Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՄԱՐՏ 2015

Արքային վայել նվերներ

Արքային վայել նվերներ

«Արևելքից աստղագուշակներ եկան.... Ապա բացեցին իրենց գանձատուփերը և նվերներ տվեցին նրան՝ ոսկի, կնդրուկ և զմուռս» (Մատթեոս 2։1, 11

Ի՞ՆՉ նվեր կընտրեիք շատ կարևոր մի անձնավորության համար։ Աստվածաշնչյան ժամանակներում որոշ անուշաբույր խոտեր, խեժեր և համեմունքներ ոսկու պես թանկ էին։ Դրանք այնքան արժեքավոր էին, որ արքային վայել նվերներ էին համարվում։ Ուստի զարմանալի չէ, որ «հրեաների թագավորի» համար աստղագուշակների բերած նվերներից երկուսը անուշաբույր խեժեր էին (Մատթեոս 2։1, 2, 11

Բալասանի յուղ

Աստվածաշնչում նաև նշվում է, որ երբ Սաբայի թագուհին այցելեց Սողոմոնին, «նա թագավորին նվիրեց հարյուր քսան տաղանդ ոսկի, մեծ քանակությամբ բալասանի յուղ և թանկարժեք քարեր։ Այդքան շատ բալասանի յուղ դեռևս չէր եղել, որքան որ Սաբայի թագուհին նվիրեց Սողոմոն թագավորին» (2 Տարեգրություն 9։9) *։ Տարբեր թագավորներ նույնպես «բալասանի յուղ» բերեցին Սողոմոնին՝ ի նշան իրենց բարյացակամության (2 Տարեգրություն 9։23, 24

Ինչո՞ւ էին հնում անուշահոտ համեմունքները, ինչպես նաև դրանցից ստացված նյութերը այդքան թանկ ու արժեքավոր։ Քանի որ դրանք լայնորեն գործածվում էին զանազան կարևոր նպատակներով, օրինակ՝ կոսմետիկ միջոցներում, կրոնական արարողությունների և թաղման ժամանակ (տե՛ս  «Համեմունքների օգտագործումը հնում» շրջանակը)։ Անուշահոտ խոտերի, խեժերի և համեմունքների բարձր գնի պատճառը ոչ միայն դրանց մեծ պահանջարկն էր, այլև փոխադրման հետ կապված զանազան ծախսերը։

ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՆԱՊԱՏՈՎ

Կասիա

Աստվածաշնչյան ժամանակներում որոշ անուշահոտ խեժեր և համեմունքներ ստանում էին Հորդանան գետի հովտում աճող բույսերից։ Իսկ մյուսները բերվում էին այլ երկրներից։ Աստվածաշնչում հիշատակվում են տարբեր հոտավետ համեմունքներ և բույսեր, օրինակ՝ մեզ հայտնի զաֆրանը, հալվեն, բալասանը, դարչինը, կնդրուկը և զմուռսը։ Այնտեղ նաև նշվում է սննդի մեջ օգտագործվող համեմունքների մասին, ինչպիսիք են չամանը, անանուխը և սամիթը։

Որտեղի՞ց էին բերվում որոշ համեմունքներ։ Հալվեն, կասիան և դարչինը բերվում էին այն տարածքներից, որտեղ գտնվում են ներկայիս Չինաստանը, Հնդկաստանը և Շրի Լանկան։ Զմուռսը, կնդրուկը և նման այլ համեմունքներ ստանում էին այն բուսատեսակներից, որոնք աճում էին Արաբիայի հարավային շրջաններից մինչև Սոմալի (Աֆրիկա) ձգվող անապատային տարածքներում։ Իսկ Աստվածաշնչում հիշատակված նարդոսը բացառիկ հնդկական բուրավետ բույս էր կամ յուղ, որը բերում էին Հիմալայներից։

Զաֆրան

Շատ համեմունքներ Իսրայել էին բերվում Արաբիայի տարածքով։ Մասամբ դա էր պատճառը, որ մ.թ.ա. երկրորդ և առաջին հազարամյակներում Արաբիան ձեռք բերեց «արևելքի և արևմուտքի միջև ապրանքաշրջանառություն իրականացնելու մենաշնորհը», ինչպես նշվում է համեմունքների մասին մի գրքում (The Book of Spices)։ Իսրայելի հարավում՝ Նեգևում հայտնաբերված քաղաքները, ամրոցները և իջևանատները ցույց են տալիս, թե որ տարածքներով են անցել  համեմունքների առևտրով զբաղվողների ուղիները։ Այս բնակավայրերը նաև «վկայում են, որ հսկայական շահույթ բերող առևտուր է իրականացվել.... Արաբիայի հարավային շրջաններից մինչև Միջերկրական ծով», ինչպես նշում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կենտրոնը։

