Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ ՄԱՐՏ 2015

 ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Խայրոյի աչքերը Աստծուն ծառայելու իր միակ միջոցն են

Խայրոյի աչքերը Աստծուն ծառայելու իր միակ միջոցն են

Պատկերացրեք՝ ձեր աչքերից բացի, մարմնի ուրիշ ոչ մի մասի շարժում չեք կարողանում վերահսկել։ Եղբայրս՝ Խայրոն, հենց այդպիսի վիճակում է։ Այդուհանդերձ, նա ապրում է իմաստալից կյանքով։ Բայց նախքան կասեմ, թե ինչն է նրան օգնել գտնելու կյանքի իմաստը, մի փոքր պատմեմ նրա մասին։

Խայրոն ի ծնե տառապում է սպաստիկ կվադրիպլեգիայով, որը գլխուղեղային լուծանքի * (պարալիչ) մի տեսակ է։ Խայրոն չի կարողանում վերահսկել իր մարմնի մկանների մեծ մասը։ Նրա ուղեղը հստակ ազդակներ չի ուղարկում մկաններին, ինչի հետևանքով, անկախ իր կամքից, նրա վերջույթները ոլորվում կամ կծկվում են։ Հանկարծակի և կտրուկ շարժումներով Խայրոն երբեմն նույնիսկ վնասում է ինքն իրեն։ Նրան մոտ գտնվող մարդիկ գուցե նույնպես վնասվեն, եթե զգույշ չլինեն։ Ցավոք, հաճախ անհրաժեշտ է լինում նրա ձեռքերն ու ոտքերը կապել անվասայլակին, որպեսզի նման պատահարներ չլինեն։

ՑԱՎՈՏ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՊԱՏԱՆԵԿՈՒԹՅՈՒՆ

Խայրոն ցավեր է ունեցել դեռևս փոքր տարիքից։ Երբ նա երեք ամսական էր, սկսեց նոպաներ ունենալ, որոնց ժամանակ կորցնում էր գիտակցությունը։ Շատ հաճախ մայրս, նրան ամուր գրկած, արագ տանում էր հիվանդանոց՝ մտածելով, թե նա արդեն մահացել է։

Քանի որ ջղաձգային նոպաների պատճառով Խայրոյին ամուր կապում կամ բռնում էին, ժամանակի ընթացքում նրա ոսկորները ձևախախտվեցին։ 16 տարեկանում նա կոնքազդրային հոդի խախտում ունեցավ, որի հետևանքով կոնքի, ազդրի ու կոնքոսկրի բարդ վիրահատության ենթարկվեց։ Մինչ օրս հիշում եմ, թե վիրահատությունից հետո ինչպես էր Խայրոն ամեն գիշեր ցավից լաց լինում։

Խայրոն առանց ուրիշների օգնության չի կարողանում անել առօրյա բաներ, ինչպես օրինակ՝ ուտել, հագնվել կամ անկողին մտնել։ Սովորաբար նրան օգնում են հայրս ու մայրս։ Ու թեև Խայրոն մշտապես մարդկանց օգնության կարիքն ունի, սակայն ծնողներս նրան շարունակ հիշեցնում են, որ նրա կյանքը կախված է Աստծուց։

ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼՈՒ ՄԻՋՈՑ

Ծնողներս Եհովայի վկաներ են։ Նրանք Խայրոյի համար, սկսած նրա վաղ տարիքից, կարդում էին աստվածաշնչյան պատմություններ, քանի որ գիտեին, որ մարդու կյանքը ավելի իմաստալից է դառնում, երբ նա լավ փոխհարաբերություններ է ունենում Աստծու հետ։ Հիվանդության «կապանքների» մեջ լինելով հանդերձ՝ Խայրոն կարող էր ապագայի հրաշալի հույս ունենալ։ Սակայն ծնողներս մի մտավախություն ունեին. նրանք մտածում էին, թե արդյոք Խայրոն հասկանում է այն ամենը, ինչ պատմում են նրան Աստվածաշնչից։

Մի օր, երբ Խայրոն դեռ փոքր էր, հայրս ասաց նրան. «Խայրո՛, խնդրում եմ խոսիր ինձ հետ»։ Ապա ավելացրեց. «Եթե իսկապես սիրում ես ինձ, դու կխոսես»։ Եվ երբ հայրս աղերսում էր Խայրոյին, որ գեթ մեկ բառ ասի, Խայրոյի աչքերը արցունքով լցվեցին։ Նա փորձում էր բառերով արտահայտել իր զգացումները, բայց միայն կոկորդային ձայներ էր արտաբերում։ Հայրս շատ  վատ զգաց, որ Խայրոն արտասվեց։ Սակայն Խայրոյի արձագանքը ցույց տվեց, որ նա հասկանում էր ամեն բան, ինչ ասում էր հայրս, պարզապես չէր կարողանում խոսել։

