք կցանկանամ ավելի շատ բան իմանալ Եհովայի վկաների մասին։ Ես պատասխանեցի՝ կուզեմ։ Իսկ հետո նա հարցրեց, թե որտեղ եմ ապրում։ Երբ նրան ասացի իմ տան հասցեն, պարզվեց, որ նա ապրում է իմ տնից ոչ հեռու։ Այդ ժամանակ չէի պատկերացնում, որ փոքրիկ աղջկա տված այդ երեք հարցերը հիմնովին կփոխեն իմ կյանքը։

Որոշ ժամանակ անց նա իր հեծանվով մեր տուն եկավ և սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել ինձ հետ։ Ես նրան տվեցի այն հարցերը, որը ժամանակին տվել էի տարբեր կրոնական առաջնորդների։ Ի տարբերություն նրանց՝ նա իմ հարցերին տվեց հստակ ու գոհացուցիչ պատասխաններ հենց իմ Աստվածաշնչից. պատասխաններ, որոնք այդքան ժամանակ չէի գտնում։

Այն, ինչ իմանում էի Աստվածաշնչից, ինձ ուրախություն ու բավականություն էր տալիս։ Ինձ անչափ տպավորեցին 1 Հովհաննես 5։19-ի խոսքերը, որտեղ ասվում է. «Մենք գիտենք, որ Աստծուց ենք, բայց ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է»։ Անչափ մխիթարական էր իմանալ, որ ոչ թե Աստված է տառապանքի պատճառը, այլ Սատանան, և որ Աստված շուտով շտկելու է ամեն բան (Հայտնություն 21։3, 4)։ Ես տեսա, որ Աստվածաշունչը դժվար չէ հասկանալ, եթե ինչ-որ մեկը պարզ ու հստակ բացատրի այն։ Ինձ հետ ուսումնասիրող Վկան ընդամենը 12 տարեկան էր, սակայն ես մտածում էի, որ ճշմարտությունը մնում է ճշմարտություն՝ անկախ նրանից, թե ով է այն հայտնում։

Այնուամենայնիվ, ցանկանում էի իմանալ, թե արդյոք Վկաները կիրառում են այն, ինչ սովորեցնում են։ Օրինակ՝ այդ աղջնակը հաճախ էր ասում, որ ճշմարիտ քրիստոնյաները դրսևորում են լավ հատկություններ, ինչպիսիք են համբերատարությունն ու բարությունը (Գաղատացիներ 5։22, 23)։ Ես որոշեցի պարզել, թե արդյոք նա անձամբ դրսևորում է այդ հատկությունները։ Մի օր ես դիտմամբ ուշացած եկա իմ ուսումնասիրությանը։ Հետաքրքիր էր, թե արդյոք նա կսպասի ինձ։ Եվ եթե սպասի, արդյոք չի՞ դժգոհի, որ ուշացել եմ։ Երբ մեքենայով մոտենում էի իմ տանը, հեռվից տեսա, որ նա, աստիճանների մոտ կանգնած, սպասում է։ Տեսնելով ինձ՝ նա վազեց դեպի մեքենան և ասաց. «Ես շատ էի անհանգստանում ձեզ համար։ Արդեն պատրաստվում էի տուն գնալ և մայրիկիս ասել, որ շտապ օգնություն կամ ոստիկանություն զանգի, որ իմանանք, թե ինչ է պատահել ձեզ, քանի որ դուք երբեք չեք ուշանում մեր պայմանավորված ժամից»։

Իսկ մեկ ուրիշ անգամ ես նրան մի հարց տվեցի, որին, իմ կարծիքով, 12-ամյա աղջիկը դժվար թե կարողանար պատասխանել։ Ես ուզում էի տեսնել, թե նա ինչպես կվարվի, արդյոք ինչ-որ բան կհորինի։ Երբ նրան տվեցի այդ հարցը, նա լուրջ հայացքով ինձ նայեց և ասաց. «Դա դժվար հարց է։ Ես այն գրի կառնեմ և կհարցնեմ ծնողներիս»։ Հաջորդ անգամ երբ նա եկավ, իր հետ բերեց «Դիտարան» ամսագրի մի օրինակ, որտեղ գրված էր իմ հարցի պատասխանը։ Վկաների գրականության մեջ ես գտա իմ բոլոր հարցերի՝ Աստվածաշնչի վրա հիմնված պատասխանները. ահա թե ինչը ամենից շատ գրավեց ինձ։ Ես շարունակեցի ուսումնասիրել Աստվածաշունչը այդ աղջկա հետ և մեկ տարի անց մկրտվեցի՝ դառնալով Եհովայի վկա։ *

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։

Երբ վերջապես ստացա իմ հարցերի գոհացուցիչ պատասխանները, ցանկացա իմ իմացածի մասին պատմել նաև ուրիշներին (Մատթեոս 12։35)։ Սկզբում ընտանիքիս անդամները հակառակվում էին ինձ հավատալիքներիս պատճառով։ Սակայն ժամանակի ընթացքում նրանք փոխեցին իրենց վերաբերմունքը։ Ավելի ուշ մայրս սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Ցավոք, նա մահացավ և չհասցրեց մկրտվել, սակայն վստահ եմ, որ նա արդեն որոշել էր ծառայել Եհովային։

1978թ.-ին ես ամուսնացա Իլիաս Կազանի հետ, որը նույնպես Եհովայի վկա էր։ 1981-ին ես ու Իլիասը հրավիրվեցինք ծառայելու Միացյալ Նահանգների Բեթելում։ * Այնտեղ ընդամենը չորս տարի ծառայելուց հետո, ցավոք, Իլիասը մահացավ։ Բայց ես շարունակեցի Բեթելի իմ ծառայությունը։ Կենտրոնանալով իմ գործի վրա՝ ինչ-որ չափով մխիթարություն գտա։

2006թ.-ին ես ամուսնացա Ռիչարդ Էլդրեդի հետ, որը նույնպես Բեթելի ընտանիքի անդամ է։ Ես և Ռիչարդը շարունակում ենք ուրախությամբ կատարել Բեթելի մեր ծառայությունը։ Աստծու մասին ճշմարտությունն իմանալով՝ ստացա ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները և գտա կյանքի իմաստը։ Այո՛, փոքրիկ աղջկա երեք հարցերը հիմնովին փոխեցին իմ կյանքը։

^ պարբ. 16 Այդ աղջիկը և նրա քույրերն ու եղբայրները իրենց ուսուցիչներից հինգին օգնել են ուսումնասիրելու Աստվածաշունչը և դառնալու Եհովայի վկա։

^ պարբ. 18 «Բեթել» բառը նշանակում է «Աստծու տուն»։ Եհովայի վկաները այսպես են անվանում աշխարհի տարբեր մասերում գտնվող իրենց մասնաճյուղերը (Ծննդոց 28։17, 19; ծնթ.)։ Բեթելի ընտանիքի անդամները կատարում են տարբեր աշխատանքներ՝ Եհովայի վկաների կրթական գործունեությանը աջակցելու համար։

Իմացիր ավելին

Ո՞րն է կյանքի իմաստը

Երբևէ հարցրել ես. «Ո՞րն է կյանքի իմաստը»։ Իմացիր Աստվածաշնչի պատասխանը։