«Համեմունքների առևտուրը շահավետ էր, քանի որ դրանք քիչ տեղ էին զբաղեցնում, ունեին բարձր գին և մշտական պահանջարկ» (The Book of Spices)

Հոտավետ համեմունքներով բեռնված քարավանները Արաբիայի տարածքով պարբերաբար անցնում էին մոտ 1800 կիլոմետր ճանապարհ (Հոբ 6։19)։ Աստվածաշնչում հիշատակվում է իսմայելացի վաճառականների մասին, որոնք Գաղաադից Եգիպտոս էին տանում «բուրումնավետ խեժ, բալասան և խեժավոր կեղև» (Ծննդոց 37։25)։ Հակոբի որդիներն իրենց եղբորը՝ Հովսեփին, ստրկության վաճառեցին հենց այս վաճառականներին։

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՄԲ ՊԱՀՎԱԾ ԳԱՂՏՆԻՔ

Սամիթ

Արաբ վաճառականները դարեր շարունակ իրենց ձեռքում էին պահում համեմունքների մեծ մասի առևտուրը։ Նրանք դարձել էին Ասիայից բերվող համեմունքների, ինչպես օրինակ՝ կասիայի և դարչինի միակ մատակարարը։ Արաբները չէին ցանկանում, որ միջերկրածովյան երկրները անմիջական առևտրային կապեր հաստատեն Արևելքում գտնվող հիմնական աղբյուրների հետ։ Այդ պատճառով նրանք հորինված պատմություններ էին տարածում այն մասին, թե ինչ վտանգների միջով են անցնում համեմունքներ ձեռք բերողները։ Այն, թե իրականում որտեղից էին ձեռք բերվում համեմունքները, «թերևս եղել է բոլոր ժամանակների մեծագույն վարպետությամբ պահված գաղտնիքը», ինչպես նշվում է վերոհիշյալ գրքում։

Չաման

Իսկ ի՞նչ պատմություններ էին դրանք։ Մ.թ.ա. հինգերորդ դարի հույն պատմիչ Հերոդոտոսը նկարագրում է մի այդպիսի պատմություն, որ իբրև ինչ-որ զարհուրելի թռչուններ դարչնի կեղևից բույն էին շինում անմատչելի ժայռերի վրա։ Նա գրում է, որ դարչին հավաքողները այդ թանկարժեք համեմունքը ձեռք բերելու համար մսի մեծ կտորներ էին դնում ժայռի ստորոտին,  որ գրավեն այդ թռչուններին։ Թռչունները ագահաբար այնքան շատ միս էին տանում իրենց բները, որ դրանք քանդվում ու ընկնում էին ցած։ Այդ ժամանակ մարդիկ արագ հավաքում էին դարչնի կեղևը, հետո վաճառում առևտրականներին։ Նման պատմությունները լայն տարածում գտան։ Այդ «ենթադրյալ վտանգների պատճառով, [դարչինը] վաճառվում էր շատ բարձր գնով», ինչպես նշվում է համեմունքների մասին նույն գրքում։

Անանուխ

Ի վերջո արաբների դարավոր գաղտնիքը բացահայտվեց, և նրանք զրկվեցին իրենց մենաշնորհից։ Մ.թ.ա. առաջին դարում Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքն արդեն դարձել էր մեծ նավահանգիստ և համեմունքների առքուվաճառքի կենտրոն։ Իսկ երբ նավաստիները սովորեցին ճիշտ օգտագործել Հնդկական օվկիանոսի մուսսոնային քամիները, հռոմեական նավերը սկսեցին Եգիպտոսի նավահանգիստներից նավարկել դեպի Հնդկաստան։ Այս ամենի արդյունքում մի ժամանակ հազվագյուտ ու թանկարժեք համարվող համեմունքները դարձան տարածված և դրանց գինը նվազեց։

Այսօր անուշահոտ խոտերն ու համեմունքները այլևս ոսկու գին չունեն։ Եվ հազիվ թե որևէ մեկը դրանք համարի արքային վայել նվերներ։ Այդուհանդերձ, ողջ աշխարհում դրանք շարունակում են լայնորեն գործածվել օծանելիքների ու դեղորայքի արտադրության մեջ։ Նաև միլիոնավոր մարդիկ համեմունքներ են օգտագործում ուտելիքին յուրահատուկ համ ու հոտ տալու համար։ Իսկապես, համեմունքներն այսօր էլ շարունակում են գերել մեզ իրենց անուշ բուրմունքով։

Դարչին

^ պարբ. 4 «Բալասանի յուղ» արտահայտությունը վերաբերում է անուշաբույր յուղերի կամ խեժերի, որոնք ստանում են ծառերից կամ թփերից։