Որոշ ժամանակ անց ծնողներս նկատեցին, որ երբեմն Խայրոն արագ շարժում է աչքերը՝ փորձելով արտահայտել իր մտքերն ու զգացումները։ Նա շատ էր վշտանում, երբ չէր կարողանում հասկացնել, թե ինչ է ուզում ասել։ Բայց շուտով ծնողներս սկսեցին հասկանալ նրա աչքերի «լեզուն»։ Եվ երբ նրանք գլխի էին ընկնում, թե ինչ է ուզում Խայրոն, ու տալիս էին նրա ուզածը, նրա դեմքին լայն ժպիտ էր հայտնվում՝ ի նշան շնորհակալության։

Մի լոգոպեդ մեզ խորհուրդ տվեց, որ Խայրոյի հետ ավելի հեշտ հաղորդակցվելու համար մի մեթոդ փորձենք։ Նա առաջարկեց, որ երբ Խայրոյին «այո» կամ «ոչ» պատասխան պահանջող հարց ենք տալիս, վեր բարձրացնենք երկու ձեռքերը. աջ ձեռքը «այո» պատասխանի համար, ձախը՝ «ոչ»-ի։ Այդպես Խայրոն կկարողանար արտահայտել իր ուզածը՝ աչքերը հառելով համապատասխան ձեռքի վրա։

ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Եհովայի վկաները տարվա մեջ երեք անգամ համաժողովներ են ունենում, որոնց ժամանակ մեծաթիվ ունկնդիրների համար ներկայացվում են աստվածաշնչյան ելույթներ։ Այդ համաժողովների ժամանակ ամեն անգամ, երբ Խայրոն լսում էր մկրտվողներին ուղղված ելույթը, անչափ ոգևորվում էր։ Իսկ երբ նա 16 տարեկան էր, մի օր հայրս հարցրեց նրան. «Խայրո՛, ուզո՞ւմ ես մկրտվել»։ Նա անմիջապես վճռականությամբ իր հայացքն ուղղեց հայրիկի աջ ձեռքին՝ ցույց տալով, որ ցանկանում է կատարել այդ կարևոր քայլը։ Ապա հայրս ասաց. «Իսկ դու աղոթքի միջոցով Աստծուն խոստացե՞լ ես ծառայել նրան հավիտյան»։ Խայրոն կրկին հայացքն ուղղեց հորս աջ ձեռքին։ Հստակ էր, որ նա արդեն նվիրել էր իր կյանքը Եհովա Աստծուն։

Աստվածաշնչի վրա հիմնված մի քանի քննարկումներից հետո պարզ դարձավ, որ Խայրոն հասկանում է քրիստոնեական մկրտության նշանակությունը։ Ուստի 2004թ.-ին նա պատասխանեց երբևէ իրեն տրված ամենակարևոր հարցին. «Նվիրե՞լ ես քո անձը Եհովային՝ նրա կամքը կատարելու նպատակով»։ Խայրոն այդ հարցին պատասխանեց՝ աչքերը վեր բարձրացնելով։ Դա նրա՝ «այո» ասելու նախապես որոշած ձևն էր։ Այսպիսով՝ Խայրոն 17 տարեկանում մկրտվեց ու դարձավ Եհովայի վկա։

ՁԳՏՈՒՄ Է ԱՎԵԼԻՆ ԱՆԵԼ

2011թ.-ին Խայրոն հաղորդակցման մի նոր միջոց ունեցավ՝ աչքերով կառավարվող հատուկ համակարգիչ։ Այս սարքավորումը որսում է մարդու աչքի շարժումները, ինչի շնորհիվ նա կարողանում է ակտիվացնել էկրանի վրա եղած պատկերակները (icons)։ Խայրոն ակտիվացնում է պատկերակը՝ աչքերը դրա վրա հառելով կամ թարթելով, ինչը փոխարինում է մկնիկի կոճակը սեղմելուն։ Նաև նրա համար ստեղծել են էլեկտրոնային հատուկ պատկերագրեր, որոնց օգնությամբ նա կարողանում է հաղորդակցվել։ Խայրոն, նայելով պատկերագրին, թարթում է, և այդ ժամանակ համակարգչային  հատուկ ծրագիրը գրավոր տեղեկությունը վերածում է էլեկտրոնային ձայնի։

Երբ Խայրոն ավելի շատ աստվածաշնչյան գիտելիքներ ձեռք բերեց, նրա մեջ ուրիշներին հոգևորապես օգնելու ցանկություն առաջացավ։ Մենք ամեն շաբաթ մեր ընտանեկան ուսումնասիրության ժամանակ պատրաստվում ենք ժողովի հանդիպման ընթացքում անցկացվող հարց ու պատասխանով քննարկմանը։ Եվ երբ Խայրոն ուզում է հիշեցնել ինձ, որ գրի առնեմ այն մեկնաբանությունը, որ ցանկանում է տալ քննարկման ժամանակ, նա նայում է մեկ ինձ, մեկ համակարգչին։

Իսկ հանդիպումների ժամանակ նա էկրանի վրա գտնում և ակտիվացնում է համապատասխան պատկերագիրը, ապա էլեկտրոնային ձայնով հնչում է նրա պատասխանը։ Ամեն անգամ, երբ Խայրոն մեկնաբանություն է տալիս՝ քաջալերելով ժողովի անդամներին, նրա դեմքին պայծառ ժպիտ է հայտնվում։ Նրա ընկերներից մեկը՝ Ալեքսը, ասում է. «Ինձ խորապես տպավորում են Խայրոյի տված մեկնաբանությունները»։

Խայրոն հատուկ համակարգչի օգնությամբ մեկնաբանություն է տալիս հանդիպումների ժամանակ և իր հավատալիքների մասին պատմում է մարդկանց

Խայրոն աչքերի օգնությամբ նաև կարողանում է իր հավատալիքների մասին պատմել ուրիշներին։ Հաճախ նա անում է դա՝ ակտիվացնելով մի պատկերագիր, որում պատկերված է պարտեզ, կենդանիներ ու տարբեր ազգերի մարդիկ։ Երբ նա ակտիվացնում է այդ պատկերագիրը, նրա համակարգչային ձայնը ասում է. «Աստվածաշնչում գրված է, որ երկիրը վերածվելու է գեղեցիկ մի դրախտի, որտեղ այլևս չեն լինի հիվանդություններ ու մահ (Հայտնություն 21։4)»։ Եթե դիմացինը հետաքրքրություն է ցույց տալիս, Խայրոն ակտիվացնում է մեկ այլ պատկերագիր, և էլեկտրոնային ձայնը ասում է. «Կցանկանա՞ք Աստվածաշունչ ուսումնասիրել ինձ հետ»։ Խայրոն Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկեց նաև մեր պապիկին, և ի զարմանս մեզ՝ նա ընդունեց Խայրոյի առաջարկը։ Անչափ տպավորիչ է տեսնել, թե ինչպես է Խայրոն հավատակիցներից մեկի օգնությամբ դանդաղորեն ուսուցանում պապիկին։ Եվ հուրախություն մեզ՝ 2014թ. օգոստոսին՝ Մադրիդում տեղի ունեցած տարածաշրջանային համաժողովի ժամանակ, պապիկը մկրտվեց։

Աստծու հանդեպ Խայրոյի նվիրվածությունը աննկատ չի մնացել նաև նրա դպրոցի ուսուցիչների կողմից։ Նրա լոգոպեդներից մեկը, որի անունը Ռոսարիո է, մի անգամ ասաց. «Եթե երբևիցե որոշեմ միանալ որևէ կրոնի, կդառնամ Եհովայի վկա։ Ես տեսնում եմ, թե ինչպես է Խայրոյի հավատը օգնում նրան ապրելու իմաստալից կյանքով՝ չնայած իր ունեցած դժվարություններին»։

Խայրոյի աչքերը ամեն անգամ ուրախությունից փայլում են, երբ նրա համար կարդում եմ աստվածաշնչյան հետևյալ խոստումը. «Կաղը եղջերուի պես կցատկոտի, և համրի լեզուն ուրախությամբ կբացականչի» (Եսայիա 35։6)։ Թեև նա երբեմն ընկճվում է, բայց ընդհանուր առմամբ դրական մտավիճակ է պահպանում։ Դա նրան հաջողվում է միմիայն շնորհիվ այն բանի, որ ողջ սրտով ծառայում է Աստծուն և ունի հիանալի ընկերներ։ Խայրոյի ուրախ տրամադրվածությունը և ամուր հավատը հստակ ցույց են տալիս, որ Եհովային ծառայող անհատը կարող է ապրել իմաստալից կյանքով, ինչ դժվարություններ էլ որ ունենա։

^ պարբ. 5 Գլխուղեղային լուծանք տերմինը վերաբերում է գլխուղեղի այնպիսի վնասվածքի, որի պատճառով խանգարվում է մարմնի շարժունակությունը։ Դրա հետևանքով կարող են առաջանալ ցնցումներ, ուտելու հետ կապված դժվարություններ և խոսքի խանգարում։ Սպաստիկ կվադրիպլեգիան գլխուղեղային լուծանքի ամենածանր տեսակն է և կարող է հանգեցնել չորս վերջույթների անշարժության ու պարանոցի մկանների թուլացման։

Իմացիր ավելին

Ինչ է ասում Աստվածաշունչը տառապանքի մասին

Աստված անտարբեր է մեր կրած փորձությունների ու ցավերի հանդեպ։